Խորհրդային Միության փլուզումից հետո լուծարվեցին եւ պատմություն դարձան կոլտնտեսություններն ու խորհտնտեսությունները (սովխոզ): Գյուղմթերքների արտադրությունը դարձավ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ու ֆերմերների մենաշնորհը: Թեպետ դրանք էլ այդ մթերքների արտադրության ճանապարհին շատ խոչ ու խութեր հաղթահարեցին (եւ հիմա էլ հաղթահարում են): Շատ հաճախ, ինչպես ասում են` տապակվելով սեփական յուղի մեջ: Լինելով Սիսիանում, որ նախկինում հայտնի էր իր գյուղատնտեսական «իմիջով», փորձեցինք գյուղատնտեսությամբ զբաղվողի մի օրինակով ծանոթանալ իրերի վիճակին այդ ճյուղում: Թեպետ քաջատեղյակ լինելով, որ անկախության տարիներին շատ բան թալանվել ու փոշիացվել է, մանավանդ Սիսիանի ոռոգման համակարգը:
Շաքին Սիսիանի տարածաշրջանի գյուղական խոշոր համայնքներից է, եւ ինչպես գյուղ այցելած «Սյունյաց երկրի» լրագրողներին տեղեկացրեց համայնքապետ Վահան Ղազարյանը, գյուղին պատկանող 1337հա հողատարածությունից մշակվում է մոտ հազարը, համայնքում կան կայացած մենատնտեսներ: Նրանցից մեկը Վաղինակ Հարությունյանն է, ավելի ստույգ` համայնքում առաջավորի համարում ունի Հարությունյան եղբայրների գյուղացիական տնտեսությունը, որ նաեւ ամենամեծն է Շաքիում: Նրա հիմնադիրը` Վաղինակ Հարությունյանը, միջնակարգ մասնագիտական կրթություն է ստացել, աշխատել շինանյութերի կոմբինատում` մեխանիզատոր, հետո` գյուղի խանութում վաճառող (ավարտել է Երեւանի առեւտրի տեխնիկումը): 1991-ին, երբ հողի սեփականաշնորհում եղավ, իրեն եւ հորը երկուական հեկտար հողակտոր բաժին հասավ: «Հետո վարձակալությամբ, – պատմում է, – հող ձեռք բերեցինք, սկսեցինք մտածել գյուղտեխնիկա ունենալու մասին: Առաջին սեփական գյուղտեխնիկան «ՄՏԶ-82» (Մինսկի տրակտորի գործարան) տրակտորն էր, 1996-ից սկսած Ռազմիկ եւ Մայիս եղբայրներով մեջք մեջքի տալով գյուղացիական տնտեսությունը հասցրինք այսօրվա վիճակին»:
Բնականաբար, անասնապահությամբ զբաղվողին խնդրեցինք ներկայացնել կոլեկտիվ տնտեսությունը: Թեպետ դրա մասին որոշակի պատկերացում տալիս էին խորհրդային տարիներից մնացած անասնագոմը (գյուղերի մեծ մասում դրանք կազմաքանդել եւ փոշիացրել են), դրա կողքի կոմբայնն ու կալսիչը, խոտի ու ծղոտի բարձր դեզերը: Ուստի մինչ հիմնական հարցադրմանն անցնելը հետաքրքվում եմ` խորհրդային արտադրության գյուղտեխնիկան խափանվելու դեպքում կարողանո՞ւմ են անհրաժեշտ պահեստամասը ձեռք բերել: Զրուցակիցս կանխում է հարցս. «Միայն գրպանումդ փող լինի, ամեն ինչ կարելի է ձեռք բերել»:
Ինչեւէ, այս գյուղացիական տնտեսությունում հիմնականում կովաբուծությամբ են զբաղվում, ունեն մոտ 150 խոշոր եղջերավոր, դրանց խնամքով յոթ-ութ անասնապահ է զբաղվում, արդեն նրանց երեխաներն էլ են ձեռք հասցնում: 350 հեկտար արոտավայր են վարձակալել, 100 հեկտար վարելահող ունեն, որից ստացվում է անասունների մսուրային պահվածքի համար անհրաժեշտ անասնակերը: Եվ, իրոք, անասնագոմի մոտի խոտի ու ծղոտի դեզերը վկայում են, որ խոտհնձի սեզոնին ձեռքերը ծալած չեն նստել:
Տնտեսության հիմնական արտադրանքը կաթն է, որի լիտրը 130-140 դրամով, բազիսային 3.6 տոկոս յուղայնությամբ, հանձնում են կաթնամթերք ու պանիր արտադրող «Սիս-ալպ» ընկերությանը (գործում է Սիսիանում) եւ ոչ անհայտ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին: Մթերողները հանձնված կաթի դիմաց վճարը չեն ուշացնում: Դժգոհ չեն:
Անասնապահական մյուս մթերքի` մսի իրացման խնդիր ունեն: Ընդհանրապես մսի իրացման գործում գոյություն ունի մի շղթա` մենատնտես (միս է արտադրում), միջնորդ (մենատնտեսից գնում է միսը), վաճառող (իրացնում է միսը): Փոքրիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջնորդ օղակին բաժին է ընկնում շահույթի զգալի մասը, եւ նա արհեստականորեն բարձրացնում է մսի գինը: Միսը միջնորդին է հանձնվում 1500-2000 դրամով, ինչը վաճառքի կետում իրացվում է 2500 դրամով: Մի խոսքով, միջնորդն ավելի է շահում, քան անասնապահական մթերք արտադրողը:
«Անցյալ տարվա մսացու ապրանքը մնում է, պահում ենք` տեսնենք գնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ: Մսի իրացման խնդիրն է մեզ խեղճացնում», – մտահոգություն է հայտնում Վաղինակը եւ հավելում, որ իրենք իրացնելու ոչ հնարավորություն ունեն, ոչ էլ ժամանակ: Բացի այդ միս գնողն էլ է քչացել, ուրեմն պահանջարկի խնդիր կա: «Չարչարանքը շատ է, մի քիչ կաթի ու մսի գինը որ կարգավորվի, ամեն ինչ տեղը կընկնի»:
Միջանկյալ ասենք, երբ պատրաստում էինք նյութը, «Հայկական ժամանակ» թերթում (23 նոյեմբերի 2013թ.) մի հրապարակում կարդացինք` «Միսն էժանանում է»: Տեղեկացանք, որ Հայաստանում նկատվում է մսեղենի էժանացում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին շրջանում, մասնավորապես, տավարի միսն էժանացել է 200 դրամով, եւ թերթն այն նկատառումն է հայտնել, որ մսի էժանացումը կարող է պայմանավորված լինել մորթի` սովորականից ավելի մեծ ծավալներով:
Իսկ, այնուամենայնիվ, ո՞րն է տնտեսության ամենանեղ օղակը, լրագրողի հերթապահ հարցին պատասխանում է, որ հիմնական խնդիրը գարնանը բարձրադիր արոտավայր վաղ բարձրանալն է, իսկ աշնանն այնտեղից ուշ իջնելը: Իսկ դրա համար յայլաղում մի ծածկ է անհրաժեշտ ունենալ, որ պատսպարան կլինի անասունների համար: Դրանով երեք ամսվա անասնակեր կխնայեն, ինչը զգալիորեն կկրճատի ծախսերը:
Նաեւ այն համոզմունքն ունի, որ այժմ գյուղմթերք արտադրողին արտոնություններ են տրված: Մասնավորապես նշում է, որ «Ագբա կրեդիտ ագրիկոլ» բանկի Սյունիքի մասնաճյուղից երեք մլն դրամ վարկ է վերցրել 14 տոկոսադրույքով, որի չորս տոկոսը փոխհատուցում է պետությունը: Անասնաբուժական սպասարկումից եւս դժգոհ չէ. պետպատվերի շրջանակում պատվաստումներ են կատարվում, պատվաստումների մի մասն էլ իրենք են անում, դիզվառելիքի եւ սերմացուի հայթայթման խնդրում էլ առանձնապես խոչընդոտների չեն հանդիպում:
Հողին կպած, հողից բարիք արարող մարդու հետ զրուցելիս անհնար էր, որ շրջանցեինք արտագաղթի թեման, ուստի հարցնում ենք. «Այդ ինչպե՞ս է, որ քեզ մոտ շատ բան ստացվում է, իսկ ոմանք գերադասում են քոչել հեռավոր ափեր»: «Ես Ռուսաստանի տեղն էլ գիտեմ, էն մեկինն էլ … հինգ եղբայրով մասնակցել ենք Արցախյան պատերազմին, նրանցից երկուսը վիրավորվել է, այս հողի վրա արյուն ենք թափել, ո՞ւմ թողնենք` գնանք: Գնանք, այլազգիների մեջ ո՞ւմ փնտրենք: Գիտես փողն ասֆալտի վրա փռվա՞ծ է Ռուսաստանում: Այնտեղ էլ օրնիբուն բանում են, որ մի վաստակի տեր դառնան: Այդքան աշխատելով` այստեղ էլ կարելի է նորմալ վաստակել: Սա մեր պապերի հողն է, այստեղ պիտի ապրենք, աշխատենք, ստեղծենք:
Իմ զբաղվածությունը թույլ չի տալիս թերթ ու գիրք կարդալ, բայց մի քառատող տպավորվել է մեջս:
Օտարի տուն դու չգնաս
Եվ չտաս քո տունն օտարին,
Տանդ մնա եւ միշտ պահիր,
Օջախդ վառ, ասեմ, գնամ…:
Մեր մեծը` Համո Սահյանն է ասել. ինչպե՞ս կարելի է ականջի հետեւ գցել նրա պատգամը»:
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