Վարարակնի հովիտը (Հատված` «Ժայռանտառի պոեզիա» շարքից)

04.10.2019 15:19
981

Կյորեսի հինավուրց մատուռը հմայք է Վարարակնի հովտում: Տեղանքի բարձր դիրքից` հսկում է Ելիզավետպոլ-Գանձակում հաստատված Գորիս քաղաքի կարգապահ հատակագիծը: Մատուռում հանգչող քաղաքի հիմնադրի 200-ամյա աճյունը, հոգու բարձունքից պահապան հրեշտակի դեր է ստանձնել տափարակում աճող եւ արդեն զառիթափերը մագլցող քաղաքին` առանձնատները ծաղկունքով կենդանի: Շրջակա անտառի վառելափայտը հազար ծխնելույզ են պարզել առ պարզերես երկինք: Բուրվառի հոտի հետ չքանում է ծխատարների երկնագույն ծուխը: Մայրամուտին` առանձնատուն-մարգարիտները կորչում են զմրուխտի մուգ երանգների հոգեւոր մենության մեջ, աստղերի լուսացայտ ջահելությամբ պճնված: Սուրբ մատուռը` շուրջ բոլոր պարուրված է Կյորեսի հինավուրց Մինասանց6 տոհմի հարյուր գերեզմանաքարերով` ծնված 1700 թվականների սերունդներով: Գյուղահայաց քարագրերի մամուռներն  արդեն օրանժի վերափոխված: Այս հանգստությամբ է ննջում  Կյորեսի ժայռանտառը` բառի ու պատկերի, հոգու ու լույսի ցնծության ժամադրավայրը:Երբ աճպարարը հարցնում է հանրությանը, թե որտե՞ղ է տեղի ունենում հրաշքը, իրականում` հրաշքը միայն ժայռանտառում է, Վարարակնի հովտի սփռած պոեզիայի ներուժի խորքում: Այստեղ հանդիպեցի նոր ժամանակների մարդկանց: Ես գրում եմ այդ մարդկանց մասին, որոնց ավագ սերունդին կորցրել եմ: Որքա՜ն դժվարին ճանապարհ են նրանք անցել բանահավաքի եւ լրագրողի պարտականությունը կրելիս: Միաժամանակ, իրենց մեջ նեղել են արվեստի ստեղծագործ փայլերը, այն շողարձակումները, որ հանապազօրյա հացը վաստակելու համար ծառայել են «գերատեսչական ժամերին»:   Այս մարդիկ հիմա էլ ապրում են մեր կողքին: Նրանք հիմնականում ձեռքի աշխատանքներ են անում, փորագրում են, տաշում, վրձնում: Գրիչը եւ երաժշտական գործիքը, ասեղնագործության, գծանկարի, մամուլի էջերի, կերպարաստեղծման ու դերակատարման արարումներով: Այդ մարդկանց հետ ունեցած շփումներից հասկացա, որ նրանց կյանքը ծանր պարտականություն է: Արվեստում ազնիվ լինելով, թողած հետքը` համամարդկային մշակույթի մաս է, ինչը ժայռանտառում հստակ առօրյա է եղել գորգագործի, բրուտագործի, գյուղսպասարկման արհեստների, դարբնի ու քարագործի համար: Այս ամենի արարողը եղել է քարանձավաբնակ մարդը: Նրան պատկերացնելիս` մեր օրերի մարդն էլ ստեղծագործում ու գործում է: Ընթանում է տարեգրող-ստեղծարարների` Ալեքսանդր Մարգարյանի, Էդուարդ Զոհրաբյանի, Սերգեյ Հախվերդյանի, Գեւորգ Ստեփանյանի, «Սյունյաց երկիր», «Զանգեզուր» թերթերի, «Սյունիք հայագիտական հանդես»-ի ժամանակագրությունը, «Գորիսի բարբառը», «Գորիսի հանրագիտարան», «Հետքեր երկրի վրա» գրքերի երթը: Սերունդներն այստեղ ներկա են հոգեւոր խորությամբ եւ նրանք շղթայված են իրավահաջորդության միասնական ուխտով: Հարության լույս բաշխում ընդհանրական խաղաղության ու հաշտության պատգամով: Վերմարդկային այսպիսի արվեստի կեցությունը ազատության զգացողություն է հեղել նախապաշարումների վիճարկելի գոյությանը, փշրել է բառերի իշխանությունը: Հնարավորություն է ստեղծել անմիջական շփվել իրականությանը եւ ազդարարել  ժայռանտառի պոեզիայի մշտահունչ հրաշափառությունը Վարարակնի կամ Ձագեձորի հովտում:Այստեղ տեսնում եմ երկնային միջամտության հավանական հետքը: Ծանոթանում եմ արեւից սոսկ ակնոցով պատսպարված երկու աղջիկներին: Տեսնո՞ւմ եք, հաջողությունը զույգ է այցելում: Երկուսին էլ չեմ ուզում կորցնել: Երկուսն էլ լրացնում են մեկը մյուսին: Մեկի անունը, ինչպես հասկացա, Ալինա է, մյուսին անվանակոչեցի Մալինա, քանի որ ակնոցի գույնով էին սոսկ տարբերանշված:Երկրորդ աղջիկը հայտնեց, որ իր հետ կարող եմ հեռախոսել Ալինայի հեռախոսահամարով: Եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը ծագի: Չդիմադրեցի, ընդունեցի սովորական գաղտնիք: Երիտասարդությունն ու գեղեցկությունը տեւական չեն, տեւական են