9 մայիսի 1945 թ․, Հաղթանակ, որ մեզ վերադարձի հրավեր է արել դեպի մեզ

04.04.2025 11:12
1512

    Հայ ժողովուրդը, նախկին ԽՍՀՄ ժողովուրդների հետ մեկտեղ, առաջիկա մայիսի 9-ին կնշի 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 80-ամյակը։

    Այդ հաղթանակում ծանրակշիռ ավանդ ունեցավ հայ ժողովուրդը։ 600 հազար հայորդի մասնակցեց պատերազմին, որից 200 հազարը զոհվեց մարտերում։

    Պատմության մեջ երբեք հայ ժողովուրդն այդքան մարդ չէր զորակոչել բանակ։

    Այդ մարդիկ ռազմաճակատ էին մեկնում՝ իրենց հետ տանելով մինչև վերջ կռվելու և հաղթելու ոգին։

    Եվ նրանք չորս տարին դարձրին պատմություն…

    Նրանք վերադարձան ու չվերադարձան…

    Հայրենիքը տուն վերադարձողներին ընդունեց նույն հպարտությամբ, ինչ հպարտությամբ ճանապարհել էր։ Իսկ ռազմի դաշտում ընկածներին իր գրկում պահեց իբրև հուշարձան, իբրև Անհայտ զինվոր, իբրև հաղթանակի և հպարտության խորհրդանիշ։

    * * *

     

    Երկրորդ աշխարհամարտում՝ ֆաշիզմի դեմ մղված պայքարին ակտիվ մասնակցություն ունեցան Սյունիքի ներկայիս մարզն ընդգրկող շրջանների բնակիչները։

    Պատերազմին մասնակցեց ավելի քան յոթ հազար կապանցի, որոնցից 3036-ը զոհվեց ռազմաճակատում։

    Գորիսի շրջանից Կարմիր բանակի շարքեր զորակոչվեց 9146 մարդ, որոնցից 4144-ը այլևս չվերադարձավ։

    Սիսիանի շրջանից պատերազմին մասնակցեց ավելի քան 5493 մարդ, որոնցից 2807-ը զոհվեց։

    Մեղրու շրջանից ռազմաճակատ մեկնեց ավելի քան 1900 մարդ, զոհվեց շուրջ 800-ը։

    Այսպիսով՝ Սյունիքի չորս շրջանից ռազմաճակատ մեկնեց 23539 մարդ, որոնցից 10787-ը զոհվեց (ըստ Կլիմենտ Հարությունյանի՝ մասնակցել է 22946, զոհվել՝ 10690 հոգի)։

    Մեծ հայրենականում զոհված սյունեցիների հիշատակը հավերժացվեց մարզի բնակավայրերի մեծ մասում։

    Ռազմաճակատում սյունեցիների ցուցաբերած հերոսության մասին բազմաթիվ փաստեր կան. 12 հոգի արժանացավ Խորհրդային Միության հերոսի, մեկը՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, ավելի քան տասը հազար սյունեցի պարգևատրվեց մարտական շքանշաններով ու մեդալներով։ Ինը հոգու շնորհվեց գեներալի կոչում։

    Պատերազմի տարիներին աշխատանքային բազում սխրանքներ արձանագրվեցին Սյունիքում։

    Գորիսի թիկունքայինների աշխատանքը գնահատեց Գերագույն գլխավոր հրամանատար Ի. Ստալինը՝ իր և Կարմիր բանակի ողջույնը հղելով Գորիսի շրջկոմի քարտուղարին։ Ահա՝ «Հայաստանի Կ(բ)Պ Գորիսի շրջկոմի քարտուղար ընկ. Սարգսյանին

    Իմ եղբայրական ողջույնը և Կարմիր բանակի շնորհակալությունը հաղորդեք Գորիսի շրջանի աշխատավորներին, որոնք 755 հազար ռուբլի հավաքել են տանկեր և ինքնաթիռներ կառուցելու համար, Կարմիր բանակի ֆոնդին հանձնել 12 հազար փութ ցորեն և ճակատայիններին ուղարկել նվերներ ու տաք հագուստ։

    Ի. Ստալին» («Ստալինյան դրոշով», 17 ապրիլի 1943 թ., № 16)։

    1942 թ. մայիսմեկյան տոնին Հայկական 89-րդ դիվիզիայի մարտիկներին՝ ռազմաճակատում, այցելեց Մեղրու շրջանի պատվիրակությունը, որն իր հետ տարավ նվերների մի ամբողջ գնացք։

