Վահրամ Խաչատրյան. «Կապանում բացակայում է բոհեմական միջավայրը»

09.11.2017 15:05
2145

Գեղանկարիչ Վահրամ Խաչատրյանը նոյեմբերի 10-ին կդառնա 70 տարեկան: Այդ տարիներից 55-ը նա գույների եւ գծերի աշխարհում է, շարունակում է կտավին հանձնել իր մտորումները, խորհրդածությունները, նաեւ անհանգստությունները: Թեեւ առաջացած տարիքին՝ դարձյալ վրձինը ձեռքին է, եւ երբ նրա արվեստանոց մտա, նկարակալի առջեւ կանգնած, արվեստանոցի խորհրդավոր լռության մեջ հերթական գեղանկարն էր արարում:

 


Որպես այցեքարտ
Վահրամ Խաչատրյանը ծնվել է 1947-ին: Ավարտել է Ղափանի N3 միջնակարգ դպրոցը, հետո ծառայության անցել խորհրդային բանակում: 1970-ին ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետը: 1973-ից արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվել են հանրապետական եւ այլ ցուցահանդեսներում: Կապանի գեղարվեստի դպրոցի հիմնադրման գործում մեծ է նրա ավանդը, կարելի ասել` հիմնադիր տնօրենն է, կրթօջախի ցուցանակն ինքն է արել, մանուկների գեղագիտական դաստիարակության համար անհրաժեշտ պիտույքներն ու նյութերը հայթայթել:


Հետո նկարչական ձեւավորումներ էր անում «Էլեկտրոն» գործարանում, մինչեւ որ մարդիկ գտան, որ նա շատ ավելի լուրջ եւ օգտակար գործով պիտի զբաղվի: Եվ հրավիրեցին (դա 1976-ին էր) Ղափանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն՝ որպես բեմադրող նկարիչ: 60-ից ավելի ներկայացումների ձեւավորման հեղինակ է:


Դրանցից ո՞րն է համարում լավագույնը: Նախ նշեց, որ թատրոնում իր առաջին ձեւավորումը եղել է Մուրացանի «Ռուզանը»՝ Նոդիա Բաղդասարյանի բեմադրությամբ: Հիշում է՝ անդրանիկ բեմադրությունն էր, շատ չարչարվեց: Հետո եղան նոր բեմադրություններ՝ Սոֆոկլեսի «Էդիպ արքան», Նար-Դոսի «Սպանված աղավնին» եւ վերջապես Չարենցի «Կապկազ թամաշան», որը թատրոնին ճանաչում բերեց, նաեւ Լենինյան կոմերիտմիության մրցանակ:


1977-ին գեղանկարիչ Վահրամ Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը բացվեց հայրենի քաղաքում եւ հետո տարբեր հանրապետական փառատոների ու ցուցահանդեսների մասնակցեց («Հայկական ներկապնակ», «Գարնանային Սյունիքի գույները» եւ այլն): Նրա բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:


Եվ առաջին հարցը, որն ուղղեցի արվեստագետին, այն էր, թե երբվանից է սկսել նկարել: «Շատ փոքրուց, - պատասխանում է՝ առանց հայացքը կտրելով կտավից, - հայրս գեղանկարիչ էր, Թերլեմեզյանի անվան ուսումնարանից տարան պատերազմ, վերադառնալուց հետո ուսումը չշարունակեց, բայց նկարչության մեջ գտավ իր զբաղմունքը: Ի՞նչն էր տարածված հետպատերազմյան տարիներին՝ պլակատն ու լոզունգը: Այնուամենայնիվ, տեսել եմ նրա նկարելը, ներշնչվել, այդ ժամանակաշրջանից սիրահարվել եմ նկարչությանը: Երբ խելքս մի քիչ կտրել է, գիտակցել եմ ինչն ինչոց է, սիրահարվել եմ գույներին, գծին, տոներին, երանգներին, զգում էի, որ դա մի ուրիշ աշխարհ է: Շատ դժվար է ասել, թե քանի նկար եմ արել, խորհրդային տարիներին գեղանկար շատ քիչ էին գնում, այն ժամանակ նվիրում էի, ով ուզում էր՝ բարեկամներին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին: Հետո սկսեցին գնել՝ հիմնականում նվիրելու համար, բայց դա էլ կամաց-կամաց մարեց: Համարյա 55 տարի զբաղվել եմ այս արվեստով: Պատկերացրեք՝ այդքան տարվա ընթացքում ինչքան նկար եմ արել»:


Իսկ կա՞ մի գեղանկար, որից դժվարությամբ է բաժանվել կամ չի բաժանվել: «Գեղանկարներ կան, որոնք չեմ վաճառել, թեպետ բարձր գին են առաջարկել: Նկարներիցս մեկը, որ «Սկիզբ» եմ անվանել, պահում եմ տանս, դա ինձ համար շատ նվիրական ստեղծագործություն է կամ այն «Խրտվիլակ» կոչվող նկարը, ցույց է տալիս արվեստանոցի պատին կախված նկարը, խրտվիլակ է, բայց մեջը մարդկային հոգի եմ դրել»:


Հաջորդ հարցը, ուղղված գեղանկարչին, այն էր, թե ինչ է զգում նկարակալի առջեւ: «Ոչ մի բան, - անվրդով պատասխանում է, - կտրվում եմ աշխարհից: Ես եմ, իմ կտավը, ներկերը, վրձինը: Այլեւս ոչ մի բան: Ընկնում եմ կտավի մեջ: Անջատվում եմ հոգսերից, ինձ հուզող մտքերից, չեմ զգում տարիքս, կենցաղային անհարմարությունները եթե խանգարեն, ոչինչ չի ստացվի: Կտավը մի աշխարհ է դառնում ինձ համար, մտնում եմ այդ մթնոլորտի մեջ»:


Լավագույն ստեղծագործությո՞ւնը. «Յուրաքանչյուրը՝ պոետ, քանդակագործ, գեղանկարիչ չի կարող ասել, թե որն է իր լավագույն ստեղծագործությունը, ինքը կարծում է, թե դեռ տասնամյակներ պիտի ապրի, դեռ ամեն ինչ առջում է, այդ թվում իր լավագույն ստեղծագործությունը, դեռ հասցնելու է այն ստեղծել»:


Հիմա ամեն ինչ թանկացել է, արվեստագետի համար էլ է դժվար: «Ահավոր դժվար է, - ընկնում է մտածումների գիրկը, - խորհրդային տարիներին այդ ամենը կոպեկներ արժեր: Գեղանկարչի աշխատավարձը հերիքում էր այդ ամենը ձեռք բերել: Հիմա, երբ մի նկար նորմալ գնով վաճառվում է, գումարի մի մասը հատկացվում է ընտանիքի հոգսերը հոգալուն, մյուս մասը՝ ներկեր, կտավ եւ այլն ձեռք բերելուն: Այժմ, փառք Աստծո, որդիս Ռուսաստանից օգնում է, ներկեր է ուղարկում, կտավ: Հիմա շատ խեղճացած չեմ, չնայած չափազանց դժվար է, չեմ ուզում իրեն նեղություն տալ»:


Գեղանկարչի սիրած գույներն են կարմիրը եւ կապույտը: Ասում է, որ ոչ մի տեղ մեր երկնքի կապույտի պես գույն չի տեսել: Իսկ մեր լեռնաժայռերը բոլոր երանգներն ունեն, ինչպես ներկապնակ, մնում է վրձինը վերցնես եւ նկարես: Այնուամենայնիվ, շեշտը դնում է կարմիրի վրա, մյուսներն օժանդակող գույներ են: Գեղանկարչության ժանրերից նախընտրում է կոմպոզիցիան, այսինքն՝ զուտ ստեղծագործությունը, այնուհետեւ՝ բնանկարը: Վերջինիս դեպքում, ասում է, պիտի դուրս գաս, բնության մեջ ստեղծագործես, հենց այնպես հնարել չի լինում: Նատյուրմոտ նկարել այնքան էլ չի սիրում, այս ժանրին հազվադեպ է դիմում: Հավելում է, որ թատրոնում աշխատած տարիներն ազդեցություն են թողել իր ստեղծագործությունների թեմատիկայի վրա. բեմ է սիրում նկարել դերասան-դերասանուհիներ: Պատմական թեմատիկայով էլ է նկարներ արել, բայց երիտասարդ տարիքում. չեն պահպանվել: «Երեւի նվիրել եմ», - լրացնում է միտքը:


«Ցանկացե՞լ է նմանվել որեւէ մեկին», - սա եւս ստեղծագործողներին տրվող հաճախադեպ հարցերից մեկն է: «Նմանվել՝ ոչ, երիտասարդ տարիքում փորձում էի որոշակի չափով ընդօրինակել Մարտիրոս Սարյանին ու Մինասին, որովհետեւ նրանք էին ազգային գեղանկարչության կրողները: Իսկ ահա տարիների հետ ինքդ ես գտնում քո ճանապարհը, սեփական ձեռագիր ես ձեռք բերում, մտածելակերպ, քեզ համար ոճ ես ստեղծում: Ստացվո՞ւմ է այդ ամենը, գնում ես քո ճանապարհով: Այն ամենը, ինչ ձեռքբերովի էր, մի կողմ ես դնում ու գնում քո բացած արահետով դեպի առաջ»:


Ինչպես նշեցինք, նկարչության առաջին դասերը ստացել է հորից: Արշամ հոր երեք արու զավակներից՝ Վահրամ, Միշա, Աշոտ, միայն ինքն է ընտրել հոր մասնագիտությունը: Սիրով է տալիս բուհում իրեն դասավանդած դասախոսների անունները, բայց, այնուամենայնիվ, առանձնացնում է երկուսին՝ ՀՀ ժողովրդական նկարիչներ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամներ Հովհաննես Զարդարյանին եւ Ղուկաս Չուբարյանին (քանդակագործ): Այս երկուսից շատ բան է սովորել, գեղանկարչության վերաբերյալ խորը փիլիսոփայական զրույցներ են ունեցել. «Ինձ հոգեպես շատ է պատրաստել Չուբարյանը»:


Ի՞նչն է հուզում գեղանկարչին. «Կապանում բացակայում է բոհեմական միջավայրը, - մտահոգություն եմ նշմարում զրուցակցիս դեմքին, - նախկինում անկեղծ ընկերություն կար, «ազարտ» կար, հոգի կար: Տեսել եմ, թե հայտնի նկարիչները Երեւանում ինչպես էին ընկերություն անում: Խոսքը քեֆ-ուրախությունների, խնջույքների մասին չէ, այլ մտերմության, իրարով հետաքրքրվելու, արվեստանոցներ հաճախելու, տեսնելու, թե իր գեղանկարիչ ընկերն ինչ նոր գործ է ստեղծել: Տասը գեղանկարիչ կա Կապանում, կարող է՝ տարիներով իրար չտեսնեն: Իմ սերնդից Մարատ Նուրիջանյանն ու Ռոբերտ Կամոյանը գնացին, իսկ մնացածը՝ իրար մեջ պարփակված, մեկուսացած: Հայտնի խոսք կա, չէ՞, կարծիքների բախումից է ծնվում ճշմարտությունը: Դրան նպաստում էր իրար հետ նստելը, բանավիճելը, մի բաժակ գինի խմելը, մի խոսքով՝ բոհեմական միջավայրը, որ չկա Կապանում, ինչի համար շատ եմ ափսոսում»:


Նրա գեղանկարներում գերակշռում է Խուստուփը, ոմանք բարեկամաբար նրան «խուստուփիստ» են անվանում: Ի՞նչ է Խուստուփն իր համար, պարզապես լե՞ռ, թե՞ ներշնչանքի աղբյուր…


- Ես վաչագանցի եմ, մանկուց հիացել եմ այդ լեռով: Խուստուփը ոնց որ սիմվոլ է կապանցիներիս համար: Նախկին արվեստանոցս Դավիթ Բեկ թաղամասում էր՝ Խուստուփի դեմ դիմաց, այնտեղից բացվում է Կապանի համայնապատկերը՝ վեհափառ Խուստուփով, միշտ աչքիս առաջ էր, ինչքան նկարում, այնքան ոգեւորություն էր գալիս վրաս, այդպիսի սար ո՞ւմ կտան:


Համեստ, մեղմաբարո արվեստագետը հնարավորինս ուզում է օգտակար լինել շրջապատին: Սյունիքի մարզային գրադարանի արվեստի բաժնին է նվիրել գեղանկարչության վերաբերյալ արժեքավոր գրականություն, կերպարվեստին եւ այլ բնագավառներին առնչվող իր կազմած ալբոմները, մի գեղանկար՝ իր տատի պատկերով:


Ինչեւէ, յոթանասունամյա արվեստագետին ի սրտե շնորհավորենք հոբելյանի առթիվ, ամուր առողջություն մաղթենք եւ լիահույս լինենք, որ նրա վրձինը դեռ նոր գեղանկար է արարելու…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39