նրանց մասին հուշերը: Ցողի պսպղուն ադամանդների, արշալույսի հետ մրցակցող այսպիսի դիպվածն ինձ չի հրապուրում: Այն նման է փայփայել ու ձանձրանալ բանաձեւին: Նրանց պատմեցի քարանձավ-թատրոնի մասին, որ ամեն տարի քաղաքի տոնի կամ Ակսել Բակունցի ծննդյան օրվա առթիվ այստեղ են այցելում: Բացօթյա ամֆիթատրոնը գործում է Կյորեսի հնօրյա դրվագների ցուցադրությամբ` Ակսել Բակունցի վճիտ արվեստի մեծասքանչ ժամանակագրությամբ:  Մատուցում են հարիսա` տնական հավի կամ գառան մատղաշ մսով, հրաշափառ գինի: Թերթում են Սերո Խանզադյանի զարմիկի` Մարտին Զիլֆուղարյանի «Բղենո Նորավանք» (1998), «Գրչաձորի պատմություն» (2003) գրքերը: Պատվարժան են «Սյունյաց երկիր» թերթի թեմատիկ, բազմամամուլ, հատուկ համարների հայագիտական, պատմաբանասիրական էջերը:Նախասիրության ու առաջարկության միջեւ հավասարակշռություն պահպանելով, Ալինան հարցրեց.-Հաճա՞խ եք գալիս այստեղ: - Իհա՛րկե,- խոստովանեցի ուրախությամբ:- Վաղն անպայման, նույն ժամին` այստեղ` ներկա լինելու ընկերոջս կիսատ թողած գեղանկարի ավարտմանը: - Կարո՞ղ ենք տեսնել այդ գեղանկարը: -Հավանաբար քարանձավ-արվեստանոցում է հիմա, - ասացի եւ առաջնորդեցի այնտեղ: Դուռը փակ էր, սակայն ավտոմեքենան տեղում էր:  - Նախանձում եմ Ձեր բնաշխարհին, - ասաց անանուն գեղեցկուհին, որի մականունը շատ էլ հարմար էր նրան:Սեղան գցելու պատրաստություն ունենք մեքենայում, բայց գեղանկարիչը դեռ չկար: Հանկարծ հայտնվեց Ժիրայրը: Աղջիկներն ուրախացան ու մնացին մեր պատահական ընկերակցության գոտու չհասունացած կրքի սահմանագծում: Գեղանկարիչը բացեց արվեստանոցի դուռը: Հացի պաշարը բացեցի ժայռախորշում տեղադրված քարե սեղանին ու թթի օղու շիշը տեղավորեցի քարանձավի ստվերում: Սկսվեց ազատ բնության մեջ առօրյա հայեցակարգի գործողությունը: Ընդամենը մեկ լիտր մաքուր ջուր ունեինք քարանձավ-արվեստանոցում: Թթի օղու  մեկ բաժակ առանձին նախատեսել ենք Ակսել Բակունցի համար:- Միայն բնանկար ե՞ք վրձնում, - հարցրեց աղջիկներից մեկը:Ժիրայրը խոսում էր հեռախոսով: -Իհա՛րկե: Հարմար բնորդուհիներ չունենք, -ակնարկեցի ժպիտով:-Այսինքն, դու է՞լ ես նկարում: - Այո, կատակեցի ես, միայն, թե` բառերով: Ափսո՜ս, որ այս պահին նվիրելու գիրք չունեմ: -Կարտասանե՞ք: -Ինչո՞ւ մտածեցիք, որ բանաստեղծ եմ, ոչ թե արձակագիր: Գեղեցիկ բնածին զգացումո՞վ, թե՞ ուզում եք ձեր առաջ բանաստեղծ տեսնել:Ժիրայր Մարտիրոսյանը լցրեց բաժակները: Առաջարկեցի լվացվել՝ լիտրանոց շիշը բացելով: Խմեցինք: Աղջիկները նկատեցին` պահպանել ենք ժողովրդական միջավայրի մարդու լավագույն գծերը: Կյանքի ինչ-որ հանգրվանում` մեր հյուրերն անցել էին անդիմադրելի կյանքի գետն ու հայտնվել ծաղկունքի հովտում, որտեղ սնունդ է ստանում կնոջ երազական էությունը: Թթի օղին պարտավորություն մատուցեց պոեզիայի բեմահարթակին եւ պատրանքի համամարդկային կապույտ աչքերից ժայթքեց վերին հավակնության անվանը, հեղինակությանն ու համբավին ուղղված կենսաթիռ ջղերի արձագանքը: Ժայռանտառի կտավին` աստվածաբնակ խորշերից դուրս հորդեցին վրձնի տքնության, վառ հոգու շնորհների բոցերը:Գեղեցկուհիներն Ակսել Բակունցի տուն-թանգարանում չեն եղել: Չեն տեսել հոգու եւ բնության անկրկնելի գրողի միջավայրը` Վարդան Սարգսյանի խնամած այգին, միրհավի զույգը, Ժիրայր գեղանկարչի փայտադրվագումները, Միքայել Ղուկասյանի քարակերտ Ակսելը` փողոցի մայթին: Չեն վայելել Մարտիրոս Սարյանի կերտած բնորդուհու` Բոխճագյուլ գորգագործ Խուրշուդյանի` գրողի մոր դիմանկարի կտավը` Զանգեզուրյան տարազով: Չէին վայելել Քաջիկ Միքայելյանի կամ Վարդան Սարգսյանի հյուրասիրությունը: Շենի հին կռիվը շարունակող գրականագետ Կիմ Աղաբեկյանի եւ Գորիսի պետհամալսարանից բակունցագետ դուստրերի սքանչելի բացահայտումները` «Սյունիքի նյութական եւ հոգեւոր ժառանգությունը» ծրագիրն արարելիս: Ծանոթ չեն գրականագետներ Սուրեն Աղաբաբյանի, Ռաֆայել Իշխանյանի, Դավիթ Գասպարյանի գործերին։Տպավորիչ է տուն-թանգարանի բակում: Ցայսօր ապարդյուն փնտրտուքի, այգու, բնության, բառի գեղագետի եւ աշխարհի խղճի միջեւ տարածականություն ստեղծած  հայկական քանդակի բարձրակետ Խաչքարը, որպես գրողի անհետ կորած գերեզմանի անսփոփ հուշաքար: Կանգնած շիրմաքար` գրական ներուժը եւ գեղեցիկ քարագործությունը միավորող նկարագիր: Սիրված արձակագրի հանդեպ հոգեվիճակ ներկայացնող գեղագիտական կատարելություն: Ակսել Բակունցը, որպես 20-րդ դարի եւ հայ արձակի անգերազանց երեւույթ, ճեմարանականի ու ագրոնոմի կրթությամբ: Խաչքարն ասես հովանավորված է երկնքից` իր փխրունությամբ երեւելի ջանք է, առանց պարտադրանքի, տարածության մեջ դրսեւորված էսթետիկ ակնածանք: Խաչքարի համաչափությունների արտահայտչաձեւերն ամփոփված են ճշմարիտ ծավալային լուծումներով: Խաչքարը կերպարաստեղծ բովանդակություն է ստացել Գորիսում, որին վիթխարի փառք բերեց Ակսել Բակունցը` արեւելահայ արձակի հիմնադիրը: Քանդակի հեղինակի` Ռազմիկ Արզումանյանի մատներից կաթած լույսի ոճավորումները դրամատիկ բնույթ են ստացել գրողի ճակատագրի ողբերգականությամբ եւ ժամանակաշրջանի հախուռն իրավիճակն ամփոփել Երկրի քարե սրտում` գրողի տաղանդի հանդեպ: Ափսոսանքի անանց աղերսանք սփռել ժողովրդի անսփոփ հոգում: Հոգեմերձ Խաչքարի ազատաբաղձ սպասումները, գրողի ոգին,  հզոր լիցքերը բուժում ու զորացնում են մեր ժողովրդի սիրտը` Բակունցի հավիտենական հանգրվանը:Օժտված հայկականությունն ու համադրելի երկրաչափականությունը, խոխոջող աղբյուրի տրամադրությունը փոխանցում են հայ միջնադարյան զարդանախշերի առոգանությանը: Հին մոտիվների` Կյորեսի հին գերեզմանոցի քարաքանդակ ելեւէջներով պանծացնում անհիշելի ժամանակների շունչը,  Բակունցի թեմատիկայի կարոտը, Կյորեսի ժայռանտառի եւ Վարարակնի հովտի բարբառը, օրգանապես գրաբարին մերված պատվանդանն ու ցայտող ջրում խոսող նախշերը: Ռազմիկ քարագործ Արզումանյանն իր պատկերացրած Խաչքարից` Միքելանջելոյի նման պարզապես հեռացրել է ավելորդ քարաբեկորները ե Սեզանի պես իրականացրել զգայությունները, իմ գրչով վայելչագրել ճեմարանականի ուղին` Ձագեձորի հովտի Գրչաձորում: Գծանկարներով ձեւավորեց իմ «Մթնաձորի լույսը» ժողովածուն եւ ուղեկցեց բրուտ Հրանտի աշխատասենյակ, որտեղ ներկա էր ընտանիքը: Ընտանիքը` հայերի ամենապահպանված հարստությունը վերջին քառորդ դարում արտագաղթում է սեփական երկրից, ինչպես քարագործի ու բրուտի ընտանիքները, անհետացող արվեստի շառավիղները: Մի խոսքով, իսկական մարդը` բնության կենսաբազմազանության ու վայրի բնության անաղարտ միջավայրի, մեր գետահովիտների ու ազգային հարստության` Սեւանա լճի, արեւային էներգիայի ու հողմակայանների ջատագովն է: Որպես երկրապահ է իսկական մարդու փրկության հայեցի պատգամը:Կավը, որ մարդու նախանյութն է, «հողի մարդու օրհնություն է բրուտ Ավագի» պլաստիկ ձեռքերում եւ Հիսուսի ձեռքով բուժեց կուրությունը: Երեք բուռ հող ենք լցնում հրաժեշտին: Ճանաչում ենք մարդուն, մարդն ափի մեջ: Այս ամենն ասել են մտածող մարդիկ` մեզանից առաջ:Աշխարհի ութ եւ ավելի հրաշալիքները մեր բանաստեղծներն են: Համաշխարհային գրականության ընթերցողը դեռեւս անծանոթ է, սակայն անվիճելի է նրանց գրական ժառանգության զմայլելի փաստը: Պոեզիան մեր լույսն է, մեր հանճարը բացահայտող Աստծո պարգեւը: Աստված առատաձեռն է, բայց հազվադեպ է իր ունեցվածքի ծանրակշիռ ձիրքերը պարգեւատրում մեկ ժողովրդի, թեկուզ Նոյի ժողովրդին: Մեր ժողովրդի հանճարներին կործանել հաջողվեց, բայց չկարողացան հաղթել: Մեր ազգի պանթեոնում` մեր բաժին սուրբ հողում Ակսել Բակունց, Չարենց, Թումանյան, Սիամանթո, Վարուժան, Տերյան… Նարեկացի ունեցանք: Պարույր Սեւակը եզրափակում է պատմական Սյունյաց աշխարհի նախավերջին լեռնապարը: Առնո Բաբաջանյանին տեղ չտվեցինք Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ մեզ մխիթարում է Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Սերո Խանզադյանի եւ Արամ Խաչատրյանի ներկայությունը: «Քուռո՛վ կգամ, որ խոնարհվեմ շիրմիդ վրա` Սայաթ-Նովա»: Ռուսաց քրիստոնյա թագավորը դեռ չի պատասխանել Արթին ապուպապիս նամակին: Ականապատված են ջրային, լեռնային, ցամաքային, երկաթուղային եւ սրտից փուշ հանող ուղիները… Բլրի գագաթից ուղերձ է հղել Գուսան Աշոտի հարատեւ մեղեդին, «Ճակատագիրն Հայոցը» եւ «Մխիթար Սպարապետը» սպեղանի ու սեղանի գրքեր են: Թեւածում ենք Գարեգին Նժդեհի ու Դավիթ-Բեկի հավատով անշեղ, բայց մեզ լսող չկա այս նեղ աշխարհում: Մեր կենսագրությունը դժբախտ պատահար է, անակնկալ ու բազմաչարչար: Ժողովրդի առաջնորդ ազատությունը… Մերգելյան անվանակոչվեց գիտահետազոտական ինստիտուտը, նույնիսկ` Որոտանի մասնաճյուղը: Սակայն երկրի կառավարությունը հանճարի անվանակոչությանը չարձագանքեց առ այսօր, ինչպես մայրաքաղաքում` Ակսել Բակունցի հուշարձանի բացակայությունը, որտեղ սպանեցին Բակունցին եւ Չարենցին:Ռազմիկ Արզումանյանի այս խաչքարը տեսնելով Ակսել Բակունցի տուն-թանգարանում, հասկացա, որ Աստծուն է արարել մարդը: Սյունյաց աշխարհը շարունակում է ստեղծագործել Լուսանորոգչից ստացած խնամքով, թովում` լիառատ բաշխած լույսի ճառագայթով:Ձորը եւ ձորի մարդիկ: Հաղորդակցության մաքրագործումը վաղուց կայացել է այստեղ: Քարանձավները լի են անդորրով ու խոնավությամբ, որտեղ պատսպարվում է վայրի բնության հազվագյուտ հողմավար բազեն, եզակի ընձառյուծը, մուֆլոն-քարայծը: Հակառակ դրանց, մարդը հասկացել է, որ մենակ է մնացել միակ երկրագնդի վրա: Պայքարում է ազգային արժեքների ու համամարդկային ընտանիքի հանուն: Սարդոստայնն այստեղ չի բնավորվել, չի հարմարվել: Անկեղծության ու անմեղության պատեր են թվում` հազար աչք տեսած ու տերունի պատվիրանները կրող: Բարեմատույց ձեռքերով կարկառել լուսազարդ փառքը գթառատ, որ այստեղ պահել ու պատսպարել է խորաձորի մարդկանց` կյանքի, դպրության անվախճան փառքը երգելիս եւ հանգստի բավականության մայրամուտն այցելելիս, թե շնորհներով արթնացած բարեխոսությամբ արդար լեռների երկիր պատարագելիս:Զվարթության ամենաստեղծած պատրանքներ են թափառում ձորից ձոր: Ժամանակի վախճանը նորոգվում է լույսի զորությամբ եւ ընթացակցում զեփյուռի շավղով: Պատվիրաններ են ժայռին թմրած, որոնց դեռ պիտի հաշտ հոգով լսել, կենագործել շնորհատրման անսայթաք, օրհնյալ մարդասիրությամբ ու կարդալ իմ «Լեռներում» ժողովածուն:Այստեղ երեք անգամ տեղից-տեղ տեղափոխված ծխական դպրոց է գործել: Որտեղ հինգ տարի ուսումն առած Ակսել Բակունցը Հայոց Հայրիկի ընդառաջությամբ հաճախեց Գեւորգյան ճեմարան: Բարձր ինտելեկտից պոկված` ոգու թափառիկ ալիքները երիզել են ժայռապատկերները: Անդունդի եզերքներում հեղինակել ժայռախորշում հապաղած զեփյուռը: Շատերն ուսում են առել այստեղ: Այս մթին կիրճերում բարձրացել է գիր ուսուցանող մարդու հասակը: Նրա աշակերտները` ցարական գիմնազիստներ ու Եվրոպայի սրտում` Ավստրո-Գերման, Ժնեւի համալսարաններ են հաճախել: Մրցակցել Շուշվա ռեալական ուսումնարանի, Տաթեւի բարձր դպրոցի, օրիորդաց դասարանների ու միանձնուհիների կրթած սերունդների կրթական նշաձողն ունենալով: Մերձբալթյան ու Ռուսաց լիցեյների, Թիֆլիսի ու Խարկովի ուսումնական օջախների, ճեմարանների, սեմինարիաների, արվեստի ու պատմաբանասիրության ժամանակի քոլեջների չափանիշների թափավազքն այստեղից առնելով: Այստեղից տարել Կյորեսի սրբազան լույսը` 19-րդ դարավերջին հաստատվել հայագիտության թափուր էջերում ու առաջին տպարանն այստեղ հիմնել` Լայպցիգում ուսանած կյորեսեցի համալսարանական բանասեր Ասատուր Հայրապետի Խոսունցի (Գեւորգյան) ջանքով: «Սասուն» տպարանում` 1903 թվականից տպագրվեց «Մշակ» թերթը, 1909-1910 թթ. «Գավառ» թերթը (խմբ. Սիմոն Տեր-Մինասյան): Շուշվա «Փայլակ» թերթում 1915 թ. տպագրվեցին Ակսել Բակունցի երկու հոդվածը` Գորիսի քաղաքագլխի եւ Քարաշենի դպրոցի մասին… Եվ կամավորականի ճակատագիրը դրոշմեց Ճեմարան-Լոր-Սարդարապատ-Թբիլիսի-Խարկով-Գորիս-Երեւան-Ռուսիա