Զինված ուժերում ավտովթարների թիվն ավելանում է

18.03.2025 14:16
469

    Միայն 2024թ․-ին հանրապետության Զինված ուժերում մարտական, հատուկ կամ տրանսպորտային ավտոմեքենա վարելու կամ շահագործելու կանոնների խախտմամբ 28 պատահար է արձանագրվել, որից ամենաշատը՝ 8 դեպք, գրանցվել է Սյունիքի մարզում: Այս թվի մեջ չեն մտնում զինծառայողների զորացրման ժամանակ արձանագրված պատահարներն ու դրանց հետևանքով առաջացած մահվան ու վնասվածքներ ստանալու դեպքերը: Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ Զինվորական կենտրոնական դատախազությունում զորացրվածների վերաբերյալ հաշվառումներ չեն իրականացվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորացրվելուց հետո այդ անձինք դադարում են համարվել զինծառայող:

    Դատախազության՝ «Հետքին» տրամադրած տեղեկատվությամբ չեն ամբողջանում զինծառայողների՝ ավտովթարներից մահացության ու վնասվածքներ ստանալու դեպքերը: Օրինակ, կան դեպքեր, որ զինծառայողները վթարի են ենթարկվել ոչ Պաշտպանության նախարարությանը պատկանող ավտոմեքենայով կամ այլ պատճառներով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած տեղեկանքում նշված է, որ 2018-2024թթ. առաջին կիսամյակի ընթացքում ավտովթարից մահացել է 112 զինծառայող, այդ թվում՝ քաղաքացիական ավտոմեքենայում գտնվելու ժամանակ, ինչպես նաև վրաերթերը: 

    Թեև իրավապահ համակարգում չեն կարևորում զորացրման ժամանակ արձանագրված ավտովթարների մասով առանձին վիճակագրության վարումը, սակայն այն կարևոր է պետության վերաբերմունքի և պատասխանատվության տեսանկյունից: Ստացվում է՝ զորահավաքի ժամանակ պետությունը կենտրոնացված և իր միջոցներով այդ նորակոչիկներին տեղափոխում է զորամասեր, որ իրենց պարտքը կատարեն, սակայն, 2 տարի ծառայելուց հետո պետությանն այլևս չի հետաքրքրում, թե իր զորացրված զինվորն ինչպես տուն կգնա՝ փողոցում պատահական հանդիպած ավտոմեքենայով, տաքսիով, թե հասարակական տրանսպորտով:

    Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցների հետ տարբեր զրույցներում հայտարարել է, որ զորացրվելու ժամանակ տղաներն արդեն հասուն են, հետևաբար հարկ չկա, որ պետությունը կազմակերպված ձևով նրանց զորացրումն ապահովի։

    Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը հակառակ դիրքորոշում ունի։ Ասում է, որ պարտադիր է, որ պետությունը մինչև վերջ պատասխանատվություն ստանձնի այն անձի նկատմամբ, որին ծնողից, իր միջավայրից կտրում-տանում է բանակ, պիտի նույն եղանակով էլ վերադարձնի ընտանիքին։

    Զառա Հովհաննիսյանը մտահոգիչ է համարում, որ զորացրվելու ժամանակ ավտովթարների առանձին վիճակագրություն չի վարվում։ Նրա դիտարկմամբ՝ նույն պատկերն է նաև առողջական վիճակի առումով, զորացրվելուց հետո չի մշտադիտարկվում, թե ինչ է կատարվում 2 տարի ծառայության մեջ գտնված անձի հետ։

    «Ցանկացած վիճակագրություն տալիս է հնարավորություն՝ նոր կարգավորումներ, ավելի ճիշտ ընթացակարգեր մշակելու համար։ Նույնիսկ եթե զորացրվելու ժամանակ ավտովթարի 1-2 դեպք է տեղի ունենում, ընթացակարգ մշակելն անհրաժեշտ է»,- ասում է իրավապաշտպանը։

    Հանրությանը ցնցել էր 2024թ. հուլիսի 11-ին, Երևան-Մեղրի ճանապարհի՝ Գորայք բնակավայրի մոտ գրանցված վթարը: «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենայի վթարի հետևանքով տեղում մահացել էր երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բուժհաստատություններ։ Ավտոմեքենան երթևեկելի հատվածից դուրս էր եկել և մոտ 300 մետր գլորվելով ընկել էր ձորը: Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։ Մահացածներից մեկը վարորդն էր, մյուսը՝ զորացրված զինծառայողը։

    Անդրադառնալով մարտական, հատուկ կամ տրանսպորտային ավտոմեքենա վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած պատահարներին, նշենք, որ միայն 2018-2024թթ. արձանագրվել է 93 դեպք: Վթարի հետևանքով մահացել է 18 զինծառայող, որից 13-ը եղել է պարտադիր ժամկետային զինծառայող, իսկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել է 142 զինծառայող:

    Բոլոր դեպքերով նախաձեռնվում են քրեական վարույթներ, սակայն դրանց մի մասն է հասել դատարան: Օրինակ՝ Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2018-2019թթ. մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հատկանիշներով ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել: Իսկ 2020-2024թ. առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է 12 պատահար: Նախաձեռնվել է 12 քրեական վարույթ, որից 4-ն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, իսկ 2-ի նախաքննությունը շարունակվում է: 6 վարույթ կարճվել է:

    Սյունիքի կայազորի զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2018-2024թ. առաջին կիսամյակում արձանագրվել է 36 պատահար: Նույնքան էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն դրանցից միայն 6-ն է ուղարկվել դատարան:

    Հարկ է նշել, որ դատարանների նշանակած ազատազրկման ձևով պատիժները հիմնականում պայմանականորեն չեն կիրառվում, և նշանակվում է փորձաշրջան: Կան նաև դեպքեր, որ անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառով: 

    Պարտադիր ժամկետային զինծառայող Ռ․ Ենգոյանը զբաղեցրել է զորամասի հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի կառավարման ջոկի վարորդի պաշտոնը։ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի վարչական տարածքում, Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ ընթանալիս 2022թ․ հունիսի 7-ին խախտել է զորամասի հաշվեկշռում գտնվող, իրեն ամրակցված «ԿամԱԶ-4326» մակնիշի տրանսպորտային մեքենան վարելու կանոնները։ Երթևեկությունն իրականացրել է շարժման այնպիսի ռեժիմով, որի պայմաններում ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն ապահովելու տեխնիկական հնարավորությունից։ Ավտոմեքենան դարձել է անկառավարելի և գլխիվայր շրջվել Է, որի հետևանքով ավտոմեքենայի ավագ, նույն զորամասի հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա․ Մինասյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ «ԿամԱԶ-4326» մակնիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով զորամասին պատճառվել է 2 մլն 685 մլն դրամի գույքային վնաս։

    Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024թ․ հունիսի 13-ին որոշել է Ենգոյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

    Դատարանում քննված գործերից պարզ է դառնում, որ զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած վթարները հիմնականում պայմանավորված են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կանոնների խախտմամբ։ Երբեմն էլ վթարի պատճառ են լինում անսարք ավտոմեքենաները։ 

    2024թ. դեկտեմբերից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարի գործը:

    2024թ. ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մարտական դիրքից զորամաս վերադառնալու նպատակով «Ուրալ 432007» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր զինծառայող, շարքային Հ. Համբարձումյանը բացառապես փոխանցման տուփի միջոցով, թեք հարթությունից գլորումով է շարժիչը գործի գցել, քանի որ մեքենան անսարք է եղել: Սակայն, դրանից հետո արգելակման համակարգը չի գործել, ավտոմեքենան ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում: Թափքում գտնվող չորս շարքային զինծառայող մահացել է, իսկ 10 զինծառայողի առողջությանը պատճառվել է ծանր և միջին ծանրության վնաս: Ավտոմեքենայի վնասման հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 2 մլն դրամի վնաս:

    Մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ շարքային զինծառայող վարորդին, զորամասի տեխնիկական մասի պետին, զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, գումարտակի հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալին, տեխնիկական մասի պետին և զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալին: 

    Ըստ մեղադրանքի՝ նշված անձինք խախտել են տրանսպորտային մեքենա շահագործելու կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է 4 անձի մահ, 5 մարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 5 մարդու առողջությանը՝ միջին ծանրության վնաս և առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս: Մասնավորապես՝ չեն կազմակերպել տեխնիկայի նորոգման աշխատանքը, չեն վերահսկել դրա անցկացման որակն ու ժամկետները, միջոցառումներ չեն անցկացրել տեխնիկայի հետ կապված պատահարների կանխման համար, չեն պլանավորել ավտոմոբիլային տեխնիկայի շահագործումը, չեն իրականացրել մեքենաների՝ ժամանակին և սարքին վիճակում ուղերթ դուրս գալու և հավաքակայան վերադառնալու հսկողությունը, չեն ապահովել անվտանգության պահանջների կատարումն ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման ժամանակ, չեն արգելել, ավելին՝ թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը: 

    https://hetq.am/

    Պուտինի հետ իմ հեռախոսազրույցը շատ արդյունավետ էր․ Թրամփ

    18.03.2025 23:43

    Պուտինն ու Թրամփն ավարտել են հեռախոսազրույցը

    18.03.2025 21:18

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

    18.03.2025 21:14

    Ռազմավարական նշանակության ջրամբար Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար

    18.03.2025 18:51

     Շախմատային պայքար Կապանում և Քաջարանում. չեմպիոնները որոշված են

    18.03.2025 16:06

    Շախմատային մրցաշար Մեղրիում. չեմպիոնը որոշվեց եզրափակչում

    18.03.2025 15:58

    Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

    18.03.2025 15:38

    Պուտինն ու Թրամփը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայի շուրջ համաձայնագիրը. Պեսկով

    18.03.2025 14:31

    Զինված ուժերում ավտովթարների թիվն ավելանում է

    18.03.2025 14:16

    Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին

    18.03.2025 12:58

    ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. վարչապետի աշխատակազմ

    18.03.2025 12:53

    Սպասվում են առատ տեղումներ և ամպրոպ

    18.03.2025 12:52