Վարդան Գեւորգյան. «Չեմ կարող կեցվածք ընդունել, թե շրջակա միջավայրին ոչինչ չի սպառնում»

02.03.2017 17:03
2969

Հարցազրույց ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գեւորգյանի հետ


Այցեքարտ

Վարդան Գեւորգյան. ծնվել է 1965թ. Կապան քաղաքում, ավարտել է տեղի Հունան Ավետիսյանի անվան N9 միջնակարգ դպրոցը, ընդունվել Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: 1983-1985 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, այնուհետեւ ուսումը շարունակել եւ բուհն ավարտել 1989 թվականին: Աշխատանքային կենսագրությունը սկսել է Կապանի գույքագրման միջշրջանային բյուրոյում, որտեղ աշխատել է մինչեւ 1992 թվականը, որից հետո կամավոր մասնակցել է հայրենիքի սահմանների պաշտպանությանը, եղել «Գրադ» կայանքի հաշվարկի հրամանատար մինչեւ 1996 թվականը, այնուհետեւ դիվիզիոնի հրամանատար եւ Կապանի բրիգադի շտաբի պետի տեղակալ: 2002 թվականից աշխատել է Կապանի կադաստրում՝ բաժնի պետ, 2008-ից «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային հիմնարկի տնօրեն, այնուհետեւ՝ Կապանի քաղաքապետի տեղակալ: 2012-ից աշխատել է «Վայբլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ փոխտնօրեն: 2016-ի նոյեմբերին նշանակվել է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Ամուսնացած է, ունի երեք զավակ՝ երկու որդի, մեկ դուստր:


- Պարոն Գեւորգյան, քանի որ առաջին անգամ ենք անդրադառնում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի գործունեությանը, նախ կխնդրեինք ներկայացնել, թե ինչ է այն իրենից ներկայացնում, երբ է ստեղծվել, նրա կառուցվածքը, նպատակները:

- «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը ստեղծվել է 2013 թվականին՝ միավորելով տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող հատուկ պահպանվող տարածքներ՝ «Շիկահող» պետական արգելոցը, «Արեւիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» եւ «Սեւ լիճ» պետական արգելավայրերը:

2016-ի սեպտեմբերին կառավարությունն ընդունեց որոշում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կառուցվածքային փոփոխության մասին՝ այն հիմնավորելով աշխատանքի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ: Փոփոխման արդյունքում կազմակերպությունն ունի երեք մասնաճյուղ՝ Շիկահողի մասնաճյուղ, որն ընդգրկում է երեք տեղամաս՝ «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ» եւ «Խուստուփ» պետական արգելավայրերը, «Արեւիք» մասնաճյուղ, որ ներառում է երկու տեղամաս՝ «Արեւիք» ազգային պարկը եւ «Բողաքար» պետական արգելավայրը, «Զանգեզուր» մասնաճյուղ, որ ներառում է «Զանգեզուր» եւ «Սեւ լիճ» պետական արգելավայրերը: Անցած տարվա դեկտեմբերի 15-ին մասնաճյուղերի միավորման գործընթացն ավարտին հասավ:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի գործունեության նպատակը նրա մասնաճյուղերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային եւ կենսաբանական բազմազանության պահպանությունը, վերարտադրությունն է, ինչպես նաեւ ազգային պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Պիտի ասեմ, որ կանոնադրությամբ շատ բան է նախատեսված, եթե կանոնադրական բոլոր կետերը կյանքի կոչվեն, լուրջ  բան կստացվի: Բայց դրան հասնելու համար դու պիտի բնությունը սիրես: Երբ ընդունվեցի աշխատանքի, փորձեցի բոլորին հանդիպել, եղա բոլոր տեղամասերում եւ ի՞նչն ամենից առաջ փոխանցեցի՝ հարգելիներս, ես այս բնությունը սիրում եմ, կարծում եմ՝ դուք էլ եք սիրում: Այս հիմնարկի գործառույթները սրանք են: Եթե որոշ բաներ ժամանակին ձեզ լավ չեն բացատրել կամ ճիշտ ուղղություն չեն տվել, հիմա ձեզ ասում եմ, ով իմ կողքին կանգնի, նրա հետ խնդիր չունեմ: Ես ոչ մի բան չեմ անձնավորում:

