Վեց հարց Սյունիք ժամանող Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Ֆան Յոնգին

24.08.2022 12:07
3196

    Օգոստոսի 25-ին Կապանում սպասվում է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հանդիպումը լրագրողների հետ:

    Հանդիպմանը կմասնակցեն նաև «Սյունյաց երկրի» ներկայացուցիչները:

    Ինչպես տեղեկացրել են, հանդիպման մասնակիցները դեսպանին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան, որոնք էլ, պայմանավորվածության  համաձայն, փոխանցել  ենք դեսպանատուն:

    Առաջադրվելիք վեց հարցը՝ ստորև:

    ***

    Հարգելի պարոն դեսպան

    Ես ներկայացնում եմ Սյունիքի մարզային պարբերականը՝ «Սյունյաց երկիր»-ը և syuniacyerkir.am կայքը:

    Մեր խմբագրակազմի և մեր ընթերցողների ու հետևորդների անունից, նախևառաջ, գոհություն եմ հայտնում նման ձևաչափով հանդիպման համար:

    Սա երկխոսելու  լավագույն տարբերակն է, և ակնկալում ենք անկեղծ խոսակցություն, դիվանագետներին բնորոշ ընդհանուր և կոնկրետությունից զուրկ ձևակերպումներից զերծ զրույց:

    Ես վեց հարց ունեմ և կներկայացնեմ միանգամից:

    Ցանկալի է դրանց պատասխանը նաև գրավոր ստանալ՝ մեր հարթակներում հրապարակելու համար՝ հաշվի առնելով այն հետաքրքրությունը, որ կա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավկովկասյան քաղաքականության հանդեպ:

    Հարց առաջին

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մեզանում գերտերության ընկալում ունի, և տեսնում ենք, թե ինչ դրական դեր է խաղում նոր աշխարհակարգի ստեղծման գործում:

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մեզանում հայ ժողովրդի անկեղծ բարեկամի ընկալում ունի, որի արմատները հասնում են դարերի խորքերը, ինչը մենք բարձր ենք գնահատում:

    2020թ. աշնանը մեր ժողովուրդը մեծ փորձության ենթարկվեց և մեծ ողբերգություն ապրեց:

    Մարդակեր երկու պետություն՝ Ադրբեջան և Թուրքիա, գումարած միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր զինյալներ, պատերազմ սանձազերծեցին հայ ժողովրդի դեմ՝ օգտագործելով նույնիսկ արգելված զինատեսակներ:

    Եվ դա կատարվեց աշխարհի աչքի առաջ. երբեմն-երբեմն ու միայն լսում էինք ոչինչ չասող, անկարեկից հայտարարություններ:

    Կուզենայինք իմանալ՝ ի՞նչ կոնկրետ, գործնական քայլեր ձեռնարկեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը 44 օր տևած պատերազմի ընթացքում՝ անհավասար կռիվը կանգնեցնելու, ագրեսորին զսպելու և  հայ ժողովրդի հերթական կոտորածը կասեցնելու ուղղությամբ:

    Հարց երկրորդ

    Դուք ժամանել  եք Հայաստանի այն մարզը, որը սեպի նման խրված է արհեստածին Ադրբեջան պետության երկու հատվածի, ինչպեսև Ադրբեջանի ու Թուրքիայի միջև:

    Դուք ժամանել եք այն երկրամաս, որի լինելիությամբ է պայմանավորված Հայաստան պետության գոյությունը:

    Դուք եկել եք այն երկրամաս, որ դարեր շարունակ և հատկապես վերջին հարյուր տարում լրջագույն խոչընդոտ է եղել Թուրքիայի ծավալապաշտական ձգտումների իրականացման ճանապարհին՝ դեպի թյուրքալեզու աշխարհ, որը հասնում է մինչև Չինաստանի սահմաններ:

    Սակայն 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո (հակառակ այդ փաստաթղթի տրամաբանության) Ադրբեջանը բռնազավթել է Սյունիքի մարզի մի շարք տարածքներ, շրջափակել տեղացիներիս համար (և ոչ միայն) կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային մայրուղիներ:

    Ձեր գնահատականը կուզենայինք իմանալ այդ ամենի վերաբերյալ:

    Եվ քանի որ, ցավոք, երաշխիք չկա, որ անեքսիաների այդ սև շքերթը դադար կունենա, կուզենայինք Ձեր տեսակետն իմանալ՝ մի՞թե հնարավոր չէ չափ դնել Ադրբեջանի և Թուրքիայի արյունահոտ ախորժակին:

    Այդ ինչպե՞ս է պատահում, օրինակ, որ 40-50 պետություն ամենօրյա ռեժիմով ու կոնկրետ գործերով սատարում են Ուկրաինային, իսկ Հայաստանի հանդեպ շարունակվող (անաղմուկ) ագրեսիան՝ մարդկային անվերջանալի զոհերով, ոչ մեկի ուշադրությանը չի արժանանում:

    Հարց երրորդ

    Ես մասնագիտությամբ պատմաբան եմ և որոշակիորեն ծանոթ եմ Չինաստանի պատմությանն ու ձեր ժողովրդի հոգեկերտվածքին, բարոյական նկարագրին, որն աչքի է ընկնում հումանիզմով:

    Միայն Սյունիքի մարզից (Արցախյան վերջին պատերազմի հետևանքով) 11 անհետ կորած ունենք, մեկ դատապարտված՝ Բաքվի դատարանի շինծու մեղադրանքով:

    Ադրբեջանը հայ գերիների հետ վարվում է այնպես, ինչպես չէին վարվում անգամ վաղ միջնադարում:

    Արդյո՞ք Չինաստանն իր հեղինակավոր ու ծանրակշիռ խոսքը չի ուզում ասել՝ մեր գերիների վերադարձի և անհետ կորածների ճակատագրերի որոշարկման ուղղությամբ:

    Ի դեպ, այդ երկիրը, համաձայն հայտնի հայտարարության, վաղուց պետք է լուծած լիներ տվյալ հարցերը, մինչդեռ զբաղվում է պատանդառությամբ՝ դարձյալ աշխարհի աչքի առաջ:

    Հարց չորրորդ

    Արդյո՞ք Չինաստանը, որպես հայ ժողովրդին բարեկամ տերություն, չի կամենում ավելի կոնկրետ, հստակ և գործնական քայլեր ձեռնարկել Սյունիքում՝ նկատի ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի անթաքույց նկրտումները մեր երկրամասի հանդեպ:

    Ասենք, օրինակ, Սյունիքում հյուպատոսության հիմնում, ինչը թույլ կտար մշտապես դիտարկել երկրամասի շուրջ տեղի ունեցող զարգացումները:

    Կամ՝ չե՞ք կարծում, որ Չինաստանը նույնպես, Իրանի օրինակով (թեև վերջինս հետաքրքրված լինելու այլ պատճառներ ունի), պետք է կարմիր գծեր սահմանի Թուրքիայի և Ադրբեջանի հակասյունիքյան գործողությունների ճանապարհին:

    Հարց հինգերորդ

    Ենթադրում եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Դուք հասցրել եք ծանոթանալ հայոց Արցախի պատմությանը:

    Հավանաբար տեղյակ եք նաև, թե Ադրբեջանում, պետական ամենաբարձր մակարդակով, հակահայկական ինչ հիստերիա է ծավալվում տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ:

    Տեսնում եք նաև, թե արցախահայությանը հայրենազրկելու ուղղությամբ ինչ քայլերի է դիմում այդ երկիրը հիմա՝ վերստին շրջանցելով հայտնի հայտարարությունը. Բերձորի, Աղավնոյի, Սուսի մերօրյա ողբերգությունները՝ ահավասիկ, Լաչինի միջանցքի նոր երթուղու կամայական վերափոխումը՝ ահավասիկ:

    Եվ նման իրավիճակում անձամբ Դուք պատկերացնո՞ւմ եք Արցախի բնակչության գոյությունն Ադրբեջան պետության կազմում:

    Հարց վեցերորդ

    Տպավորություն ունենք, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երբեմնի դրվատելի հարաբերությունները ճաք են տվել վերջին տարիներին:

    Եթե  ասեք՝ ամեն ինչ լավ է և նորմալ հունի մեջ է, ապա (ներող եղեք) Ձեր պատասխանը հավատ չի ներշնչի՝ մեղմ ասած:

    Եվ ուրեմն՝ ի՞նչ խոչընդոտներ, խանգարող հանգամանքներ կան հայ-չինական հարաբերություններում, և այն էլ՝ հիմա, երբ մեր երկիրն ու հայոց պետականությունը  կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև:

    ***

    Պարոն դեսպան

    Մեզ և մեր լսարանին հենց այդ հարցերն են հետաքրքրում այսօր:

    Միգուցե գերագնահատեցի Չինաստանի դերակատարությունը Հարավային Կովկասում...

    Դա, իհարկե, կերևա Ձեր պատասխաններից:

    Մի բան, այդուհանդերձ, ակնհայտ է ու անվիճելի՝ դա մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն է, որն անկեղծության պակաս չպիտի ունենա՝ անկախ եկող-գնացող իշխանությունների վերաբերմունքից:

    Սամվել Ալեքսանյան

    «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

    ՀՀ վարչապետի հարցազրույցը՝ թուրքական լրատվամիջոցներին

    13.03.2025 22:40

    Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու. Չախոյան

    13.03.2025 20:46

    Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել. Պուտին

    13.03.2025 20:43

    Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք․ Փաշինյան

    13.03.2025 19:35

    Հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի եթեր հեռարձակման ժամը

    13.03.2025 19:26

    Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են. Փաշինյանը պարզաբանում է

    13.03.2025 19:14

    Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը եւ կարեւոր ուղերձ հղել

    13.03.2025 17:44

    Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ

    13.03.2025 17:41

    Իմ ընկալմամբ՝ Արևմտյան Հայաստանն Արմավիրի և Շիրակի մարզերն են, «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը մեր Սահմանադրության մեջ չկա. Anadolu-ն հայտնել է՝ ինչ է Փաշինյանն ասել թուրքական ԶԼՄ-ներին

    13.03.2025 16:07

    Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. Բայրամով

    13.03.2025 16:02

    Նրանք մեզ հետ են, մեր սրտերում

    13.03.2025 14:39

    Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք «պետք» է պատասխանատվության ենթարկվեն, Երևանը «պետք» է սերտ համագործակցի Բաքվի դատական ​​գործընթացի հետ. Հաջիև

    13.03.2025 14:22