Վալերի Քոչարյան. «Եթե սահմանին կանգնած զինվորը զգոն չլինի, կարգապահ ու մարտունակ չլինի, բնականաբար, հակառակորդն առիթից կօգտվի»

10.08.2016 15:27
6031

Բանակ-հասարակություն կապի, հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, զորքերի մարտական պատրաստվածության եւ այլ հարցերի շուրջ է զրույցը ՀՀ զինված ուժերի չորրորդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանի հետ: 


- Պարո՛ն գնդապետ, նախ շնորհավորում ենք Ձեզ չորրորդ բանակային զորամիավորման հրամանատար նշանակվելու կապակցությամբ: Զրույցը սկսենք ավանդական հարցից. ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի օպերատիվ վիճակը:

- Նախիջեւանյան հատվածում իրադրությունը կայուն է՝ առանց որեւէ միջադեպերի, խնդիրների ու լարվածության: Մենք մեր ծառայությունն ենք իրականացնում, հակառակորդը՝ իր ծառայությունը: Լուրջ միջադեպեր, անհարկի կրակոցներ, հրադադարի ռեժիմի խախտում, սահմանի անցման խախտումներ, դիվերսիոն հետախուզական որեւէ գործողություն կամ նմանատիպ փորձ չեն գրանցվել: Այս հատվածում սահմանը հանգիստ է, որովհետեւ այստեղ իրադրությունը տարբերվում է ղարաբաղյան հատվածից: Սա, նախեւառաջ, պայմանավորված է նաեւ զորամիավորման զինծառայողների զգոնությամբ, զինվորական պարտականությունները լիարժեք կատարելով եւ այն պարտքի զգացումով, որ նրանք մշտապես տածում են դեպի ժողովուրդը, ազգաբնակչությունը, սահմանամերձ գոտիները: Եթե սահմանին կանգնած զինվորը զգոն չլինի, կարգապահ ու մարտունակ չլինի, բնականաբար, հակառակորդն առիթից կօգտվի: Բայց հակառակորդը տեսնում է, որ մեր բանակում հատկապես մարտական հերթապահության հարցերում զգոնությունն է գերիշխում: Մի խոսքով՝ նախիջեւանյան հատվածում խաղաղ, կայուն իրավիճակ է, որ ամբողջովին վերահսկվում է թե՛ զորամիավորման, թե՛ առանձին զորամասերի հրամանատարության կողմից:

- Ինչպե՞ս եք գնահատում զորամիավորման զորքերի մարտական պատրաստվածության մակարդակը:

- Արդեն հինգ տարի է՝ զինվորական ծառայությունս անց եմ կացնում այս զորամիավորման մեջ, որից երկուսուկես տարին՝ հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, ուստի զորքերում տիրող իրադրությանը, վիճակին, ներքին մթոնոլորտին լիովին ծանոթ եմ: Զորամիավորման նորմալ վիճակն է նաեւ թելադրել նմանատիպ սերնդափոխությունը. չորրորդ բանկային կորպուսի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ավելի պատասխանատու պաշտոնում՝ այսպես ասած մեզ թողնելով լավ ժառանգություն: Եվ իմ խնդիրն է ոչ միայն պահել այդ ամենը, այլեւ ժամանակին համահունչ զարգացնել, քարը քարին դնել: Հատկապես բանակաշինության բնագավառում նորմալ ղեկավարի խնդիրը նախորդի թողածն ավելի զարգացնելն է: Զորամիավորման մեջ իրադրությունը կայուն է, զորամասերը պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները, մի խոսքով՝ Սյունիք-Վայոց ձոր՝ մեր ենթակայության տակ գտնվող սահմանների բնակիչների անդորրն ու խաղաղ արարումն ապահովված են:

- Ապրիլյան իրադարձություններից հետո խոսակցություններ են շրջանառվում, որ զորամասերում, զորամիավորումներում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում: Արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը եւ արդյո՞ք դրանք քառօրյա պատերազմի դասերից բխող քայլեր են:

- Ոչ մի արտառոց երեւույթ չի կատարվում, բնականոն եւ օրինաչափ փոփոխություններ են, այսպես ասած, պլանային միջոցառումներ, որ իրականացնում է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը: Բանակաշինության գործընթացում ենթադրվում են նմանատիպ զարգացումներ, եւ դրանք բնավ կապ չունեն ապրիլյան իրադարձությունների հետ:

- Մշտապես խոսակցություններ են լինում, որ, հատկապես գարնանային ձնհալով, մեր ռելիեֆով պայմանավորված, որոշ տեղերում ադրբեջանական դիրքերը երբեմն առաջ են գալիս, կամ մենք ենք մտնում նրանց տարածք, եւ իբր թե հատկապես Սիսիանի բավականին շատ հատվածներում նրանց ուղեկալներն առաջ  են եկել պետական սահմանից այս կողմ:

