Վիգեն Աղայան. «Պատիվ ունեմ ներկայանալ իմ ժողովրդին»

05.01.2023 10:51
3207

Ես ճակատենցի Վիգեն Աղայանն եմ: Ծնվել եմ 2006 թ., սովորել և ավարտել եմ Կապանի № 6 հիմնական դպրոցը: Այժմ սովորում եմ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում՝ որպես խոհարար (կուրսղեկ՝ Ծ. Գրիգորյան): 11 տարեկանում ընդունվեցի Կապանի արվեստի մանկական դպրոց՝ թատերարվեստի բաժին (դասատու՝ Ա. Գաբրիելյան): Հինգ տարի է՝ հաճախում եմ Կապանի արվեստի դպրոց և արդեն հաջողություններ ունեմ: Կապանի գյուղերում և մանկապարտեզներում խաղացել ենք ներկայացումներ և խինդ ու ծիծաղ պարգևել մեր հանդիսատեսին: Կապանի սահմաններից դուրս՝ Երևանում, 2021 թ. թատերախմբով մասնակցեցինք «Էտյուդ» մրցույթ-փառատոնին և գրավեցինք առաջին պատվավոր տեղը, 2022 թ. մասնակցեցինք Վրաստանում կազմակերպված մրցույթ-փառատոնին, որտեղ բարձր պահեցինք մեր հանրապետության պատիվը՝ բարձրացվեց հայոց եռագույնը և կրկին հաղթող ճանաչվեցինք: Հեռավար մասնակցել եմ նաև «Արտ Մյուզիք» ասմունքի մրցույթ-փառատոնին, դարձել 3-րդ կարգի դափնեկիր:

2021 թ. մարտի 5-ին Սյունիքի մարզային գրադարանում ստեղծվեց ընթերցասերի ակումբ, որի հիմնադիր-ղեկավարն եմ: Այնտեղ իմ թիմի հետ կազմակերպեցինք տարբեր բնույթի և 15-ից ավելի միջոցառում: Ակումբի նպատակն էր աջակից դառնալ գրադարանին և զարգացնել գրադարանային մշակույթը:

Նաև ստեղծագործում եմ: Հեղինակ եմ 60-ից ավելի ստեղծագործության, որից «Հայաստան» բանաստեղծությունս տպագրվել է «Զանգեզուրյան ղողանջներ» գրքում: Իմ ստեղծագործություններից շատերը նվիրել եմ Հայաստանին… 2022 թ. հրատարակեցի «Հեքիաթներ» գիրքը, որը ներկայացրել եմ մեր մանուկներին…

Վերջերս ծնվեց «Իմ Կապան լուսավոր» երգը, երաժշտությունը՝ Թ. Հովհաննիսյանի, խոսքը՝ Վ. Աղայանի, երգում է Մ. Բաբաջանյանը:

Մասնակցում եմ նաև տարբեր միջոցառումների ու ծանոթանում կապանյան մշակույթին:

Ուրախ եմ, որ ներկայանում եմ Ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ:

***

Սիրելի ընթերցող, Ձեզ եմ ներկայացնում իմ գրած հեքիաթներից մի քանիսը, որոնք գրված են հայկական ժողովրդական ասացվածքների հիման վրա:

Ձեզ՝ բարի ընթերցանություն:

Երկու եղբայրները

Լինում են, չեն լինում երկու եղբայր են լինում՝ Սիմոնն ու Սամսոնը: Սիմոնը մի առավոտ ասում է.

- Չէ՜, նստելով բան չի դառնա, վեր կենամ գնամ աշխատեմ, որ կարողանամ հացս վաստակել:

Սամսոնն էլ ասում է.

- Է՜, այ անխե՛լք, ի՞նչ ես գնում աշխատելու, չարչարվելու: Արի՛, արի՛ նստի, հացն ինքն իրեն կգա, դու էլ կուտես:

- Էլի մի շաշ բան ասաց, ա՛յ տղա, Սամսոն, որ չաշխատես, որտեղից հաց կտեսնես, հը՞:

- Է՜, դե գնա է,- ասում է Սամսոնը,- գնա չարչարվի: Ես էլ նստեմ թախտին ու կյանքս վայելեմ: Դե գնա՛, Սիմո՛ն, գնա չարչարվի:

Անցնում են ժամեր, երեկոյան Սիմոնը վերադառնում է տուն՝ ձեռքին հաց, պանիր, կանաչի և այլն: Գալիս է ուտելիքը դնում սեղանին, սուփրան փռում, նստում՝ հաց ուտելու: Սամսոնը մոտենում է սեղանին, որպեսզի Սիմոնի հետ հաց ուտի:

- Սամսոն,- ասում է Սիմոնը,- ի՞նչ ես անում:

- Դե, ուզում եմ քեզ հետ հաց ուտել:

