Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը

18.12.2017 15:15
1514

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին եւ առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:


Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, եւ դեկտեմբերի 15-ին տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության պաշտոնական մեկնարկը։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով:


Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու եւ ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:


Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային եւ այլ ծառայությունների համար։
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանը նշել է, որ ԱՏԳ-ի հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են: «Մեր մտադրությունները բավական լուրջ են, որովհետեւ վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում եւ այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, մեր հարեւան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առեւտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան եւ Եվրամիության, եւ ԵԱՏՄ շուկաներ: «Ակնկալում ենք նաեւ, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան: Վստահ եմ, որ ազատ տնտեսական գոտին ունի շատ լավ հեռանկարներ: Ուրախ ենք, որ այսօր հայտարարվում է ազատ տնտեսական գոտու ռեժիմը բացելու մասին, սակայն իսկական աշխատանքը հիմա է սկսվում»,- ընդգծել է նա:


Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առեւտրի, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտները։


Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ եւ կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ եւ ծառայություններ։


Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առեւտրային եւ լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առեւտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ եւ ԵՄ երկրների միջեւ։ Բացի այդ, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլեւ Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների եւ ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:


Վարչապետ Կարապետյանի ներկայությամբ ստորագրվել են ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին փաստաթղթերը: Մասնավորապես, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջեւ ստորագրվել է պայմանագիր։ Այն ստորագրել են նախարար Սուրեն Կարայանը եւ Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը:


Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջեւ: Փաստաթուղթը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արգամ Ջուլհակյանը:


Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի եւ «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի միջեւ: Հուշագիրը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը եւ «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մուրադյանը:


Համագործակցության հուշագիր է կնքվել նաեւ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցչության միջեւ, որը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը եւ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

gov.am
15 դեկտեմբերի 2017թ.

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41