Գետիկ Բաղդասարյան արվեստագետի ստեղծագործական օրրանը պատմական Սյունիքն է, որը հնուց ի վեր եղել է Հայաստանի կրթության, գիտության և մշակույթի խոշոր կենտրոններից մեկը: Ապագա քանդակագործի աշխարհայացքի ձևավորման գործում մեծ ազդեցություն են ունեցել Գլաձորի, Որոտնավանքի, Տաթևի որմնանկարչական դպրոցի գեղագիտական մոտեցումները, մեծ վարպետների կատարած աշխատանքները՝ զարդաքանդակներ, խաչքարեր, բազմաբնույթ տապանաքարեր, որոնցում ժողովրդական արվեստը հասնում է բարձրագույն վարպետության սահմաններին՝ լիովին ապահովելով կատարողական արվեստի ազգային դպրոցի պահանջները: Դեռ երիտասարդ տարիներին դրանք սնեցին Գետիկի երևակայությունը, որն արդեն հասուն տարիքում՝ արվեստի գլուխգործոցներ էր արարելու: Կարելի է պատկերացնել, թե ստեղծագործական ինչ ներշնչանքներ էր ապրում Գետիկը՝ դիտելով Սյունիքում գտնվող Բղենո Նորավանքի քանդակները, միջնադարյան հայ քանդակագործության այն հրաշալի նմուշները, որոնք եզակիներից են Աղթամարի Սբ. Խաչ տաճարի (Վանա լիճ) պատկերաքանդակներից հետո: Յուրացնելով հայ ավանդական արվեստի հարուստ ժառանգությունը, նա համարձակորեն գնաց դեպի ժամանակակից արվեստը, որը նրա առջև բացելու էր ստեղծագործական նոր հորիզոններ:
Գետիկը կրթություն ստացավ Խորհրդային Հայաստանում, որտեղ քանդակագործությունը, որպես պրոֆեսիոնալ արվեստ, ձևավորվել և իր հասունությունը դրսևորել է նախ և առաջ Արա Սարգսյանի և նրանից փոքր-ինչ հետո Հայաստան տեղափոխված մի շարք հայրենասեր արվեստագետների ջանքերով ստեղծված նոր միջավայրում: Նրանց շնորհիվ հայկական քանդակագործությունը հարստացել է բարձրարվեստ մոնումենտալ, հաստոցային ու դեկորատիվ ստեղծագործություններով, որոնք իրենց պատշաճ տեղն են գրավել արվեստում: Հայաստանում այդ ժամանակաշրջանում քանդակագործությունը զարգանում էր սոցիալիստական ռեալիզմի ուղիով, սակայն հայ արվեստագետներից շատերը համարձակություն ունեցան ազատվել դրանից ու ստեղծեցին քանդակներ, որոնք իրենց կատարումով և մտածելակերպով համահունչ են համաշխարհային մշակույթի զարգացման շատ միտումների: Գետիկը խորհրդային տարիների երիտասարդ սերնդի խոստումնալից քանդակագործներից էր, որին մեծ ապագա էր սպասում: Ստանալով ակադեմիական հիմնարար կրթություն և հենվելով հին ու նոր արվեստի ձեռքբերումների վրա, ինչպես և տիրապետելով ժամանակակից նորարարական ուղղությունների շատ սկզբունքների, նա դրանք սինթեզում է հայ արվեստի ավանդույթների հետ և մնում իր յուրահատուկ ձեռագիրն ունեցող քանդակագործ: Նրա նորարարական քանդակներն ընդունվեցին այսպես կոչված լճացման տարիներին և գնահատվեցին խորհրդային ու օտարազգի քննադատների կողմից:
Քանդակագործական և դեկորատիվ-պլաստիկ արվեստի գերազանց զգացողության շնորհիվ Գետիկը ստեղծեց մնայուն ու անկրկնելի հարթաքանդակների մի խումբ. դա մուտքն է պատմական Սյունյաց աշխարհ և կոչվում է «Զանգեզուրի դարպասներ», իսկ ժողովուրդն այն անվանեց «Զանգեր», որոնք կղողանջեն Հայոց երկիր թշնամու ներխուժման յուրաքանչյուր փորձի դեպքում: Համալիրի քանդակներն իրենց կատարման ոճով ու պատմական դեպքերի դրվագային արծարծումներով մեկը մյուսին չեն կրկնում, և այս բազմազանության մեջ դժվար է առանձնացնել որևէ մեկը. բոլորը հավասար