ուղիներին, գյուղատնտեսի ու գրողի, սցենարիստի բնույթին: Նրանց հայտնությանը ձայնակցել են Կյորեսի սբ Աստվածածնի, սբ Հռիփսիմեի, Կանաչ եկեղեցու ու Կոտրած ժամի զանգերը եւ նոր Գորիսի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:Ու հիմա աշխարհի փառքը տեսած ու նրանց ներդրած առաջավոր գիտությունը նոր սերնդի պապեկան ձեռքբերում է: Ժամանակի հետամնաց սահմանները ճեղքած ուսումնատենչ արտագաղթ, ճակատագրի ձեռքը պարզած մտքի ու հոգու բարձր ոլորտներին: Ծանր նյութական դրությամբ մաքառել հանուն գիտելիքի ու ոստանի` Վարարակնի հովիտը հռչակել տրանսկովկասյան արահետ: Հիշեցրել` մեր միջնադարյան7 բարձր տիպի դպրոցների` Սյունյաց համալսարանների եւ ուսուցիչների վաստակած փառքը, մեր մատյանների լուսաճեմ հետքը: Իսկ հիմա, ծխական դպրոցի պատերին` վաղեմության մամուռների միստիկ մեղմությունը հանդուրժում է խխունջների ակտիվությունը: Ժայռանտառի քունջ ու պուճախը լիքն է սփոփանքով, հազար երդիկից փչող սոսափով ու քարանձավներ լցված մեռած ավազով: Առաքելական ավազանով անցած- գնացած սերունդների անբավ բազմազանությունը ժամանակի անցողական վախճանի կանոնով` բազմիցս մեռել ու նախանվեր բաշխել են խոստովանության անթիվ ապրումները: Սպառել Աստծո բարկությունը եւ կյանքի նշխարը տարածել` առաջնաստեղծ եւ ավանդապաշտ, անխոտոր ու վերասլաց բարեմասնության շնորհները: Վերստին ու դարձյալ` ընդառաջ հայցել վերելքի անստվեր հրաշակերտումը: Լռության պես անարտահայտիչ, միայն ժամանակավոր, սակայն ձորի մարդուն հաջողվել է բացել առեղծվածի ամեն գաղտնիքը` գոյության ժամանակը շարունակել տեղեկատու հարատեւության հուշումներով կատարելագործ, ամենակատար, հույժ վստահելի, սպասումների հուսադրությամբ:Աղաղակող ժայռերի ու հաստակող քարափների գլխով դար է եկել ու անցել: Ժամանակը միշտ նոր է սկսվում: Գնալով դեպի պատմությունը` պատմականությունը խոսում է մեզ հետ, կորած ժամանակների շունչն ավանդած գաղափարին, որ միջնադարյան բեռ է կրում անցյալից: Հարաբերվում ենք մեր նախնիներին` արհեստի, առօրեականի եւ արվեստի շերտերի մեջ: Թե,ւ ավերակված, բայց անցյալի կատարյալ ձեւը հիշողություն է կրում, գտածո ժամանակաշրջանն ամփոփած նյութի բնույթում, իրերի մեջ, կահկարասու վերաբերյալ: Ժամ հավիտենի տաղերգություն է երեւակում շուրջս: Ոչ ոք այստեղ չի պեղել: Ոչ ոք չի եղել այս հողի տակ պահված քաղաքակրթության վկան:Ձորի վերջին մարդը Հին ճանապարհի վրա` դեռ չհեռացած, ամբողջ Կյորեսի գետահովիտը լցվեց արտերկրներից գաղթած հայերով: Նրանք տխուր ֆաշիզմը չեն տեսել: Արդեն հարյուր տարի վայելում են Կյորեսի ժայռանտառը: Նորեկ հայերը` թանգարանային Կյորեսին խնամքով չեն վարվել: Իսկ ձորի որդիների մեծ մասը չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից: Մի խոսքով` մի ուրիշ մշակույթ է ներխուժել այստեղ` խաշնարածի ու գյուղական նիստ ու կացով սերունդ, որ արդեն եկվորներն անցած-գնացած են: Նրանց սերունդներն ապրում են ու տնօրինում թանգարան-բնակավայրը: Բնակավայրում անխաթար է մնացել նոր գերեզմանոցի մոտ գտնվող Հինը, որ մերոնք հանգստարան են անվանել, առանց որեւէ ցանկապատի, ինչը կրոնի հանդիսավորություն է փոխանցել հինավուրց քարաշխարհին: Սա նաեւ ոգու հանգրվան է, հետմահու կյանքի ապաստարան: Հին գերեզմանոցը քաղաքակրթական հետք է կրում: Դրանք արտացոլված են քարագործ վարպետների թողած ձեռագիր քանդակներում եւ քարի դրվագման առանձնահատուկ, տարբեր օրինակների վրա:Թվում է` արդեն այնտեղ եմ հասել ու լսելի է ինձ հին օրերի երթը:-Այդքան անխնա բաներ մի ասա, դեռ կյանքն առջեւում է, -կարծես լսեցի այս բառերը:Հոգին թափառում է կյանքի փորձությունների եւ ենթագիտակցության արահետներով: Քարի զարդանախշային հմայքը միավորում է հին ու նոր ժամանակների ճաշակը: Այսպիսի պսպղուն զուգադիպություններ լինում են մեկ էլ Երուսաղեմում` Սիոն լեռան բարձունքի Սրբոց Հակոբյանց վանքում, որի