Այն, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշման պատճառ հենց կոմբինատի մեծ նշանակությունն է՝ հասկանալի է բոլորին։ Միանգամայն հասկանալի է նաև, որ տարբեր ուժեր ցանկանում են օգտագործել իրավիճակն իրենց շահերի համար, վերահսկողություն ունենալ կոմբինատի վրա։ Այս երեք տարվա ընթացքում ղեկավարությունը և կոլեկտիվը հսկայական աշխատանք են տարել։ Աշխատանք՝ արտադրության արդիականացման, նոր տեխնիկայի ձեռքբերման, արտադրողականության ավելացման ռազմավարության, արտադրական շղթաների, կառավարման համակարգի ներդրման ուղղություններով։ Նախկինում, գիտեք, պատահական ոչ ոք չէր կարող կոմբինատից շահ ունենալ։ Դա, կարծեք, պետություն էր` պետության մեջ։ Չկա այլևս այն իրավիճակը, երբ կոմբինատի միջոցներն ու ազդեցությունն օգտագործվում էին որոշակի խմբերի շահեր սպասարկելու համար։ Մենք վերացրել ենք այդ գողությունը։ Հսկայական գումարներով ավելացել են պետական բյուջե մուտքերը, ահռելի գումարներ ուղղվում են կոմբինատի արդյունավետ աշխատանքին` առաջին հերթին ի շահ կոլեկտիվի և Հայաստանի ժողովրդի։ Եվ սա իրականություն է:
Արտադրության դադարեցումը տեղի է ունեցել մի խմբի կողմից` աշխատավարձերի ուլտիմատիվ բարձրացման պահանջից հետո։ Եկեք վերլուծենք այս հարցը։
Մեզ համար աշխատավարձերի համակարգի մասին հետազոտություն իրականացնող միջազգային ընկերության տվյալների համաձայն` ունենք ամենաբարձր աշխատավարձը միջինացված, ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլ նաև` ԱՊՀ տարածաշրջանի երկրների:
Արդյո՞ք մենք պատրաստ ենք էլի բարձրացնել աշխատավարձը․ ինքներս ենք այդ հարցը օրակարգում դրել, անկախ որևէ մեկի պահանջից։ Մենք համակարգային ձևով սկսել ենք աշխատավարձի համակարգի փոփոխության աշխատանքը 2024 թվականի սեպտեմբերից, որպեսզի առաջին հերթին վերացնենք անհավասարությունը, վարձատրությունը լինի արդար, քանի որ աշխատավարձերի արդար համակարգը թերի էր։
Մենք այն համահարթեցրել ենք՝ համաձայն աշխատողի գրեյդի, դասակարգի, այսինք հաշվի առնելով պաշտոնները, աշխատանքային ստաժը, պահանջվող հմտությունները և աշխատանքի բարդությունը, որպեսզի չլինի թռիչքային տարբերություն, որ կողք-կողքի աշխատող միևնույն աշխատակիցների վարձատրությունն էականորեն չտարբերվի։ Հասկանալի է, թե ինչու է այդպես եղել նախկինում։ Աշխատողների մեջ կային արտոնյալներ, արտոնյալ հիմունքներով ընդունվածներ, այլ պատճառներ ևս` կան։ Միջազգային ընկերությունների մասնակցությամբ իրականացրել ենք աուդիտ, ստեղծել ենք հարթակ և պատրաստվում ենք ավարտին հասցնել աշխատավարձերի փոփոխությունը, ներդնել համակարգ, ինչի մասին բոլոր ղեկավարներն իրազեկված են եղել, կան արտադրամասեր, որտեղ այդ փոփոխությունները վերջնական հաստատումից հետո արդեն իսկ իրականացված կլինեն մինչև մարտի 1-ը, իսկ կոմբինատում նախատեսում ենք այդ աշխատանքը հասցնել ավարտին մի քանի ամսվա ընթացքում։ Այդ համակարգը հնարավորություն կտա, ընդհանուր առմամբ, միջին հաշվով 20 տոկոսի չափով աշխատավարձերի բարձրացում։
Ես նույնիսկ չեմ խոսում սոցիալական արտոնությունների մասին, բոլորը գիտեն, և դա միանշանակ ճշմարտություն է, որ որևէ այլ ձեռնարկությունում նման արտոնություններ չկան։ Այս երեք տարվա ընթացքում՝ 2021 թվականից հետո, մենք վերականգնել ենք «ստաժիրովկան», 13-րդ աշխատավարձը։ Տարեկան պարգևավճարի գործակիցը, որը երբևիցե չի գերազանցել 1-ը, ավելացրել ենք 50 տոկոսով, այսինքն պարգևավճարի գործակիցը հասցրել ենք ռեկորդային ցուցանիշի՝ հասցնելով մինչև իսկ 1.4-1.5, ու դա բոլորդ գիտեք։
