6 կուսակցությունները համատեղ հայտարարություն արեցին ԿԸՀ–ի դիմաց

14.06.2026 22:12
343

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։

Ներքոստորագրյալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։

Մասնավորապես՝

1. Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ

Ամբողջ երկրում պետական և համայնքային պաշտոնյաների, ինչպես նաև նույն կառույցների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիվ ներգրավումը քաղաքական գործընթացներում խաթարել է հավասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումները, աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքները ձևավորել են կախվածության մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ։

2. Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ

Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանությունները կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնույթ կրող գործողությունները հատկապես իրականացվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։

3. Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում

Քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, իրավապահ մարմինների կողմից իրականացվել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթվածահարում։ Խուզարկությունները, անհիմն իրավական գործողություններով շտաբերի բնականոն գործունեության խաթարումները և կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։

4. Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում

Հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար։ Տեղեկատվական դաշտում այլակարծության ճնշումը խախտել է հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։

5. Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում

Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների կամայական խմբագրման և առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դեպքեր են արձանագրվել, որոնք ազդեցություն են գործադրել ընտրության արդյունքների և քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա։ Նշվածը զուգորդվել է նախքան քվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալների ներկայացումը վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ։

Ուստի մենք հայտարարում ենք.

Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։

Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։

Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։

Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։

Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից։

14 հունիսի 2026 թ.,

Երևան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք

«Հայաստան» կուսակցությունների դաշինք

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

«Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցություն

 

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36