բակում թաղված են միեւնույն անունով երկու սուրբ: Մեկը` սբ Հովհաննեսի եղբայր սբ Հակոբոսն է, որի գլխատված գլուխն է միայն այստեղ, իսկ մարմնի մյուս մասերը` Իսպանիայի Գալիցիայում: Մյուսը` Հիսուս Քրիստոսի եղբայր սբ Հակոբոսն է` Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը:Բնության եւ պատմության հրահանգով որոշ որջերում գազանություններ եղել են: Մեկը` Մխիթար Սպարապետի անգլուխ մարմինը` ծնված Գյանջիում` մեր անդարձ կորուստ Գանձակ-Ելիզավետպոլն է: Այստեղից` քրիստոնեության ակնհայտ նահանջը թրքասեր ռուսների հոժարությամբ` Քուռ-Արաքսի ավազանում: Այդ միջագետքը` Դաշտային Արցախն օրավուր զիջում ենք նորեկ ցեղախմբերին, ինչպես զիջեցինք Նախիջեւանը: Մյուսը` սպարապետություն եւ անկախ պետականություն վաստակած Լեռնահայաստանի արծիվ Գարեգին Նժդեհի անսխալ կողմնորոշումը` «Արցախին սյուն, Սյունյաց երկիր»8 կոչումը: Ցավոք, մեր օրերում որոշ շողոքորթներ նրան փորձել են համեմատել… Տխուր վարժապետություն: Կնշանակի երկրորդ անգամ` նույն մարդիկ 300 տարի հետո հակված են գլխատել Հայոց սպարապետին:Սիսական նահանգի ծխականի սան, Եվրոպայի ուսյալ հայագետ-պատմիչ Նիկողայոս Ադոնցի խոսքով` «Պատրաստ եւ զգաստ լինենք, որպեսզի չկորչենք անփառունակ կռվողների ոտքերի տակ կոխան: Նայում ենք մեր շուրջը եւ ամեն կողմից ճնշող մթության մեջ տեսնում ենք միայն Դավիթ-Բեկի ասպետական ուրվականը»:Այդ ուրվականը` ռազմի դաշտում սպառազեն հայրենասիրությունը եւ մահապարտներին սպասարկող հայի արյան պաշարը: Մեր միակ նեցուկ զենքն է հանուն ազատ, անկախ Հայաստանի եւ Արցախի շարունակվող պատերազմում` արյունը:Պատերազմում հաղթելով, մենք պարտվում են Անկախության 30 տարիներին:Ինչպես որ թանգարանային Կյորեսին խնամքով չեն վերաբերվել: Համայնավարական կես դարը եւ ոչ մի ջանք չի թափել բացատրելու նրանց, որ թանգարանային Կյորեսն առաջնաստեղծությամբ պահպանելը սրբազան պարտականություն է սերունդների համար: Պահպանել 150-ամյա նոր Գորիսի պատմամշակութային արգելոցի կոլորիտը…Առավել եւս, որ խորհրդային աստվածանարգ մարդասիրությունը բաց երկնքի տակ այս երկրագիտական թանգարանը մոռացած, նոր Գորիսի կենտրոնում` սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 1947-1990 թթ. վերածեց երկրագիտական թանգարանի: Երկրագիտական թանգարանի կարեւորությունը,  գուցեեւ նպաստեց, որ եկեղեցու շինությունը չվերացվեց իսպառ, ինչպես 1926-ին ավերեցին քաղաքի կենտրոնում կառուցված դեղին գմբեթավոր Ռուսաց Ժամը` սբ Նիկողայոս անվամբ: Անվան հայտնագործումը դժվարությամբ հաջողվեց իմանալ` ավերման հարյուր տարին չբոլորած: Մեզ օգնեց Սիսական երկրի զավակ, սյունեցի պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը։ Նրա հուշումով` Տիգրան Սազանդարյանի («Ղարաբաղ», Շուշի, 1912) վկայությամբ` «Գորիս ավանը քաղաքի է վերածված 1904 թ. գավառապետ Գրիգորի Վլադիմիրի Պֆելլեր գերմանացու շնորհիվ, ռուսական ծառայության տարիներին, իրագործեց քաղաքի հետագա կառուցապատումն ու բարեկարգումը: Գորիսը ներկա դիրքով, գեղեցկությամբ պարտական է միմիայն շինարար, մաքրասեր Պֆելլերին, ով երկրորդ անգամ է նշանակվել գավառապետ»: 1976-ին քանդեցին թատրոնի եւ 7-ամյա դպրոցի միացյալ շենքը, որտեղ գործել է սբ Հռիփսիմե եկեղեցական ծխական դպրոցը, պրոգիմնազիան: Ճարտարապետական կոթողի կործանման ափսոսանքն ընդգծելու համար նշենք, որ այն իր չափերով գերազանցել է Շուշիի ռեալական ուսումնարանի եւ Մարիամյան օրիորդաց ուսումնարանի շենքերին, որոնք նորոգվում են հնատիպ չքնաղ հորինվածքով:Չքնաղ հորինվածքի, շինարարական-ճարտարապետական լուծումների պարտադիր շեշտադրումների, ստեղծագործ մտքի քարե նոր թռիչքի ու ելեւէջի հեղինակներ են գորիսեցի հին քարեգործ-վարպետների` Քաթանյանների, Խուրշուդյանների, Միրզոյանների տոհմերի կառուցած քաղաքաշինական պահպանված կառույցները9:Սրանով իսկ քավության շնորհ ցուցաբերել` ուղերձել