- Նմանատիպ երեւույթ արդեն շուրջ երեք տարի է՝ չկա. հակառակորդը տարվա ոչ մի եղանակի այստեղ չի գերիշխում: Այս երեք տարվա մեջ մեր հնարավորությունները հակառակորդի հետ հավասարեցրել ենք. ինչքան որ իրենք են տիրում գերիշխող բարձունքների, այնքան էլ՝ մենք: Իրադրությունն ամբողջովին շտկվել է: Մեկ կամ երկու դեպք նախկինում եղել է, որ մոտ 300 մետրի չափով ոտքները սահմանից առաջ են բերել, բայց մեր դիրքերն ամրագրված են պետական սահմանին համապատասխան, որեւէ շեղում ներկայումս չի արձանագրվում:

- Նախիջեւանյան հատվածում մեր կատարած այցելության ժամանակ ինժեներական բավականին լուրջ աշխատանքների ականատես եղանք: Առաջնագծի արդիականացումը շարունակակա՞ն գործընթաց է:

- Առաջնագծի արդիականացման գործընթացը սկսվել է այն պահից, երբ հայկական բանակի առաջին զինվորը ոտք է դրել այդ սահմանին: Ինժեներական զանազան աշխատանքները, բնականաբար, տարեցտարի կատարելագործվում են: Նպատակը ոչ միայն դիրքերի ամրապնդումն է, այլեւ հայ զինվորի անվտանգությունը, որ իր խրամատում լիարժեք պետք է պաշտպանված լինի հակառակորդի համապատասխան գործողություններից: Սա շարունակական գործընթաց է, որից էլ կախված են  մեր սահմանների ամրությունն ու պաշտպանության հուսալիությունը:

- Հատկապես ձմռան ամիսներին մարտական հենակետերում բնակլիմայական պայմանները որոշակի դժվարություններ չե՞ն ստեղծում զինծառայողի համար. չէ՞ որ խոսքը մոտ 3000մ բարձունքին գտնվող հենակետերի մասին է:

- Մեր զինծառայողներն ամենաբարձր կետերում անգամ անտրտունջ կատարում են իրենց մարտական հերթապահությունը: Զինվորի համար բացարձակ նշանակություն չունի՝ ամա՞ռ է, թե՞ ձմեռ, որովհետեւ նա գիտակցում է, որ պաշտպանում է իր ժողովրդին, որը սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է եւ պետք է կարողանա հանգիստ գուխը դնել բարձին եւ արարել: 

- Բացախոսությունը, հրապարակայնությունը, իհարկե, օրենքի սահմաններում, միշտ չէ, որ ցանկալի է եղել շատ հրամանատարների համար: Վերջին մեկ-երկու տարում այդ առումով բավականին փոփոխություն կա: Ինչպե՞ս եք վերաբերվում հրապարակայնությանը:

-  Այսօր ՀՀ զինված ուժերի հրամանատարության աշխատանքների կարեւոր ուղղություններից մեկը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է: Եթե այն փակենք, այդ կապը կթուլանա. բանակը հասարակության առաջ պետք է բաց լինի՝ իհարկե, հաշվի առնելով որոշ հանգամանքներ եւ հատկապես պետական գաղտնիքի մասին օրենքը: Եթե խոսքը մարտունակությանը, մարտական պատրաստականությանը, զենքի կիրառմանը եւ մի շարք այլ հարցերի է վերաբերում, պետք է սահմանափակ լինել: Բայց երբեմն որոշ հրամանատարներ, զինծառայողներ ավելորդություններ են թույլ տալիս, իսկ որոշ լրատվական միջոցներ էլ, օգտվելով խոսքի ազատություն ասվածից, հրապարակում են տեղեկություններ՝ թշնամու ջրաղացին ջուր լցնելով: Հատկապես լրատվական միջոցներն այս հարցում զգոն ու զուսպ պետք է լինեն, պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն, բաց լինելուց զատ՝ նաեւ մտածեն պետական շահի, բանակի ամրության, կարգապահության, զգոնության ու մարտունակության մասին:

- Բավականին բարձր պաշտոն  եք ստանձնել՝ զորամիավորման հրամանատար, զինվորի, նրա ծնողի,  համար հասանելի՞ եք, թե՞…

- Կարծում եմ՝ ծառայության ընթացքում յուրաքանչյուր հրամանատար նաեւ զինվորի ծնողն է: Պատրաստ եմ՝ օրվա որ պահին ցանկանան, անձնական թե ծառայողական հարցով, յուրաքանչյուր ծնողի ընդունել, լսել նրա մտահոգությունը եւ հնարավորության դեպքում լուծում տալ նրա մտահոգություններին:

- Ազգովի հիացած ենք 18 տարեկան հայ զինվորի՝ մեր ազգի համար ճակատագրական օրերին ունեցած պահվածքով: Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ռազմահայրենասիրական դաստիարակության պտուղների հավաքում էր: Ի չիք դարձավ այն մտավախությունը, որ երբեմն ունենում էինք երիտասարդ սերնդի վերաբերյալ:  

