Հունվարի 30-ին Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունը ներկայացրեց 2012թ. կատարած աշխատանքների հաշվետվություն, որի քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: Զեկուցումով հանդես եկավ Սյունիքի ՄՓԾ պետ Արթուր Հարությունյանը, ելույթներով` պետական հակահրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Միշա Խաչատրյանը, Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության պետ Ստեփան Բաղդասարյանը, Հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը, տեխնիկական անվտանգության կենտրոնի պետ Ռուբիկ Մարտիրոսյանը: Սյունիքի ՄՓԾ պետ Արթուր Հարությունյանը նշեց. «2012թ. Սյունիքի ՄՓԾ հիմնական գործառույթները մարզի տարածքում եղել են փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մեթոդների ու ձեւերի ուսուցումը, մարզի տարածքում արտակարգ իրավիճակներ առաջացնող երեւույթների ուսումնասիրությունը, արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրացումը եւ այլն»: Անդրադառնալով 2012թ. տեղի ունեցած պատահարներին` Ա.Հարությունյանն ասաց, որ նախորդ` 2011թ. համեմատ 2012թ. գրանցվել է դեպքերի աճ. «2012թ. Սյունիքի ՄՓԾ-ում գրանցվել է 269 դեպք (2011թ.`181), որոնց հետեւանքով զոհվել է 17 (2011թ. նույնպես 17), մարմնական վնասվածքներ ստացել` 59 մարդ (2011թ.` 39): Այսպիսով, 2012թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 88-ով կամ 48.6%-ով, զոհերի թիվն նույնն է` 17, իսկ վիրավորների թիվն ավելացել է 20-ով կամ 51.3%-ով: Գրանցված դեպքերից 186-ը տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 69.1%-ը (2011թ.` 133), որոնց հետեւանքով զոհվել է 17 մարդ, ընդհանուր զոհերի 100%-ը (2011թ. 17 կամ 85.5%), վիրավորվել` 9 մարդ, ընդհանուր տուժածների 39%-ը (2011թ. 39 կամ 55%): Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերն աճել են 53-ով կամ 39.8%-ով, իսկ վիրավորներինը` 20-ով կամ 51.3%-ով: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 137-ը (73.6%) հրդեհի դեպքերն են (2011թ.` 112)»: Հրդեհների թիվը մարզում աճել է 25-ով (22.3%): Հրդեհների հետեւանքով մահացել է մեկ քաղաքացի, ով ծխահարվել է բռնկված հրդեհի պատճառով (2011թ. մահացել է 2, վիրավորվել` 12): Մարզի տարածքում գրանցվել է 33 ՃՏՊ, որի հետեւանքով մահացել է 13, վիրավորվել` 56 մարդ (2011թ.` 12 դեպք, մահացել է 11, վիրավորվել` 20 մարդ): Սյունիքի ՄՓԾ-ն անցած տարի իրականացրել է որոնողափրկարարական աշխատանքներ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում, որտեղ ձնաբքի պատճառով մոլորված բնակիչներին հաջողվել է գտնել եւ վերադարձնել Կապան: Հաջողվել է նաեւ «Տաթեւեր» ճոպանուղու խափանման պատճառով վագոններում մնացած 41 ուղեւորի անվնաս իջեցումը: Ողջի գետից դուրս է բերվել մեկ դիակ, հաջողվել է կանխել մեկ ինքնասպանության փորձ: Սյունիքի մարզում պատահարների թվի աճը մարզային փրկարարական ծառայության պետը բացատրում է հետեւյալ կերպ. «Դեպքերի թիվը միգուցե աճել է նաեւ այն պատճառով, որ նախկինում շատ դեպքերի չէին արձագանքում, բայց անցած` 2012թ. արձագանքել ենք բոլոր այն հեռախոսազանգերին, որոնք գրանցվել են: Այժմ նաեւ արձագանքում ենք այն դեպքերում, երբ ձնաբքի պատճառով մեքենաները մնում են ձյան տակ: Վերջին շրջանում դրանք հաճախակի են դարձել»: Ա.Հարությունյանը համագործակցության կոչ արեց միջպետական ճանապարհը սպասարկող ընկերություններին: Ինչպես նա է նշում, երեկոյան ժամը 6-ից հետո ճանշին ընկերությունների որեւէ աշխատակցի հետ խոսել հնարավոր չի լինում: Ըստ նրա` հարկավոր է այս դեպքում սերտ համագործակցություն իրականացնել կապի եւ տրանսպորտի նախարարության հետ, միգուցեեւ թեժ գծի առկայությունն օգնի ձնաբքի եւ պատահարների դեպքում արագ արձագանքել եւ համատեղ վերացնել դրանք: «Գիտեմ, որ հարեւան պետություններում գոյություն ունի այնպիսի օրենք, ըստ որի վատ եղանակային պայմանների ժամանակ լեռնանցքներում արգելվում է այն մեքենաների երթեւեկությունը, որոնք չունեն համապատասխան անվադողեր, հզորություն եւ այլն», – ասաց Ա.Հարությունյանը: Փրկարար ծառայության աշխատակիցները նաեւ կարիք ունեն ձմեռային հատուկ արտահագուստի, որով հնարավոր կլինի աշխատել ձնաբքի ժամանակ: Վերջում ելույթ ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ով մասնավորապես ասաց. «Շնորհակալ եմ համապարփակ եւ բովանդակալից հաշվետվության համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նորաստեղծ է, այն գործում է ընդամենը երեք տարի: Բավականին գործեր արվել են եւ դեռ շատ անելիքներ կան: Այսուհետ պետք է հաշվետվություն տալիս խոսել նաեւ առկա թերությունների մասին, խնդիրների մասին»: Նա կոչ արեց ԱԻՆ մարզային կառույցների աշխատակիցներին` համագործակցել նաեւ մարզպետարանի, քաղաքապետարանների հետ, առաջացած խնդիրների դեպքում դիմել նաեւ նրանց:
Կապանի եւ Քաջարանի քաղաքապետերը, որ ներկա էին միջոցառմանը, պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնեցին Սյունիքի ՄՓ ծառայության մի խումբ աշխատակիցների:
ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