Վերելք՝ լուսաբացից առաջ

31.08.2026 17:27
86

«Խուստուփ լե՜ռը: Այդ հպարտ հսկային էր վիճակված մեր լեռնաշխարհի ազատության ու փառքի խորհրդանիշը լինելու»։

 Գ Նժդեհ

 

 «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար» այս նշանաբանով Նժդեհն ու իր զինվորները 1920թ օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղում երդվեցին կռվել հայրենիքի համար, քանի ողջ են։ Այսպիսով հիմնվեց «Դավիթբեկյան ուխտեր»-ը։ Սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան 140 և Դավիթբեկյան ուխտերի 120 ամյակին էր նվիրված օգոստոսի 22-23-ին տեղի ունեցած ուխտագնացությունը Նժդեհյան սրբավայրեր և խորհրդանշական վերելք Խուստուփի գագաթ։ «Միասնության դրոշ» նախաձեռնության համակարգող Արա Շահինյանն էր կազմակերպել ուխտագնացությունը, որն սկսեցինք Երևանից՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտից։ Այստեղ Ա Շահինյանը հակիրճ ներկայացրեց Նժդեհի և Դավիթբեկյան ուխտերի մասին։ Ասաց «Դավիթբեկյան Ուխտերի կազմավորումն ու գայլավաշտերի ստեղծումը հիմք դարձան բոլշևիկաթրքաթաթարական զավթիչների կողմից գրավված ողջ Սյունիքը հային հետ վերադարձնելու՝ Գարեգին Նժդեհի ու իր զինակիցների վերմարդկային պայքարին ու հաղթանակին»։ Հաջորդ կանգառը կայացավ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում, որտեղից արդեն ամենագնացներով ուղևորվեցինք Սպիտակավոր եկեղեցի, որը, ըստ պատերին եղած արձանագրությունների, հիմնադրվել է Սյունյաց Էաչի իշխանի կողմից, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդի Ամիր Հասանը։ Նշեմ՝ այցի օրը բարեկարգվում էր Սպիտակավոր տանող ոլորապտույտ մոտ 9 կմ ճանապարհը։ Եկեղեցու հարավային պատի տակ է ամփոփված Գ Նժդեհի աճյունը։ Ա Շահինյանը և պատմաբան Գոռ Ղազարյանը տեղեկություններ տվեցին՝ ինչպես է Սպարապետի աճյունը 1983թ Վլադիմիր քաղաքի բանտային գերեզմանոցից Պավել Անանյանը (Նժդեհի թոռնուհու ամուսինը) տեղափոխել Երևան։ 3 տարի Սպարապետի նշխարները մնացել են Վարագ Առաքելյանի տան նկուղում։ Նույն 1983-ի հոկտեմբերի 6-ի գիշերը Վարագ Առաքելյանը, Արցախ Բունիաթյանը, Ժորա Բարսեղյանը, Գարեգին Մխիթարյանը, Գուրգեն Արմաղանյանը, Անդրանիկ Կարապետյանը Բաղաբուրջ գյուղի բնակիչ Ստեփան Կարապետյանի «Վիլիս» մեքենայով գաղտնի Նժդեհի մասունքներից ողը տարել են Խուստոփի լանջում գտնվող Կոզնի աղբյուր և ամփոփել դրա մոտ։  Երբ բնակվում էի Բերձորում, հաճախ էի շփվում այդ նվիրյալներից Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր ու գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանի հետ, ով նաև գրել է «Նժդեհի վերադարձը» գիրքը։ Արցախ Բունիաթյանն ասում էր՝ երդվել էին՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 6-7-ին այցելել իրենց հիմնած սրբավայրը: Ստեղծել էին իրենց թևավոր խոսքը. «Եթե չգանք, ուրեմն չկանք..»: Յուրաքանչյուր տարի նույն հոկտեմբերի 7-ին Արցախի և այլ ուխտավորների հետ այցելում էինք Նժդեհի Խուստուփյան սրբավայր։ Այստեղ Արցախը պատմում էր «Գիշերվա կեսին Խուստուփի լանջով մեկ տարածվել