Ավանդույթի ուժով աքսիոմատիկ ճշմարտություն դարձած «Տղան պետք է ծառայի» սկզբունքը զորակոչի օրերին Գորիսում վերածվում է իսկական տոնախմբության:
Ինչպես միշտ, վաղ առավոտվանից Գորիսի զինկոմիսարիատի շրջակայքից հայրենասիրական երաժշտության խրոխտ հնչյունների թնդյունը ողողում է քաղաքի գրեթե բոլոր անկյունները: Իսկ դա նշանակում է, որ այդ ժամին քնած մարդն էլ պիտի ուրախանա՝ զորակոչ է․․․
2026 թվականի հունվարի 7-ին՝ տարվա առաջին զորակոչի շրջանակում, Գորիսում հանդիսավորապես բանակ ճանապարհվեցին Գորիս, Տեղ, Տաթև համայնքների մեծ թվով նորակոչիկներ:
Բոլորը մեկ մարդու պես ժամանակին ներկայացան զինկոմիսարիատ, անցան բժշկական ստուգման վերջին փուլը, համարվեցին մեկուկես տարվա ժամկետային ծառայության համար պիտանի:
Տեղի ունեցավ հանդիսավոր հանրահավաք, որին մասնակցեցին Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը, Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի հոգևորականներ, բազմաթիվ նորակոչիկներ՝ հարազատներով, բարեկամներով, ընկերներով:
Միջոցառումը վարող Նելլի Արզումանյանը զորակոչը համարեց Գորիսի պատմական օրերից մեկը.
- 2026 թվականը նժդեհյան տարի է, և փառավորվում ենք Նժդեհի հերոսական կերպարով ու հայրենասիրական վեհ գաղափարներով: Գորիսում է իր մարտական ուղին կերտել Լեռնահայաստանի արծիվը: Նժդեհը Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է օծվել որպես Սպարապետ: Փոխվել են ժամանակները, փոխվել են սերունդները, սակայն չեն փոխվել հայրենիքի հանդեպ մարդկանց անհուն սերն ու նվիրվածությունը, նաև հավատարմությունը Նժդեհի գաղափարներին։
Հատուկ բանակային կորպուսի զորամասերի հոգևոր սպասավորի հնչեցրած Տերունական աղոթքին հաջորդեց նրա օրհնանքն ու բարեմաղթանքը նորակոչիկներին, նրանց գերազանց ծառայություն իրականացնելուն ուղղված եղբայրական հորդորն ու խրատը:
Ելույթներ ունեցան Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը, Սյունիքի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ, զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ Մանուել Մարտիրոսյանը, զորամասի սերժանտական խորհրդի նախագահ, սերժանտ Վելիխան Ստեփանյանը:
Գեներալ-մայոր Արմեն Գյոզալյան.
- Սիրելի նորակոչիկներ, այս պահից դուք դառնում եք հայոց բանակի զինվորներ: Բանակի, որը մեր ժողովրդի անվտանգության, խաղաղ կյանքի և ապագայի գլխավոր երաշխիքն է։ Ձեր ուսերին է դրվում մեծ վստահություն ու պատիվ՝ պաշտպանել հայրենի հողը, ձեր ընտանիքները, մեր ժողովրդին։ Բանակում դուք կսովորեք կարգապահություն, ընկերասիրություն, փոխօգնություն, պատասխանատվություն: Այստեղ դուք կկոփվեք ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Դուք կսովորեք ցանկացած իրավիճակում հաղթահարել դժվարությունները, կլինեք ամուր և վստահ: Հիշեք՝ զինվորը միայն զենք կրող չէ, զինվորը նախ հայրենիքի արժանապատիվ զավակն է, ով իր վարքով, խոսքով ու քայլերով ներկայացնում է իր հերոսական ժողովրդին: Եղեք կարգապահ, հարգեք ձեր հրամանատարներին, աջակցեք ձեր ծառայակիցներին: Միասնականությունը հզոր ուժ է, միշտ հիշեք ու առաջնորդվեք այդ գիտակցումով:
Սիրելի ծնողներ, ձեր զավակները հուսալի ձեռքերում են: Մենք ամեն ինչ կանենք, որ նրանք ծառայեն արժանապատվորեն, անվտանգ և պատվով վերադառնան հարազատ օջախներ:
Սիրելի զինակոչիկներ, ծառայեք հավատով, պատասխանատվությամբ և հպարտությամբ: Թող ձեր ծառայությունը լինի խաղաղ, իսկ վերադարձը՝ պատվով։
Կեցցե հայոց բանակը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Սյունիքի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ, զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ Մանուել Մարտիրոսյան.
- Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք արժանանում եք հայրենիքի պաշտպանի ամենաբարձր պատվին՝ հայոց փառապանծ բանակի զինվորի կոչմանը։ Կյանքի կարևոր մի շրջան, որտեղ զինվորական ծառայության մեկուկես տարվա ընթացքում ձեր կյանքի պատմական ուղին կկերտեք պատասխանատվության բարձր զգացումով ու հաստատուն գիտակցությամբ, որ հարազատ մոր պես անգին ու միակն է հայրենիքը:
Պատվով կրեք հայկական բանակի համազգեստը: Եղեք միաբան, քանզի միասնական ենք առավել ուժեղ ու անպարտելի: Իրար հանդեպ եղբոր պես ներող ու հանդուրժող, սրտացավ ու նվիրված եղեք, ծառայեք մեկմեկու թիկունք դարձած: Միշտ հիշեք, ամեն դժվարություն էլ հաղթահարելի է: Ամենակարևորը՝ տանը սպասում են ձեզ:
Վաղվա բացվող լուսաբացը, մեր նոր օրվա սկիզբը դուք եք:
Սիրելի ծնողներ, խնդրում եմ, որ ձեր որդիներին ճանապարհեք բանակ ոչ թե արցունքով, այլ ժպիտով և հպարտությամբ, քանի որ նա է ձեր խաղաղ կյանքի պատասխանատուն։
Սիրելի զինակոչիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ և անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ։
Զորամասի սերժանտական խորհրդի նախագահ, սերժանտ Վելիխան Ստեփանյան.
- Կրկին անգամ հայոց բանակի շարքերը համալրվում են հայ քաջազուններով, ովքեր գիտակցաբար գալիս են մեզ փոխարինելու: Բանակային կյանքի դժվարությունների հետ մեկտեղ, մեր ծառայությունը քաղցր է և օգտակար, քանի որ մենք իբրև պատանի, գալիս ենք հայոց բանակ և իբրև տղամարդ վերադառնում հայրենի օջախներ: Մեր ծառայության ժամանակը հասել է ավարտին և հիմա ձեր հերթն է՝ նոր ուժով, նոր եռանդով հայրենիքի սահմանները պաշտպանելու:
Միջոցառման ընթացքում զինվորական նվագախումբը կատարեց ՀՀ և հայոց բանակի օրհներգերը, զինվորական քայլերգեր:
Միջոցառման բարձր մակարդակով անցկացմանը նպաստեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը:
Հարազատների հետ հրաժեշտից հետո նորակոչիկները բարձր տրամադրությամբ մեկնեցին բանակ:
Վաչե Մկրտչյան