Ադրբեջանցիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի գերեզմանոցը

13.05.2026 12:32
299

Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախն է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան էջից։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը հրապարակման մեջ նշել է, որ ադրբեջանական սոցցանցային տիրույթում հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունն ու վերլուծությունը՝ մշակութային ժառանգության ոչնչացման, էթնիկ ատելության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների համատեքստում, թույլ են տալիս արձանագրել մի շարք խիստ մտահոգիչ և դատապարտելի դրսևորումներ։

«Առաջին հերթին ակնհայտ է էթնիկ և կրոնական թիրախավորման հանգամանքը։ Գերեզմանաքարերի վրա առկա հայերեն արձանագրություններն ու զոհված ազատամարտիկների պատկերները հստակ ցույց են տալիս, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոց, այլ հայկական ինքնության, ազգային հիշողության և հոգևոր ժառանգության կարևորագույն վայր։ Սա սովորական վանդալիզմ չէ, այլ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն, որի նպատակը հայկական հետքի վերացումն ու պատմական հիշողության ջնջումն է։

Տեսանյութում արձանագրված գործողություններն առանձնանում են բացառիկ ցինիզմով և սրբապղծությամբ։ Տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության և մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք։ Նման գործողությունները հակասում են ոչ միայն միջազգային իրավական նորմերին, այլև համամարդկային բարոյականության ամենատարրական սկզբունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավանեսովը նշել է, որ տեսանյութում երևում են նաև բազմաթիվ ջարդված, կտրատված, տեղահանված և վնասված գերեզմանաքարեր, ինչը վկայում է, որ գերեզմանոցը ենթարկվել է համակարգված և նպատակային ավերածության։ Վնասների ծավալն ու բնույթը վկայում են ոչ թե առանձին միջադեպի, այլ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացման քաղաքականության մասին։ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ժամանակավորապես բռնազավթված տարածքներում հայկական մշակութային և հիշողության վայրերի դեմ իրականացվող նման գործողությունները վաղուց արդեն կրում են շարունակական և համակարգային բնույթ։

«Առանձնակի վտանգավոր և դատապարտելի է նաև հոգեբանական ահաբեկչության բաղադրիչը։ Գործողությունների տեսաձայնագրումը և դրանց տարածումը սոցիալական հարթակներում, ինչպես նաև տեսանյութում հնչող ադրբեջաներեն արտահայտությունները փաստում են, որ կատարվածը նպատակ ունի ոչ միայն ոչնչացնել հայկական մշակութային ներկայության հետքերը, այլև հոգեբանական ճնշում գործադրել զոհվածների հարազատների, բռնի տեղահանված արցախահայության և ամբողջ հայ հասարակության վրա։ Սա բացահայտ նվաստացման, վախի և անպաշտպանության մթնոլորտ ձևավորելու փորձ է, որն ունի նաև քարոզչական բնույթ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսանյութը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենալ զոհված ազատամարտիկների հարազատների և հանրության վրա, այն չենք հրապարակում։ Տեսանյութը պահպանվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի արխիվում՝ որպես հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող հերթական հանցավոր գործողության փաստական ապացույց։

Հարկ է ընդգծել, որ Վաղուհաս գյուղում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի պղծման սա առաջին արձանագրված դեպքը չէ։ Դեռևս 2024 թվականի հունվարի 5-ին մեր գործընկեր՝ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈՒԱԿ-ը ահազանգել էր, որ ադրբեջանցի զինվորները ոչնչացրել են գյուղի ճանապարհամերձ հատվածում գտնվող՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին 2021-ին կանգնեցված խաչքարը։ Խաչքարի հեղինակն էր Յուրա Մանգասարյան (https://www.aravot.am/2024/01/05/1392100/... ) ։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական հիշողության և մշակութային ներկայության դեմ իրականացվող գործողությունները պատահական կամ մեկանգամյա դրսևորումներ չեն։

Ադրբեջանի իշխանությունները ժամանակավորապես բռնազավթված Արցախում առանձնակի դաժանությամբ և հետևողականությամբ ոչնչացնում ու պղծում են հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններն ու գերեզմանոցները։ Այս գործողություններն արդեն դուրս են եկել առանձին վանդալիզմի դեպքերի շրջանակից և վերածվել պետական մակարդակով իրականացվող համակարգված քաղաքականության, որի նպատակը հայկական պատմամշակութային ժառանգության վերացումն ու ազգային հիշողության ջնջումն է։ Արցախի տարբեր բնակավայրերում արդեն արձանագրվել են նմանատիպ տասնյակից ավելի փաստեր, որոնք փաստում են մշակութային ցեղասպանության հետևողական ընթացքը։

Միջազգային հանրության լռությունն ու ոչ համարժեք արձագանքը շարունակում են նպաստել անպատժելիության մթնոլորտի խորացմանը։ Մինչդեռ մշակութային ժառանգության, սրբավայրերի և գերեզմանոցների նկատմամբ նման գործողությունները պետք է արժանանան հստակ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականի։ Երբ թիրախավորվում են զոհվածների գերեզմանները և ազգային հիշողության վայրերը, վտանգվում են ոչ միայն մեկ ժողովրդի իրավունքները, այլև համամարդկային այն արժեքները, որոնց վրա հիմնված է քաղաքակիրթ աշխարհի գոյությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24