են իրենց գեղարվեստական մտածողությամբ, կատարման վարպետությամբ և ճարտարապետական լուծման միասնությամբ: Քանդակների բովանդակությունն առնչվում է պատմական իրադարձություններին, և այս հանգամանքը թելադրել է օգտագործել ազգային տարբեր մոտիվներ՝ ազգագրական, պատմական, կենդանական և այլն: Արվեստագետն ակնառու դարձրեց ոչ միայն իր ստեղծած կերպարների պատմական նշանակությունը, այլև նրանց տվեց մի նոր շունչ՝ թարմ, յուրահատուկ մոտեցումներով զարգացնելով հայ քանդակի ավանդույթները: Հուշահամալիրը գտնվում է Որոտանի լեռնանցքի բարձրագույն կետում և տարածության մեջ դիտվում է որպես միաձույլ ամբողջականություն:
Գետիկ Բաղդասարյանը 2006 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական եկեղեցու համար ստեղծեց «Տառերի գյուտը», «Քրիստոնեության ընդունումը» հարթաքանդակների շարքը: Դրանք քանդակագործական արվեստի հասուն գործեր են (այստեղ պետք է նշել նաև «Զանգեզուրի դարպասներ» շարքը), որոնք առանձնանում են մոնումենտալությամբ, կերպարային մանրամասների իմաստալից ընդգծումներով: Մարդկանց դեմքերը խոսուն են, նրանք ունեն արտահայտիչ դիմագծեր, և այս հանգամանքը, թվում է, ավելի է ընդգծում կերպարների հերոսականությունն ու ցայտուն անհատականությունը: Շարքի հարթաքանդակներն իրավամբ իրենց արժանի տեղն ունեն ժամանակակից հայ մշակույթում:
Գետիկ Բաղդասարյանը հմտորեն տիրապետում է ժամանակակից քանդակագործության տեխնոլոգիաներին, որոնցից է մետաղյա քանդակների ստեղծումը զոդման միջոցով: Որպես նյութ օգտագործելով մետաղաձողերը և զոդելով դրանք՝ նա կարողանում է ստեղծել արտահայտիչ պատկերներ, դիմաքանդակներ, որոնց մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն «Մարտիրոս Սարյան», «Եղիշե Չարենց», «Դանթե» գործերը: Օգտագործելով երկաթը որպես քանդակի կառուցվածքի միասնականացման պարզ հիմք, ուրվագծելով կերպարի բարդ ու բազմակողմանի բնույթը, քանդակագործը կարողանում է անշունչ մետաղի միջոցով բացահայտել անհատի ներաշխարհը:
«Պատերազմի արհավիրքը» քանդակով՝ Գետիկը մոտենում է նեոռեալիստներին, որոնք վերագտան «խոսքի» ազնվությունը, անմիջականությունն ու մարդկայնությունը: Զոդման միջոցով քայլ առ քայլ վերամշակելով մետաղը՝ քանդակագործը մտնում է կերպարի էության մեջ՝ վերհանելով ողբերգություն ապրած մարդուն, որը տեսել է ատոմային պատերազմի արհավիրքը։
Գետիկը կարողանում է կարևորել օգտագործվող նյութի հատկությունները, ընդլայնել պլաստիկ արտահայտչականության սահմանները, հասնել կերպարի բազմակողմանի բացահայտման: Այդպես է «Դանթե» քանդակում: Դանթե Ալիգիերին եկեղեցու իշխանությունից, ընդհանրապես` միջնադարյան կապանքներից մարդու ազատագրման միտումի առաջին գեղարվեստական արտահայտությունն է եվրոպական գրականության մեջ: Սա է Դանթեի նորարարությունը: Նա ճեղքում է միջնադարյան պատնեշները և ճանապարհ բացում դեպի Պետրարկան ու Բոկաչչոն, դեպի Վերածնություն: Այդ կերպարը ոգեշնչել է նաև Գետիկ Բաղդասարյանին, և նա, քանդակային նոր տեխնոլոգիաներից ընտրելով զոդումը, ստեղծեց Դանթեի դիմաքանդակը, որը ցուցադրվել է Իտալիայի Ռավեննա քաղաքի «Դանթե Ալիգիերի» միջազգային բիենալեներին և շահել մրցանակներ դանթեական թեմաներով քանդակների համար. 1994-ին «Կյանք-դրախտ-դժոխք» աշխատանքի համար՝ բրոնզե մեդալ, և 1998-ին «Հոգու աչքեր» աշխատանքի համար՝ Ֆլորենցիայի քաղաքապետարանի ոսկե մեդալ:
Գետիկ Բաղդասարյանը, որպես ճշմարիտ և ազնիվ արվեստագետ, մեծագույն հարգանք ունի իր նախորդների նկատմամբ: Հարցազրույցներից մեկում նա հիացմունքով է խոսում հայ անվանի արվեստագետների մասին, որոնց համարում է իր ուսուցիչները: Օրինակ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի մասին ասում է. «Չուբարյանի գործերը շատ հայերեն են. նա ամենահայ քանդակագործներից մեկն է: Ի՞նչ է հայ քանդակագործությունը: Դա ասկետիզմն է, քիչ շարժումներով շատ բան ասելը, քիչ տաշելը, ամենագլխավորն ընդգծելու կարողությունը: Հայ քանդակագործությունն, ընդհանրապես, պատմել չի սիրում, լուռ է»:
Պահպանելով ռեալիստական արվեստի որոշ ձևամիջոցներ՝ նշանավոր գործիչների կիսանդրիներում ու արձաններում Գետիկը կարևորել է կերպարի անհատական նկարագրի ու ներաշխարհի բացահայտումը ուրույն, միայն նրան հատուկ գծերով: Այդպիսի գործերից են՝ «Առնո Բաբաջանյան» (1984, մարմար), «Հրանտ Մաթևոսյան» (1983, մարմար), «Համո Սահյան» (2016, բազալտ), «Օհան Դուրյան» (2014, բրոնզ, ապակի), «Գուսան Աշոտ» (2006, մարմար, բազալտ):
Գետիկ Բաղդասարյանին «Թեքեյան» մշակութային միությունը 2007 թվականին արժանացրեց «Վահան Թեքեյան» մրցանակի, որը ժամանակին ստացել են նաև մի քանի տասնյակ երևելի արվեստագետներ՝ Օհան Դուրյանը, Սիլվա Կապուտիկյանը, Տիգրան Մանսուրյանը... Այդ մտավորականների շարքն ավելացավ նոր անունով՝ քանդակագործ Գետիկ Բաղդասարյան։ Կերպարվեստի անվանակարգում նա մրցանակ ստացավ «Եղիշե Չարենց» դիմաքանդակի համար։
Ջիմ Թորոսյանի նախագծով Էջմիածնում կառուցվեց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին (օծումը՝ 2011 թ.), որի ներսում, խորանների աջ ու ձախ մասերում, որպես «գավազանագլուխներ», կանգնեցված են Գետիկի ստեղծած քանդակները: Դրանք կառույցի ներսում դիտվում են ընդհանուր գեղարվեստական ու իմաստաբանական պահանջներին համապատասխան և ընկալվում որպես ճարտարապետական միջավայրի անքակտելի մաս։
Գետիկ Բաղդասարյանի համազգային ճանաչումը չուշացավ. ՀՀ «նախագահի 2011 թվականի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հայրենի արվեստի և մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ավանդ համար նրան շնորհվեց ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչում:
Գետիկ Բաղդասարյանի վառ երևակայությունը, նուրբ ճաշակը, հայ և համաշխարհային արվեստի խոր իմացությունը, քարի, հատկապես նրա որակի և գունային բազմազան երանգների բնատուր զգացողությունը, մետաղի, փայտի լեզուն հասկանալու նրա աստվածաշնորհ ձիրքը և վերջապես՝ արվեստագետի կուռ ձեռքը ստեղծում են արվեստի մնայուն ու անկրկնելի գործեր, որոնք պատիվ կարող են բերել ամեն մի արվեստագետի:
Գետիկի կողմից ստեղծված յուրաքանչյուր գործ արդյունք է մեծ սիրո և նվիրումի, որ յուրաքանչյուր իսկական արվեստագետ պարտավոր է տածել արվեստի նկատմամբ: Բազմաթիվ են մոնումենտալ ու քաղաքային միջավայրի համար նրա կատարած գործերը, որոնք գնահատվեցին խստապահանջ արվեստագետների ու ժողովրդի կողմից և իրենց մնայուն տեղը գտան մշակույթի պատմության մեջ։
Սեն Հովհաննիսյան