- Մի փոքր անգամ չէինք կասկածում, որ եթե պատերազմական իրավիճակ ստեղծվի, 18 տարեկան հայ երիտասարդն իր հերոսությամբ, քաջությամբ ու առնականությամբ նույն կերպ կդրսեւորվի, ինչպես 1990-ականներին: Մեր երիտասարդների մեջ խոսում է հայի գենը, արիական ցեղի գենը, որը չի մեռել եւ իրավունք էլ չունի մեռնելու: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում ռազմահայրենասիրական դաստիարակությունը ճիշտ ճանապարհին է, եւ այն հիմնականում սկսվում է դպրոցից: Բայց ես այն կարծիքին եմ, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսել ոչ միայն մանկապարտեզից, այլեւ յուրաքանչյուր օջախից: Երեխային պետք է դաստիարակել հայրենասիրական ոգով՝ անկախ երկրում առկա տարբեր հարցերից: Եթե կա երկիր, հայրենիք, ապա հայրենասիրությունն առաջնային տեղում պետք է լինի, եւ միայն այդ դեպքում կդառնանք անպարտելի, կծնվեն բազում հերոսներ: 

- Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ուրիշ ժամանակներ են, եւ ավելի շատ գրագետ զինվորականների կռիվ է, արդիական զինտեխնիկայի գրագետ գործարկման մրցակցություն: Արդյո՞ք մոտ ենք գրագետ, պրոֆեսիոնալ գործելակերպին:  

- Մեր բանակում ուսուցման պրոցեսը, մարտական պատրաստվածությամբ զբաղվելը մշտական ու շարունակական գործընթաց է, ժամանակի պահանջներին համահունչ: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հակառակորդը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրները լիարժեք կատարել, եւ մեր զինվորները նրան դիմագրավեցին ու հերոսության դասեր տվեցին: Հայ զինվորը կարողացավ ուղղաթիռ, տանկ, այլ տեխնիկա խոցել, մեր հրետանավորների ճիշտ գործողությունները զսպեցին հակառակորդին եւ ստիպեցին հրաժարվել իրենց ծրագրերից: Սպայական կազմի հմուտ կառավարման, գրագիտության շնորհիվ մեր հակառակորդը, ունենալով բավականին լուրջ ուժեր, զրոյական տոկոսի խնդիրներ լուծեց (դա է ասում ռազմագիտությունը): Առհասարակ ինչքան արդիականացվում է զինտեխնիկան, այնքան ուսուցման պրոցեսն ավելի լուրջ հիմքերի վրա է դրվում: Եվ մենք ձգտում ենք դրան համահունչ քայլել:  
- Քաղաքային, գյուղական համայնքների հետ համագործակցության ավանդույթներ են ստեղծվել: Ինչպիսի՞ն կլինեն հետագա հարաբերությունները նրանց ղեկավարների, բնակչության հետ:

- Գեներալ-մայոր Մակարյանը բավականին լուրջ հիմքեր է դրել տարածաշրջանի համայնքների հետ շփման ու համագործակցության առումով, որն ավելի ակտիվորեն կշարունակենք: Բանակը սերում է ժողովրդից եւ չպիտի կտրվի նրանից: Բանակն ավելի պարտավորված է իրեն զգում, երբ այդ կապը սերտ է լինում: Ժողովուրդը վստահում է հայոց բանակին, իսկ բանակն էլ զգում է այդ վստահությունը: 

- Ձեր ողջերթի խոսքն Անդրանիկ Մակարյանին:

- Գեներալ Մակարյանը մեր զինված ուժերի գրագետ, պրոֆեսիոնալ զինվորականներից է, եւ ինձ բախտ է վիճակվել նրա հետ ծառայել մոտ յոթ-ութ տարի: Չորրորդ բանակային զորամիավորումում իր ծառայությունն անցկացնելու ժամանակ նա ակտիվ գործունեություն է ծավալել, միշտ առաջ շարժվելու նախաձեռնությամբ հանդես եկել: Նրա գլխավոր արժանիքներից մեկն էլ սեփական գիտելիքները, փորձը  փոխանցելն է: Նոր պաշտոնը, որ ստանձնել է, առավել պատասխանատու եւ ընդգրկուն է, եւ համոզված եմ՝ նա պատվով կկատարի իր առջեւ դրված խնդիրները, ինչի համար ունի համապատասխան ունակություններ եւ հատկանիշներ, եւ որ, ամենակարեւորն է, ձգտում: Հաջողություններ եմ մաղթում եւ՝ առա՛ջ, առա՛ջ, ինչպես ինքն էր ասում բոլորիս:       

- Մենք նույնպես միանում ենք Ձեր մաղթանքներին, մեկ անգամ եւս շնորհավորում Ձեզ ու պարոն Մակարյանին, մաղթում հաջողություններ եւ խաղաղ ծառայություն:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25