- Ա՛յ տղա, դո՞ւ ես վաստակել այս հացը, որ ուզում ես ուտել, գնա, գնա աշխատի և քո հացը վաստակի:

Սամսոնը նեղանում է ու հեռանում:

Եվ մի քանի օր տուն չի գալիս:

Օրերից մի օր էլ Սամսոն եղբայրը տուն է գալիս՝ լիքը ուտելիքով:

- Այ տղա, Սամսո՛ն, այս ո՞ւր էիր այսքան ժամանակ,- ասում է Սիմոնը:

- Գնացել էի աշխատելու, բա հո սոված չէի՞ մնալու, գնացի մի հարուստի տան գործի անցա: Չորս օր աշխատեցի և իմ արդար քրտինքով հացը վաստակեցի:

Սիմոնն ուրախանում է, որ եղբայրը վերջապես հասկացավ` առանց աշխատելու և քրտինք թափելու հաց չի ունենա ուտելու:

Եվ ինչպես ժողովուրդն է ասում՝ ՈՎ ԱՇԽԱՏԻ, ՆԱ՛ ԷԼ ԿՈՒՏԻ:

Աղվեսն ու նապաստակը

Կար, չկար մի աղվես կար: Աղվեսն անտառում մի նապաստակ տեսավ, և աղվեսի ախորժակը բացվեց: Աղվեսը ցանկացավ նապաստակին ուտել, բայց պարզվեց, որ նապաստակն աղվեսից ավելի խորամանկ է: Նապաստակը հասկացավ աղվեսի մտադրությունը և փախավ: Նրանք երկար վազեցին, երկուսն էլ շնչակտուր կանգնեցին:

Աղվեսն ասաց.

- Նապաստա՛կ, արի մի բան պայմանավորվենք:

Նապաստակն ասաց.

- է՜յ, գոռոզ աղվես, ես չեմ հանձնվի և դու ինձ չես կարող ուտել:

- Այդպե՜ս, այո՞, դե՛ լավ, ուրեմն երեք օր հետո միասին կվազենք, ով ավելի շուտ հասնի անտառի ծայրին, նա կհաղթի:

- Լա՛վ, աղվես եղբայր, ես համաձայն եմ,- ասաց նապաստակը,- եթե դու հաղթես, համփ կանես ու ինձ կուտես, իսկ եթե ես հաղթեմ, դու ինձ համար տաքուկ բույն կպատրաստես:

Երկուսն էլ համաձայնվում են, և աղվեսը գնում է անտառ՝ աղվեսների մոտ, ու գոռոզանում.

- Լսե՛ք, անտառի աղվեսներ, ես կհաղթեմ նապաստակին և միասին մի լավ կկշտանանք: Եթե ես հաղթեմ, նապաստակին կուտենք:

Նապաստակը սկսեց պատրաստվել վազքի մրցույթին, իսկ աղվեսը վստահ էր, որ հաղթելու է, և ընկերներին ասաց.

- Մեկ է, ես հաղթելու եմ, ինչի՞ համար պարապեմ և ջանք թափեմ, թող նա պարապի, քրտինք թափի: Նա պատրաստվում է, որովհետև գիտի, որ կարող է պարտվել:

Աղվեսները ծիծաղեցին

Եվ ահա եկավ պահը, երբ պետք է նապաստակն ու աղվեսը մրցեն, և ով շուտ հասնի անտառի ծայրը՝ հաղթող կճանաչվի:

Նապաստակը հաղթում է, և երբ շնչակտուր աղվեսն ու նապաստակը մոտենում են իրար, նապաստակն ասում է.

- Աղվես եղբա՛յր, ինձ հարկավոր չէ տաքուկ բույն, ուղղակի ուզում էի քեզ հասկացնել, որ պետք չէ գոռոզանալ, մենք մեր ցանկությանը պետք է հասնենք միայն քրտնաջան աշխատանքով:

Աղվեսի ընկերները մոտեցան նրան, և մեկն ասաց.

- Դու գոռոզանում էիր և ասում, թե հաղթելու եմ նապաստակին, միասին ուտելու ենք նապաստակին և սովից չենք մեռնելու:

Աղվեսը ցանկացավ բացատրություն տալ ընկերներին, բայց նրանք հեռացան

Այստեղ ժողովուրդը մի լավ խոսք է ասում՝ ԳԵՏԸ ՉՏԵՍԱԾ՝ ՄԻ ԲՈԲԻԿԱՆԱ:

Գայլն ու խոզը

Լինում է, չի լինում մի գեղեցիկ անտառ է լինում: Այս անտառը մի բնակիչ է ունենում՝ գայլը: Այս գայլը սոված է լինում: Ամեն օր ուտում , խմում է, բայց փորը դատարկ է մնում, չի կշտանում: Անտառում մի խոզ կար, նա ամեն օր գալիս է կաղնու ծառի տակ կաղին ուտում: Մի օր գայլը որոշեց թակարդ սարել կաղնու տակ: Երբ խոզը գա ու կաղին ուտի՝ կընկնի ծուղակը, ինքն էլ հետևից կբռնի և կուտի: Այդ օրն էլ, ի վնաս գայլի, խոզը չի գալիս կաղնու մոտ, որպեսզի կաղին ուտի: Գայլը գնում է՝ կաղնու տակ փնտրելու խոզին, բայց մոռացել էր, թե որտեղ է սարել թակարդը: Գնում է մտնում իր իսկ սարած թակարդը

Այստեղ ժողովուրդը կասեր՝ ՈՒՐԻՇԻ ՀԱՄԱՐ ՓՈՍ ՓՈՐՈՂՆ ԻՆՔԸ ԿԸՆԿՆԻ ՓՈՍԸ:

Իսկ դու, սիրելի ընթերցող, ուրիշի համար փոս չփորես, որպեսզի ինքդ էլ գայլի օրը չընկնես:

Մարդն ու կնիկը

Լինում է, չի լինում մի հեռավոր գյուղ է լինում: Այդ հեռավոր գյուղում ապրում են մի մարդ ու կնիկ: Այդ մարդն ու կնիկը ժամը մեկ կռվում են, չգիտես` ինչու: Մի օր էլ մարդը վեր է կենում ու սկսում ուրախ- ուրախ թռվռալ:

Կնիկն էլ տեսնում է և ասում.

- Ա՛յ մարդ, էլի գժվեցի՞ր, ի՞նչ եղավ քեզ:

- Է՜, այ կնիկ, խելքս մի բան կտրեց:

- Այ մարդ, կարո՞ղ է գժվել ես: Այդ ի՞նչ է խելքդ կտրել, որ այդպես թռվռում ես:

- Է՜, այ կնի՛կ, հեսա գնում եմ կողքի գյուղ, ծառեր բերեմ տնկեմ, գյուղս զարգացնեմ:

Մարդը պարծենում է.

Կբերեմ ծառերը, կտնկեմ, կվաճառեմ ու կհարստանամ:

- Ա՛յ մարդ, հերիք եղավ պարծենաս, դու գործդ արա, նոր գլուխ գովի:

Այս մարդն ամբողջ գյուղին հայտնում է իր մտադրության մասին ու գնում կողքի գյուղ՝ տնկիներ բերելու: Տնկիները բերում է, տնկում, բայց չի ջրում: Գնում է պառկում, ոտը ոտին գցում: Տնկիները չորանում են և փչանում:

Մի քանի օր հետո մարդը գնում է այգի և տեսնում՝ տնկիները չորացել են: Գալիս է տուն և կնոջը պատմում եղածի մասին, կինն էլ ասում է.

- Ա՛յ մարդ, տնկի էիր բերո՞ւմ, ծառ էիր մշակո՞ւմ, բերք էիր շուկա տանո՞ւմ, հա՞: Մենակ թողնես գլուխդ գովես

Այստեղ հիշում ենք ժողովրդական ասացվածքը՝ ԳՈՐԾԴ ԱՐԱ, ՀԵՏՈ ՊԱՐԾԵՑԻՐ:

Անտառի բնակիչները

Կար, չկար մի անտառ կար: Այդ անտառում ապրում էին տարբեր կենդանիներ: Նրանք համախմբված չէին, այնտեղ ապրում էին խոզը, հավը, աղվեսը, նապաստակը և այլն: Աղվեսը տուն չուներ և դրսում էր մնում: Օրը եկավ, որ պետք էր աղվեսի համար տուն կառուցվեր: Աղվեսը հսկայական քարերը չկարողացավ բերել այն վայրը, որտեղ պետք էր կառուցել տունը: Ընկերները տեսնում են, որ աղվեսը չի կարողանում հսկայական քարերը բերել և տուն կառուցել, բայց քանի որ անտառի բնակիչները համախմբված չէին, աղվեսին չէին օգնում: Ձյուն տեղաց: Աղվեսը մնաց դրսում: Սառնամանիքին դողում էր անընդհատ: Անտառի բնակիչներից միայն նապաստակը տեսավ, որ աղվեսը դողում է: Նա գնաց անտառի մյուս բնակիչների մոտ և ասաց.

- Սիրելի՛ բարեկամներ, մենք երբեք չենք համախմբվել, ամենքս մեր տունն ենք կառուցել, իսկ մեր ընկեր աղվեսին չօգնեցինք:

Հավն ասաց.

- Դե՛, եկեք հիմա համախմբվենք և օգնենք մեր ընկերոջը

Անտառի բնակիչները հավաքվում են, համախմբվում և կառուցում իրենց ընկեր աղվեսի տունը:

Ժողովուրդը լավ խոսք կասեր այս դեպքում՝ ԳՅՈՒՂ ԿԱՆԳՆԻ, ԳԵՐԱՆ ԿԿՈՏՐԻ:

 

 

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29