Վաղատուր գյուղի երկու եկեղեցին

20.03.0001 12:55
243867

Գորիսի տարածաշրջանի գյուղերից է Վաղատուրը:

Մատենագիտության մեջ հիշատակվում է նաեւ Բայանդուր, Բայանդուր առաջին, Բայանդուր երկրորդ, Բայենդուր, Բայընդուր, Բայնդուր, Գալախ, Հալախ, Պայանդուր…

Գյուղը բաժանվում է երկու թաղի՝ Ներքին Բայանդուր, Վերին Բայանդուր:

Գյուղը Վաղատուր է անվանվել 1969-ի մայիսի 7-ին:

Նախաքրիստոնեական շրջանի նյութական ժառանգությամբ հայտնի հայկական այդ գյուղը գրավոր աղբյուրներում հիշատակվում է 13-րդ դարից:

20-րդ դարասկզբին թուրքաբնակ էր:

1918 թ. այդ կողմերում մարտական թեժ գործողություններ են տեղի ունեցել:

Վաղատուր-Խոզնավար-Խանածախ-Տեղ-Կորնիձոր ճակատում էր վճռվում ոչ միայն Գորիսի, այլեւ ամբողջ Սյունիքի ճակատագիրը:

Գյուղը հայերով բնակեցնելու խնդիրը վաղուց էր դրված:

Ըստ «Մշակ» թերթի 1906 թ. N 61 –ի մի հրապարակման՝ Զեյվա հայաբնակ գյուղի բնակիչները պատրաստվում էին իրենց գյուղը փոխանակել Բայանդուր թուրքաբնակ գյուղի հետ:

Սակայն պատմությունն այլ ընթացք ունեցավ:

1918-ին Բայանդուրը մի պահ դատարկ էր: Եվ այդտեղ բնակության տեղափոխվեցին Մինքենդ, Հին Զեյվա, Հալաք, Հոչաս գյուղերի հայերը:

Հալաքից եկածները համեմատաբար շատ էին եւ  բնակվեցին գյուղի մի ամբողջ թաղամասում՝ կոչելով այն Հալաք (այդ գյուղը համապատասխանում է Աղահեճք գավառի՝ Հագարի գետի վերին հոսանքի աջ կողմում գտնվող Հայելյակ գյուղին):

Վաղատուր գյուղի միջով է հոսում Բայանդուր գետակը (Հագարիի աջակողմյան վտակ Զաբուխի (վերին հոսանքում՝ Աղօղլան կամ Ահմեդլու) աջ օժանդակը): Մայր գետին է միանում Վաղատուր գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք, երկարությունը՝ 14 կմ:

Վաղատուրում հայտնի է ձորի թթու ջուրը, որն օգտագործելու քանի-քանի նախաձեռնություններ մնացել են անկատար:

1935-ին գյուղում կաթ մշակելու գործարան է հիմնվել, որ գործում է մինչեւ հիմա:

Գյուղի հյուսիս-արեւմտյան մասում բրգաձեւ լեռն է՝ Դադմելիքը՝ առանց խորխորատների, 2062 մ բարձրությամբ։

Ըստ ավանդազրույցի՝ հնում մի մելիք իր բատրակին միշտ ծեծել է: Չտանելով տիրոջ բռնությունները, բատրակն իրեն այդ սարից նետել է ցած` բացականչելով «դադ-մելիք», որտեղից էլ իբր սարը կոչել են Դադմելիք:

Նույն ավանդազրույցի մի այլ տարբերակի համաձայն՝ այդ զարզանդ մելիքն ինքն է անհնազանդ գյուղացիներին գլորել սարից, եւ վերջիններս էլ բացականչել են «դադ-մելիք» (վայ մելիք):

 


Վերին թաղի կամ Վերին Բայանդուրի եկեղեցին, որ նաեւ Հալաքի վանք է կոչվում

Հավանաբար վերաշինվել է 17-րդ դարում:

Կառուցվել է անմշակ քարերով ու կրաշաղախով:

Անունը հայտնի չէ:

Պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում հիշատակվում է Հալաքի վանք անվամբ:

Այդպես է կոչվում այն պատճառով, որ գտնվում է գյուղի Հալաք անունը կրող թաղամասում:

Հալաքի բնակիչները, ինչպես նշեցինք, Բայանդուր են տեղափոխվել 1918-ին, իսկ եկեղեցու մասին հիշատակություն կա դեռեւս 1211-ին (վերակառուցվել է 17-րդ դարում):

Եկեղեցու մերձակայքում կան խաչանախշ ու խոնարհ գերեզմանաքարերի բեկորներ:

 

Ներքին թաղի կամ Ներքին Բայանդուրի եկեղեցին

Կոչվում է նաեւ Բայանդուրի հին եկեղեցի:

Փլուզման ստույգ վտանգի առջեւ հայտնված այդ սրբավայրը, դատելով ներքին ճարտարապետական լուծումներից, շատ հին է:

Կարելի է նույնիսկ փաստել՝ Սյունիքի հնագույն եկեղեցիներից է:

Ներսի լուծումներով շատ նման  է Տաթեւի Գյունեյ հանդի եկեղեցուն, որը, ինչպես նշել ենք մեկ այլ առիթով, Ցուրավանքն է:

Նման է նաեւ Երիցվանքում կիրառված ճարտարապետական հնարքներին:Մինչդեռ հին եկեղեցու մոտ պահպանված խաչքարերի վրա գրված են ՌԲ եւ ՌԱ (1552 եւ 1553 թվականներ):

Դրանք, անշուշտ, չեն կարող վկայել եկեղեցու կառուցման ժամանակաշրջանի մասին:


Թթու ջուր (հանքային ջուր) տեղանքի խաչքարը

2004 թվականից այդ վայրը, շնորհիվ մի չքնաղ խաչքարի, յուրօրինակ սրբավայր է դարձել:

Խաչքարն այդ վայր է տեղափոխվել գյուղի հարավ-արեւելյան հատվածում գտնվող այգիներից, որ ի հայտ էր եկել հողային աշխատանքների ժամանակ:

Խաչքարը գտնվում էր Կոլյա Աղաջանյանի այգում:

Այդ տարածքը, կարելի է ասել, նոր կերպարանք էր առել 1961-ի հայտնի սողանքից հետո, երբ Փառանձեմ Սահակյան կինը մնացել էր հողի տակ:

Այգիների այդ տարածքը գյուղում հայտնի դամբարանադաշտի (դեպի արեւելք ձգվող) շարունակությունն է: Այդ վայրում է գտնվել նաեւ հնամենի մի աղորիք, որ նույնպես տեղափոխել են Թթու ջրի տարածք:

Եվ խաչքարը, եւ աղորիքը Թթու ջրի մերձակա տարածք է տեղափոխվել Քաջիկ Բաբաջանյանի նախաձեռնությամբ:


Սուրբ քարը, որ գտնվում է Արամայիս Բաբաջանյանի տնամերձում

Արծվաքիթ հիշեցնող հսկա քարը, գյուղի տարեցների վկայությամբ, տարիներ շարունակ մատաղատեղի եւ  աղոթատեղի է եղել բայանդուրցիների համար:

 

***

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Վաղատուր այցելեց 2019 թ. հոկտեմբերի 25-ին եւ 31-ին: 

Առաջին այցի ժամանակ արշավային մեր խմբի մեջ էին Սուրեն Վարդանյանը, լրագրող Ալվարդ Մեսրոպյանը:

Մեզ աջակցեցին Սենիկ Օհանյանը եւ Սերյոժա Սամվելյանը:

Հատկապես Սերյոժա Սամվելյանը լավագույնս է տիրապետում գյուղի պատմությանը:

Նրանց՝ շնորհակալություն՝ մեր արշավային այցին աջակցելու համար:

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Պատմական միջավայրի պահպանության  Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանը, ով  ծագումով լինելով վաղատուրցի, մեզ օգնության ձեռք մեկնեց ոչ միայն Վաղատուր-Բայանդուրում, այլեւ «Ուխտագնացություն Սյունիք» ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

Սամվել Ալեքսանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05

Մեղրիում ավագանու 15 մանդատի համար պայքարում է 4 քաղաքական ուժ․ ովքեր են թեկնածուները

02.10.2026 16:50