- Այնուամենայնիվ, ո՞րն է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ասվածի խնդիրը, ինչո՞վ է այն տարբերվում անտառտնտեսությունից, բնապահպանական տեսչությունից եւ այլն:

- Մեր գործունեությունը բնության  պահպանվող տարածքներին է առնչվում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իրեն ենթակա տարածքում իրականացնում է անտառների պահպանություն եւ անտառօգտագործում: Մենք իրականացնում ենք անտառների պահպանություն եւ վերարտադրություն, տնկարան ունենք: Մեր առջեւ խնդիր է դրված, ես կասեի չափազանց կարեւոր խնդիր, զարգացնել էկոտուրիզմը:

- Ի դեպ, հիմնարկի կանոնադրությամբ ձեռնարկատիրական գործունեության լայն շրջանակ է նախատեսված:

- Այդ ուղղությամբ ծրագրեր ունենք իրականացնելու: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը մոտ 80 հազար հեկտար տարածք ունի: Մտածում ենք ձեռնարկատիրությունը զարգացնել երեք ուղղությամբ. նախ՝ մեղվաբուծությանը զարկ տալ՝ Գեղվա ձորում, Խուստուփի լանջին փեթակներ տեղադրել: Երկրորդը՝ զբաղվել ձկնաբուծությամբ, կարծում եմ՝ դա կարելի է ձեռնարկել Բասուտա գետում եւ Սեւ լճում: «Արեւիք» ազգային պարկում, որքանով տեղյակ եմ, նռան այգիներ կան, ընդհանրապես Մեղրիում նպաստավոր պայմաններ կան պտղի արտադրությամբ զբաղվելու համար, նաեւ կարելի է հյութի արտադրության մի հոսքագիծ գործարկել: Ամենակարեւորը՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքը հարուստ է դեղաբույսերով, կարելի է լրջորեն մտածել, Աստծո տված այդ պարգեւը հավաքել եւ ծառայեցնել ժողովրդին:

Ես միշտ կրկնում եմ միտքը, որ ինձ խորհուրդ մի տվեք, ինձ հնարավորություն տվեք Խուստուփում մի նորմալ տուրիստական բազա ստեղծել, վրանային բազա: Հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված է, որ մենք ձեռնարկատիրական գործունեությամբ պիտի զբաղվենք, բա հո բազմոցի վրա չպիտի՞ պառկեմ, պիտի հիմնարկի համար փող բերեմ: Մեծ պլաններ ունեմ զբոսաշրջության հետ կապված: Շիկահողում ունենք այցելուների կենտրոն, որտեղ ութ զբոսաշրջիկ ընդունելու հնարավորություն կա: Կարծում եմ՝ դա քիչ է, այդ թիվը պիտի հասցնել 25-ի, որ կարողանանք զբոսաշրջիկների մի խումբ հյուրընկալել: Մի փոքր բազա էլ սոսիների պուրակում եմ որոշել ստեղծել:

- Որքան հասկացա, այդ ամենն էկոտուրիզմի զարգացմանն է միտված, ի՞նչ հեռանկարներ կան:

- Ասեմ որ,  էկոտուրիզմը զարգացնելու գործին պինդ եմ կպել: Բայց, նախեւառաջ, պիտի մտածել պայմաններ ստեղծելու մասին: Տուրիստը նա չէ, որ Ծաղկաձորի շքեղ հյուրանոցում բազմոցի վրա նստած  ողջ օրն անցկացնի: Մենք հրաշալի բնություն ունենք, անկրկնելի վայրեր, բայց եթե դրանք անհասանելի են, պայմաններ չկան զբոսնելու, ի՞նչ օգուտ: Սոսիների պուրակում անցած աշնանը՝ հոկտեմբերին, տեղացած աննախադեպ ձյունից ծառերի ճյուղերը ջարդվել էին, բարձիթողի վիճակ էր, եթե տուրիստն արշավի է դուրս եկել, արահետներով քայլելիս նրա ոտքը ոչնչի չպիտի դիպչի, խոսքը Սոսիների պուրակի մասին է, որտեղ պիտի ցուցանակներ լինեն, բնափայտով պատրաստված նստարաններ: Մարդիկ կլինեն, ովքեր ձիով շրջելու ցանկություն կունենան ութ ձի ունենք, ուղեկցողներ էլ կան: Մտադիր ենք հինգ լեռնային հեծանիվ ձեռք բերել: Պիտի նախ՝ ապրանք ստեղծես, հետո՝ մտածես այն վաճառելու մասին: Մեր ապրանքն էլ զբոսաշրջիկի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է: Այն էլ ասեմ, որ կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ամենակարեւոր  ուղղությունն էկոտուրիզմն եմ համարում, ինչպես քիչ առաջ նշեցի, շատ կարեւոր բնագավառ է ե՛ւ երկիրը ճանաչելի դարձնելու, ե՛ւ ֆինանսներ հայթայթելու առումներով: Ցավոք, այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն արվել:

- Մասնաճյուղերի միավորումով կրճատումներ եղա՞ն, թե՞ աշխատակազմը մնացել է նույնը:

- Բնականաբար յոթ մասնաճյուղի տնօրեններից չորսը կրճատվեց: Ընդհանուր աշխատողների թիվը 110 էր, մոտ տասը հոգի կրճատվել է: Աշխատանքի են ընդունվել տեսուչներ, ովքեր տվյալ տարածքից են, այդտեղ են բնակվում, այլ ոչ թե Կապանում նստած՝ հսկում են, թե ինչ է կատարվում Քիրսում, Քյուրուտում:

- Կայացման դժվարին գործընթացի մեջ եք, ինչ՞ ժառանգություն եք ստացել, ի՞նչ հիմնախնդիրներ ու պրոբլեմներ ունեք:

- Ճշմարիտն ասած՝ բնավորությունս այնպիսին է, որ մանրուքների մեջ շատ չեմ մտնում, փորձում եմ հասկանալ հիմնախնդիրը, վեր հանել եւ շտկելով առաջ գնալ: Հիմա մի երկուսի մասին ասեմ. մի մարդ չկա՞ր այստեղ բնությունը սիրող, որ տնօրեն նշանակեին: Նախկինը մայրաքաղաքից էր, գնում-գալիս էր, կարծում եմ՝ բացթողումները դրանով են պայմանավորված:

Պետբյուջեով մեզ հատկացնում են գումար, որ բավարարում է միայն աշխատավարձի եւ կոմունալ վարձերը վճարելու համար, վերջինս տարեկան կտրվածքով կազմում է 1,4 մլն դրամ, որը շատ քիչ է, մանավանդ ունենք երեք մասնաճյուղ: Մեր հիմնարկում ամենագլոբալ խնդիրն աշխատավարձն է, որը շատ ցածր է: Պիտի աշխատավարձը նորմալ լինի, որ մարդկանց առաջ պահանջներ դնես:

- Անտառային հրդեհների դեպքում ինչպե՞ս եք գործում: Տեսնում ենք, թե աշխարհի տարբեր կետերում բնական այդ չարիքն ինչ ավերածություններ է գործում, երաշտ տարիներին մեր անտառներում էլ են հրդեհներ բռնկվում:՛ Բավարար տեխնիկա կա՞ հրդեհաշիջման նպատակով. երբեմն հրդեհը դժվարամատչելի տարածքներում է բռնկվում, մարելը դժվար է լինում, ինչպես մի քանի տարի առաջ եղավ Մեղրիում:

- Հրդեհ լինելու դեպքում անմիջապես զանգահարում ենք արտակարգ իրավիճակների վարչություն, այնուհետեւ տեղյակ պահում բնապահպանության նախարարությանը, հետո մեր ուժերով սկսում ենք կրակի մարման գործը մինչեւ արտակարգ իրավիճակների ծաայության աշխատակիցները կանգնում են մեր կողքին: Ինչ վերաբերում է Մեղրուն, ապա անհրաժեշտ են ամենագնացներ՝ «Պիկապ» տիպի, որում կարելի լիներ ջրով լի տարաներ տեղավորել:

- Կուզեինք ներկայացնել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» նախագիծը, որ միտված է Սյունիքում գտնվող յոթ պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությանը եւ այդ տարածքների կառավարման բարելավմանը: Սա ընդհանուր գծերով, կխնդրեինք ծրագրի մասին քիչ ավելի մանրամասն:

- Դա շատ լուրջ ծրագիր է, իրականություն դառնալու դեպքում շոշափելի առաջընթաց կապրի մեր կազմակերպությունը: Ներկայացնեմ, թե ծրագրով ինչ հարցեր են լուծվում: Նախ՝ կլուծվի վարչական շենքի հարցը, դա զուտ վարչական շենք չի լինի, այլ այցելուների կենտրոն: Պիտի քաղաքի կենտրոնում առանձին շենք լինի, երկհարկանի, նաեւ մի հարկաբաժինը կլինի թանգարան, որ մեր քաղաք այցելողը ծանոթանա մեր բնությանը, կենցաղին: Դա ծրագրով նախատեսված կետերից առաջնայինն է, ծրագրի պատասխանատուների հետ զանազան տարբերակներ ենք փնտրում:

Երկրորդ՝ մեր կազմակերպության դժվարագույն հարցերից մեկը եղել է չճշտված:

«Հայանտառի» տարածք, պահպանվող տարածք, համայնքին պատկանող տարածք… Մի ծառ է հատվում՝ «իմ տարածքում չէ՝ այլ քո» կարգի խոսակցություններ են ծայր առնում: Հստակ սահմանազատում չկա: Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում եւ, կարծեք, թունելի վերջում լույս է երեւում:

Երրորդ, այն, ինչ նպաստում է հիմնարկի բնականոն գործունեությանը, ծրագիրը հատկացնում է: Կարծում եմ, որ հիմնարկին անհրաժեշտ է երեք ամենագնաց՝ դժվարմատչելի վայրեր հասնելու եւ հրդեհը մարելու համար:

Չորրորդ, ծրագիրը նախատեսում է վերապատրաստումներ եւ փորձի փոխանակում, նաեւ միջազգային մակարդակի:

Ասվածին հավելեմ, որ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» նախագիծն իրականացվում է ըստ Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ ՀՀ միջեւ կնքված միջկառավարման համաձայնագրի, ինչպես նաեւ Գերմանական վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ ստորագրված համաձայնագրի:

- Մեր զրույցում հիմնականում անդրադարձանք բուսական աշխարհին, բայց կենդանական աշխարհն էլ մեր աչքի առաջ, բոլորիս թողտվությամբ ոչնչանում է, անդրադառնանք որսագողությանը:

- Որ որս արվում է, բոլորս գիտենք: Ի սկզբանե նշեցի, որ տարբեր պատկանելության տարածքներ կան՝ «Հայանտառի», համայնքային եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի: Իմ պաշտոնավարման ընթացքում մեր տարածքում որսագողության դեպք չի գրանցվել: Ասածս այն չէ, որ նման բան չկա, չեմ ասում, թե դա բացառվում է: Բանն այն է, որ «Հայանտառի» տարածքում որս անելու դեպքում տուգանքը կրկնակի է, հատուկ պահպանվող տարածքում՝ հնգակի: Որս անողը քաջ գիտակցում է, թե որտեղ է որս անում: Ասելս այն է, որ զգուշանում են հատուկ պահպանվող տարածքում որս անել:

Կարծում եմ՝ որսագողության դեմ պիտի պայքարեն ե՛ւ համայնքը, ե՛ւ «Հայանտառը» եւ մենք, քանզի կենդանիների միգրացիոն ուղիներն անցնում են այդ երեքին պատկանող տարածքներով: Անընդմեջ վերահսկողություն պիտի լինի: Ժողովրդական խոսք կա, չէ՞, տանդ դուռը պինդ փակիր, հետո՛ հարեւանիդ կասկածիր: Եթե որսագողերը տեսան, որ վերահսկում չկա, իրենց սեւ գործն անելու են: Եթե շաբաթական երեք-չորս անգամ վերահսկող խումբը լինի տվյալ տարածքում, ինչը մենք անում ենք, կենդանական աշխարհի վրա ձեռք բարձրացնողները չափը չեն անցնի:

- Վերեւում խոսվեց ամենագնացների մասին, ինչը հուշում է համալիրի ընդհանուր տեխնիկական զինվածության մասին:

- Այս պահին տեխնիկական զինվածությունը գնահատում եմ բավարար: Ճիշտն ասած՝ տեխնիկական վերազինման պլան եմ ներկայացրել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» նախագծին: Այն իրականացնելու դեպքում համալիրն այս տարածաշրջանում դառնալու է օրինակելի: Ահա տեսեք, թե ինչ եմ ցանկանում, որ մեզ հատկացնի ծրագիրը. երեք հատ թռչող սարք: Վեց կիլոմետր շառավղով նկարահանումներ է անում, մի ողջ տարածքի, ասենք Գեղվա ձորի կենդանական աշխարհի մոնիթորինգ կարող ենք անել: Անցել են այն ժամանակները, երբ տեսուչը հեռադիտակով էր տարածքը հսկում: Ինչո՞ւ եմ սա ասում: Գեղվա ձորում հարուստ կենդանական աշխարհ կա, այն պաշտպանելու խնդիր ու պատասխանատվություն ունենք:

- Սյունիքը լեռնահանքային արդյունաբերության տարածաշրջան է, ինչը կամա-ակամա բնապահպանական խնդիրներ է առաջացնում: Ի՞նչ իրավասություններ ունեք ներազդելու բնությունն ապականողների վրա, խոսքը ձեռնարկությունների մասին է:

- Որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն՝ ոչ մի: Պարզապես մեր համալիրի տեսուչը հսկում է, որ հատուկ պահպանվող տարածքներին վնաս չհասցվի:

- Բայց Մեղրիում՝ Լիճքում, Տաշտունում հանքեր են շահագործվում, որ սպառնում են շրջակա միջավայրին, դա «Արեւիք» ազգային պարկի հարեւանությամբ է, փետրվարի 1-ին Մեղրիում տեղի ունեցավ հանրային քննարկում, նվիրված «Լիճքվազ» ընկերության հանքավայրի շահագործմանը, որ համարյա սահամանակից է «Բողաքար» արգելավայրին:

- Այդ մասին իմ նկատառումները ներկայացրել եմ բնապահպանության նախարարությանը, հանրային քննարկման ժամանակ ասվել էր, որ այնպես պիտի արվի, որ հանքի շահագործումը չազդի շրջակա միջավայրին: Իմիջիայլոց իմ գրությամբ ներկայացել էի ոչ թե տնօրեն, այլ շարքային քաղաքացի. «Ապրելով Սյունիքի մարզում՝ տարիներ ի վեր տեսել եմ հանքարդյունաբերության ազդեցությունը, «Լիճքվազը» առաջին հանքավայրի վերաշահագործումը չէ Սյունիքում, մենք շրջապատված ենք հանքավայրերով, որ արդյունահանվում են տասնամյակներ ի վեր: Եթե մեկն ասի, որ այդ հանքավայրն ազդեցություն չի ունենալու շրջակա միջավայրի վրա,  պարզապես ազնիվ չէ: Գոնե մեկը հաշվե՞լ է այդ հանքավայրի ազդեցությունը կենդանական աշխարհի վրա: Բա ասում եք՝ առաջավորասիական հովազը, բեզոարյան այծը, եւ այլն: Բա որ պայթեցումներ անեք, այդտեղ էլ կենդանի կմնա՞: Մտածո՞ւմ եք այդ մասին»: Ասածս այն է, որ չեմ կարող կեցվածք ընդունել, թե ամեն ինչ նորմալ է, շրջակա միջավայրին ոչինչ չի սպառնում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03