    1944 թ. հոկտեմբերի 3-ին ԽՍՀՄ ՊՊԿ նախագահ Ի. Ստալինը ողջույնի հեռագիր է հղել Մեղրիի շրջկոմի քարտուղար Ս. Ղազարյանին՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայտնեցեք իմ եղբայրական ողջույնը և ՍՍՌՄ կառավարության շնորհակալությունը Մեղրիի շրջանի աշխատավորությանը»։

    Սիսիանում արձանագրվեց հացահատիկի արտադրության նոր ցուցանիշ։ Շրջանի աշխատավորությանը շնորհակալություն է հայտնել Գերագույն գլխավոր հրամանատար Ի. Ստալինը։

    Աշխատանքային նոր բնագծեր նվաճեցին կապանցի հանքագործները։ Իսկ Կապանի ուսուցիչներին երախտագիտության խոսք հղեց Գերագույն գլխավոր հրամանատարը։ Ահա՝ «Հայկական ՍՍՌ, Ղափան, ժողովրդական կրթության շրջանային բաժնի վարիչ Ի.Պ. Մարտիրոսյանին

    Տարրական և միջնակարգ դպրոցների արհմիության շրջկոմի նախագահ ընկեր Ա. Ա. Փարսյանին

    Խնդրում եմ իմ եղբայրական ողջույնը և ՍՍՌՄ կառավարության շնորհակալությունը հայտնել Ղափանի շրջանի ուսուցիչներին, որոնք հավաքել են 200 հազար ռուբլի՝ Օդեսայի դպրոցների վերանորոգման համար։

    Ի. Ստալին

    25 մայիսի 1944 թ.»։

    * * *

     

    Հայ ժողովրդի պատմության այդ էջը վերաիմաստավորելու շատ փորձեր են եղել ու այսօր էլ շարունակվում են։

    Իրականությունը, սակայն այն է, որ այդ պատերազմը նաև հայերիս կռիվն էր։

    Պատերազմի ամբողջ ընթացքում պահպանվում էր Հայաստանի վրա թուրքական հարձակման վտանգը, որը, իրականանալու դեպքում, կարող էր ծանր հետևանքներ ունենալ Մեծ եղեռնի հարվածներից դեռևս ուշքի չեկած հայ ժողովրդի համար։

    Պատմական մի քանի փաստ, որ հաստատում են ասվածի հավաստիությունը։

    Նախ՝ ռայխսֆյուրեր Ադոլֆ Հիտլերի դիրքորոշումը հայերի հանդեպ, որ արտահայտել էր 2-րդ համաշխարհային պատերազմի նախօրեին (պատերազմը սկսել է 1.09.1939 թ.)՝ Օբերզալցբուրգ քաղաքում՝ գեներալիտետի հետ հանդիպման ժամանակ. «Անխնա ոչնչացնել սլավոններին, ծերերին, երեխաներին, բոլորին։ Մի թողեք որևէ մեկին, այժմ ո՞վ է հիշում թուրքերի կողմից հայերի կոտորածը»։

    Այնուհետև՝ Խորհրդային Միության վրա հարձակվելուց չորս օր առաջ՝ 1941 թ. հունիսի 18-ին, ֆաշիստական Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվեց բարեկամության պայմանագիր։ Դրանով, փաստորեն Թուրքիան դարձավ Գերմանիայի դաշնակիցը։ Գերմանական ռազմանավերին հնարավորություն ընձեռվեց ազատորեն ելումուտ անել Բոսֆորով և Դարդանելով։ Այդ պայմանագրով Թուրքիայում կրկին հույսեր արթնացրին, որ պատերազմը (Գերմանիայի հաջողության դեպքում) հնարավորություն կտա ավարտել դեռևս 20-րդ դարասկզբին սկսած՝ հայ ժողովրդին բնաջնջելու սև գործը։

    Եվ Խորհրդային Հայաստանի սահմանի երկարությամբ Թուրքիան կուտակեց 26 սպառազեն դիվիզիա՝ սպասելով հարմար պահի՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։

    Թուրքիայի հնարավոր ներխուժմանը դիմագրավելու համար 1942 թ. դեկտեմբերին Երևանում կազմավորվեց Հայկական 261-րդ հրաձգային դիվիզիան՝ մոտ ինը հազար մարդուց բաղկացած։

    Թուրքիայի՝ Հայաստան ներխուժելու դեպքում, պետք է գործեր նաև Հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան, որը 1941-ին գտնվում էր Իրանի տարածքում։