էր Աթանաս վարդապետի ձայնը. շարական էր երգում, երբ հուղարկավորում էինք Նժդեհի ողը»։ Այսօր միայն Ժորա Բարսեղյանն է ողջ այդ նվիրյալներից, սակայն սրբավայր այցելուների թիվն ավելացել է: Արցախը պատմում էր նաև, թե ինչպես են 3 տարի զորավարի նշխարները գաղտնի պահել Վարագ Առաքելյանի տանը, հետո՝ 1986թ հունիսի 16-ին տեղափոխել ու ամփոփել Սպիտակավորում՝ մի կերպ խուսափելով ՊԱԿ-ի հետապնդումից։ Այսպիսով Սպիտակավոր վանքի տարածքը դարձել է նաև Նժդեհյան սրբավայր, և յուրաքանչյուր ապրիլի 24-ին ու հունիսի 16-ին մեծ թվով մարդիկ են ուխտի գալիս։ Նժդեհի շիրիմին տեղի ունեցավ խնկարկում։ «Նժդեհ» երգով հանդես եկավ Ա Շահինյանի որդին՝ Հայկը, ով Սպարապետին նվիրված երգ է գրել և կատարեց արդեն Խուստուփի գագաթին հաջորդ օրը։ Սպիտակավոր էր միայնակ հասել գերմանացի մի աղջիկ զբոսաշրջիկ։ Տեղեկացավ Սպարապետի մասին։ Դեպի Կապան ճանապարհին եղավ այցելություն նաև Բաղաց թագավորության նշանավոր Որոտնավանք, որի հիմնանորոգումը մոտենում է ավարտին։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք՝ Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա՝ Որոտնա ամրոցի դիմաց։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Երեկոյան մթնշաղին Կապանից ամենագնաց և բեռնատար «Զիլ» մեքենաներով, անտառապատ ու քարքարոտ ճանապարհով բարձրացանք Խուստուփի լանջերին գտնվող վրանատեղի։ Ինչ խոսք, ցանկացած նման արշավի կարևոր մասը խարույկն է։ Գիշերակացը կարճ է տևում լույսը չբացված՝ լապտերներով լուսավորելով դեպի լեռան գագաթ տանող արահետը, ընկանք ճամփա։ Իհարկե, մեզանից առաջ արդեն մի քանի խումբ ճանապարհին էին։ Մթության մեջ լապտերների լույսերն էին առկայծում։ Դժվար է վերելքը դեպի Խուստուփի գագաթ, բայց ուխտագնացը չպետք է վախենա դժվարություններից։ Խուստուփ լեռնագագաթը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի արևելյան մասում՝ Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռներում։ Ունի 3201 մ բարձրություն։ Ուխտագնացության  մասնակիցներս տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության տեր էինք, բայց կար նպատակ՝ ոգեկոչել Զորավար Նժդեհի և Լեռնահայաստանի Դյուցազնամարտի անմահ նվիրյալների անմար հիշատակը: Ճանապարհին Գ Ղազարյանն ասաց «Բազմաթիվ թելերով են կապված Խուստուփը և Զորավարը։ Գ. Նժդեհը Խուստուփը ներկայացնում է որպես Սյունիքի դիմադրության հավաքական խորհրդանիշ։ Այն հանդիսանում է Սյունիք-Լեռնահայաստանի պատմական հիշողության, հերոսական պայքարի և ազգային անմահության խորհուրդը։ Գ. Նժդեհը Խուստուփին վերագրում է սրբազան նշանակություն՝ կապելով այն հայ ժողովրդի փրկության, ազգային միասնության և գալիք հաղթանակների հետ։ Պատահական չէ, որ զորավարը ժողովրդին պատգամում է իրեն թաղել Խուստուփի ամենաբարձր կատարին»։ Վերջապես Արևը ողջունեց, ու իր ողջ գեղեցկությամբ ներկայացավ Խուստուփի շրջակայքը։ Հյուսիսարևելյան կողմում Կապան քաղաքն է։ Երևում են նաև հարակից բնակավայրերը։ Հեռվում՝ հարավարևելքում, նշմարվում է Արաքսի ջրամբարը։ Մի քանի ժամ տևեց