Այն մարդիկ, ովքեր այս անօրինական գործողությունների հեղինակն են և հիմնական հրահրողները, իմ պատկերացմամբ, չեն ներկայացնում կոլեկտիվին, չեն ներկայացնում կոլեկտիվի տեսակետը, լեգիտիմ չեն, նման պահանջները պետք է օրինական ներկայացվեն, եթե կան հարցեր, օրինական ճանապարհով պետք է դրանք բարձրացվեն և մենք պատրաստ ենք օրինական ճանապարհով բարձրացրած հարցերը քննարկել, լուծումներ տալ։
Մենք հասկանում ենք՝ ինչու են սկսվել անօրինական գործողությունները, դա շատ պարզ է... Առաջինը դա հետաքրքրությունն է կոմբինատի նկատմամբ, և երկրորդն այն մարդիկ են, ովքեր պլանավորել են այս գործողությունները՝ մոլորեցնելով և օգտագործելով կոմբինատի կոլեկտիվն, իրենց անձնական նպատակներին հասնելու համար:
Մանիպուլյացիայի մեկ օրինակ՝ ասում են, թե գոնե 50 հազար դրամ ավելացրեք բոլոր արտադրամասերի աշխատավորների ամսական աշխատավարձը, որոնք բողոքում են իրենց աշխատավարձային համակարգից՝ դա անվանելով սպասվող կոմպրոմիսներից մեկը:
Մինչդեռ այն համակարգը, որը ներկայացրեցի, ենթադրում է աշխատավարձերի բարձրացում ոչ թե 50 հազարով, այլ հաստիքների մեծամասնության դեպքում` ավելի։ Իրականում այն, ինչ արել ենք ու պլանավորում էինք անել ու կանենք՝ շատ ավելի լավ տարբերակ է աշխատավորների համար, քան այն, ինչ իրենք փորձում են այս ճանապարհով պահանջել։
Այն, ինչ փորձում են արհեստական կերպով հորինել կամ ջանքեր են գործադրում գտնել խնդիրներ, որոնց միջոցով փորձում են հիմնավորել, թե իբր ղեկավարության և կոլեկտիվի մեջ կան մեծաթիվ խնդիրներ՝ կեղծ են, նման իրավիճակ չկա մեզ մոտ, դա իրականության հետ որևէ կապ չունի, ես դա ասում եմ ամենայն վստահությամբ:
Այն ամենը, ինչ կոմբինատի ղեկավարությունը խոստացել է՝ կատարվում է։ Կարող եք հարցնել տարբեր օղակների ղեկավարներին, մենք ի սկզբանե այդ երկխոսությունը կառուցել ենք, բոլոր հարցերը, որ բարձրացվել են, կարգավորվում են կամ արդեն իսկ լուծված են։ Կոմբինատում՝ իրականում, խնդիրներ կան՝ սկսած հիմնական միջոցների չափազանց մաշվածությունից, անարդարությունը վարձատրության համակարգում, աշխատանքի ընդունման համակարգում և այլն, ու այդ բազմաթիվ հարցերի կարգավորումը ժամանակ է պահանջում։ Ես միանգամայն երաշխավորում եմ՝ առաջին հերթին աշխատավարձերի համահարթեման համակարգը, որը խոստացել ենք, առաջիկա ամիսներին արդյունքներ կտա, հետագայում էլ`այն լրամշակվելու է։ Դա կբերի միջինում աշխատավարձերի մոտ 20 տոկոս բարձրացման։ Պատրաստ ենք արդյո՞ք հետագայում ևս շարունակել վերանայել աշխատավարձային համակարգը և առավել կատարելագործել այն ու վերանայել միանշանակ։ Միանշանակ, քանի որ ցանկացած ներդրվող համակարգ՝ կյանքի բոլոր իրավիճակներում գործող ինչ-որ ալգորիթմ չէ։ Արտադրությունը և բոլոր մյուս պրոցեսները կենդանի օրգանիզմ են և հարափոփոխ են։ Ես անցնելու եմ արտադրամաս առ արտադրամաս, քանի որ ամեն արտադրամաս ունի իր առանձնահատկությունները, լսելու եմ բոլորի տեսակետներն այն նպատակով, որպեսզի մեր կողմից ներդրվող համակարգերը լինեն նախ և առաջ շատ արդար, բխեն աշխատավորների շահերից։
Սա առաջինը, այս ամենի համար մենք լիովին հստակ երաշխիքներ տալիս ենք։
Երկրորդ, շատ հարցեր հնչեցին բժշկական ապահովագրության վերաբերյալ։ Մենք անցած տարի մրցույթ ենք անցկացրել, և հաղթեց մի ընկերություն, որի հետ շատ խնդիրներ ունեցանք, քանի որ այն չի կարողանում իր առջև դրված պահանջները կատարել։ Մենք տեսնում ենք դրանից բխող ռեակցիան և միանշանակ երաշխավորում, որ առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի, որի պայմանը կլինի ոչ թե ցածր գինը, այլ այն երաշխիքը, որ մեր պահանջները բժշկական ծառայության ապահովման առումով անառարկելիորեն կկատարվեն: Դա ես երաշխավորում եմ։ Ավելին, մենք մտածում ենք սեփական ապահովագրական ծառայություն ստեղծելու մասին` կոմբինատի ներսում։
Հաջորդ հարցը վերաբերում է աշխատանքի պայմաններին։ Մենք գիտակցում ենք, որ անելիքներ շատ կան և այդ ուղղությամբ արդեն իրականացրել ենք տեխնիկական աուդիտ։ Յուրաքանչյուր արտադրամասի համար առանձին կներկայացնենք կատարվելիք փոփոխությունները։
Շատ լավ հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ անել, ինչպես և ինչպիսի ժամկետներում։ Այս խնդրով ի սկզբանե զբաղվում էինք, և ինձ համար, որպես ղեկավար, հասկանալի է, թե ինչու են որոշ մարդիկ հենց այս հարցերը, որոնք միշտ եղել ու քննարկվել են, հիմա բարձրացնում։ Շարունակում ենք աշխատել այդ ուղղություններով, և դրանք չեն կարող պատճառ լինել կոմբինատը կանգնեցնելուն։
Այդ հարցերը լուծելի են և լուծվում են, կա՞ր անհրաժեշտություն այդ պատրվակով կոմբինատը կանգնեցնել։ Իմ պատկերացմամբ՝ ո՛չ։ Բայց որոշ ուժեր, ակնհայտորեն, որոշել են այդ հարցերն օգտագործել գործադուլ կազմակերպելու համար՝ ներկայացնելով, թե գործադուլը միակ ճիշտ քայլն է այս իրավիճակում։
Եկեք հասկանանք՝ ո՞ւմ է դա պետք, ո՞վ է շահում այս գործադուլից։ Կոլեկտի՞վը՝ ո՛չ, ոչ մի դեպքում, մենք բոլորս տուժելու ենք, նույնիսկ աշխատավարձ վճարելու խնդիր կա։ Այս օրերին, որ կոմբինատը կանգնած է՝ կորած ժամանակ է։ Մենք պետք է վերագործարկենք կոմբինատը, որպեսզի այն ամենը, ինչ նախատեսել ենք տարվա ընթացքում՝ կատարվի, նաև սոցիալական առումով, մյուս բարեփոխումների առումով, նոր համակարգերի ներդրման առումով, բյուջեի նկատմամբ մեր պարտավորությունների առումով։
Մեզ անհրաժեշտ կլինի մեկ տարվա ընթացքում վերանայել հանքի պլանը, վերահաշվարկել մեր բյուջեն, որպեսզի կարողանանք կոմպենսացնել պարապուրդի հետևանքով հասցված վնասը։ Մեր ինչի՞ն էր այդ ամենը պետք։ Բոլորովի՛ն պետք չէր։ Բոլորը տուժում են, կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ տուժում է, տուժում են համայնքը, կառավարությունը , պետությունը։ Պետության համար, իմ պատկերացմամբ, մեծ գլխացավանք կլինի սրա հետևանքով հարկերից զրկվելը։ Մենք բյուջեաստեղծ ընկերություն ենք։ Եկեք մտածենք՝ մարզում իրավիճակի ապակայունացումն ո՞ւմ կարող է պետք լինել․ մե՞զ, կառավարությա՞նը, պետությա՞նը, ո՛չ։ Ուղղակի որոշ ուժեր մեր կոլեկտիվն օգտագործել են իրենց նպատակների համար։ Կան ուժեր, որոնք ուզում են ստանալ կոմբինատի վերահսկողությունը, վերցնել բոլոր նյութական հոսքերի վերահսկողությունը։
Ի՞նչ եք ակնկալում կոլեկտիվից, ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր ուզում են վերադառնալ աշխատանքի։
Տարբերակ առաջին․ դուրս ենք գալիս աշխատանքի, շտկում ենք ստեղծված իրավիճակը, գործում ենք յուրաքանչյուրս մեր պարտականությունների շրջանակում, կոմբինատը վերսկսում է արտադրությունն ու արտադրանքի, խտանյութի առաքումը, և հնարավոր կլինի կատարել վճարումները, այդ թվում՝ աշխատավարձի մասով՝ լիարժեք ու ժամանակին։
Տարբերակ երկրորդ․ եթե աշխատավորները համարում են, որ կարելի է կանգնել, շարունակել չաշխատել, ապա այդ տարբերակը նույնպես հնարավոր է։ Այդ դեպքում կոմբինատը շարունակելու է տնտեսման խիստ ռեժիմով աշխատել՝ սահմանափակելով ու հետաձգելով բոլոր վճարումներն օրենքով սահմանված կարգով։ Դրանից բոլորը կտուժեն։
Ես աշխատանքից հեռացրել եմ ութ անձի, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել գործադուլի կազմակերպման գործում։ Համարում եմ, որ հենց այդ մարդկանց միջոցով է կոլիկետիվն օգտագործվել երրորդ ուժերի կողմից։ Որևէ մարդ, նրանցից բացի, այլևս չի հեռացվելու։ Այնպես որ հանգիստ ներկայացեք աշխատավայր։ Բայց ես գիտեմ, որ որոշ ուժեր, նաև անձինք, որոնք անգամ չեն աշխատում կոմբինատում, անգամ որոշ մարդիկ, ովքեր չեն էլ ապրում Քաջարանում կամ Կապանում, հիմա գտնվում են այստեղ և մասնակցում են այս ապօրինի գործողություններին։ Ավելին, շատ են դեպքերը, երբ ուղղակի սպառնում են մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք դուրս չգան աշխատանքի որևէ պարագայում։ Կոչ եմ անում, բնականաբար, գնալ աշխատավայր, երաշխավորում եմ իմ և կոմբինատի ղեկավարության կողմից՝ կապահովենք աշխատանքի ներկայացած յուրաքանչյուր մարդու անվտանգությունը։ Յուրաքանչյուր միջադեպի առթիվ, միանշանակ, դիմելու ենք պատկան մարմիններին։ Սա արդեն նշանակում է բոլոր կարմիր գծերի հատում, երբ սկսում են սպառնալ մարդկանց։ Դա չի մնալու անարձագանք։ Մենք ստեղծելու ենք անանուն հարթակ, որ ցանկացած իրավիճակի մասին բոլորը կարողանան բարձրաձայնել, և ամեն դեպքի առթիվ դիմելու ենք իրավապահ մարմիններին։ Մեր աշխատակիցների անվտանգությանը ոչինչ չի սպառնալու, այդպիսի բան չի լինելու, կարող եք վստահ լինել։
Ես կարող եմ այս ամենին միայն ավելացնել, որ իրականում մեզնից է կախված, թե ինչպես ենք ապրելու ապագայում։ Մեզանից է կախված՝ ինչպիսի ընկերություն ենք ունենալու, որտեղ աշխատելու են նաև ձեր երեխաները, թոռներն ու ծոռները։ Կլինի ընկերություն, որը կզարգանա բոլորովին այլ սկզբունքներով, ինչ-որ խմբավորումների, ինչ-որ անհասկանալի գործելաոճի վերահսկողությամբ, երբ այլ գրպաններ են գնում կոմբինատի բոլոր ֆինանասկան և նյութական ռեսուրսները։ Թե՞ մենք ուզում ենք ունենալ արդար սկզբունքներով, օրինական կառավարմամբ աշխատող ընկերություն։ Երբ սկսենք աշխատանքը, ես ինքս անցնելու եմ բոլոր արտադրամասերով, անձամբ լսելու եմ մարդկանց, մեր աշխատակիցներին, բոլորը հնարավորություն են ունենալու ինձ ուղիղ հայտնել իրենց մտահոգություններն ու պահանջները, առանց միջնորդների և բողոքի գործողությունների, մենք կարգավորելու ենք աշխատավորներին հետաքրքրող բոլոր խնդիրները։ Այս ամենը ես խոստանում եմ։
Ես աշխատում եմ Հայաստանում 2008 թվականից։ Հայաստանն ինձ համար դարձել է հարազատ երկիր։ Այնպես է ստացվել, որ իմ կյանքը միահյուսված է Հայաստանի հետ, Հայաստանն իմ երկրորդ տունն է։ Եվ իրականում տեղի ունեցածը ես ընկալում եմ ցավով՝ Հայաստանը շատ սիրող մարդու պես։
9 փետրվարի 2025 թ․