    Եվ, այդ բոլորով հանդերձ, ինչո՞ւ Թուրքիան (ի վերջո) չհարձակվեց Խորհրդային Հայաստանի վրա։

    Ամեն ինչ կախված էր Ստալինգրադի ճակատամարտի ելքից (1942 թ. հուլիս–1943 թ. փետրվար)։

    Գերմանիայի՝ Ստալինգրադի ճակատամարտում կրած խայտառակ պարտությունից հետո Թուրքիան այլևս չհամարձակվեց ներխուժել Հայաստանի տարածք։

    * * *

     

    Համարը պատրաստելիս այցելեցինք Սյունիքի մարզի բնակավայրեր, ծանոթացանք Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

    Վերահաստատվեց՝ մարզի գյուղերի մեծ մասում 1960-70-ական թվականներին կանգնեցվել են հուշարձաններ։

    Այդ երևույթը, անշուշտ, կարող ենք համարել մոնումենտալ պրոպագանդայի արտահայտություն։

    Տիպաբանական տեսակետից դրանք նաև պատմության, ճարտարապետական օբյեկտներ են։

    Անհնար է չնկատել, որ դրանք արվեստի արժեքավոր ստեղծագործություններ են՝ արվեստների համադրությամբ կերտված, ամեն մի բնակավայրի հուշարձանի յուրովի լուծումներով։

    Ընդ որում՝ շատ դեպքերում այդ հուշարձանների կերտմանը մասնակցել են մեծահամբավ քանդակագործներ, ճարտարապետներ (Ռաֆայել Իսրայելյան, Բաղդասար Արզումանյան...)։

    Եվ դրանք միանշանակ ծառայել են ոչ միայն մեր բնակավայրերի դիմագիծը նորացնելուն, այլև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը։

    Համոզված ենք՝ երբևէ այդ հուշարձանները կգրավեն արվեստաբանների ուշադրությունը, ու դրանցից յուրաքանչյուրը մասնագիտական վերլուծության կենթարկվի։

    Եվ չնայած այդ հուշարձանները մեր երկրի ու ժողովրդի մշակութային ժառանգության մաս են կազմում, հիմնականում մատնված են անուշադրության։

    Գրեթե բոլոր հուշարձանները լրջագույն խնամքի կարիք ունեն։

    Թանգարանները, որ ժամանակին ստեղծվել են հուշարձաններին կից, հիմնականում շարքից դուրս են եկել՝ խոնավություն, քանդված պատեր, խամրած լուսանկարներ, կողպված դռներ՝ տարեկան մեկ անգամ բացվող կամ չբացվող։

    Մինչդեռ, ծանոթանալով հուշարձանների ստեղծման պատմությանը՝ տեղեկանում ենք, որ բոլոր բնակավայրերում դրանք ստեղծվել են բնակիչների միասնական ջանքերով ու հանգանակությամբ։ Ասել է՝ այդ հուշարձանները համաժողովրդական սիրո ծնունդ են։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի Սյունիքի ամենափոքր գյուղերն անգամ իրենց լավագույն զավակներին ուղարկել են ռազմաճակատ, և նրանց մի մասը հայտնվել է ընդհանուր հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։

    Ուրեմն և՝ միգուցե վերանայե՞նք մեր վերաբերմունքն այդ հուշարձանների հանդեպ և հոգատարությամբ պահպանենք դրանք։

    Թեմայի ուսումնասիրման ժամանակ տարօրինակ մի իրողության հանդիպեցինք. մարզի այն բնակավայրերում, որտեղ մինչև 1990 թ. բնակվել են ադրբեջանցիներ, չկար որևէ հուշարձան (բացի Աղիտուի հուշաղբյուրից)՝ այդ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող։

    Տարաբնույթ վարկածներ են շրջանառվում այն մասին, թե ինչու երբեմնի ադրբեջանաբնակ գյուղերում հուշարձաններ չեն կանգնեցվել՝ Մեծ հայրենականում զոհվածներին նվիրված։

    * * *

     

    Այն մասին, թե ինչպես ծնվեց նախաձեռնությունը՝ «Սյունյաց երկրի» հատուկ համար նվիրել Մեծ հայրենականում զոհված սյունեցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

    «Եվրասիա» կազմակերպությունը 2024 թվականին հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ «Պատմական հիշողություն» թեմայով։

    Մարի Նավասարդյանը, որպես ֆիզիկական անձ, մասնակցել է հայտարարված մրցույթին՝ ներկայացնելով «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» նախագիծը, որը հավանության է արժանացել։