վերելքը, մինչև հասանք Խուստուփի արդեն ժայռեղեն կատարի տակ։ Հեռվից հետաքրքիր ու գեղեցիկ տեսարան է Լեռան կիսակլոր ժայռեղեն գագաթին հարյուրավոր մարդիկ կան։ Որոշ խմբեր արդեն իջնում էին, որոշները բարձրանում։ Ժայռերի միջից հայտնվեցին նաև 3 քարայծ՝ երկուսը մեծ՝ մեկը՝ փոքր։ Զգացվում է՝ հաճախ են շփվել մարդկանց հետ ու չէին վախենում։ Լեռան գագաթին արդեն այլ է ողջ տարածքն աչքիդ աառաջ է։ Ժայռեր են ու ժայռեր գագաթին, ներքևում 2 քարանձավ կա։ Մեր խմբից քանոնահար Նարեն, ով ուխտի էր եկել ծնողների ու Նարեկ եղբոր հետ, լեռան գագաթ հանեց իր երաժշտական գործիքը ու նվագեց։ Բացառիկ երևույթ ծովի մակերևույթից 3200 մետր բարձրության վրա՝ կարմրավուն ժայռերի տակ՝ Հայոց Եռագույնը թիկունքում, դեռատի Նարեն, քարին նստած, նվագում է։ Քամուն զուգընթաց՝ հնչում է հայ ժաղովրդական «Սարերի հովին մեռնեմ» երգի երաժշտությունը»։ Լեռան գագաթին լուսանկարվեցինք խմբով։ Մեզ միացավ նաև բելգիացի աղջիկ-զբոսաշրջիկ՝ լուսանկարչական խցիկով, լուսանկարվեց, իմացավ Նժդեհի մասին։ Իջնելով՝ Լեռան ժայռեղեն գագաթից՝ լուսանկարիչ Սուրեն Արենց Սիմոնյանի հետ բարձրացանք Նժդեհի կիսանդրու մոտ։ Այստեղ էր նաև Արցախյան 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած քաջորդիներից Նորայր Ավագյանը, ով մեր խմբի կազմում էր, սակայն լեռան գագաթ էր բարձրացել ամենագնացով։ Երեկոյան արդեն վրանատեղիում էինք, որտեղից էլ նույն «ԶԻԼ» բեռնատարի թափքում տեղավորված՝ հասնաք Կապան ու վերադարձանք Երևան։ 20-ից ավելի մարդ կար մեր խմբում, շատերս՝ անծանոթ։ Սակայն բաժանվեցինք արդեն հարազատացած։ Ուխտավորներից Գայանե Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «... Ինձ համար հիշարժան պահ էր Խուստուփի գագաթին Նժդեհի «Իմ պատասխանը» գրքի խմբագիր, մեր սիրելի ընկեր, Գոռ Ղազարյանի մակագրությամբ ստանալ հիշատակված գիրքը»։  

 

 Զոհրաբ Ըռքոյան

Վերելք՝ լուսաբացից առաջ

31.08.2026 17:27

Շիշկերտը և գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

31.08.2026 17:06

Հայտարարություն

31.08.2026 16:54

Ատոմակայանը կփակվի՞, Արցախի նուռն ու հոսանքը կվաճառեն Հայաստանին

31.08.2026 16:41

Երևանում կկայանա «Շուշի. անհերքելի փաստեր» ֆիլմի պրեմիերան

31.08.2026 15:49

Կադրեր՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից

31.08.2026 14:04

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է իրավական վեճի շրջանակներից. Կարապետյանի շնորհավորանքը՝ նախագահին

31.08.2026 12:59

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը. Ջաբարով

31.08.2026 12:18

Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ, հայտնում են Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնից

31.08.2026 12:13

Այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է.ՄԻՊ

31.08.2026 11:45

Ֆիզկուլտուրայից աշակերտը այլևս գնահատական չի ստանա. ի՞նչ է սահմանում չափորոշիչը

31.08.2026 10:56

Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը․ իրանագետ

31.08.2026 10:45