ողորմության լույս: Աստծուդ ձեռքի մերձավորությամբ նորոգություն եւ ողորմածություն թող ստանան Կյորեսի նորեկ բնակիչները` հին նորեկների սերունդը, որ կարողանան տրտմել ըստ Աստծո, սրտանց զղջացած: Քանզի ժամացույցի ամեն զարկը հուշում է կյանքի շարունակության մասին:Սյունիքի նշանավոր մելիքական տներից մի հատվածով խանդավառ Ձագեձոր-Քաշաթաղ-Փոքր Սյունիք, Աղահեճք-Քաշաթաղ-Խանածախ նստավայրում «ինքնիշխանության արժանապատիվ կրող Մելիք-Հայկազն 2-րդի (Այր հզոր եւ դյուցազնական, իշխան երկրիս եւ պանծալի անուն. հուշում է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը): Երեք դար հապաղում ենք, մինչեւ որ Միքայել Բեկ-Լալաբեկյանի «Հիշատակարանը» համոզեց, որ զորավար Դավիթ Բեկը Շինուհայր գյուղացի տանուտեր Ալիխանի որդին է:Ո՞վ է համոզելու նորոգել Վարարակն գետն ընդունած Որոտան գետի վրա 1898թ. կառուցված Լալազարի կամուրջը: Վերջապես խոստովանել Որոտանի հովտում նոր հազարամյակի նվաճումը: Գուցեեւ այդ տարածքից հնարավոր է շրջանցել չարաղետ «Թասի» լեռնազանգվածը եւ 10 կմ ուղիղ ավտոերթեւեկով մտնել Չայզամի, դուրս գալ Կարմրաքար տանող գործող ավտոճանապարհի հարթություն` Քաշունի գետահովտի արտեր, Դավիթբեկի ջրամբարի տեղանք-Վանանդատուն` շրջանցելով Մազրի տափի անտառը, Դժոխաձորը, Շուռնուխ սարավանդը, Առաջաձոր մտնող մայրուղին: Որտեղ հողաչափումների վիճարկելի եւ ողջամիտ ծանրագույն հանգամանքներում` Ակսել Բակունցը նկատեց կոլեկտիվացման նպատակով ազգային համայնքների փոշիացումը, որ միշտ տանուլ էր տալիս Հայաստանը: Մինչեւ որ Զեյվայի գրավումով Քաշունի գետահովտում` գյուղը Դավիթ Բեկ անվանակոչվեց` բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի հայրենի ոստանը:Գորիս քաղաքից դեպի հինավուրց Կյորես գյուղ կառուցված առայժմ հետիոտնի կամուրջը սովորական կամուրջ չէ: Դա Տիրոջ ողորմության ճառագայթներով լուսավորված, Վարարակն գետի վրայով Բարձրյալի մեկնած օրհնյալ աջն է, մարդասիրաբար ապավեն օրհնությունը:Միակ ավտոերթեւեկի կամուրջը սկսվում է Ակսել Բակունցի հուշարձանի հրապարակից դեպի Թանգուն, Չոփչուն, Իվանի, Ղաթրինի ձորերը, Կյորեսի Խուռուփին, Հումբաթի եւ Մանուշակաձոր-Օփավերի գետահովիտները:Աստծո ոգով գրված բառեր են այս բառերը, որ «Պոեզիայի հմայքը»10 պահ ենք տվել մաքուր սրտերին: Նրանք կարող են մարդկանց համախմբել իրենց շուրջը: Կատարելագործ նորոգել թյուր հայացքները, հավաստել ամենակատար բավականության ավետաբարբառն ի փա՜ռս հայաշխարհի եւ բարձր գրականության:Հակոբ Կարապենցի անգերազանց բնորոշմամբ` «Մենավոր գագաթ է Բակունցը: Նրանից առաջ եւ նրանից հետո արեւելահայ արձակը երբեք չհասավ այն բարձունքին, որ Բակունցն է` ինքնատիպ, բյուրեղ, գրեթե անառիկ»:Եթե սիրտդ կոտրվել է, չես կարող հեշտությամբ կպցնել, ինչպես կողի կոտրվածքը: Մանավանդ, եթե հաստակող ես եղել, ոչ կամակոր, բայց պատրաստ ես քո սկզբունքն առաջ տանել հանուն ուղղամտության: Աստված չարասցե, որ սիրտը մենակ զգա իրեն եւ անօգնական: Ինչպես ժամացույցը հուշում է, որ դեռ շարունակվում է պայքարը, ուրեմն` ամեն ակնթարթը մեր աչքերը թարթում ու արթուն է պահում աշխարհին, կյանքին, ժամանակին ուղղված նորանոր հայացքը: Քարացած սիրտը միայն թե մեկի սիրտն է կոտրել եւ տրվել քմահաճույքին ու անտարբեր աչք փակել, որ կարող էր մեկին ձեռք մեկնել` օգնելու պատրաստակամության լիցքը ներշնչել: Մի խոսքով, քարն օժտել կյանքով, վերնային հաղորդությամբ բարերարում հոգու թեւերով, հոգածու ձեռքով եւ բարի իսկությամբ, որ հետաքրքիրը միշտ էլ առջեւում է: Ողջամտություն եւ բանականություն, ողջախոհություն ու զգոնություն, չափավորություն ու հաշտություն, խաղաղություն ու արդարություն, ճշմարտություն ու շնորհով առաջնորդում, մտքի մաքրություն ու աղոթք, կատարյալի որոնում: Այդպես գետը գտնում է իր հունը: Վարարակնի հովտում ինչ-որ ժամանակ լսվել է Տիրոջ ձայնը` հետեւիր ինձ: Վարարակնի հովտի բնիկը հենց