    Ըստ մրցութային ծրագրի՝ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի օգնությամբ և համատեղ գործունեությամբ նախատեսվում էր հրատարակել թերթի հատուկ համար, որում ներկայացված կլինեն Սյունիքի մարզի բնակավայրերի հուշարձանները՝ Մեծ հայրենականում զոհված սյունեցիներին նվիրված՝ կից ներկայացնելով տեղեկություններ տվյալ բնակավայրից՝ պատերազմի մասնակիցների, զոհերի և հուշարձանի կառուցման մասին։

    Միևնույն ժամանակ նպատակ էր դրվել՝ այցելել մարզի բնակավայրեր և ծանոթանալ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանների վիճակին, լուսանկարել դրանք, գույքագրել առկա խնդիրները, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ ամեն մի հուշարձանի մասին։

    Հավաքված նյութերի հիման վրա պետք է պատրաստվեր և հրատարակվեր «Սյունյաց երկրի» թերթի հատուկ համար, ինչը և անում ենք։

    Նախագծով, ասել է՝ հրատարակվող թերթի միջոցով նպատակ է դրվում նախևառաջ արթուն պահել հիշողությունն այն սյունեցիների մասին, ովքեր 1941-45 թթ. մասնակցել են Մեծ հայրենականին և զոհվել հանուն ընդհանուր հայրենիքի։ Այնուհետև՝ աճող սերնդին դաստիարակել մեր պատմության այդ էջը ճիշտ և օբյեկտիվ գնահատելու, ինչպես և նահատակների գործին հավատարիմ մնալու ոգով։

    Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հարգելով, կամա թե ակամա, պատասխան կտրվի այն մարդկանց, ովքեր աղավաղում են Մեծ հայրենականի պատմությունը և փորձում ցույց տալ, թե տեղի ունեցածը հայերիս պատերազմը չի եղել։

    Ի վերջո, այս ծրագիրը քայլ է՝ լույս սփռելու հայ և ռուս ժողովուրդների մարտական համագործակցության այդ էջին։

    * * *

     

    Ի՞նչ ենք ներկայացնում համարում կամ ի՞նչ կառուցվածք ունի առաջարկվող համարը։

    Հիմնական մասը կամ առանցքը Մեծ հայրենականում զոհված սյունեցիներին նվիրված հուշարձաններն են՝ ըստ մարզի համայնքների (այբբենական կարգով)։

    Յուրաքանչյուր հուշարձանին տրամադրվում է մեկ էջ։

    Հուշարձաններից յուրաքանչյուրին կից ներկայացվում են տեղեկություններ։

    Ցավոք, ոչ բոլոր դեպքերում է հաջողվել գտնել մեզ հետաքրքրող տեղեկատվությունը, մասնավորապես՝ որոշ դեպքերում տեղեկություններ չեն պահպանվել տվյալ հուշարձանը նախագծողի, ճարտարապետի կամ քանդակագործի մասին։

    Որոշ բնակավայրերում էլ չենք կարողացել ճշտել՝ քանի՞ հոգի է տվյալ բնակավայրից 1941-45-ին զորակոչվել Կարմիր բանակ։

    Հիանալ կարելի է սյունեցի երգահաններով, բանաստեղծներով, ովքեր պատերազմի ամենավճռական օրերին իրենց ստեղծագործություններով ոգեշնչում էին ճակատայիններին, իսկ պատերազմից հետո էլ շարունակել են ստեղծել նորանոր արժեքավոր գործեր՝ Համո Սահյան, Սերո Խանզադյան, Աշոտ Սաթյան, Գուսան Աշոտ...

    Նրանց ստեղծագործություններից մի քանիսը նույնպես ընդգրկում ենք համարում։

    Մեծ հայրենականում հերոսացած սյունեցիների հանդեպ հարգանքն ու պատկառանքն այնքան մեծ էր, որ նրանցից շատերի անվամբ կոչվեցին փողոցներ, դպրոցներ, դասարաններ, անգամ բնակավայր (նկատի ունենք Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղը)։

    Որոշ բնակավայրերում էլ կանգնեցրին Մեծ հայրենականի ընթացքում Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման արժանացած անձանց հուշարձանները՝ Տաթևում՝ Սուրեն Առաքելյանի, Կապանում և Ծավում՝ Հունան Ավետիսյանի, Բռնակոթում՝ Սամսոն Մկրտումյանի և Լիպարիտ Իսրայելյանի, Գեղանուշում՝ Մուշեղ Հարությունյանի, Նորաշենիկում՝ Գոգա Աղամիրովի։

