Դատավարական անբարեխղճությո՞ւն, դատական համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմո՞ւնք, թե՞ պարզապես օրենքի սխալ կիրառություն (կալանքը որպես խափանման միջոց կիրառելու եւ կալանքից ազատելու պրակտիկայի վերաբերյալ)

09.01.2024 15:22
215

Պրակտիկայում հանդիպում ենք իրավիճակների, երբ դատարանի որոշմամբ կոնկրետ հիմնավորումներով և որոշակի ժամկետով անձի նկատմամբ կիրառվում է կալանք խափանման միջոցը, նախքան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալը վերանում է կալանքի տակ պահելու հիմքը (հիմնավորումը), սակայն անձը շարունակվում է պահվել արգելանքի տակ մինչև կալանքի ժամկետը լրանալը: Այս մոտեցումը խիստ խնդրահարույց և մեղմ ասած՝ օրինական չէ: Գործնականում կիրառություն ստացած այս մոտեցումը պետք է հնարավորինս արագ վերանայվի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի՝ դատախազության կողմից, քանզի գործող մոտեցումը խախտում է անձի անձնական ազատության՝ քրեադատավարական մի շարք երաշխիքներով պաշտպանության ենթակա սահմանադրական իրավունքը: Ստորև կփորձենք ներկայացնել խնդրի իրավական ու գործնական կողմերի վերաբերյալ մեր տեսակետն ու մոտեցման հիմնավորումները:

 

Քննարկվող խնդրի իրավական կողմը.

 Քրեական դատավարության ընթացքում պետությունը կիրառում է դատավարական հարկադրանքի միջոցներ, որոնք արտահայտվում են անձի իրավունքների ու ազատությունների սահմանափակմամբ կամ զրկմամբ: Մինչդատական վարույթում պետական հարկադրանքի միջոցներից առավել խիստը դատավարական հարկադրանքի միջոց կալանքն է: Քանի որ դատավարական այս գործիքը հանդիսանում է անձի սահմանադրական իրավունքներին միջամտելու ամենասուր եղանակներից մեկը, այդ պատճառով օրենսդիրը հիշյալ գործիքի կիրառության համար սահմանել է որոշակի պայմաններ ու դատավարական մի շարք երաշխիքներ:

 ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում թվարկված են այն բոլոր իրավիճակները, երբ դատարանը կարող է որոշակի ժամկետով զրկել անձին անձնական ազատության իրավունքից:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը որպես քրեական վարույթի սկզբունք է հռչակել անձի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի հարգումը՝ ի թիվս այլոց ամրագրելով նաև հիշյալ իրավունքների սահմանափակման պայմաններն ու սահմանները:

 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածը նույնպես ամրագրել է անձին ազատությունից զրկելու սպառիչ դեպքերը: Նշված հոդվածի 3-րդ մասից ուղիղ հետևում է, որ անձի ազատության իրավունքի սահմանափակումը դատական իշխանության իրավազորության ներքո է:

 Անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հիմնական նպատակը անձին կամայական կամ չհիմնավորված ազատազրկումից պաշտպանելն է: Նշված նպատակը առավել մեծ կարևորություն է ստանում հատկապես քրեական արդարադատության իրականացման շրջանակում, քանզի այստեղ մեծ է իշխանական կամայականության հնարավորությունը: Այդ պատճառով քրեական դատավարության ընթացքում անձի անձնական ազատության իրավունքը պաշտպանված է նաև հավելյալ դատավարական երաշխիքներով:

 Այդ է պատճառը, որ ինչպես Կոնվենցիան, այնպես էլ Սահմանադրությունն ու քրեական դատավարության օրենսդրությունը սահմանում են անձնական ազատության իրավունքը սահմանափակելու կամ դրանից զրկելու սպառիչ հիմքերը, այդ ընթացքում անձի իրավունքները, ազատությունը սահմանափակող ակտերի վիճարկման և դատական պաշտպանության հնարավորությունը:

 Անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է լինի օրինական՝ ինչպես ներպետական օրենսդրության նյութական և ընթացակարգային նորմերին համապատասխանելու առումով՝ առաջնորդվելով իրավունքի գերակայության սկզբունքով, այնպես էլ Կոնվենցիոն երաշխիքների պահպանման տեսանկյունից:

Քրեական դատավարության օրենսդրությունը անձի անձնական ազատության իրավունքի պաշտպանության նպատակով նախատեսել է մի շարք երաշխիքներ: Երբ խոսքը վերաբերում է ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կալանքի կիրառությանը, ապա այդ երաշխիքներն ապահովում են`

 ա) դատարանը` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննարկելիս կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննարկելիս,

 բդատախազը` մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս:

 Դատավարական երաշխիքներն ապահովող նշված երկու մարմինները` դատարանն ու դատախազությունը, կոչված են իրենց ֆունկցիաներով լրացնել միմյանց, քանզի նրանցից որևէ մեկը օժտված չէ բացարձակ լիազորություններով և նրանց իրավասությունը ինչ-որ տեղ սկսում և ինչ-որ տեղ ավարտվում է:

 Մինչդատական վարույթում անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման կամ այդ իրավունքից զրկման հարցը հայտնվում է դատական պաշտպանության դաշտում, եթե դատարան է ներկայացվում, օրինակ, կալանքը կամ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն: Եվ դատարանի լիազորություններն ավարտվում են միջնորդության քննությամբ ու դատական ակտի հրապարակմամբ: Մինչդեռ մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունը որպես դատավարական գործառույթ իրականացվում է ինչպես մինչև խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելը, այնպես էլ միջնորդությունը դատարանի կողմից քննության առնելիս ու դրանից հետո: Մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս դատախազն իրավունք ունի հանձնարարություն տալ քննիչին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 49-րդ կետ), հետ վերցնելու քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը կամ մասնակցելու դատական երաշխիքների վարույթին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ), իր որոշմամբ անհապաղ վերացնել անձի իրավունքների կամ ազատությունների ցանկացած ոչ իրավաչափ սահմանափակում, այդ թվում՝ ազատել ոչ իրավաչափ պահվող անձանց (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետ) և այլն: Վերոգրյալները թույլ են տալիս փաստելու, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունը անընդհատ գործառույթ է, այն պայմանավորված չէ դատական երաշխիքներով և առանձին դեպքերում կոչված է պաշտպանելու դատական երաշխքիների արժեքայնությունը:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածում (խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը) սպառիչ թվարկված են այն նպատակները, որոնց հասնելու համար կարող են կիրառվել խափանման միջոցներ: Ի տարբերություն քրեական դատավարության նախորդ օրենսգրքի (ընդունված 1998թ.), որի 135-րդ հոդվածում թվարկված էին խափանման միջոց ընտրելու «հիմքերը», գործող քրեադատավարական օրենսգրքի 116-րդ հոդվածում թվարկված են այն նպատակները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ վարույթով արդարադատության և հանրային շահերի պատշաճ պաշտպանություն ապահովելու համար:

 Գործող քրեական դատավարության օրենսդրությունը ելնում է դատավարության մասնավոր սուբյեկտների վարքագծի ու նրանց կողմից դատավարական պարտականությունների կատարման պատշաճության կանխավարկածից, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել հիմնավոր փաստարկներ այն մասին, որ առկա են քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածում թվարկված նպատակները վտանգող հանգամանքներ:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝

 1.«Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:

 (…):

 4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները(…).»:

 Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական դատավարության օրենսդրությունը քննիչին, դատախազին, իսկ դատական ակտով նաև դատարանին պարտավորեցնում է ներկայացնել այն «հիմնավորումները», որոնք թույլ կտան փաստել հիմնավոր կասկածի առկայությունն ու խափանման միջոց կիրառելու նպատակի իրագործման անհրաժեշտությունը:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

 ­«1. Անձին կարելի է կալանքի տակ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար, և քանի դեռ առկա են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, սակայն ամեն դեպքում այդ ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածով կալանքի տակ պահելու համար սահմանված առավելագույն ժամկետները:»:

 Նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

 «1. Եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, վարույթն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին:

 2. Մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի համաձայնությամբ կիրառված խափանման միջոցը՝ քննիչը՝ հսկող դատախազի համաձայնությամբ:»:

 Ինչպես դիտվում է վերը բերված քրեադատավարական նորմերից, խափանման միջոցների, այդ թվում կալանքի կիրառման առնչությամբ օրենսդիրն օգտագործել է՝ «խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայման» և «խափանման միջոց կիրառելու հիմք» բառակապակցությունները:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածից բխում են խափանման միջոցի կիրառման իրավաչափության հետևյալ պայմանները՝

 1. մեղադրյալին վերագրվող հանցանքը նրա կողմից կատարելու հիմնավոր կասկածի առկայություն,

 2. Խափանման միջոց կիրառելու՝ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում նշված նպատակների առկայություն:

 Այսպիսով, խափանման միջոցի կիրառման հիմք (հիմնավորում) ասելով պետք է հասկանալ այն կոնկրետ փաստական տվյալները, որոնք վկայում են խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանների առկայության մասին և ամրագրված են դատարանի պատճառաբանված դատական ակտում:

 Քննարկելով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը և բավարարելով այն, դատարանը ամրագրում է՝

 1.Այն հիմքերը (հիմնավորումները), որոնք փաստում են տվյալ խափանման միջոցը կիրառելու իրավաչափության պայմանների առկայությունը,

 2. Անձին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը:

 Ինչպես տեսնում ենք, մինչդատական վարույթում անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքը (հիմնավորումը) և կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը սահմանելու իրավունքը տնօրինում է բացառապես դատարանը: Ընդ որում «հիմքը (հիմնավորումը)» և «ժամկետը» խիստ փոխկապված են ու լրացնում են միմյանց: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքը (հիմնավորումը) մի կողմից կարող է գոյություն ունենալ դատարանի սահմանած ժամկետում, որի ընթացքում նախաքննական մարմինը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելու ուղղությամբ, մյուս կողմից եթե հիմքը (հիմնավորումը) արդեն վերացել է, ապա անձին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող հոսել և պետք է ընդհատվի: Այլ կերպ ասած`

 - անձը կալանքի տակ կարող է պահվել առավելագույնը այն ժամկետով, որը որոշել է դատարանը,

 - անձը չի կարող մնալ կալանքի տակ, եթե այլևս գոյություն չունի այն հիմքը (հիմնավորումը), որի մատնանշմամբ վերջինիս նկատմամբ դատարանը կիրառել է այդ խափանման միջոցը:

 Եթե պահպանված չեն թվարկված պայմանները, ուրեմն պետք է փաստվի, որ անձը անազատության մեջ է պահվում անիրավաչափորեն, առանց արգելանքի տակ պահելու անհրաժեշտության:

 Քննարկվող խնդրի գործնական դրսևորումները (խնդիրը ներկայացվելու է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու դեպքերի առնչությամբ):

 Իրավիճակ առաջին. Դատարանը բավարարել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությունը և սահմանել է կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը, սակայն նախքան այդ ժամկետը լրանալը վերացել է կալանքի տակ պահելու հիմքը (հիմնավորումը):

 Քննչական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում նախաքննական մարմինները առավել հաճախակի են դիմում դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Այդպիսի յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմինը միջնորդությամբ ներկայացնում է այն հիմնավորումները, որոնք մեղադրանքի կողմի կարծիքով վկայում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության պայմանների առկայության մասին: Քննարկելով միջնորդությունը և բավարարելով այն, դատարանը պարտավոր է ընդունել պատճառաբանված որոշում՝ դրանում սահմանելով խափանման միջոց կիրառելու հիմքը (հիմքերը) ու կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը: Դատարանի կողմից սահմանված հիմքերը (հիմնավորումները) քանակական առումով կարող են նաև չհամընկնել նախաքննական մարմնի կողմից միջնորդությամբ ներկայացվածի հետ, քանզի դատարանը դրանցից որոշները կարող է գնահատել որպես բավարար փաստական տվյալներով չապացուցված:

 Գործնականում հանդիպում ենք իրավիճակների, երբ նախաքննական մարմինը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք (հիմնավորում) է ներկայացնում, օրինակ, գործով հարցաքննության ենթակա վկաների վրա մեղադրյալի հնարավոր ազդեցությունը: Բավարար համարելով ներկայացված պնդումը, դատարանը որոշում է կայացնում նույն հիմքով (հիմնավորմամբ) որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին՝ սահմանելով օրինակ, կալանքի տակ պահելու մեկամսյա կամ երկամսյա ժամկետ: Նախաքննական մարմինը, նախքան մեղադրյալին կալանքի տակ պահելու դատարանի սահմանված ժամկետը լրանալը կատարում է նախատեսված վկաների հարցաքննությունները, սակայն մեղադրյալը շարունակաբար պահվում է կալանքի տակ մինչև դատարանի որոշման մեջ նշված ժամկետի ավարտը:

 Ներկայացված դեպքում անհերքելի է, որ անձը պահվել է արգելանքի տակ՝ դատարանի կողմից սահմանված հիմքի (հիմնավորումների) սպառված կամ չեզոքացված լինելու պայմաններում:

 Ինչպես արդեն նշել ենք վերը, եթե կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գործընթացի նկատմամբ դատական վերահսկողությունն ավարտվում է այդ միջնորդության քննության արդյունքում որոշում ընդունելով, ապա դրանից հետո դատավարական երաշխիքները չեն ավարտվում, այն ուղղակի տեղափոխվում է դատախազական հսկողության դաշտ: Այլ կերպ ասած՝ վերը բերված իրավիճակում անձի անձնական ազատության իրավունքի պաշտպանությունը պետք է դառնա դատախազական հսկողության առարկա: Նման իրավիճակում, եթե դատախազությունը չի բողոքարկել անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի դատական ակտը կալանավորման հիմքերի (հիմնավորումների) մասով, ապա մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է որոշում ընդունել խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու մասին՝ անհապաղ ազատ արձակելով անազատության մեջ պահվող անձին: Նման մոտեցումն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի իմպերատիվ պահանջից:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դատարանին դիմելու պաշտպանության կողմի իրավունքը որևէ կերպ չի բացառում մինչդատական վարույթի օրինականությունը հսկող դատախազի հիշյալ պարտավորությունը:

 Իրավիճակ երկրորդ. Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել հնարավոր անօրինական ազդեցության բացառման պայմաններում քննչական գործողություններ կատարելու համար մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն, դատարանը բավարարել է այն, սակայն նախաքննական մարմինը առանց հայցված գործողությունները կատարելու ձեռնամուխ է եղել նախաքննության ավարտմանը և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը քննարկելու համար, իսկ դատախազն իր հերթին որոշել է վարույթն ուղարկել դատարան:

 Այսպիսի իրավիճակ կարող է առաջանալ երկու դեպքում`

 1.միջնորդությունը բավարարելուց հետո վերանում է միջնորդություն հարուցելիս դատարանին ներկայացված քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունը կամ դրանց կատարումը դառնում է անհնարին,

 2. ի սկզբանե նախաքննական մարմինը չուներ միջնորդությամբ ներկայացված քննչական գործողությունները կատարելու նպատակ (այս դեպքը կարելի է անվանել նաև խաբեություն կամ դատավարական անբարեխղճության ցուցաբերում):

 Առաջին դեպքում գործ ունենք օբեկտիվ հանգամանքներից բխող իրավիճակի հետ, երբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնելուց հետո վերանում է այն քննչական գործողությունները կատարելու անհրաժեշտությունը, որոնք միջնորդությամբ ներկայացվել էին դատարանին: Այսպիսի իրավիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ուսումնասիրում է հավաքագրված ապացույցները և դրանք բավարար է համարում մեղադրական եզրակացություն կազմելու համար: Մեկ այլ դեպքում կարող է առաջանալ նաև նախատեսված քննչական գործողությունների կատարման օբյեկտիվ անհնարինություն (օրինակ` վկաները, որոնք պետք է հարցաքննվեին, մահացել են, կամ տեղափոխվել են այլ երկիր և տեղեկություն չկա նրանց գտնվելու վայրի մասին և այլն): Այսպիսի իրավիճակներում խնդիրը կրկին հայտնվում է քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության տիրույթում: Հսկող դատախազը, որպես անձի ազատության իրավունքի պաշտպանության երաշխավոր, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և նրան արգելանքից ազատելու ուղղությամբ:

 Երկրորդ դեպքում գործ ունենք առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքի հետ, որի պարագայում հսկող դատախազի կողմից առաջնահերթորեն պետք է ձեռնարկվեն հետևյալ քայլերը.

 ա) վերացվի անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ մեղադրյալին ազատելով արգելանքից,

 բ) միջոցներ ձեռնարկվեն առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահած քննիչի նկատմամբ կարգապահական և կամ քրեական վարույթ նախաձեռնելու ուղղությամբ:

 Վերը թվարկված իրավիճակների առնչությամբ երբեմն հնչում են տեսակետներ նաև այն մասին, որ եթե վերացել է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի սահմանած հիմքը և չի լրացել կալանքի տակ պահելու ժամկետը, ապա մեղադրանքի կողմը կարող է անձին պահել կալանքի տակ մինչև դատարանի սահմանած ժամկետը լրանալը, քանի որ այդ ընթացքում կարող էին ի հայտ գալ կալանքի տակ պահելու այլ հիմքեր (հիմնավորումներ): Եթե մեղադրանքի կողմը չի բողոքարկել անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու միջնորդությունը քննության առնելու մասին դատարանի որոշումը հիմքերի մասով, ապա նման մոտեցումը մեր կարծիքով անտրամաբանական ու օրինական չէ, այն կարող է խախտել քրեադատավարական մի շարք սկզբունքներ: Ինչպես արդեն նշվել էր վերը, անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրել միայն դատարանը և անձը ազատության իրավունքից կարող է զրկվել միայն դատարանի որոշմամբ սահմանված հիմքերով ու ժամկետով, որևէ այլ մարմին իրավասու չէ սեփական հայեցողությամբ սահմանելու անձին կալանքի տակ պահելու հիմքեր: Դատարանը որոշում է անձին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը, որն ուղղակիորեն պայմանավորված է կալանավորման հիմքերով (հիմնավորումներով). չկա կալանքի հիմքը (հիմնավորումը), չի կարող լինել նաև կալանքը: Նախաքննական մարմինը կամ դատախազը չեն կարող ինքնուրույն որոշել կալանքի տակ պահելու հիմքը, քանի դեռ դրան դատարանը գնահատական չի տվել: Եթե վերացել են անձին կալանքի տակ պահելու դատարանի որոշմամբ սահմանված հիմքերը (հիմնավորումները), սակայն տեսականորեն ի հայտ են եկել նոր հիմքեր (հիմնավորումներ), ապա անձը պետք է ազատվի կալանքից և քրեական հետապնդման մարմինը պետք է քննարկի նոր հիմքերով ու հիմնավորումներով անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու հարցը: Հատկանշական է, որ նոր միջնորդությունը դատարանի կողմից կարող է նաև մերժվել՝ այդպիսով հաստատելով մեղադրանքի կողմի կասկածների անհիմն լինելը: Միայն այսպիսի մոտեցման պայմաններում է, որ առավելագույնս պահպանվում են անձի անձնական ազատության իրավունքի պաշտպանության դատավարական բոլոր երաշխիքները և ներպետական ու Կոնվենցիոն ընթացակարգերը:

 

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան

 Գուրգեն Ներսիսյան

Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով

09.05.2024 15:52

«Եվրատեսիլ-2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում «Լադանիվան» ելույթ կունենա մայիսի 9-ին, 8-րդ համարի ներքո

09.05.2024 15:21

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը` Մայիսի 9-ի առթիվ

09.05.2024 13:51

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի ուղերձը՝ Մայիսի 9-ի առիթով

09.05.2024 13:46

Կապան․ հարգանքի եւ խոնարհումի օր

09.05.2024 13:26

Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը

09.05.2024 13:16

Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից

09.05.2024 12:13

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են շուրջ մեկ ժամ

09.05.2024 10:16

Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ

09.05.2024 10:11

В честь Дня Победы

09.05.2024 10:06

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

09.05.2024 10:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով

09.05.2024 09:55