այսպես հետեւորդ է դարձել` ճանաչելով եւ ոչ թե տեսնելով: Հովիտը կենդանանում, առաջնորդվում է Ակնա սուրբ ջրի հունով, արձագանքում` ժայռանտառի մթին խորշերում, հաշտվում զսպված տարերքին:Հոգեւոր գիտակցության տերություն է Վարարակնի հովիտը: Երկրի հոգեւոր տերը մեծ արվեստի ջատագովն է, որ քամին տալիս է անունը` «Կալի պաշի» դիտակետից:20-րդ դարը Սարդարապատի հաղթանակով սկսած, Արցախի ազատագրմամբ ավարտված, Անկախություն հռչակած երկրում կանգնեց Գորիսի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նորակառույց գմբեթի խրոխտ բարձրությամբ` մոտիկ եւ ավելի հնազանդ Աստծուն: Քաղաքային անտառ-զբոսայգու անապակ բնությունը հաղթահարել է սեփականաշնորհման ժանտախտը եւ պահպանում է «Ազատություն» անվանակոչության բաղձանքն առանց ցանկապատի ու մարդկային գործոնի:Տափարակի վրա` նոր Գորիսից դեպի Կյորեսի խոր ձորը բացվող տեսադաշտը եւ ժայռանտառի շուրջը խոյացած սարերի համայնապատկերը, ցավոք, ձորագլխից է երեւում: Մինչդեռ գրագետ ճարտարապետի ու իշխանավորի դեպքում` քաղաքի կենտրոնից մինչեւ ձորապռունկ անիմաստ կառուցված բարձրահարկ շենքերն ու խորհրդային երեք գործարաններն արգելապատնեշել են հորիզոնը` կտրել ու մեկուսացրել մարդուն բնությունից:Նույնիսկ` մասամբ պատսպարել սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ քաղաքի կենտրոնի հարյուրհիսունամյա շենքերը` տալով մարդուն մենակության զգացում: Ավելի ցայտուն է արտահայտվում, երբ մարդկային հարաբերություններն էլ նրան հրում ու կաշկանդում են մենության անկյունում: Մասնագետների հավանական կարծիքով` դա հոգու եւ բնության շարունակական շարժման ընթացահատված է Գորիս քաղաքում: Քաղաքային կոլորիտի դիրքային տեղակայման, տրված` աստվածային հնարավորության այսպիսի շրջափակ- քաղաքաշինական տապալումը հանգեցնում է մենակի եւ մենության անհաշտ համակեցության, աշխարհից կտրված տրոփող նյութի ու ոգու քաղաքում:
***
Ձագեձորի Վարարակն գետը 10 կմ երկարությամբ երկու մասի է բաժանում Գորիս քաղաքն ու Կյորեսը, Ակներ, Վերիշեն, Քարահունջ գյուղերը:Բնակավայրերից դուրս` 15 կմ երկար ու խոր ձորերով հոսելով միանում է Որոտան գետին:Արցախի ազատագրած Որոտանի հովտից դեպի 10կմ հեռավորությամբ Քաշունի գետահովտի արտեր կամ Դավիթ Բեկի ջրամբարի հարթավայր` Չայզամի-Վանանդատուն, առանց «Թասի լեռնանցքի» շրջանցիկ կմտնենք Գորիս-Կապան մայրուղի ավտոճանապարհ:Վերջին հազարամյակի այս նվաճումը տարածքային զարգացման նոր հնարավորություն է:Սյունյաց Հաբանդ գավառի դարպասների բնօրրանում` մեր վաղեմի ներկայության արժանապատիվ վերադարձը հայրենի ոստան, առնչվում է մեծ գրող Ակսել Բակունցի` երկրամասի հողաչափի գործունեությանը` բաղձալի տպավորությամբ «Կարմրաքար» անավարտ վեպը գրելիս:

Ծանոթություն
1.Տե՛ս Առաքելյան Ա. «Մթնաձորի լույսը» 2001. 136 էջ2.Տե՛ս Գեւորգ Ստեփանյան «Մանկավարժ-հրապարակախոս Սիմոն Տեր Մինասյանի գործունեությունը Արցախում» (Սյունիք հայագիտության հանդես, Գորիս, 2018 N3, 4 (11,12) 245 էջ)3.Տե՛ս Գասպարյան Դ., Գրական Սյունիք-Գրական Գորիս 2011.-120 էջ«Սյունյաց երկիր» թերթ N 10 (229) էջ 17-21, 744.Տե՛ս Զոհրաբյան Է., Միրզոյան Հ., Գորիսի հանրագիտարանԵ., 2008-452 էջ, ՎՄՎ-Պրինտ5.Տե՛ս Խանզադյան Ս., Հայրենապատում Ա. հատոր Ե., 1980
6.Տե՛ս Ադամյան Գուրգեն. Ակսել Բակունցից դեպի 21-դար,     ե., 2010.-128 էջ (Առաջաբանը` Արթուր Առաքելյանի),     Գր.  Տաթեւացի հրատ.7.Տե՛ս Զիլֆուղարյան Մ., Գրչաձորի պատմություն        Ե., 20038.Տե՛ս Առաքելյան Ա. Լեռներում, 2014.-88 էջ9.Տե՛ս Հախվերդյան Ս., Գորիսեցի հին քարեգործ-վարպետներիտոհմեր, Սյունիք հայագիտության հանդես, Գորիս, 2018 N3, 4 (11,12) 245 էջ10.Տե՛ս Առաքելյան Ա., Նյութի հաղթանակը, Ե., 2009.-112էջ,ՎՄՎ. Պրինտ հրատ («Պոեզիայի հմայքը»)



Արթուր ԱռաքելյանՀայաստանի գրողների միության անդամ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03