Սակայն նրա ողբերգությունը չավարտվեց մահապատժով։ Ավելի քան երկու տասնամյակ նրա ընտանիքը չգիտեր ճշմարտությունը՝ հավատալով, որ նա դեռևս կենդանի է, աքսորված է հեռավոր ճամբարներից մեկում և մի օր կվերադառնա։
Ստորև ներկայացվող ուսումնասիրությունը հիմնված է շուրջ քառասուն բացառիկ փաստաթղթի վրա՝ Բակունցի հարազատների, պետական մարմինների և տարբեր անձանց միջև կատարված նամակագրության, հեռագրերի ու պաշտոնական պատասխանների։ Այս նյութերը ոչ միայն վերականգնում են Բակունցի ճակատագրի փաստաթղթային տարեգրությունը, այլև բացահայտում են ստալինյան վարչակարգի ամենադաժան մեխանիզմներից մեկը՝ զոհի մահը թաքցնելու և ընտանիքին տարիներ շարունակ կեղծ տեղեկություններով ապրեցնելու քաղաքականությունը։
Գրականագետ Թեհմինա Մարությանի այս ուսումնասիրության մեջ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում և ամբողջական քննության առարկա դառնում Ակսել Բակունցի ընտանեկան արխիվում պահպանվող՝ մինչ այժմ չհրապարակված և չուսումնասիրված վավերագրերը, որոնք նոր լույս են սփռում ոչ միայն գրողի ողբերգական ճակատագրի, այլև նրա ընտանիքի երկարամյա որոնումների պատմության վրա։
Հոդվածը հրապարակվում է Ակսել Բակունցի գնդակահարության 89-րդ տարելիցի առթիվ։
«Սյունյաց երկիր»
ԼՌՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ․ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՄԱՀՎԱՆ ԹԱՔՑՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1937–1956)
Ակսել Բակունցի կենսագրության ամենածանր ու միևնույն ժամանակ ամենախորհրդանշական էջերից է նրա գնդակահարության փաստի երկարատև թաքցվածությունը։
1937-ին՝ ստալինյան քաղաքական բռնաճնշումների տարիներին, նա գնդակահարվեց առանց իրավական պաշտպանվածության, առանց հրաժեշտի, առանց նույնիսկ տեղեկություն ստանալու հնարավորության իր հարազատների համար։ Բակունցի մահվան փաստը տասնամյակներով մնաց գաղտնի՝ թաքցված ոչ միայն հանրությունից, այլև ընտանիքից։
Միայն 1990-ականների սկզբին, երբ մասնակիորեն բացվեցին ՆԳԺԿ արխիվները, հրապարակվեց նրա մեղադրական գործը՝ N° 4131 (ֆոնդ 3036), բաղկացած 8 հատորից և 384 փաստաթղթից։ Այդ նյութերում առաջին անգամ փաստաթղթային կերպով արձանագրվեց, որ Ակսել Բակունցը մահապատժի է ենթարկվել 1937 թ. հուլիսի 8-ին՝ «հակապետական գործունեության» մեղադրանքով։
Բակունցը պատկանում էր այն սերնդի հայ մտավորականներին, որոնք համատեղում էին գեղարվեստական զգայունությունը քաղաքացիական պատասխանատվության և ինքնուրույն մտածողության հետ։ Նրա գրական, հրապարակախոսական և հասարակական գործունեության ամբողջ տրամաբանությունը միտված էր ոչ թե գաղափարախոսական համապատասխանությանը, այլ արժեքների պահպանությանը։
Հենց այդ սկզբունքայնությունն ու ներքին անկախությունը նրան դարձնում էին խոցելի 1930-ականների խորհրդային վարչակարգի աչքում։
Բակունցը չէր ներկայացնում լոյալիստական դիրքորոշում, չէր միանում գաղափարական շաբլոններով առաջնորդվող խմբերին։ Նրա ստեղծագործություններում առկա էր ազգային ինքնագիտակցության խոր շերտ՝ ժողովրդական կյանքի և պատմական հիշողության վերապրում։ Ուստի նրա դեմ ուղղված մեղադրանքները՝ «հակապետական գործունեություն», «նացիոնալիստական դավադրություն», «լրտեսություն», պետք է դիտարկել ոչ թե փաստացի, այլ քաղաքականացված միջավայրում։ Բակունցը դարձավ ոչ թե իր գործողությունների զոհը, այլ իր կերպարի՝ որպես ազնիվ, անկախ և մտածող մարդ։
Բակունցի գնդակահարության փաստը երկար տարիներ պաշտոնապես մերժվում կամ շրջանցվում էր։ Ստալինյան վարչակարգի քաղաքական մշակույթում տեղեկատվության թաքցնելը դարձել էր պետականորեն կառավարվող և նպատակային գործելակերպ։
Որոնումները տևել են ավելի քան երկու տասնամյակ։ Շրջանառվում էին տարբեր վարկածներ՝ աքսոր, ծանր ճամբարային աշխատանքներ, նույնիսկ՝ հնարավոր մահապատիժ, սակայն վերջնական հստակեցման բացակայության պայմաններում ընտանիքը շարունակում էր պահպանել հույսը, թե Բակունցը դեռևս կենդանի է։
Գրողի կինը՝ Վարվառա Չիվիջյանը, հետագայում վկայում է, որ 1937 թ. հուլիսի 18-ին իրեն թույլ չեն տվել ամուսնուն որևէ իր փոխանցել՝ պատճառաբանելով, թե «Բակունցն արդեն աքսորվել է»։ Այս անորոշ արտահայտությունը երկար ժամանակ պահեց ընտանիքի հույսը։
Նրա մայրը՝ ծեր, հիվանդ և հոգնատանջ կին, մինչև կյանքի վերջին օրը՝ 1957 թվականի մայիսի 20-ը, հավատում էր, որ որդին մի օր կվերադառնա։ Նույնիսկ արդարացման որոշումը՝ կայացված 1955 թ. մարտի 2-ին, չբացեց ճշմարտության դուռը․ փաստաթղթում գնդակահարության մասին ոչ մի հիշատակում չկար։
Այս «սպիտակ լռությունը» ստեղծում էր հոգեբանական վակուում․ արդարացվել է՝ ուրեմն գուցե կենդանի՞ է։ Այսպիսի վիճակը տևեց ավելի քան երկու տասնամյակ։
Տուն-թանգարանի արխիվում այսօր պահպանվում է եզակի փաստաթղթային փաթեթ՝ կազմված Բակունցի մոր, եղբայրների և ընտանիքի այլ անդամների դիմումներից՝ ուղղված պետական տարբեր մարմիններին։
Այդ նամակներն ունեն ոչ միայն փաստագրական, այլև բարոյական արժեք․ դրանք վկայում են այն բարոյական խեղման մասին, որին ենթարկվել է մի ամբողջ սերունդ։ Յուրաքանչյուր նամակի հիմքում նույն հարցն է՝ «Խնդրում ենք տեղեկացնել մեր որդու գտնվելու վայրը»։ Իսկ պատասխանը գրեթե միշտ նույնն էր՝ լռություն կամ խաբեություն։
Այս փաստաթղթերը պարզապես բյուրոկրատական գրագրություն չեն․ դրանք աղոթքներ են, ցասման խոսքեր, մարդկային տոկունության վկայագրեր։
Դրանք ներկայացնում են ոչ միայն մեկ ընտանիքի վիշտը, այլև մի ամբողջ ժողովրդի հոգեբանական վերքը։
Թաքցված մահ. 1937–1948
Գրողի մահվան մասին առաջին պաշտոնական արձագանքը ստացվեց միայն 1948 թ. նոյեմբերի 29-ին։ Բորիսոգլեբսկի ՆԳ բաժնի քարտուղար, կրտսեր սերժանտ Իսականովան հայտնում էր Բակունցի մորը՝ Բոխչագյուլ Բակունցին, որ «Ձեր որդին՝ Բակունց Ակսել Ստեփանի, պատիժ կրելիս ԽՍՀՄ ՆԳՆ ճամբարում՝ մահացել է 1945 թ. նոյեմբերին ծանր հիվանդությունից»։
Սա ստալինյան ապատեղեկատվական մեխանիզմի դասական օրինակ էր։
Գնդակահարվածների հազարավոր ընտանիքների էին նման ձևով պատասխանում՝ ներկայացնելով նրանց մահը իբր հիվանդության կամ աշխատանքի ընթացքում ստացած վնասվածքի հետևանք։
Այս հաղորդագրությունը ոչ միայն չպարզեց ճշմարտությունը, այլև ավելի ամրապնդեց հույսը․ եթե նա մահացել է 1945-ին, ուրեմն երկար է ապրել աքսորում՝ գուցե իսկապե՞ս կենդանի էր մինչև վերջ։
Հույսի ստվերը. կեղծ վկայություններ և ապատեղեկատվություն (1946–1947)
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թ. նոյեմբերի 29-ին, Բակունցի եղբայրը՝ Վահան Բակունցը, մոր անունից դիմում է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահությանը՝ խնդրելով որդուն ազատ արձակել։
Ի պատասխան այդ դիմումի՝ ՆԳՎԴ-ից ուղարկված հեռագրում նշվում է, որ «Բակունցը մահացել է 1945 թ. նոյեմբերին՝ ծանր հիվանդության հետևանքով»։
Այս պատասխանն ակնհայտորեն ապակողմնորոշիչ էր՝ միաժամանակ ամրապնդելով ընտանիքի այն համոզմունքը, թե գրողը կենդանի է եղել և մահացել է աքսորավայրում, ոչ թե գնդակահարվել 1937 թվականին։
Այդ համոզմունքը նոր լիցք է ստանում 1947 թվականի մայիսին։
Այդ ժամանակ համակենտրոնացման ճամբարից պատիժը կրելուց հետո Քարահունջ է վերադառնում նախկին կալանավոր Անդրանիկ Հովակիմյանը, որը, ըստ իր պատմության, իբր ճամբարում շփվել է Ակսել Բակունցի հետ։ Լուրը շուտով հասնում է ընտանիքին։ Վահան Բակունցը անձամբ հանդիպում է Հովակիմյանին, նրանից ստանում գրավոր բացատրություն, և վերջինս անգամ երդվում է իր զավակների անունով՝ հաստատելով իր վկայության իսկությունը։
Ըստ Հովակիմյանի՝ Բակունցին իրենց ճամբար են տեղափոխել 1946-ի հուլիս–օգոստոս ամիսներին, և նա մոտ ութ ամիս գտնվել է իրենց հետ։ Նա հայտնել է, որ Բակունցը ճամբարում ասել է՝ «գրելու իրավունք չունեմ», սակայն խնդրել է տեղեկություններ իր մոր, եղբայրների և որդու՝ Սևադայի մասին։ Բացի այդ՝ նա նշել է ճամբարի հասցեն՝ Архангельская область, Черевковский район, совхоз Черевково։ Վահան Բակունցը անմիջապես արձագանքում է․ 1947 թ. հունիսի 25-ին նա հեռագիր է ուղարկում այդ հասցեով՝ ուղղված հենց եղբորը. «Нетерпением ждем тебя» — «Անհամբեր սպասում ենք քեզ»։
Մի քանի օր անց Չերովկովոյի փոստային բաժանմունքից ստացվում է պատասխան՝ «Вашa телеграмма вручена по доверенности Ананьеву»
(«Ձեր հեռագիրը հանձնվել է վստահված անձի՝ Անանևի անունով»)։ Այս մանրուքը թվում էր հուսադրող ապացույց։
Արդեն ձևավորվում էր մի յուրօրինակ վկայաբանական շղթա՝ հովակիմյանական վկայությունը, հեռագրային արձագանքը, նշված հասցեն, անգամ անունը՝ Անանև։
Հենց այս կեղծ տեղեկատվական շղթան էլ ամրապնդեց այն համոզմունքը, թե Բակունցը ողջ է և գտնվում է Արխանգելսկի մարզում՝ որպես աքսորյալ։
Այդ հույսն է, որ որոշիչ դարձավ եղբոր հետագա բոլոր որոնումների համար․ նա սկսեց իր մնացած կյանքի տարիներն ուղղել ճշմարտությունը պարզելու գործին։
Այս պատմությունը՝ հույսի, ապատեղեկատվության խառնաշփոթ շղթան, խորապես բացահայտում է ստալինյան վարչակարգի հոգեբանական բռնության մեխանիզմը։ Հենց այս կեղծ վկայությունից հետո են սկսվում Բակունցների՝ տասնամյակներ տևած որոնումները՝ վերածվելով հոգևոր տոկունության և մարդկային արժանապատվության պայքարի պատմության։
Եղբայրական որոնումներ և գրավոր դիմումներ (1950–1956)
1950-ականներին Բակունցների ընտանիքը մտնում է որոնումների նոր փուլ․ այդ տարիներին Վահան Բակունցը սկսում է համակարգված նամակագրություն՝ Մոսկվա, Արխանգելսկ, Կոտլաս, Պեչորա։ Այդ նամակներն այսօր ընթերցվում են որպես ոչ միայն փաստաթղթեր, այլև հոգեբանական վկայագրեր՝ մարդկային համառության մասին։
1950 թ. օգոստոսի 22-ին Վահան Բակունցը դիմում է ԽՍՀՄ Պետանվտանգության նախարարության պաշտոնյային՝ Ժուկովին․
«Արդեն երկար տարիներ է, որ որոնում եմ իմ սիրելի եղբոր՝ Հայաստանի մեծ գրողի հետքը։ Ինձ համար այժմ կարևոր չէ՝ նա կենդանի՞ է, թե՞ ոչ. անհրաժեշտ է հաստատապես պարզել նրա ճակատագիրը՝ որտեղ է, կամ որտեղ չէ»։
Նամակում նա թվարկում է վկաների անուններ՝ Լյոպա, Մոյա Ռադյանկինա, Ռոսյա Լազուխինա, Եվգենի Խամին, Իվան Իվանովիչ, որոնք, ըստ տարբեր տեղեկությունների՝ աշխատել էին նույն ճամբարում։
Պատասխանն ստացվում է միայն 1950 թ. վերջին՝ Արխանգելսկի ՆԳ վարչությունից․ «Գրող Բակունց Ալեքսանդր Ստեփանի՝ ծնունդով Գորիս քաղաքից, դատապարտվել է 1937 թ․ և մահացել է 1938 թ․։»
Նամակի ամենակարևոր հատվածը հետևյալ նախադասությունն է․ «...по имеющимся данным в архивах МГБ СССР гражданин Бакунц Александр Степанович, уроженец г. Гориc, Армянской ССР, был осуждён в 1937 г. и умер в 1938 г.»: Այսինքն՝ առաջին անգամ պաշտոնապես արձանագրվում է Ակսել Բակունցի մահվան մոտավոր թվականը՝ 1938, և հաստատվում է նրա դատապարտման փաստը՝ 1937 թվականին։
Սակայն նույնիսկ այստեղ փաստաթուղթը շարունակում է պահպանել խորհրդային «անորոշ» տոնը․ նշվում է, որ «по учетам МГБ СССР Бакунц А.С. не значится» — այսինքն՝ նա այլևս չի գտնվել ոչ ակտիվ, ոչ գործող ցուցակներում, ինչը փաստացի նշանակում էր՝ մահացած է կամ վերացված։
Այս պատասխանը, ամենայն հավանականությամբ, եղել է առաջին պետական արձագանքը, որով Բակունցի ընտանիքը տեղեկացել է նրա մահվան տարեթվի մասին՝ առանց որևէ մանրամասնության՝ որտեղ, ինչպես կամ ինչ հանգամանքներում։
Նշված փաստաթուղթը եզակի կարևորություն ունի՝
-այն հաստատում է Ակսել Բակունցի մահվան մոտավոր տարին՝ 1937-1938,
- վկայում է պետական կառույցների կողմից ընտանեկան հարցումների ձևական և կիսագաղտնի արձագանքման մասին, և փաստում է, որ միայն 1950-ականների սկզբին է Բակունցի մահվան հանգամանքը սկսել ստանալ փաստաթղթային հաստատում։
Այս արձանագրությունը կարելի է դիտարկել որպես Բակունցի գործի առաջին պաշտոնական հիշատակությունը խորհրդային արխիվային համակարգում՝ մինչ նրա ամբողջական արդարացումը և գործի հրապարակումը՝ 1956 թ․-ից հետո:
Սա առաջին պետական արձանագրությունն էր, որը Բակունցի մահվան տարեթիվ էր նշում, բայց ոչ իրական հանգամանքները։ Չնայած այս փաստին, եղբայրները շարունակում էին չհավատալ․ եթե ասվում է «1938», ուրեմն հնարավոր է, որ փաստաթուղթը սխալ է, իսկ իրականում նա ողջ է եղել ավելի ուշ։
Այս փաստաթուղթը՝ Բոխչագյուլ Բակունցի նամակը, որը նա գրել էր 1954 թ. մարտի 24-ին՝ ուղղված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Վորոշիլովին, իր խորությամբ ամենաազդեցիկ և մարդկայնորեն ամենածանր վավերագրերից մեկն է՝ Ակսել Բակունցի գործի հետ կապված։
Товарищу К.Е. ВОРОШИЛОВУ
От 80-летней гражданки
БАКУНЦ БОХЧАГЮЛ
Заявление
В 1936 году агентами трижды презренного врага народов Берия, в гор. Ереван /Армянская ССР/ вместе с лучшими представителями армянского народа писателем Е. Чаренц и др. был ни за что арестован мой старший сын писатель-сценарист АКСЕЛЬ / АЛЕКСАНДР/ БАКУНЦ /1899 г. рождения/.
После ареста его сослали в далекие края — есть сведения о том, что он в настоящее время жив и работает в совхозе Черемховского района Архангельской области.
Мне 80 лет и вот уже год я прикована к постели тяжелой болезнью. Все надеялась на возвращение моего сына, но увы — я чувствую, что мои слёзы, протесты с 1936 года, не помогли.
И со слезами обращаюсь к Вам в мой последний раз: последняя мечта моей жизни вернуть моего сына и увидеть живым — отдайте его мне.
Я прошу Вас не отказать в моей последней просьбе.
Могу Вас заверить, что он свои последние силы и оставшуюся энергию отдаст на благо процветания нашей Родины.
Я до последнего своего дыхания буду надеяться, что Вы уважите мою единственную просьбу и освободите моего сына АКСЕЛЯ БАКУНЦ из лагерей.
БАКУНЦ БОХЧАГЮЛ /неграмотная/
Ответ прошу прислать по адресу:
г. Ереван, ул. Шаумяна 14, II подъезд, кв. 7 Григорину А.Г.
для передачи БАКУНЦ БОХЧАГЮЛ.
24 марта 1954 г.
Նամակը գրված է 1954 թվականին՝ գրողի գնդակահարությունից գրեթե տասնյոթ տարի անց, երբ ընտանիքը դեռ ոչ միայն չգիտեր նրա մահվան ճշմարիտ հանգամանքները, այլև դեռ հույս ուներ, թե նա կենդանի է և իր տաժանքն է կրում ճամբարներում։
Բոխչագյուլ մայրը՝ արդեն 80-ամյա, ֆիզիկապես հիվանդ ու հոգեպես կոտրված կին, դիմում է ԽՍՀՄ ամենաբարձր ղեկավարությանը՝ ոչ քաղաքական, այլ մայրական տոնով՝ խնդրելով իմանալ որդու ճակատագիրը: Նամակի լեզուն պարզ է, հուզիչ և անկեղծ՝ զուրկ որևէ պաթոսից, սակայն յուրաքանչյուր նախադասության տակ թաքնված է մոր անսահման հավատը, որ իր որդին՝ գրողը, կարող է դեռ կենդանի լինել, և որ «մարդկայնությունը»՝ թեկուզ խորհրդային վերնախավում, կարող է արձագանքել այդ աղաչանքին։
Այս փաստաթուղթը եզակի արժեք ունի երեք մակարդակով․
1. Պատմական․ այն առաջին անգամ է փաստում, որ Բակունցի մայրը տեղյակ չէր որդու մահվան մասին մինչև 1954 թվականը, և անտեղյակ էլ ավանդեց հոգին:
2. Հոգեբանական․ այն վկայում է մոր անսահման սերն ու հավատը՝ չդադարող հույսը տասնյոթ տարի անց։
3. Մշակութաբանական․ նամակը վկայում է, թե ինչպես էր խորհրդային վարչակարգը խեղդում ամենաանմեղ մարդկային ձայները՝ անգամ մայրական խնդրանքը դարձնելով անլսելի։
Այս նամակը մոր աղոթքն էր՝ ուղված պետական պատին։ Պատասխան չեղավ։
Նոր փուլի սկիզբ. 1955 թ. դիմումները
1955 թվականը դառնում է որոնումների բեկումնային շրջան։ Խրուշչովյան «հալոցքի» տարիներն էին, և հազարավոր ընտանիքներ սկսում էին դիմումներ գրել՝ պահանջելով վերանայել իրենց հարազատների գործերը։
1955 թ. ապրիլի 24-ին Վահան Բակունցը նամակ է գրում Արխանգելսկի ՆԳ վարչության պետ Ա. Ն. Պոլկովոդցևին․ «Չնայած իմ բազմակի դիմումներին, մինչ այժմ նրա ճակատագիրը հստակ չի պարզվել։ Իմ ձեռք բերած տեղեկություններով՝ նա մինչև 1947 թ. մարտը գտնվել է Չերևկովոյի սովխոզում։ Ականատեսների ցուցմունքներով՝ նա այնտեղ աշխատել է որպես ագրոնոմ»։ Նա մանրամասն թվարկում է հնարավոր վկաների անունները, իսկ վերջին տողերում՝ հուզիչ խնդրանք.
«Խնդրում եմ հստակ հայտնել՝ արդյոք ճշմարիտ է, որ նա գտնվել է Չերևկովոյում մինչև 1947 թ. մարտը, և արդյոք կան որևէ տվյալներ նրա մասին։ Ես հավիտյան շնորհակալ կլինեմ Ձեր զգուշավոր վերաբերմունքի համար»։
Այդ նույն տարվա սեպտեմբերին նա ուղարկում է ևս մեկ նամակ՝ ուղղված ԳԼԱՎԼԱԳ-ի ղեկավարությանը, որտեղ ասում է.
«Մենք լիահույս ենք, որ Ակսելը ողջ է և գտնվում է Արխանգելսկի մարզի Չերևկովո սովխոզում, որտեղ աշխատել է ագրոնոմ։ Եթե նա մահացած է, խնդրում եմ հայտնել՝ որտեղ է թաղված։ Հայ ժողովրդի գրականության պատմության մեջ նրա անունը գրված է ոսկե տառերով»։
Նամակը ցույց է տալիս եղբոր հուսահատ և միևնույն ժամանակ արժանապատիվ դիմումը․ նա խնդրում է թույլ տալ անձամբ գնալ Կոտլաս և տեղում ստուգել ճշմարտությունը։
Իսկ այս տողը՝ «вписано золотыми буквами», դարձել է խորհրդանշական արտահայտություն՝ եղբայրական սիրո և ազգային հպարտության միաձուլման։
4. Նամակագրություն Արխանգելսկի, Կոտլասի և Պեչորայի մարմինների հետ
(1955 աշուն – 1956 գարուն)
Հոկտեմբերին Վահան Բակունցը նամակ է ստանում Կոտլասից․ «Բակունց Ա.Ս. մեր ճամբարներում չի գրանցվել։ Խնդրում ենք պարզել՝ գուցե նա ունեցել է այլ ազգանուն»։
Նույն տարվա նոյեմբերի 25-ին նա նորից գրում է Կոտլասի (Արխանգելսկի մարզ) վարչական մարմնին ՝ Կ.Սիրոտային․
«Ես ուզում եմ գոնե մեկ բառ իմանալ նրա ճակատագրի մասին։
Գուցե նա եղել է այլ ճամբարում՝ Սոլվիչեգոդսկում կամ Չերևենսկում։
Եթե նա իսկապես մահացել է, խնդրում եմ ասել՝ երբ և որտեղ է թաղված»։
Հեղինակը հիշատակում է նախորդ նամակների և հեռագրերի փոխանակությունը: Նշում է, որ դեռևս անորոշ է՝ արդյոք Բակունցը եղել է Սոլովկիի ճամբարում (Соловецкий лагерь) կամ Չերևկովոյի բանտում, և խնդրում է պաշտոնապես հաստատել՝
1. եղե՞լ է արդյոք այդ ճամբարներում,
2. կա՞ն արդյոք վկաներ, որոնք նրան ճանաչել են։
Հեղինակը վկայում է, որ կան մարդիկ (Անանյան, Սարյան Ասկենազ, Շիլոյ Սերգեյ), ովքեր ասել են, որ Բակունցը եղել է նրանց հետ նույն ճամբարում։ Նամակի հեղինակն անկեղծորեն խնդրում է «հետևողական հետաքննություն անցկացնել»՝ ճշտելու ճակատագիրը։ Նա նշում է․ «Ես համոզված եմ, որ իմ եղբայրը՝ Բակունց Ա․Ս․, շատերի նման անմեղ զոհ է դարձել կեղծ մեղադրանքների և բյուրոկրատական խարդախությունների հետևանքով»:
Նամակի ոճը պաշտոնական է, սակայն ներսում զգացվում է հուսահատության և արդարության սպասման խոր հույզ։ Այս նամակը կարելի է դիտարկել որպես առաջին փորձերից մեկը՝ Բակունցի գործը վերանայելու կամ գոնե տեղեկություն ստանալու նպատակով, որը տեղի է ունենում հենց Խրուշչովյան “վերակացության” (оттепель) շրջանում, երբ սկսում էին մասամբ բացել արխիվները։ Նամակում ընդգծված են երեք կարևոր փաստ․
1.Բակունցի հնարավոր գտնվելու վայրը՝ Սոլովկի կամ Չերևկովո ճամբարներ։
2.Վկաների անունները՝ Ասկենազ Սարգսյան և Սերգեյ Շիլով, որոնք, ըստ նամակի հեղինակի, տեսել էին նրան։
3.Բանավոր տեղեկությունը, թե երբեմն հաղորդում էին կեղծ մահվան տվյալներ՝ «հետքերը ջնջելու նպատակով»։
Այս ամենը փաստում է, որ ընտանիքը դեռ փորձում էր հասկանալ՝ Բակունցը ո՞ղջ է եղել, թե՞ ոչ, և արդյոք նրա անունը հատուկ կերպով ջնջվել է գրանցամատյաններից։
Նամակի ներքին տոնը խորը հուզական է։ Թեպետ պաշտոնական ձևակերպումներով է գրված, բայց հեղինակը բերում է հուսահատական, գրեթե աղերսող նախադասություններ՝
> «Прошу не считать это трудностью...»
«Хочу узнать хоть одно слово о его судьбе…»
Սա խորհրդային «անհայտ մահերի» հազարավոր ընտանիքների հոգեվիճակի արտացոլանքն է։
Եվ վերջապես՝ 1956 թ. ապրիլի 1-ին ստացվում է վերջին պաշտոնական արձագանքը Պեչորայի ուղղիչ աշխատանքային ճամբարից.
«Ձեր կողմից որոնվող եղբայրը՝ Բակունց Ալեքսանդր (Ակսել) Ստեփանի, մեր տվյալներով չի գրանցվել որպես պատիժ կրող այս հասցեով»։
Այս նամակը փաստացի դնում է վերջակետ՝ նախքան Ակսել Բակունցի պաշտոնական արդարացումը։
5. Վկաների որոնում. նամակ Տատյանա Լարուխինային (1956 թ. հունվար)
Այդ ընթացքում Վահան Բակունցը շարունակում է փնտրել վկաների, ովքեր հնարավոր է՝ տեսել են Ակսել Բակունցին ճամբարում։
1956 թ. հունվարի 25-ին նա գրում է Տատյանա Վասիլևնա Լարուխինային՝ Արխանգելսկ․
«Ես ողջ Խորհրդային Միության տարածքով որոնում եմ գոնե մեկ մարդ, ով հիշում է իմ եղբորը։ Եթե Դուք իսկապես ճանաչել եք Բակունց Ակսելին, խնդրում եմ՝ օգնեք վերականգնել գոնե մի հատված նրա կյանքի ճշմարտությունից։
Մենք փնտրում ենք ոչ թե մարդուն, այլ հիշողությունը»։
Այս նամակը մարդկային հուզականության և բարոյական դիմադրության եզակի օրինակ է։ Այն գրված է բարձր մշակութային և բարեկիրթ տոնով, բայց իր էությամբ դա քննչական-մարդասիրական հարցաքննության դիմում է, որը միաժամանակ արտացոլում է ընտանիքի հուսահատ հույսը, որ գոնե մեկ վկա կգտնվի։ Նամակը ուղղված է Տատյանա Վասիլևնա Լարուխինային, որը, ըստ ստացված տեղեկության, 1947 թ․ ճամբարում հանդիպել է Ակսել Բակունցին։ Հեղինակը հղում է անում մի Օվակջան Անդրեևիչի, որը փոխանցել էր այդ տեղեկությունը։ Սա ցույց է տալիս՝ ինչպես բանավոր տեղեկությունների շղթաներով մարդիկ փորձում էին գտնել անհայտ կորածներին։
Վահանը ընդգծում է, որ «մենք փնտրում ենք գոնե մեկ վկայություն այն մարդու մասին, որի անունը թանկ է յուրաքանչյուր հայի համար»։ Այս տողը ոչ միայն եղբոր անձնական ցավն է, այլ նաև գիտակցություն՝ Ակսել Բակունցը ազգային մշակույթի արժեք է։
Նամակը թվագրված է 1956 թ․ հունվարին՝ հենց այն ժամանակահատվածում, երբ Խրուշչովի հանձնաժողովը սկսել էր պաշտոնապես վերանայել Ստալինյան գործերը և արձակել առաջին արդարացումները։ Այսինքն՝ Բակունցի ընտանիքը արդեն իսկ տեղեկացված էր «վերականգնման» ընթացքի մասին և փորձում էր փաստեր ստանալ մինչ պաշտոնական հայտարարությունը։
Նամակը եզակի վկայություն է՝ Բակունցի գործի պետական լռության շրջանի վերջին փուլի, երբ հարազատները գրեթե երկու տասնամյակ անց փորձում էին գտնել ոչ թե արդարացում, այլ գոնե իրական մահվան վայրը և վկաների հիշողությունները։
6. Վերջնական արձագանք և ուշացած արդարացում (1956)
1956 թվականի ապրիլի 1-ի նամակը Պեչորայից, դառնում է Բակունցի ընտանիքի ստացած վերջին պաշտոնական արձագանքը։ Այդ տարում Խրուշչովի գաղտնի զեկուցումից հետո սկսվում են քաղաքական վերանայումները։
Բակունցի գործը վերանայվում է, և նա պաշտոնապես ռեաբիլիտացվում է 1956 թ. վերջին։ Սակայն ընտանիքը դեռ երկար ժամանակ չգիտեր՝ ինչպես և որտեղ է տեղի ունեցել մահապատիժը։ Միայն տասնամյակներ անց, երբ հրապարակվեց նրա գործի ամբողջական փաթեթը, պարզ դարձավ ճշմարտությունը՝
Ակսել Բակունցը գնդակահարվել է 1937 թ. հուլիսի 8-ին Երևանում: Մահապատժի վայրը այդպես էլ մնաց անհայտ:
Եզրակացություն
Ակսել Բակունցի գործի փաստաթղթային պատմությունը (1937–1956) բացահայտում է ոչ միայն մեկ գրողի ողբերգական ճակատագիրը, այլև բռնապետական համակարգի կողմից լռության ինստիտուցիոնալացումը։
Ստալինյան համակարգը ոչ միայն վերացնում էր անհատներին, այլև ջնջում նրանց հիշողության հետքերը՝ փոխարինելով ճշմարտությունը ձևակերպված կեղծիքով։ Բակունցի անունը տարիներ շարունակ գոյություն ուներ ոչ թե պաշտոնական ցուցակներում, այլ՝ մայրական աղոթքի, եղբայրական նամակների ու անպատասխան դիմումների մեջ։ Բակունցների ընտանիքի՝ տասնամյակներ ձգված որոնումները դարձել են ոչ միայն ընտանեկան ողբերգություն, այլև ազգային հիշողության խորհրդանիշ։ Յուրաքանչյուր նամակ այստեղ ոչ թե վարչական դիմում է, այլ մարդկային դիմադրության վկայագիր․ յուրաքանչյուր հարցում՝ փորձ է կոտրելու լռության պատը, յուրաքանչյուր ստորագրություն՝ պայքար բարոյական արդարության համար։ Այս փաստաթղթերում գրեթե չի խոսվում գրականության մասին, սակայն դրանց մեջ ապրում է հենց այն արժեքային համակարգը, որի համար Ակսել Բակունցը զոհվեց․ինքնուրույն միտք, ազնվություն, խիղճ և հավատ։ Նա դարձավ խորհրդային բռնության զոհ, բայց իր լռությամբ հաղթեց բռնությանը․
նրա մահը չկարողացավ սպանել հիշողությունը, և նրա անունը իսկապես գրվեց ոսկե տառերով՝ ոչ թե իշխանության, այլ պատմության գրքում։
Բակունցի ընտանիքի պահպանած վավերագրերը՝ նամակներ, դիմումներ, արձագանքներ, պահպանվել են այսօր որպես մարդկային ճշմարտության արխիվ։
Դրանք բացահայտում են, թե ինչպես բռնապետական համակարգը կարող էր տասնամյակներ շարունակ ապականել հիշողությունը՝ մարդկանց զրկելով իրենց հարազատների ճակատագրի գիտակցումից։ Բայց նույն այդ փաստաթղթերը ցույց են տալիս նաև հակառակ երեսը՝ ինչպես է մարդը, անգամ ճնշված վիճակում, շարունակում հավատալ ճշմարտությանը, որոնել այն, պաշտպանել հիշողությունը։
Այս նյութերը, որոնք պահվում են Ակսել Բակունցի տուն-թանգարանի արխիվում, ունեն բացառիկ աղբյուրագիտական արժեք․ դրանք ոչ միայն վավերացնում են ժամանակի պաշտոնական խաբեության մեխանիզմները, այլև վերականգնում են պատմական արդարության ընթացքը՝ հիշողության և արդարացման միջև որպես կամուրջ։ Ակսել Բակունցը մնաց այնտեղ, որտեղ ավարտվեց բռնությունը և սկսվեց հիշողությունը։ Նրա գործը հիշեցնում է՝
բռնությունը կարող է ժամանակավորապես լռեցնել, բայց չի կարող հաղթել լռության մեջ ապրող ճշմարտությանը։
ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