    Համարում ներկայացնում ենք ԽՍՀՄ սյունեցի հերոսների լուսանկարները։

    Համարի հրատարակումը ևս մեկ առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու մեծանուն պատմաբան, մեր հայրենակից Կլիմենտ Հարությունյանին, ով հեղինակեց «Սյունիքի զավակների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին (1941-45 թթ.)» կոթողային գիրքը (Երևան 2017)։

    Գրքի առաջաբանը նույնպես ներկայացնում ենք ընթերցողին, ինչը հնարավորություն է տալիս ընդհանրական պատկերացում կազմելու նաև այն մասին, թե հայ ժողովուրդն ինչ մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմին։

    Սյունեցիների մասնակցության վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու համար ներկայացնում ենք նաև Գրիշա Հարությունյանի, Արտավազդ Մկրտչյանի, Հենզել Առաքելյանի և Նաիրա Հայրապետյանի հոդվածները, որոնք համապատասխանաբար ներկայացնում են տեղեկություններ Գորիսի, Կապանի, Սիսիանի և Մեղրու շրջանների մասին։

    * * *

     

    Ավելորդ չենք համարում նշել՝ Մեծ հայրենականի մասնակիցներին հաջորդող սերունդն արժանի հետևորդը եղավ իր պապերի ու հայրերի, ինչը դրսևորեց հատկապես Արցախյան գոյամարտում։

    Մեծ հայրենականի տարիների փորձը հաշվի առնելով՝ 1990-ականներին ստեղծվեց Հայոց ազգային բանակը։

    Իսկ այսօր, երբ հարևան երկրից հնչող սպառնալիքները չեն դադարում, երբ երկիրն ու մասնավորապես Սյունիքը կանգնած են բազում մարտահրավերներին դեմ հանդիման, ողջերս պարտավոր ենք հիշել մեր նախնիների սխրանքները և հարկ եղած դեպքում նրանց ընդօրինակելու կամք ու վճռականություն դրսևորել։

    * * *

     

    Խոնարհվենք Հայրենական մեծ պատերազմի վետերանների առջև, ովքեր դեռևս (բարեբախտաբար) ողջ են և մեզ հետ են իմաստնացած կենսափորձով։

    Խոնարհվենք այն հայորդիների հիշատակի առջև, ովքեր զոհվեցին Մեծ հայրենականի ճակատներում։

    Խոնարհվենք այն հայորդիների հիշատակի առջև, ովքեր մասնակցել են Մեծ հայրենականին, վերադարձել ճակատից, ընդգրկվել հետպատերազմյան վերականգնման աշխատանքներում, բայց մեզ հետ չեն այլևս։

    Թող հերոսացած մեր հայրենակիցների սխրանքը ներշնչանք լինի մեզ համար՝ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգների չեզոքացման, առկա մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին։

     

    Սամվել Ալեքսանյան

    Անչափելի է ձեր անձնվիրության սխրանքը՝ հայրենիքի համար զինվորյալ զավակներ ծնելու գործում․ Արցախի թեմ

    07.04.2025 21:22

    ՀՀ մի շարք քաղաքներում Ռուսական տան կենտրոններ կարող են բացվել. Պրիմակով

    07.04.2025 21:17

    Որևէ պաշտոնյա լիազորված չէ լուծարել հանրապետությունը․ Արցախի տեղեկատվական շտաբի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ-ին

    07.04.2025 21:06

    «Կրակոցներն ամեն օր երեկոյան սկսվում են, տևում մինչև լուսաբաց»․ Ինչ իրավիճակ է Սյունիքի գյուղերում

    07.04.2025 17:29

    Աշխատաժողով Կապանում

    07.04.2025 16:15

    Հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ անհնար էր. Դավիթ Բաբայան

    07.04.2025 15:44

    ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի հետ քննարկմանը

    07.04.2025 15:35

    Մոսկվայում Թեհրանի միջուկային ծրագրի հարցով եռակողմ խորհրդակցություններ տեղի կունենան ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի միջև

    07.04.2025 14:55

    Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանին՝ «ականազերծմանը խոչընդոտելու համար»

    07.04.2025 14:44

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    07.04.2025 14:35

    Տաթև համայնքի ղեկավար պարոն Ս. Լալայանի շնորհավորանքը Ապրիլի 7-ի կապակցությամբ

    07.04.2025 14:21

    Երբեմն արձանագրվում են անկանոն կրակոցներ, թիրախային կրակոցների մասին պատշաճ հաղորդվում է․ ՀՀ ՊՆ

    07.04.2025 14:18