7 հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում

29.04.2026 14:22
93

Ադրբեջանում բանտարկված 7 հայ պատանդների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: 2026 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացված դիմումը պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետևանք են և ունեն կամայական բնույթ. հայտնում են «Արցախի միություն»-ից:

«Յոթ պատանդները

Պատանդները՝ Դավիթ Բաբայանը, Մադաթ Բաբայանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Իշխանյանը և Լևոն Մնացականյանը, Հայաստանի քաղաքացիներ են, որոնք գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից անմիջապես հետո: Նրանց թվում են Արցախի նախկին քաղաքական առաջնորդներ, զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ:

Նրանցից երեքը՝ Դավիթ Իշխանյանը (Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ), Դավիթ Բաբայանը (արտաքին գործերի նախկին նախարար) և Լևոն Մնացականյանը (Պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար), 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման: Մնացած չորսը ստացել են 15-ից 19 տարվա ազատազրկում: Այսօրվա դրությամբ այս անձինք Բաքվի բանտում են գտնվում արդեն 934-ից 948 օր:

Թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից յոթը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին և Աշխատանքային խմբի եզրակացությունը վերաբերելի կլինի բոլոր պատանդների համար:

Հայցի հիմնավորումները

Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից լիազորված անկախ իրավական փորձագետների մարմին է, որը հետաքննում է ազատությունից կամայական զրկելու դեպքերն ամբողջ աշխարհում: Դիմումը ներկայացվել է, քանի որ գերիների ընտանիքները և իրավաբանական թիմերը Ադրբեջանի ներսում նրանց անօրինական դատավճիռները բողոքարկելու իրատեսական միջոց չունեն: Դիմումատուները պնդում են, որ բոլոր յոթ անձանց ազատությունից զրկելը կամայական է՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա.

Իրավական վավեր հիմքի բացակայություն. Պատանդները գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ, որը համապատասխանում է Ժնևի կոնվենցիաներով սահմանված միջազգային զինված հակամարտության սահմանմանը: Որպես կոմբատանտներ (մարտիկներ)՝ նրանք պետք է ճանաչվեին ռազմագերիներ և օգտվեին Ժնևի երրորդ կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունից ու հայրենադարձման իրավունքից: Փոխարենը Ադրբեջանը նրանց նկատմամբ շինծու քրեական հետապնդում է իրականացրել սովորական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության, զենքի ապօրինի պահման և ցեղասպանության մեղադրանքներով: Այս մեղադրանքները չեն կարող օրինականորեն ներկայացվել այն մարտիկներին, որոնք գործել են պատերազմի օրենքների շրջանակում:
Քաղաքական համոզմունքների քրեականացում. Դավիթ Բաբայանը և Դավիթ Իշխանյանը տասնամյակներ շարունակ խաղաղ կերպով պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը: Նրանց ձերբակալությունից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ Արցախի ղեկավարությանը անվանել էր «հանցագործներ»: Դիմումատուները պնդում են, որ նրանց ազատությունից զրկելը նպատակ ունի լռեցնել քաղաքական այլախոհությունը, ինչը միջազգային իրավունքով երաշխավորված արտահայտվելու, կարծիքի և միավորումների ազատության իրավունքների ուղղակի խախտում է:
Հիմնավորապես անարդար դատավարություններ. Պատանդները դատվել են հավաքական կերպով՝ ութ այլ հայ ամբաստանյալների հետ միասին, դռնփակ զինվորական գործընթացների շրջանակում և առանց իրենց ընտրած փաստաբանների հասանելիության: Յոթից հինգը հրաժարվել են հաստատել նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել արտաքին դիտորդների մոտ՝ հնարավոր հարկադրանքի և խոշտանգումների կիրառման վերաբերյալ: Ավելին, դատավճիռները դեռևս պաշտոնապես չեն փոխանցվել դատապարտվածներին, ինչը փաստացի զրկում է նրանց բողոքարկման հնարավորությունից:
Մարդասիրական հասանելիության մերժում. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այցելում էր Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալներին, երկրից արտաքսվել է 2025 թվականի սեպտեմբերին: Սա վերացրել է ազատազրկվածների նկատմամբ վերջին անկախ վերահսկողական մեխանիզմը:
Վարձկանության անօրինական մեղադրանքներ. Հայցում նշված յոթ գերիներից վեցին մեղադրանք է առաջադրվել վարձկանության համար: Դիմումատուները պնդում են, որ այս մեղադրանքը իրավաբանորեն անհնար է հիմնավորել. թե՛ միջազգային իրավունքով, թե՛ Ադրբեջանի քրեական օրենսգրքով անձը չի կարող համարվել վարձկան, եթե հանդիսանում է հակամարտող կողմի քաղաքացի կամ մշտական բնակիչ: Բոլոր յոթ անձինք հայ ազգի ներկայացուցիչներ են, որոնք բնակվել են Լեռնային Ղարաբաղում:
Էթնիկ պատկանելության և քաղաքական հայացքների վրա հիմնված խտրականություն. ՄԱԿ-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և բազմաթիվ միջազգային կառույցներ արձանագրել են Ադրբեջանում հակահայկական խտրականության համակարգային բնույթը, այդ թվում՝ արդարադատության համակարգում: Դիմումատուները պնդում են, որ այս անձանց հետապնդումը արտացոլում է այդ խտրական մոդելը, և նրանք չէին թիրախավորվի կամ պահվի կալանքի տակ, եթե չլիներ նրանց հայկական ինքնությունը և կապը Արցախի կառավարման մարմինների հետ:
Դիմումը ներկայացվել է ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մի շարք բանաձևերի (1997/50, 2000/36, 2003/31, 6/4, 15/18, 20/16, 24/7, 33/30, 42/22 և 51/8):

Ընդհանուր համատեքստը

Այս յոթ անձինք այն 19 հայ գերիների թվում են, որոնք ներկայումս պահվում են Ադրբեջանում 2020 և 2023 թվականների հակամարտություններից հետո: Նրանց ծանր վիճակի մասին բազմիցս բարձրաձայնվել է ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Amnesty International-ի և այլ խոշոր միջազգային կառույցների կողմից, որոնք բոլորը կոչ են արել ազատ արձակել նրանց և խորը մտահոգություն են հայտնել պահման պայմանների վերաբերյալ:

2025 թվականի մարտի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ «բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանում կամայականորեն զրկված են ազատությունից, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ արդար դատաքննության իրավունքները պետք է լիարժեքորեն հարգվեն»: Եվրոպական խորհրդարանը 2021 թվականից ի վեր այս հարցով ընդունել է վեց բանաձև, վերջինը՝ 2025 թվականի մարտին: Բացի այդ, Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է մի քանի որոշում, որոնք պահանջում են Ադրբեջանից պաշտպանել հայ ազատազրկված անձանց վնասից և ապահովել նրանց հավասարությունը օրենքի առաջ. որոշումներ, որոնք Ադրբեջանը չի կատարել:

Ի՞նչ են պահանջում դիմումատուները

Դիմումը պահանջում է ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբից.

Տալ պաշտոնական եզրակացություն, որով պատանդներին ազատությունից զրկելը կճանաչվի կամայական:
Կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել և պահանջել փոխհատուցում ազատությունից տևական ու անօրինական զրկելու պատճառած վնասի համար:
Պահանջել հնարավորություն Աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար՝ այցելելու Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին մինչև նրանց ազատ արձակումը:
Դիմումատուների մասին

Դիմումը, գերիների ընտանիքների լիազորմամբ, համատեղ ներկայացվել է հետևյալ անձանց կողմից.

  • Սիրանուշ Սահակյան – Փաստաբան (Երևան, Հայաստան)
  • Արտակ Բեգլարյան -Արցախ Միության նախագահ (Երևան, Հայաստան)
  • Այտոր Մարտինես Խիմենես – Փաստաբան (Մադրիդ, Իսպանիա)
  • Մեգան Շուրո-Լիոն – Փաստաբան (Փարիզ, Ֆրանսիա)
  • Իրեն Մասիմինո – Փաստաբան (Բուենոս Այրես, Արգենտինա)»:
     

Ասֆալտապատվել են սահմանամերձ Գեղանուշ և Գոմարան բնակավայրերի ճանապարհները

29.04.2026 15:47

Թուրքիան կարևորում է այլընտրանքային առևտրի ուղիները, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը»

29.04.2026 15:38

Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով

29.04.2026 14:45

7 հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում

29.04.2026 14:22

Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համամասնությամբ ռազմական ոլորտում ամենամեծ ծախսեր կատարող երկրների տասնյակում են

29.04.2026 12:34

Երևան է ժամանել ադրբեջանական պատվիրակություն փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի գլխավորությամբ

29.04.2026 12:32

Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը. Հարութ Սասունյան

29.04.2026 12:16

Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավը կառուցում է՝ շահագործելով «հանրային հոգնածությունը» և խաղաղության հայեցակարգը․ МК

29.04.2026 11:05

Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է

29.04.2026 11:00

Դաստակերտ․ անորոշ ճակատագրով քաղաք Սյունիքում

29.04.2026 10:42

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպումը՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման ու գործարկման թեմայով

29.04.2026 10:19

Ես այսպիսի կզած նկար չունեմ Սերժ Սարգսյանի հետ, հպարտ եմ իմ կենսագրության համար. Արման Թաթոյանի ու Պետրոսի բանավեճը

28.04.2026 23:59