Ստորև՝ հատված «Սյունյաց երկիր» թերթի՝ գրողի 100-ամյակին նվիրված հատուկ համարի (2015 թ․)՝ Սամվել Ալեքսանյանի հեղինակած խմբագրականից։
***
Սերո Խանզադյանը, անտարակույս, պատկանում է ողջ հայ ժողովրդին, եւ, ինչպես ինքն էր ասում, իր ծննդավայրն ամբողջ Հայաստանն է: Սակայն Սյունյաց աշխարհում եւ մասնավորապես Գորիսում նա ունեցել է եւ շարունակում է ունենալ առանձնահատուկ ընկալում, թեեւ Սերո Խանզադյան երեւույթի (ինչպես եւ բոլոր գրողների ու հասարակական-քաղաքական գործիչների) գործունեությունը պետք է դիտարկել (ինչը եւ արվում է) իր ժամանակի մեջ:
Սերո Խանզադյանն ինքը Գորիսն էր, Սյունիքն էր՝ ամբողջապես, ոգեղենացած:
Գորիսի պատմության, Գորիսի բառ ու բանի, Գորիսի ավանդույթների կենդանի կրողն էր:
Իր փոքր հայրենիքի բնաշխարհի գույներն ու պատկերները, իր լեռնաշխարհի մարդկանց, նրանց սովորույթներն ու բարքերը գեղարվեստականացնողն ու գրականություն բերողն էր, ինչը մինչ այդ արել էր սքանչելագործ ու ոսկեբերան Բակունցը:
Ինքը Գորիսի ու գորիսեցու հպարտությունն էր ու շարունակում է լինել այդպիսին, ինչպես Ակսել Բակունցն ու Գուսան Աշոտը, Գրիգոր Տաթեւացին ու Հովհան Որոտնեցին, Ստեփանոս Սյունեցին ու Մովսես Տաթեւացին (Խոտանանցին), Համո Սահյանը, ինչպես Սյունյաց աշխարհի միջնադարյան քերթողները Շաղատի վարդապետարանից, Տաթեւի համալսարանից ու Սյունյաց մեծ (Հարանց) անապատից:
Սերո Խանզադյանը, ինչպես Համո Սահյանն է ասում, 20-րդ դարի երկրորդ կեսի «մեր արձակի օրինական նահապետն է», իսկ նրա թողած գրական ժառանգությունը հայ գրականության «անկողոպտելի գանձերից» է:
Համո Սահյանն ասում է նաեւ՝ Սերո Խանզադյանը յոթ հազար տարեկան էր եւ ուղեկիցն էր հայ ժողովրդի ամբողջ պատմության:
Ինքն էր, որ անհայտությունից հանեց եւ գեղարվեստական գրականություն բերեց մեր ժողովրդի ու մեր պետականության հեթանոսական շրջանի մի ամբողջ դարագլուխ, ինչը պատմագիտության մեջ արել էր մեր մյուս մեծ հայրենակիցը՝ Նիկողայոս Ադոնցը (նկատի ունենք «Քննական պատմություն Հայոց» կոթողային աշխատությունը):
Ինքը, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասում, «իր եւ բոլորիս նախնու տանուլ տված հաղթանակները ետ բերելու» ու «իր եւ մեր նախնու չապրած կյանքերն ապրելու» համար մարտնչողն էր:
Հովհաննես Բաղրամյանի բնութագրմամբ՝ սպարապետ էր հայ գրականության մեջ:
Մեկ ուրիշի ձեւակերպմամբ՝ իր օրերի հայ գրականության Արամազդն է:
Խիզախ հայորդի էր, մեր ազգային հիմնախնդիրների լուծման համար զոհաբերության պատրաստ գործիչ. դրա դրսեւորումներից մեկը 1975 եւ 1977 թվականներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով Խորհրդային Միության ղեկավարի սեղանին դրված նամակներն էին՝ հայոց պահանջատիրության հստակ եւ համարձակ շեշտադրումով:
Ոչ միայն Արցախի ազատագրական նորօրյա պայքարի ակունքներում կանգնածներից էր, այլեւ այդ պայքարի գաղափարախոսներից, ոգեշնչողներից, կազմակերպիչներից, նաեւ մարտիկներից:
Տեսնել էր պետք, թե ինչպես է ոգեպնդում հայոց սահմանների ու հայոց արժանապատվության համար ոտքի ելած մերօրյա ֆիդայիներին, ճակատ մեկնող տղաներին: Նրա մեկ նախադասությունը բավական եղավ, որ ժամերի ընթացքում ասպարեզից դուրս մղվի Գորիսի տարածաշրջանի ադրբեջանաբնակ Որոտան գյուղը, որը Գորիս-Կապան ավտոմայրուղում անվերջ սադրանքների տեղիք էր տալիս՝ մարդկային կյանքեր խլելով:
Ինքը մեր երկրամասի նորագույն շրջանի պատմագիրն էր, դարերի ընթացքում Սյունիքում հյուսված, մանրագործված եւ սերնդեսերունդ փոխանցված ու մոռացության սպառնալիքի առջեւ հայտնված ասքերի, ավանդազրույցների, հեքիաթների, լեգենդների ու առասպելների հավաքողն ու գալիքին փոխանցողը:
Ոչ միայն խոսքի մեծ վարպետ էր, այլեւ գորիսյան ժողովրդախոսակցական լեզվի, համով-հոտով մեր բարբառի պահապանը:
Ի վերջո, նա Սյունյաց աշխարհի, նաեւ ամբողջ Հայաստանի քայլող հանրագիտարանն էր:
Հայ ժողովրդի անվախճանության բանաձեւը
Գեղարվեստական իսկական արժեքներ ստեղծելու հետ մեկտեղ Սերո Խանզադյանն արծարծել է արդիական խիստ հնչեղություն ունեցող հարցեր եւ առաջարկել լուծումներ: Ավանդել է դասեր, ձեւակերպել սկզբունքներ, պատվիրաններ, որոնք ոչ միայն արդիական են, այլեւ, կարելի է ասել, մեր ազգային գաղափարախոսության, ազգային ճշմարիտ աշխարհայեցության հիմնարար բաղադրիչներ կարող են համարվել այսօր եւ հավիտյանս:
Նա ողջ կյանքում պարուրված էր ազգային ոգու եւ կերտվածքի ոգեկոչման մտահոգությամբ:
Նրա ստեղծագործություններն արտահայտում են պայծառատեսություն հայ ժողովրդի վաղվա օրվա հանդեպ, ամրագրում հայ ժողովրդի անվախճանության գաղափարը: Ըստ գրողի՝ ոչ մի դահճի կամ դահճապետի, ոչ մի յաթաղանավոր ոհմակի չի հաջողվի պատմության երթից հանել հայ ժողովրդին, կոտրել նրա կամքն ու ոգին: Պատահական չէ, որ գրողի շատ-շատ հերոսներ ունեն գերագույն մտասեւեռում՝ «Մահ իմացեալ անմահություն է»:
Նա ունի հայրենասիրության անխոտորելի իր բանաձեւը՝ անմնացորդ տրվել հայրենիքի սիրույն, հայրենական ուխտին զոհաբերել ամեն ինչ՝ կյանք, կայք, հոգի, մարմին…
Նա ունի հայ մարդու անկոտրում խառնվածքի իր ընկալումները՝ ամենաօրհասական պահին փրկության ելք գտնելու կամք ու հավատ:
Պատվիրանների պես են հնչում մեր ժողովրդին սթափության կոչող նրա նկատառումները:
«Պետք չէ հավատալ եվրոպական դիվանագիտության փուչ խոստումներին, - ասվում է Անդրանիկ զորավարի շուրթերով, ապա պնդում, - տխմարություն է հուսալ, թե Եվրոպան մեզ համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշքը պետք է գործի: Մեր ազգը նախ իր վրա անսահման հավատ պիտի ունենա»:
Նա փրկություն հուսալն արտաքին ուժերից դժբախտություն էր համարում, հավատը Եվրոպայի հանդեպ՝ կույր ձգտում, խոտոր ճանապարհ. «Եվրոպայի հոգին խորթ է մեզ: Մեր ժողովրդի առաջնորդները մոլորությամբ հաճախ են մեզ մղել քաղաքական մուրացկանության: Իմացեք, մուրացիկին օգնում են զզվանքից: Մուրացիկին ու հաշմանդամին անկելանոց են տալիս, ոչ թե հայրենիք:
Ինչքան էլ դաշնակցի բազուկն ուժեղ լինի, ու դաշնակիցն էլ հովանավորի դեր ստանձնի, միեւնույն է՝ ազգը պետք է ինքը տնօրինի իր բախտը: Ռուսական զենքի ու զորքի հետ կապված մեր ազգային սպասումներն ու երազները ոչ միայն հօդս են ցնդել, այլեւ անարգ ոսոխի արյան խրախճանքի պատճառ են դարձել… »:
«Վայ էն ազգին, որ չի հավատում իր վաղվա արեւին»:
«Հույսը կորցնելը կորստաբեր է, ինչպես ճակատամարտում կորցնես սուրդ: Վհատությունը փութացնում է անկումը: Իմացեք, հուսահատությունը տառապյալների կործանման գրավականն է»:
Սերո Խանզադյանը գրոց ուժի հետ միասին զորական ուժն է կարեւորում: «Գրոց ուժը չէ միայն հենասյուն. ամենից առաջ զորական կերտվածք եւ ուժ տվեք ձեր զավակներին»:
«Հայրենիքի զինվոր եղեք, հայրենիքին մատաղ»:
Մեսրոպ Մաշտոցի շուրթերով ասում է. «Ես գիր տվի ձեզ, որ լույս ունենաք ձեր տանն ու հոգում: Բայց կմարի լույսը, եթե դուք մոռանաք սուր բռնելու գործը: Սուրն ու գիրը՝ ձեզ պաշտպան, հիշեցեք»:
Սերո Խանզադյանը պատգամում է՝ չհավատալ թուրքի երդումներին…., պետք է թշնամու հետ գործել «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով:
«Պետք է ձեզ վարժեցնեմ թշնամու արյուն թափելուն, տղաներ»:
Սերո Խանզադյանը հայոց առաջնորդների արժանապատվության հարցն է բարձրացնում. ամենահզոր տերությունների առաջնորդների մոտ հայ իշխանն իրեն պետք է պահի արժանապատվորեն, առանց նվաստացումի…
Իսկ ազգին համախմբելու հարցում հետեւյալ կարծիքին էր՝ պետք է հենվել ոչ թե անհատների վրա, թեկուզ նրանք ամենազոր լինեն, այլ՝ համախումբ բռունցքի վրա:
Գարեգին Նժդեհի շուրթերով ասում է. «Մեր ապագան կախված է ներկայից: Վաղն ազգովի պիտի հնձենք այն, ինչ սերմանում ենք այսօր»: Իսկ հայոց դատը, ըստ գրողի, արդար լուծում կունենա: Մովսես Կաղանկատվացու հայտնի խոսքն է մտաբերում. «Ճշմարտությունը չի կարող ծածկված մնալ, եւ լույսը՝ փակի տակ լինել»:
Սյունիք-Զանգեզուրը՝ գրողի ներշնչանքի աղբյուր
Սերո Խանզադյանի համար հայրենիքը պետական-աշխարհագրական նեղ հասկացություն չէ: Հայրենիքն ամբողջ Հայաստանն է՝ պատմական իր տարածքներով: Եվ պատահական չէ, որ առիթ լինելու դեպքում ասում էր. «Իմ ծննդավայրն ամբողջ Հայաստանն է»: Դրա ապացույցը նրա գրական ողջ ժառանգությունն է: Անգամ հայրենի լեռնաշխարհին կամ իր կենսագրությանն առնչվող եւ վավերական հիմքեր ունեցող գործերում գեղարվեստական ընդհանրացումներ է անում՝ համազգային, համամարդկային կտրվածքով: Իսկ որոշ գործեր ուղղակի հաստատում են, որ գրողի ծննդավայրն իրոք ամբողջ Հայաստանն է: «Հայրենապատում» մատյանը դրա վառ ապացույցն է: Գրքի տարբեր հատորներում կարելի է հանդիպել մեր հանրապետության ամեն մի բնակավայրի կենսագրության: «Հայրենապատումը», ինչպես նշում է Սուրեն Աղաբաբյանը, «….իր պատումներով ի մի է բերում, մի առանցքի շուրջ է համախմբում հայոց հայրենիքը՝ աշխարհագրությամբ, նյութական ու հոգեւոր իրողություններով, նրա ալեհեր պատմությամբ….»:
Հեթանոսական Հայաստանի գրեթե բոլոր գավառների վերաբերյալ պատումների ենք հանդիպում «Թագուհին Հայոց» վեպում:
Բազում են այդ օրինակները:
Այդ բոլորով հանդերձ՝ գրողի փոքր հայրենիքը՝ Գորիսը, ու Սյունիք-Զանգեզուր լեռնաշխարհն իրենց առանձնահատուկ կնիքն են թողել նրա ստեղծագործական աշխարհի եւ ազգային գործչի նրա կերպարի վրա:
Առհասարակ աշխարհագրական միջավայրը մեծ նշանակություն ունի գրողի ներաշխարհի կայացման հարցում: Այն մեծ ազդեցություն է թողնում գրողի հոգեկերտվածքի, աշխարհընկալման կերպի, ինչպես նաեւ բնությունը ճանաչելու, նրա հետ հաղորդակցվելու եւ ներդաշնակվելու, գեղեցիկն ընկալելու մոտեցումների վրա:
Սերո Խանզադյանի աշխարհաճանաչողության հիմնական փուլը կայացել է իր հայրենի ծննդավայրում:
Դրա լավագույն վկան է «Մատյան եղելությանց» վեպը, որտեղ նա, ներկայացնելով պատերազմական ու հետպատերազմյան տարիների բարոյահոգեբանական մթնոլորտը Գորիսում, կերտել է հավերժական քանդակներ հիշեցնող կերպարներ: Վեպը, ըստ էության, Ա.Բակունցի «Կյորես»-ի շարունակությունն է:
Սերո Խանզադյանի բավականին մեծ թվով պատմվածքները հայրենի եզերքում անցկացրած օրերի հետ աղերսներ ունեն կամ էլ կառուցված են իր հայրենակիցներից լսած պատմությունների զրույցների հիման վրա:
Սյունյաց աշխարհի պատմության առանձին հերոսական ու ողբերգական դրվագներ եւս նրա ստեղծագործությունների թեմաներն են դարձել: Դրանք «Մխիթար Սպարապետ», «Շուշի», «Անդրանիկ», «Նժդեհ» վեպերն ու մի քանի այլ ստեղծագործություններն են:
Երկրամասի սոցիալ-տնտեսական ընթացքի որոշակի ուշագրավ իրողություններ նրա գրական ստեղծագործությունների համար սյուժեներ դարձան: Այդ առումով հիշատակության արժանի է «Քաջարան» վեպը:
Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կարելի է հանդիպել սյունիքյան պատկերների, առնչությունների: Նույնիսկ «Թագուհին Հայոց» վեպում, որի իրադարձությունները տեղի են ունենում Ք.ա. 2-րդ հազարամյակում, Հայասա երկրի թագավորը՝ Կարաննին, եւ Հայոց Թագուհին՝ Մարի Լույսը, առնչվում են Արցախ աշխարհի, Վարարակն գետի հովտում ապրող ցեղախմբերի հետ, որոնք դեռեւս քարայրերում էին բնակվում: Վեպում տեսնում ենք նաեւ Սիսական աշխարհի ցեղապետերից մեկի՝ Գեղամի դստերը: Մարի Լույսն ապրում է Սիսական աշխարհից ստացած տպավորություններով:
Սերո Խանզադյանը մինչեւ կյանքի վերջ կապված մնաց իր բնաշխարհին: Իսկ եթե որոշ ժամանակով բացակայում էր Հայաստանից եւ Զանգեզուր գալու հնարավորություն չէր ունենում, ապա չէր կարողանում թաքցնել կարոտը:
Այդ առումով ուշագրավ տողերի ենք հանդիպում 1965թ. Փարիզից Համո Սահյանին հղած մտերմական նամակում. «Ի՞նչ եղավ գյուղ գնալդ: Գնա, Երեւանը չի փախչի, գնա: Հայրիկիդ մոտ երկար մնա, որ կարոտն առնի, մեղք է Սահակ դային: Երբ կարոտդ առնես, պրծնես, գնա Գորիս: Ցուրտ աղբյուրի քարը կհամբուրես, հետո կչոքես ու բռով մի կուշտ ջուր կխմես, «քարահունջ» էլ: Չափավոր: Ուխա՜յ…
Գորիս գնալիս մեր տանը կմնաս, մայրիկը մենակ է, թող նա էլ իմ կարոտն առնի քեզանից: Առավոտներն առանց նախաճաշելու տանից դուրս չգաս, մայրիկը կանհանգստանա: Երեկոները չուշանաս, մայրիկի քունը չի տանի:
Բաբուն Տիգրանին անպատճառ կտեսնես, կհետաքրքրվես՝ թոշակն ավելացրի՞ն, թե՞ չէ:
Քարահունջ մտնելիս Ալբերտի վիճակն իմացիր, տես ինչ նոր բան է գրել:
Կուքեր ամուն ասա՝ թող մի հորովել երգի, ականջ արա…
Մեր հորովելը, թեւերը թափ տալով, եկել-մտել է Փարիզի դահլիճները:
Ականջդ կանչի, Կուքեր ամի»:
Առհասարակ Սյունիք-Զանգեզուրը գրողի անսպառ ներշնչարանն էր:
Համո Սահյանը հիշում է, թե ինչպես Գորիսի գյուղերից մեկում Սերո Խանզադյանը, ի պատասխան իր կենացի, խոսք ասաց. «Էն Իշխանասարի գլխի ամպը տեսե՞լ եք, որ անձրեւ է թափում, թեթեւանում, կամաց-կամաց գլորվելով գալիս մտնում ձորը, գետից ջուր խմում, գնում: Գնում է, որտեղ մի ցամաք ածու է տեսնում, թեւերը թափահարում է, վրան ջուր շաղ տալիս ու շարունակում ճանապարհը: Էդպես էլ ես: Հենց որ դատարկվում եմ, գալիս եմ էս ձորերը, լցվում եմ ձեր խոհ ու խոսքով, ձեր ծիծաղով, ձեր լավ-լավ երազներով… Էն ամպի պես էս ձորերից ջուր եմ առնում, որտեղ մի ծարավ, պապակ սիրտ եմ տեսնում, ջուր եմ տալիս, որ հովանա, զվարթանա: Մեր հողն ու իմ հոգին անբաժան են»:
Այդ տեսակետից ուշագրավ են Սերո Խանզադյանի բանահավաքչական պրպտումները, որ 1940-ականներին հրատարակեց առանձին գրքով: Հետագայում՝ 1976-ին, հավաքված հեքիաթներն ու զրույցները հրատարակվեցին «Ավանդատուն» ժողովածուում:
Սյունյաց աշխարհի հեքիաթների մի փունջ հետագայում ընդգրկվեց հայկական ժողովրդական հեքիաթների բազմահատորյակի ակադեմիական հրատարակության մեջ:
Գրողն ամեն առիթ օգտագործում էր իր երկրամասի ծիսական ավանդույթներն ու երաժշտությունը նույնպես համաշխարհային հանրությանը ներկայացնելու համար:
1967թ. Ավետիս Մեսումենցը ծրագրել էր Փարիզում «Մխիթար Սպարապետ» վեպի հիման վրա ստեղծել օպերա: Մեսումենցի նամակներից իմանում ենք, որ Ս.Խանզադյանը նրան է ուղարկել Խնձորեսկի եւ ընդհանրապես Գորիսի շրջանի ժողովրդական երգեր, որոնք պետք է օգտագործվեին՝ ա) Մելիք Բարխուդարի ամրոցում տեղի ունեցող հարսանեկան հանդեսի ժամանակ, բ) Հալիձորի բերդում՝ Մխիթարի կողմից այն վերագրավելուց հետո:
Ս.Խանզադյանի հասարակական-քաղաքական եւ ազգային գործունեությունից մի դրվագ
Նկատի ունենք Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Բրեժնեւին հղած նամակները, որոնք առնչվում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
Առաջին նամակը գրվեց 1975թ. մայիսի 13-ին: Նամակի համար պատճառ եղավ կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Կեւորկովի զեկուցումը մարզկոմի պլենումում: Կեւորկովը, նացիոնալիզմի դեմ պայքարի խնդրով սքողված, երկպառակություն է սերմանում մարզում: Զեկուցումը տպագրվել էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթի 1975թ. մարտի 23-ի համարում: Դրան հաջորդել են մարզի շրջանային թերթերի հրապարակումները:
Կեւորկովի վարքագծի մասին Ս.Խանզադյանը հեռագիր է հղում Հեյդար Ալիեւին, ով այդ ժամանակ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր: Ալիեւը չի պատասխանում գրողին: Սերո Խանզադյանն էլ նամակ է հղում ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւին:
Ս.Խանզադյանն իր ասելիքն այսպես է ամփոփում. «Թե՛ ազգային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական նկատառումներով, Ղարաբաղի Հայկական Ինքնավար Մարզը պետք է մտնի Հայկական Հանրապետության կազմի մեջ»:
Երկրորդ նամակը գրվեց 1977թ. հուլիսին: Նամակը նորից ուղղված էր ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւին:
Նոր նամակի պատճառը «կՐՏոսպՎօ ՎՌՐՈ Ռ րՏՓՌՈսՌջՎՈ» ամսագրի 1977թ. թիվ 6-ում հրապարակված մի հոդված էր, որում խոսվում է Ղարաբաղի մասին, աղավաղվում Ղարաբաղի պատմությունը:
32 լեզվով եւ աշխարհի 145 երկրում տարածվող պարբերականի հրապարակումը ստիպում է Սերո Խանզադյանին կրկին դիմել ԽՍՀՄ ղեկավարին՝ պահանջելով. «Մեր միասնական հզոր պետության սահմաններում գտնվող զուտ հայկական մարզը, ավելի քան 80 տոկոս հայկական բնակչությամբ, հայկական դպրոցներով, պետական հայերեն լեզվով, պետք է գտնվի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի կազմում»:
Եվ քանի որ «կՐՏոսպՎօ ՎՌՐՈ Ռ րՏՓՌՈսՌջՎՈ» ամսագիրը տպագրվում էր Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրագայում, Ս.Խանզադյանը նամակ է հղում նաեւ այդ երկրի ղեկավար Գուստավ Հուսակին՝ գրելով. «….Համոզված եմ, որ շուտ թե ուշ, Ղարաբաղյան հարցը պետք է որոշվի: Չի կարելի հանդուրժել այն, որ Հայկական Ինքնավար Մարզն անջատված է իր մայր հայրենիքից»:
Նամակում Ս.Խանզադյանը ներկայացնում է նաեւ Նախիջեւանի վիճակը:
Ս.Խանզադյանը նամակ է գրում «կՐՏոսպՎօ ՎՌՐՈ Ռ րՏՓՌՈսՌջՎՈ» հանդեսում տպագրված հոդվածի հեղինակներին՝ Հնդկաստանի կոմկուսակցության ազգային խորհրդի անդամ Սարադա Միթրային եւ Իրաքի կոմկուսակցության անդամ Ադել Խաբային, ինչպես եւ ամսագրի խմբագրական կոլեգիային, ԽՄԿԿ կենտկոմի բաժնի վարիչ Եվգենի Տյաժելնիկովին:
Ղարաբաղյան հիմնախնդրով Ս.Խանզադյանը 1985թ. նամակ է ուղարկում ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին: Նամակն ամփոփվում է այսպիսի նախադասությամբ. «Իբրեւ կոմունիստ, ով իր կուստոմսը ստացել է ռազմաճակատում, թախանձագին խնդրում եմ Լեռնային Ղարաբաղի ու Նախիջեւանի հարցը դնել ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյում եւ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը վերադարձնել Հայաստանին»:
Թե ինչ ընթացք եւ արձագանք են ունեցել այդ նամակները, խոսակցության առանձին նյութ է: Ակնհայտ է մի բան՝ նամակներից յուրաքանչյուրը եւ հատկապես 1975 ու 1977թթ. նամակներն աննախադեպ երեւույթ էին խորհրդային կարգերի պայմաններում եւ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տասնամյակներ շարունակ տեւող պայքարում:
Իսկ Ղարաբաղի խնդրի շուրջ Ս.Խանզադյանի գործունեության մասին ավելի հանգամանալից ծանոթանալու հնարավորություն ենք ստանում իր իսկ հեղինակած վերջին գրքից՝ «Ղարաբաղը կրակների մեջ»: