20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

03.07.2023 10:38
621

Արմեն Կարապետյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ հասարակական  մտքի և մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող

Հնուց ի վեր հայտնի ճշմարտություն է՝ ժողովուրդները պայքարում և մարտնչում են ոչ միայն սրով ու հրով, այլև կրթական ցենզով, գիտությամբ և մշակույթով: Նորագույն այս ժամանակներում նույնպես հաղթում կամ առավելություն ու գերակշռություն են ստանում այն կողմը, երկիրն ու պետությունը, որոնք առավել հիմնավոր կերպով նախապատվությունը տալիս է կրթության, գիտության և մշակույթի զարգացմանը:

Գրի և գրչության հինավուրց ավանդույթներ ունեցող Սյունյաց աշխարհում սույն ճշմարտությունը շատ խորն է արմատակալած: Մաշտոցյան գրավոր դպրության ստեղծումից հետո Սյունյաց զարմանահրաշ երկրամասում միշտ սրբությամբ են վերաբերվել գրին ու գրչությանը, գրավոր արտահայտված մտքին և իմաստնությանը: Գրավոր խոսքը, որն արտահայտվել է քարի, ժայռի, մագաղաթի և վերջապես թղթի վրա, մոգական ազդեցություն է գործել լեռնաշխարհի բնակիչների վրա՝ էական դերակատարում ունենալով նրանց կյանքում և կենցաղում: Դարեր շարունակ այսպես է եղել Սյունիքում...

Հայությունը մտքի ու բազկի ուժով կերտել է ձեռակերտ հրաշքներ, քոչվոր ելուզակները դարեր շարունակ ավերել ու ոչնչացրել են մարդկային քաղաքակրթության այդ բացառիկ նվաճումները:

Նույն այդ միտումները շարունակվում են նաև մեր ժամանակներում:

Վերստին անկախություն ձեռք բերած մեր երկրի հավաքական դիմանկարն այսուհետ ևս կերտում են կրթական գործի նվիրյալներն ու երախտավորները: Եվ նորից հաստատվում է այն ճշմարտությունը, որ չի կարող հայ հանրությունը բնականոն հարատևել՝ առանց տպագիր խոսքի, առանց թերթերի և հանդեսների:

Գրի ու գրչության հինավուրց ավանդույթներ ունեցող Սյունիքը մեր ժամանակներում հարստացավ նոր ուշագրավ թերթերով ու հանդեսներով, որոնց շարքում բացառիկ  հետաքրքրություն է ներկայացնում «Սյունյաց երկիր» պարբերականը, որի ծնունդը կայացել է 2003 թ. հոկտեմբերի 1-ին:

Հիմնադիրն ու հրատարակիչը «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունն է: Առաջին համարի խմբագրական խոսքում, որը նաև ողջերթի խոսք էր, նշվում էր՝ «Մարզում, ըստ էության, առաջին անգամ է ստեղծվում թերթ, որի հիմնադիրը ստեղծագործական կոլեկտիվն է: Դա քայլ է մեզանում ստեղծելու իրականում անկախ, ազատ լրատվամիջոց: Դա էական պայման է ապահովելու ազատ խոսք, լինելու ճշմարիտ խոսքի ջատագով, անկեղծ ու անկաշկանդ մտածումների ամբիոն, իրականությանը հայացք ձգելու հարթակ»:

Նույն այդ խմբագրականում պարզաբանվում և բացահայտվում է նորաստեղծ պարբերականի հավատո հանգանակը: Ըստ այդմ հանրահռչակվում է՝ թերթի գործունեությունը խարսխվելու է մեր ազգային արժեքային համակարգի վրա, որի լավագույն ավանդույթների զարգացումն ու արդիականության շնչով վերընձյուղումը պարբերականի առաջնայնությունն է լինելու:

Թերթը հայտնում էր իր ընթերցողներին, որ անկուսակցական է և չի հարում որևէ կուսակցության, ինչն ինքնանպատակ չէ: Քանզի բոլոր կուսակցություններից, բոլոր «իզմ»-երից ու ծրագրերից վերը պետություն ունենալն է, զորեղ պետություն ունենալը, որ մարդ իրեն տեր զգա, իրեն մարդ զգա:

Ճշմարիտ խոսքին էր ձգտելու պարբերականի խմբագրությունը. «Ճշմարիտ խոսքն է մեր ձգտումը, որը մեր ժամանակներում նաև խաղաղություն կբերի մարդկանց հոգիներին, կնպաստի մեր առաջընթացին: Իսկ թերթի ճշմարտությունը պիտի բանաստեղծության, արվեստի ճշմարտության պես լինի հավերժական, որ հետո չփոխվի: Թե չէ քաղաքականությունից բխող ճշմարտությունը հաճախ իրականության հետ կապ չի ունենում և հետո փոխվում է»:

Պետք է առանց երկվության նշել, որ վերոնշյալ սկզբունքին պարբերականի խմբագրությունը հավատարիմ մնաց հիմնադրումից մինչև այսօր՝ երբեք չհեռանալով ու չանտեսելով այն:

Սյունիքի ընթերցողների առջև թերթի խմբագրակազմը հանդիսավոր խոսք էր տալիս, որ ամեն ինչին կմոտենան տիրոջ զգացումով, տիրոջ մտայնությամբ և իրավունքով, որովհետև «Այս երկիրը մերն է և մենք ենք նրա տերը»:

Պարբերականն առօրյա-ամենօրյա գործունեությամբ կապվեց Սյունիքի մեծ և փոքր բոլոր բնակավայրերի հետ, հանրային մակարդակի բարձրացրեց նրանց հուզող հիմնահարցերն ու մարտահրավերները: Պարբերականն ունեցավ իր ակտիվ արտահաստիքային թղթակիցները Սյունիքի տարածաշրջանի տարբեր մասերում ու նաև նրանց միջոցով արձագանքեց տեղում ծագած հարցերին:

Չկար կյանքի, իրականության մի ոլորտ, որին չանդրադառնար թերթը: Ավելին, խմբագրության և անձամբ գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի արտասովոր համարձակ ակտիվության շնորհիվ պարբերականի ուշադրության առանցքում էին սյունեցիներին հուզող կարևոր վարչատնտեսական, բնապահպանական, կրթական և մշակութային հիմնահարցերը:

Սյունիքին հուզող շատ մտահոգություններ թերթի միջոցով բարձրաձայնվել են հանրապետական բարձր պաշտոնյաների և պետական մարմինների առջև: Բազում սուր հիմնահարցերի շուրջ լսվել է թերթի տագնապի կանչը, որը զգաստության է մղել պատասխանատուներին:

Թերթի խմբագրությունը երբեք չի երկնչել կամ խուսափել լայն հանրությանը հուզող ու անհանգստացնող թեմաների շուրջ բանավեճ կազմակերպելուց, քանզի հենց վերոնշյալ բանավեճերի ընթացքում է ի հայտ գալիս ամբողջ ճշմարտությունը, նաև պարզվում ու հստակեցվում են կնճռոտ հարցերի կարգավորման իրական հնարավորությունները:

Այդ ամենից հետո կամ այդ ամենից առաջ ուզում եմ խոսք ասել թերթի վարած գրական ու մշակութային քաղաքականության վերաբերյալ, որը, ըստ իս, ամենից կարևորն է եղել բազմահազար ընթերցողների համար:

Թերթի յուրաքանչյուր համարում Սյունիքի կրթամշակութային կյանքին նվիրված կարևոր ու բացառիկ հրապարակումներ են եղել, որոնք ուրիշ որևէ լրատվամիջոցում ընթերցողը չէր հանդիպելու: Եվ ոչ միայն Սյունիքի մասշտաբով է ներկայացվում վերոնշյալ իրականությունը, այլ համահայաստանյան և համահայկական չափանիշներով ու ընդգրկումներով:

Դա առաջին հերթին վերաբերում է հայ ժողովրդի ազգային-քաղաքական և հասարակական կյանքում մեծ դերակատարություն ունեցած անհատների հոբելյաններին, որը թերթի էջերում նշվել է ամենայն բարեխղճությամբ և պատշաճ հանդիսավորությամբ:

Վերոնշյալ հոբելյաններին նվիրված են եղել պարբերականի բացառիկ համարները, որոնք երբեմն բաղկացած են եղել հարյուրից ավել էջերից:

Բացառիկ համարները մի ուրույն երևույթ են հայ պարբերական մամուլի տարեգրության էջերում:

Խմբագրակազմի ստեղծագործական նուրբ և խորին աշխատանքի մասին վկայում է վերոնշյալ «բացառիկ»-ներից յուրաքանչյուրը: Ընդ որում՝ յուրաքանչյուր նշանավոր անհատ, արվեստագետ, պետական, ռազմական ու քաղաքական գործիչ արժևորվում և իմաստավորվում է նորովի՝ այսօրվա չափանիշներով ու ներկա իրողություններից ելնելով:

Այսպես, 2009 թ. դեկտեմբերի 10-ին լույս տեսավ թերթի ևս մեկ բացառիկ համար՝ նվիրված հայ նոր գրականության հիմնադիր, ազգային գաղափարախոս Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին: Շքեղ ձևավորված առաջին էջում հետևյալ խորագիրն է աչք շոյում. «Մեր նոր առասպելն է ինքը, մեր նոր Մհերը՝ ազատագրված, շղթայազերծ»: Էջին մեծ լուսավորչի մեծադիր դիմանկարն է՝ կապանցի գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի վրձնած հրաշալի գործը: 7-րդ էջում գիտական հետազոտություն՝ Ակսել Բակունց, Խ. Աբովյանի «Անհայտ բացակայումը»: Հենց լուսավորչի պատգամով էլ ավարտվում է այս բացառիկը. «Ձե՛զ եմ ասում՝ ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք, ձեր արևին ղուրբա՛ն, տասը լեզու սովորեցե՛ք, բայց ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք»:

Պարբերականը նույնքան շռայլությամբ ու մեծարանքով նշում էր Սյունիքի հող ու ջրից ծնված ու սնված մեծ անհատականությունների հոբելյանները:

2009 թ. լրացավ մեծն Ակսել Բակունցի ծննդյան 110-ամյակը. այդ առթիվ թերթի հայտարարած դիմանկարի մրցույթում լավագույն գեղանկար ճանաչվեց կապանցի շնորհաշատ գեղանկարիչ Կամոյանի կերտած դիմանկարը, որը զարդարել է անվանի գրողի հոբելյանին նվիրված համարի առաջին էջը. խոսուն, շատ խոսուն է հոբելյանական համարը բացող խորագիրը. «Ինքը երկիրը, ինքը հողն ու հերկն է և ոչ անգամ հերկողը…»:

Սյունյաց աշխարհի մեկ այլ նշանավոր անհատի՝ աննման քնարերգու Համո Սահյանի ծննդյան 100-րդ տարեդարձը ևս շռայլ ու շքեղ բացառիկով նշվեց (8 ապրիլի 2014 թ.): Խմբագրական իմաստալից խոսքն այսպես էր վերնագրված. «Համո Սահյանն իր 100-ամյակին էլ մեզ հետ է…»:

Պարբերականը, ինչպես և «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսը նույն ոգով և ոճով բացառիկ համարներ են նվիրել Դավիթ Բեկին, Գարեգին Նժդեհին, Սերո Խանզադյանին, Գուսան Աշոտին, Մորուս Հասրաթյանին, Նիկողայոս Ադոնցին և այլ երևելի անհատականություններին:

Վերոնշյալ բացառիկները փաստացիորեն հանդիսանում են գեղարվեստական բարձր ճաշակով ձևավորված պատկերագրքեր, որոնք մնայուն նշանակություն ունեն ընթերցողների և մասնագետների համար:

Յուրաքանչյուր բացառիկ համարի հրատարակում իսկական հոգևոր տոն էր Սյունյաց աշխարհի բազմահազար ընթերցողների համար: Երջանիկ են համարվում նրանք, ովքեր կարողանում են իրենց գրադարակում ունենալ «Սյունյաց երկրի» բոլոր բացառիկները…

Իհարկե, այս ամենով չի սպառվում պարբերականի գործունեության, նրա անցած ուղու իմաստավորման գործընթացը:

Անհրաժեշտ է մի գիտաժողով նվիրել «Սյունյաց երկիր» պարբերականի քսանամյա ճանապարհի պատշաճ քննությանն ու արժևորմանը:

 

Հայաստանում զինծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

16.12.2025 17:19

«ՌԴ դիվանագետներն այցելել են Սամվել Կարապետյանին»․ Կալուգին

16.12.2025 16:55

Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը դուրս է բերվում ՀՀ բացառիկ իրավասությունից և տեղափոխվում է արտաքին պայմանագրային ու կառավարչական դաշտ. քաղաքագետ

16.12.2025 16:43

Իրանը և Հայաստանը քննարկել են հաջորդ տարվանից ներմուծվող էլեկտրաէներգիայի ավելացման հարցը

16.12.2025 16:21

250 մլն-ով քանի՞ արցախցի ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են

16.12.2025 16:07

Քննարկվել է արցախցիների բնակապահովման համար 250 մլն․ վարկը

16.12.2025 16:06

Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնшտիրություն. Արմեն Աշոտյան

16.12.2025 16:01

«Մեր դիրքորոշումը հայտնի է». ԱԳՆ-ի արձագանքը «Թրամփի ուղու» մասին Վելայաթիի կոշտ հայտարարությանը

16.12.2025 15:23

Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը

16.12.2025 14:18

Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը դեմ է դրան․ Ալի Աքբար Վելայաթի

16.12.2025 12:54

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի ավելի շատ հավելավճար

16.12.2025 12:38

Ձյուն է և մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

16.12.2025 11:56