Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի՝ Կապան համայնքի համար ունեցած կարևորության մասին

21.04.2023 10:12
5912

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի անցած 70-ամյա ճանապարհը, նաև ներկան հնարավոր չէ պատկերացնել առանց Կապան քաղաքի և համայնքի գյուղերի հետ համագործակցության:

Մյուս կողմից՝ կոմբինատի շնորհիվ է տասնամյակների ընթացքում Կապան քաղաքում, նաև մերձակա գյուղերում լուծում ստացել սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին առնչվող բազմաթիվ հարցեր:

Այսօր էլ Կապան համայնքի հարյուրավոր բնակիչներ աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակի կապակցությամբ զրույց ունեցանք Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ:

- Պարոն Փարսյան, մեր զրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակի առիթով է:

Հանքարդյունաբերական այդ ձեռնարկության հիմնադրումը ժամանակին մեծ իրադարձություն է եղել հատկապես Կապանի շրջանի կյանքում:

Այնպես որ կոմբինատի հոբելյանը նշանակալից իրադարձություն է դիտարկվում նաև Կապանի տարածաշրջանում:

- Այո, Դուք իրավացի եք, 70 տարվա գործունեության պատմություն ունեցող կոմբինատի հոբելյանը կարևոր ու նշանակալի իրադարձություն է նաև Կապան համայնքի համար։ Բոլորս գիտենք, որ այսօրվա Կապանը կառուցվել է հանքարդյունաբերության շուրջ և դրա շնորհիվ, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր հանքարդյունաբերության կենտրոններից է։ Ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ ընդգծել կոմբինատի առանձնահատուկ դերն ու նշանակությունը համայնքի սոցիալ-տնտեսական և նույնիսկ կենցաղային կյանքում։ Միայն այն հանգամանքը, որ հազարավոր կապանցիներ աշխատում են ընկերության ամենատարբեր օղակներում՝ համեմատաբար բարձր աշխատավարձով, արդեն իսկ խոսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կարևորության և անհրաժեշտության մասին։ Ուստի, պատեհ առիթից օգտվելով, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր տարիների նվիրյալներին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի, ընկերության հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։

Վստահ եմ՝ ընկերության պատասխանատու գործելաոճի և աշխատակիցների սրտացավ աշխատանքի շնորհիվ  կպահպանվի ու էլ ավելի կզարգանա Կապանի և ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար հիմք հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը։

- Ապրիլի 6-ին մենք ականատես եղանք համագործակցության հուշագրի ստորագրման՝ Կապանի համայնքապետարանի և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության միջև:

Նոր որակի և մասշտաբի այդ համագործակցության վերաբերյալ մեր պարբերականը  դիրքորոշում հնչեցրել է: Բայց կուզենայինք Ձեր գնահատականը լսել և ծանոթանալ հուշագրի համառոտ բովանդակությանը:

- Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև համագործակցության հուշագրի կնքումն ինքնին հիշարժան իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ պաշտոնապես տարիների համագործակցությունն արձանագրվեց հուշագրի տեսքով։ Սրանով մենք հիմք ենք դնում ավելի բարձր մակարդակի և որակի համագործակցության, որը, կարծում եմ, ամրագրվելու է պատմության էջերում։ Եվ ինչպես պարոն Խուդոլիյը նշեց իր խոսքում՝ սա բարեգործություն չէ, սա համագործակցություն է, որն արտահայտում է մեր փոխադարձ ձգտումն ու կամքը՝ համայնքային նշանակության հանրային խնդիրների լուծման գործում։ Այս համատեքստում մենք շատ բարձր ենք գնահատում կոմբինատի կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության մակարդակը և այդ շրջանակում բարի կամքի դրսևորումը։

Ստորագրված փաստաթուղթն ընդգծում է մեր փոխգործակցության հետագա ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր կատարել դրանով նախատեսված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ՝ Կապան համայնքի համաչափ զարգացումն ապահովելու համար:

Հուշագիրը ենթադրում է ամենատարբեր ոլորտներում համագործակցություն, որը ներառում է տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական, կրթության, մշակույթի, սպորտի և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտները։ Այն գործելու է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր տարվա համար նախատեսված գործողությունների պլանով։

- Կապանում բոլորիս աչքի առաջ քաղաքաշինական բնույթի, և ոչ միայն, մեծածավալ աշխատանքներ են կատարվում վերջին տարիներին:

Եվ, այդուհանդերձ, մարզկենտրոնի առջև դեռևս բավականին խնդիրներ են ծառացած:

Որո՞նք են համայնքին ներկայումս առավել մտահոգող խնդիրները, որոնք տեղ չեն գտել համագործակցության հուշագրում, սակայն լուծման կարիք ունեն, և այդ հարցում ակնկալում եք կոմբինատի աջակցությունը:

- Այո, ճիշտ եք նկատել, Կապան համայնքում բազմաբնույթ ու բազմաոլորտ աշխատանքներ են իրականացվում, և գերակշիռ մասը, իհարկե, քաղաքաշինական բնույթի է։ Այդ աշխատանքների իրականացման գործում առարկայական մասնակցությունն է ունեցել և շարունակում է ունենալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ինչպես սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքի մասնաբաժնում իր մասնակցությամբ, այնպես էլ առանձին ծրագրերի ամբողջական ֆինանսավորմամբ։ Իհարկե, բոլորը չեմ թվարկի, բայց այդ ծրագրերի շարքում կցանկանայի առանձնացնել հենց քաղաքի կենտրոնական հրապարակի երգող շատրվանը, որն ինքնատիպ գեղեցկությամբ, լուսաձայնային ժամանակակից համակարգով չի զիջում մայրաքաղաքի նմանատիպ կառույցներին։ Կարևոր ծրագրերի շարքում է նաև քաղաքի գլխավոր մշակութային կենտրոնը, որի առաջին մասնաշենքի շինաշխատանքներն արդեն իսկ ավարտին են հասցվել, ընթացքի մեջ է երկրորդ մասնաշենքի և բացօթյա հատվածի նորոգումը, իսկ երրորդ մասնաշենքի՝ համերգային մեծ դահլիճի հետագա նորոգման և ջեռուցման ապահովման համար ձեռք ենք բերել պայմանավորվածություն։ Առաջիկայում ակնկալում ենք նաև Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բարեկարգման և կարուսելների արդիականացման հարցում ԶՊՄԿ-ի աջակցությունը, որի վերաբերյալ ևս ունեցել ենք քննարկում ու նախնական պայմանավորվածություն։

Իսկ ինչ վերաբերում է համագործակցության հուշագրում տեղ չգտած խնդիրներին, ապա ասեմ, որ այդպիսիք գրեթե չկան. փորձել ենք հնարավորինս բոլոր ուղղությունները ներառել, որպեսզի բաց հատված չմնա։ Բայց հուշագրում ունենք նաև կետ, որտեղ նշվում է՝ կողմերը կարող են համագործակցել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչը մեզ հնարավորություն է տալիս հանդիպումների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպմամբ  քննարկել և իրականացնել նաև այն խնդիրներն ու նախագծերը, որոնց լուծման համար տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտություն է առաջացել։

- Համայնքի ո՞ր բնակավայրերն են համարվում ԶՊՄԿ-ի ազդակիր: Արդյո՞ք ազդակիր  բնակավայրերը, որոնց մեծ մասը սահմանամերձի կարգավիճակ ունի, իրենց առավել հուզող հոգսերով ներառվել են հուշագրի մեջ:

- ԶՊՄԿ–ի ազդակիր բնակավայրեր են համարվում Սյունիքը, Աճանանը, Սևաքարը, Ըրկենանցը, Չափնին, Արծվանիկը և Կապան քաղաքը։ Հուշագիրը վերաբերում է Կապան համայնքին առհասարակ, բայց մենք համագործակցության շրջանակում առանձնակի դիտարկում ենք նաև ազդակիր բնակավայրերին վերաբերող խնդիրները։ Յուրաքանչյուր տարվա համար կոմբինատի հետ նախանշել ենք գործողությունների պլան, որտեղ ազդակիր բնակավայրերի խնդիրները տեղ են գտել ըստ առաջնահերթության։ Օրինակ, այս տարի արդեն իսկ մեկնարկել է Սզնակ, Դիցմայրի բնակավայրերում խմելու և ոռոգման ջրի, իսկ Սյունիք, Բարգուշատ բնակավայրերում միայն ոռոգման ջրի ապահովման ծրագիրը, որը գտնվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման փուլում։ Հույս ունենք, որ արդեն հաջորդ տարի ծրագիրը կյանքի կկոչվի, և համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կապահովվեն շուրջօրյա անխափան ջրամատակարարմամբ։

- Կա մի հարց, որ տասնամյակներ ի վեր քննարկվել ու քննարկվում է... Սյունիքը դարեր շարունակ, նաև այսօր, հզոր է եղել իր գյուղական բնակավայրերով՝ հազարամյակների խորքից եկող:

Կապանի տարածաշրջանում հանքարդյունաբերական երկու խոշոր ընկերություն է գործում:

Դուք հնարավոր համարո՞ւմ եք և՛ հանքարդյունաբերության, և՛ գյուղական բնակավայրերի միաժամանակյա, զուգահեռ ու ներդաշնակ զարգացումը՝ ոչ թե միմյանց խանգարելով, այլ իրար լրացնելով:

- Նախորդ հարցի պատասխանով փոքրիշատե անդրադարձա այդ հարցին, բայց փորձեմ ավելի հստակեցնել։ Քանի դեռ հանքարդյունաբերությունը համարվում է մեր տարածաշրջանի տնտեսության գերակա ճյուղը և մեր զարգացման գրավականը, կամա թե ակամա, պայմանավորված է տարածքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների կայուն աշխատանքով, ապա հանքարդյունաբերությունը և մնացած ոլորտներն իրարից տարանջատել կամ մեկը մյուսին որպես խանգարող հանգամանք դիտարկելը, կարծում եմ, առնվազն խելամիտ չի լինի։ Եվ հենց Սյունիք բնակավայրում նախատեսվող աշխատանքները վկայակոչելով՝ կասեմ, որ հանքարդյունաբերությունը դիտարկում ենք որպես հնարավորություն, որը պետք է օգտագործենք համայնքի կայուն և համաչափ տնտեսական զարգացումն ապահովելու, համայնքի առջև ծառացած կարևորագույն խնդիրները լուծելու համար։

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31