Վախճանվել է Կապանի նշանավոր զավակ Դերենիկ Մարգարյանը

07.11.2025 17:07
13624

Մահը վրա է հասել 2025 թ․ նոյեմբերի 7-ին․․․

Ծնվել է պատերազմական 1944 թ․ հունիսի 7-ին Կապանի շրջանի Շիշկերտ գյուղում, ուր այդ ժամանակ բնակվում էր մայրը։

Հաճախել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

Դպրոցական տարիներին նրա համար ընդօրինակման կերպար էին մարզիկները, ռազմական գործիչները։ Եվ երազանքների երազանքն օդաչու դառնալն էր։ Ու միջնակարգն ավարտելուց հետո քննություններ հանձնեց Կիևի ավիացիոն ինստիտուտում սովորելու համար։ Հաջողությամբ հանձնեց քննությունները, բայց ծնողները թույլ չտվեցին սովորել այդ բուհում, ուստի և ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

Սովորելուն զուգահեռ աշխատել է Երևան քաղաքի բարեկարգման գրասենյակում՝ եռակցող՝ ընտանիքին նեղություն չպատճառելու և ուսանող քրոջ հոգսերը հոգալու նպատակով։

Պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի և հեռուստատեխնիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո վերադարձել է Կապան։ Աշխատանքի է ընդունվել Կապանի կապի հանգույցում՝ գծային ինժեներ, և երիտասարդ մասնագետի իր իմացությունն օգտագործել ի նպաստ Կապանի շրջանի կապի զարգացման։

Այնուհետև նշանակվել է Կապի հանգույցի տնօրենի տեղակալ՝ էլէկտրակապի գծով։

Այդ ժամանակ շրջանում միայն Կապան քաղաքն ուներ երկու հազար համարանոց ավտոմատ կայան, մնացած բնակավայրերի հետ կապն իրականացվում էր կենտրոնական հեռախոսակայանի միջոցով՝ ոչ ավտոմատ եղանակով։

Ընդհանուր առմամբ Դերենիկ Մարգարյանը մեծ ներդրում ունեցավ Կապանում կապի ավտոմատացման գործում՝ ղեկավարությամբ  Ռոմա Դավթյանի։

Կապի հանգույցում նրա վերջին պաշտոնը գլխավոր ինժեներն էր։

1981-ի սկզբին Դերենիկ Մարգարյանի կենսագրության մեջ շրջադարձ տեղի ունեցավ։ Կապանում ընթանում էին տրիկոտաժի ֆաբրիկայի շինաշխատանքները։ Այդ ժամանակ էլ նրան նշանակում են կառուցվող ֆաբրիկայի տնօրեն։ Շահագործումից յոթ ամիս անց Կապանի ֆաբրիկան առանձնացվում և դառնում է ինքնուրույն ձեռնարկություն՝ մեծ համբավ ձեռք բերելով ամբողջ հանրապետությունում և ոչ միայն։

Նրա գլխավորությամբ տրիկոտաժի ֆաբրիկան ոչ միայն արտադրական բարձր ցուցանիշներ է արձանագրում, այլև մասնաճյուղեր բացում շրջանի մի շարք բնակավայրերում՝ այդկերպ նպաստելով տարածաշրջանի գյուղապահպանման մեծ գործին։

Դերենիկ Մարգարյանի կյանքի և գործունեության ուշագրավ հատվածներից է նրա մասնակցությունը հայոց Արցախի համար ծավալված ազգային–ազատագրական պայքարին։

1988-ից առաջ էր «Գարուն» ամսագրում ծանոթացել Վազգեն Սարգսյանի հետ, ում հետ բարեկամությունը շարունակվեց մինչև Սպարապետի ողբերգական վախճանը։

Արցախյան պատերազմի ժամանակ Կապանի ինքնապաշտպանական խորհրդի անդամն էր, տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատողներից կազմակերպել էր ինքնապաշտպանական ջոկատ, որը տևական ժամանակ մարտական հերթապահություն էր իրականացնում Ներքին Հանդի մատույցներում։

Իսկ երբ 1993-ին ստեղծվեց Սյունիքի հարցերով ՀՀ պետնախարարի ինտիտուտը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, նա դարձավ պետնախարարի խորհրդական տնտեսական հարցերով։

1995 թվականին Դերենիկ Մարգարյանն ընտրվեց ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր, մինչ այդ էլ քանիցս ընտրվել էր Կապանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1998-99 թթ․ Դերենիկ Մարգարյանը ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարն էր։

1999 թ․ հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո կամովին հրաժարվեց փոխնախարարի պաշտոնից։

Այնուհետև՝ երկու տարի, «Արմենտել» ՓԲ ընկերության շինվարչության պետն էր, որից հետո ստեղծեց մասնավոր ընկերություն և զբաղվեց շինարարությամբ։

Դերենիկ Մարգարյանը տիկին Սինարեի հետ ստեղծել է գեղեցիկ ընտանիք, ունեցել են երեք զավակ։

Նա օրինակելի էր ընկերական հարաբերություններում, իր իսկ խոստովանությամբ՝ «Ընկերն ինձ համար եղբոր պես է․․․»։

Եվ, առհասարակ, կյանքում նրա դավանած արժեքներն էին ընտանիքը, ընկերությունը և հայրենիքը։

Դերենիկ Մարգարյանը հայտնի էր իր մեծաթիվ բարեգործություններով։ Միայն խորհրդային տարիներին հարյուրից ավելի կապանցիներ նրա հովանավորությամբ ուսում են ստացել ԽՍՀՄ տարբեր բուհերում։ Կրթություն ստանալու համար բազմաթիվ պատանիներ ու աղջիկներ է գործուղել Գերմանիա, Անգլիա, Չինաստան։

Իր կյանքի նշանավոր դրվագներից էր համարում մասնակցությունը Կապանում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցելու աստվածահաճո գործին։

Դերենիկ Մարգարյանի համար պաշտամունքի վայր էր Խուստուփ լեռը։ Խոստովանում էր՝ «Ինձ համար այն սրբություն է․ շատ եմ շուրջը պտտվել, եղել փեշերին, երեք անգամ գագաթն եմ բարձրացել։ Այնտեղ հասնելով՝ աշխարհին արդեն այլ աչքերով եմ նայում, խաղաղվում և հանգստանում եմ․․․»։

Եվ, այդքանով հանդերձ, իր կյանքի ամենատպավորիչ ու արժեքավոր էջերից մեկն էր համարում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ հանդիպումը։

Համառոտ անդրադարձ կատարելով Դերենիկ Մարգարյանի անցած ուղուն՝ միանշանակ կարող ենք փաստել՝ նա իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է բնօրրան Կապանին՝ այդկերպ հավերժորեն իր տեղը գտնելով Կապանի նորագույն շրջանի պատմության մեջ։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։

Հ․Գ․

Դերենիկ Մարգարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ից։

Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 10-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։

Հողին կհանձնվի Վաչագան գյուղի նոր գերեզմանատանը։

«Սյունյաց երկիր»

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01