Խոշորացված համայնքը՝ բազում խնդիրներով

25.03.2016 17:47
2340

Այցեքարտ

Մուրադ Սիմոնյանը ծնվել է 1958թ. դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում: 1976-ին ավարտել է Տաթեւի միջնակարգ դպրոցը, 1977-1979թթ. ծառայել խորհրդային բանակում: 1979-1982թթ. սովորել է Գորիսի գյուղտեխնիկումի անասնաբուծական բաժնում: 1982-1990թթ. աշխատել է Տաթեւի պետտնտեսության ֆերմայի վարիչ, 1990թ.՝ կազմավորված կոլեկտիվում զոոտեխնիկ, այնուհետեւ վարել է գյուղացիական տնտեսություն: 2000-2006թթ. աշխատել է արտերկրում, 2007թ.՝ Տաթեւի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: 2008թ. նոյեմբերի 13-ից մինչեւ 2016թ. փետրվարի 22-ն աշխատել է Տաթեւ գյուղական համայնքի ղեկավար: 2016թ. փետրվարի 14-ին ընտրվել եւ 2016թ. փետրվարի 23-ից աշխատում է 8 բնակավայր ընդգրկող նոր կազմավորված Տաթեւ բազմաբնակավայր համայնքի ղեկավար:

Ամուսնացած է, ունի 3 որդի: ՀՀԿ անդամ է:


Փետրվարի 14-ին Տաթեւ նորակազմ համայնքում կայացած ՏԻՄ ընտրության արդյունքներով մինչ այդ Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն ընտրվեց (1236 ձայն) Տաթեւ համայնքի ղեկավար: Նորընտիր ղեկավարը, խոսելով ընտրություններից, նշեց, որ անցել են թափանցիկ ընտրություններ, «բոլորիս ցանկությունն էր առանց կոնֆլիկտի ու մաքուր ընտրություն անցկացնելը»:

Մուրադ Սիմոնյանի համոզմամբ՝ ընտրության արդյունքները գոհացուցիչ են, ժողովուրդն իր կամքով ընտրել է համայնքի ղեկավար: «Շինուհայրից երկու թեկնածու էր առաջադրվել, եւ ինձ համար ամենեւին էլ զարմանալի չէ, որ այդ գյուղից ես քիչ ձայն եմ հավաքել: Սա բնական երեւույթ է. գյուղում մարդիկ իրար հետ կապված են բարեկամական, խնամիական կապերով: Շինուհայրցիների համար ես անծանոթ մարդ չեմ», - նշեց համայնքի ղեկավարը:

Նոր համայնքի աշխատակազմն արդեն ձեւավորվել է, որ նախկինից շատ քիչ է տարբերվում: Աշխատատեղերի կրճատման հետ կապված այն մտահոգությունը, որ մինչ համայնքների խոշորացումը կար, իրականություն չի դարձել: Նախատեսված է ունենալ յոթ համայնքային ծառայող, ավագանու երկրորդ նիստում հաստիքացուցակը հաստատվել է եւ ուղարկվել կառավարություն՝  հաստատման: Աշխատատեղերի կրճատում առանձին համայնքներում գրեթե չի կատարվել, արդեն հստակեցվել է յուրաքանչյուր գյուղում աշխատողների թիվը, մասնավորապես՝ Շինուհայրում՝ 20 հոգի, Տաթեւում՝ 6, Խոտում՝ 6, Հարժիսում՝ 6, Հալիձորում՝ 6, Սվարանցում՝ 5, Տանձատափում՝ 4, Քաշունիում՝ 2:

«Որոշ տեղերում կրճատել ենք մեկ օժանդակ բանվոր կամ պահակ, կամ էլ երկու բանվորից մեկին: Օրինակ՝ Տաթեւում կրճատել եմ մշակույթի տան գեղմասվարի հաստիքը, քանի որ ավելորդ էր», - պարզաբանեց Մ.Սիմոնյանը:

Ինչպես նախատեսվել էր, համայնքի կազմի մեջ մտնող գյուղերի (բացի Շինուհայրից) ընթացիկ հարցերով զբաղվելու է լիազոր ներկայացուցիչը, որին նշանակում է համայնքի ղեկավարը՝ բնակիչների կարծիքը հաշվի առնելով: Համայնքապետի տեղեկացմամբ՝ լիազոր ներկայացուցիչ առաջադրել են նախկին համայնքի ղեկավարներին, բայց եթե ժողովուրդը կողմ չլինի եւ առաջադրի իր թեկնածուին, հաշվի է առնվելու նրա կարծիքը: Լիազոր ներկայացուցիչը պարտավոր է համայնքի ընթացիկ հարցերը լուծել, խնդիրները ներկայացնել համայնքի ղեկավարին, հետամուտ լինել հանձնարարությունների կատարմանը, հարկերի հավաքմանը եւ այլն: Այն մտավախությունը, որ մեկ փաստաթուղթ ձեռք բերելու համար մարդը պիտի գնա Շինուհայր, նույնպես իրականություն չի դարձել: Տեղում աշխատող օպերատորներն այդ հարցը կլուծեն:

Կենտրոնական ապարատը կազմված կլինի համայնքի ղեկավարից, տեղակալից, աշխատակազմի քարտուղարից, առաջատար մասնագետից, գլխավոր հաշվապահից եւ օգնականից, տեղեկատվական տեխնոլոգիաների երկրորդ կարգի մասնագետից, գույքահարկի եւ հողի հարկի հավաքման պատասխանատուից եւ այլն:

Նոր սահմանադրությամբ համայնքի ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

Ավագանու անդամ դառնալու համար առաջադրված 12 թեկնածուից 11-ն է ընտրվել: Փետրվարի 25-ին կայացած ավագանու առաջին նիստի օրակարգում ներառված առաջին հարցը Տաթեւ համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու որոշման նախագիծն էր, որն ընդունվեց 11 կողմ քվեարկությամբ: Հաստատվեցին համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու եւ համաձայնեցնելու կարգի, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերին եւ «Տաթեւի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, «ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու եւ ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Հալիձորի, Հարժիսի, Շինուհայրի, Սվարանցի, Տաթեւի, Տանձատափի, Քաշունիի գյուղապետարանների գործունեությունը դադարեցնելու մասին որոշուների նախագծերը: Ավագանու առաջին նիստում որոշվեց նաեւ ստեղծել նախաձեռնող խումբ՝ Տաթեւ համայնքում ներդրումային ծրագրերը ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու նպատակով:

«Ձգտում ենք երիտասարդներով համալրել աշխատակազմը, օգտագործել նրանց ներուժը, դրանով նրանց կապել գյուղին: Ավագանու անդամները նույնպես երիտասարդներ են, ովքեր բավականաչափ տիրապետում են համայնքի խնդիրներին, խելամիտ լուծումներ առաջարկում, փորձում պարզել համայնքի ճակատագրի հետագա ընթացքը: Քանի որ պիլոտային ծրագրով առաջիններից մեկը Տաթեւ համայնքի ստեղծումն էր` Շինուհայր կենտրոնով, եւ ողջ հանրապետության ուշադրությունը կենտրոնացված կլինի նաեւ այստեղ, ապա մենք հնարավորինս պիտի ձգտենք արդարացնել մարդկանց սպասելիքները», - նշեց համայնքապետը:

ՏԻՄ-ի մասին օրենքի համաձայն` պիտի կազմվի համայնքի զարգացման քառամյա ծրագիր, բայց Մ.Սիմոնյանը տեղեկացրեց, որ դեռեւս ծրագիր չեն կազմել, դա առանձնակի խնդիր չէ. քաջատեղյակ են համայնքի խնդիրներին եւ դրանք ի մի բերելով՝ կկազմեն:

Իհարկե, կառավարման այս ձեւը դեռեւս շարունակում է տարակարծությունների տեղիք տալ, եւ դեռ ժամանակը ցույց կտա դրա առավելություններն ու թերությունները: Բայց Մ.Սիմոնյանի համոզմամբ` կառավարման այս ձեւը բյուջեի սղության պայմաններում շատ հարմար է, թեպետ 1-2 աշխատակցի ավելացումն ավելի կհեշտացներ համայնքապետարանի գործը: Ի դեպ, ապրիլի 1-ից նախկին ութ համայնքը լուծարվում է: Խնդիրն այն է, որ օրենսդրության համաձայն առնվազն երկու ամիս առաջ աշխատողները պիտի տեղեկացվեին աշխատանքից ազատվելու մասին, վերջնահաշվարկ ստանային, մարդիկ կան, ովքեր դեռ արձակուրդ չէին գնացել: Կարճ ասած, լուծարային գործընթացի համար պահանջվում է մոտ 25 մլն դրամ: Վերջնահաշվարկ անելուց հետո կձեւավորվի նաեւ համայնքի բյուջեն, բայց համայնքապետը մտավախություն ունի, որ այդ բոլոր գործարքները կատարելուց հետո նորակազմ համայնքը պարտքով կսկսի իր գործունեությունը: Ամեն դեպքում նա լավատես է եւ կարծում է, որ այս հարցը բոլոր կողմերի համար նպաստավոր լուծում կստանա:

Փոքր համայնքներին պետությունից տրվում էր 3.5 մլն դրամ դոտացիա գոյատեւելու համար, բայց նորակազմ համայնքի բյուջեն կձեւավորվի բնակիչ թվով ֆինանսավորմամբ, որը բավարար չէ օրակարգային խնդիրները լուծելու համար: Մուրադ Սիմոնյանի կարծիքով` հնարավոր է, որ այս հարցը վերանայվի հօգուտ համայնքի, այլապես ծայրը ծայրին հազիվ կհասցնեն: Համայնքային բյուջեն համալրվում է գույքահարկով եւ հողի հարկով: Հարցին, թե ութ գյուղից այդ առումով ինչ ժառանգություն է ստացել, Մ.Սիմոնյանը պատասխանեց, որ ժողովրդի 10%-ն է թերանում այդ հարցում: Պարզապես լրացուցիչ խնդիր ստեղծեց 2012թ. Տիգրան Սարգսյանի կառավարության ընդունած որոշումը մինչեւ 2008թ. ապառքները վերացնելու մասին: Սա թույլ տվեց մարդկանց չվճարել հարկերը, քանի որ հավանական է, որ հետագայում նույնպես նմանատիպ որոշում կայացվի, եւ մարվեն իրենց պարտքերը: Սա թերահավատության, անպարտաճանաչության առիթ հանդիսացավ,   բայց, կարծում ենք, մարդիկ կգիտակցեն, որ նաեւ այդ գումարով կարելի է իրենց համայնքում որեւէ հարց լուծվել:

Մամուլում հաճախ կարելի է հանդիպել պիլոտային ծրագիր իրականացնող համայնքներում Համաշխարհային բանկի հնարավոր ներդրման մասին, բայց համայնքապետը  նշեց, որ առայժմ որեւէ հստակ ծրագիր չկա, եւ, բնականաբար, ներդրման մասին խոսելը շատ վաղ է: Բացի դրանից՝ պիտի հստակ հիմնավորված ծրագիր կազմել, եւ միայն շահելու դեպքում կլինի ներդրում: Բայց այստեղ խնդիրն այն է, որ համայնքը 10%-ի չափով պիտի ներդրում ունենա, ինչը բյուջեի այս պայմաններում հնարավոր չէ: «Բյուջեի ներդրման հարցում բավականին մեծ է մարզպետ Սուրեն Խաչատրյանի աջակցությունը: ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամից, միջազգային դոնոր կազմակերպություններից մեծ սպասելիքներ ունենք: Առայժմ ծրագրերի մեծ մասը հնարավոր է իրականություն դարձնել միայն այդ կազմակերպությունների ներդրման շնորհիվ», - նշում է համայնքապետը:

Խնդիրները շատ են, բայց առաջնայինը համայնքներում խմելու ջրի հարցի լուծումն է: Խմելու ջրի արտաքին ցանցի սպասարկումն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, իսկ ներքին ցանցը համայնքապետարանների վերահսկողության տակ էր: Որոշ համայնքներում տեղադրված են հաշվիչներ, գյուղացին վճարում է կատարում «Հայջրմուղկոյուղուն», որը, սակայն, չի պարտավորվում խմելու ջրի ներքին ցանցում աշխատանքներ կատարելու` պատճառաբանելով, որ հանձնում-ընդունում տեղի չի ունեցել: Այսինքն` ներքին ցանցը համայնքապետարանների բալանսում է: Նախկին համայնքի ղեկավարները բազմիցս դիմել են ընկերությանը՝ ներքին ցանցը վերանորոգելու հարցով, սակայն նրանք հրաժարվել են, թե՝ դուք վերանորոգեք, հետո «Հայջրմուղկոյուղի»-ն կընդունի այն: Հարց է ծագում, եթե համայնքները նորոգելու հնարավորություն ունենային, ինչո՞ւ պիտի դիմեին «Հայջրմուղոկոյուղուն»:

«Ներկայումս ծրագիր ենք կազմում խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման համար, հաջողության հասնելու դեպքում որոշել ենք համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծել, որ կսպասարկի համայնքներին: Կլինի առանձին աշխատակից, որ ներքին ցանցում առաջացած խնդիրները կվերացնի, ինչպես նաեւ սպասարկող մեքենա կտրամադրվի: Իսկ սակագինն էլ այս դեպքում պիտի նվազի, քանի որ ներքին ցանցով «Հայջրմուղկոյուղի»-ն չի զբաղվի, այլ միայն արտաքին ցանցի ջրամատակարարում կիրականացնի», - նշեց Մուրադ Սիմոնյանը:

Հաջորդ կարեւոր խնդիրը պատշաճ մակարդակով աղբահանություն կազմակերպելն է: Տաթեւի նախկին գյուղապետը հիշում է, որ զբոսաշրջիկները բազմիցս բողոքել եւ դիտողություն են արել աղտոտ տարածքների համար: Սա բավականին լուրջ հարց է, եւ ներդրումներ են հարկավոր աշխատանքները կազմակերպելու համար: Մինչ խոշորացումը ծրագիր էր կազմվել աղբավայր ստեղծելու եւ աղբը տեղափոխելու համար մեքենա տրամադրելու վերաբերյալ: Իհարկե, մինչ մեկ համայնք դառնալը որոշ աշխատանքներ կատարվում էին աղբահանության ուղղությամբ, բայց դրանք բավարար չէին: Բացի ղեկավարության աշխատանքից` այս հարցում բավականին կարեւոր է բնակչության մակարդակի բարձրացումը: Ղեկավարը պիտի խստապահանջ լինի այս հարցում, բայց նաեւ բնակիչը պիտի գիտակցի, որ դրսի աղբը, նախեւառաջ, իր համայնքի պատկերն է արտացոլում: «Օրերս կրկին այցելեցի Շինուհայրի աղբավայր, այնտեղ վատթար վիճակ է. 6 ամիս է՝ աղբը չի հեռացվել տարածքից, ամբողջը դաշտում փռված է: Ճիշտ է, որոշ աշխատանք կազմակերպել ենք, բայց դա քիչ է, հստակ ծրագիր է անհրաժեշտ կազմել այդ հարցին համապատասխան լուծում տալու համար, մանավանդ որ մենք զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում ենք», - իր մտահոգությունը հայտնեց Մ.Սիմոնյանը:

Համայնքապետը նշեց, որ խնդիրները շատ են, բայց ծրագրեր կազմելիս նախընտրում են մեկ համալիր ծրագիր կազմել գլոբալ հարց լուծելու համար, այնուհետեւ անցնել հաջորդ խնդիրներին: Կարեւոր է նաեւ կոյուղու հարցի լուծումը, որը երազանք է գյուղերի համար, ոռոգման ջրի նորմալ կազմակերպումը, ճանապարհների, որոշ դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների  վերանորոգումը եւ այլն: Դոնոր կազմակերպություններից առաջարկեցին նաեւ տեխնիկական պարկ ստեղծել, բայց Մ.Սիմոնյանի կարծիքով` այս պահին համայնքների տեխնիկան դեռեւս բավարար է գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպելու համար, մինչ այդ հրատապ լուծում պահանջող շատ հարցեր կան:

Համայնքների զարգացման գործում մեծ է հատկապես «Քաունթերփարթ ինթերնեյշնլ», «Քարդ», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «WWF» (Բնության համաշխարհային հիմնադրամ) եւ այլ միջազգային կազմակերպությունների ներդրումը: Մինչ խոշորացումը նրանց շնորհիվ տարբեր համայնքներում լուծվել են խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման, լուսավորության, աղբամանների, ջրխմոցների տեղադրման, ապրանքների փաթեթավորման կենտրոնի ստեղծման եւ մի շարք այլ խնդիրներ:

Մինչ խոշորացումը «Տաթեւի վերածնունդ» զարգացման ծրագրում այս համայնքները, բացի Հարժիսից, ներառված էին: Ընդգրկվել են նաեւ Բարձրավան, Աղվանի համայնքները. հավանաբար կընդգրկվի նաեւ Հարժիսը: Այդ համայնքների նախկին ղեկավարները մշտապես համագործակցել են ծրագրի ղեկավարների հետ եւ այժմ էլ կհամագործակցեն որպես մեկ միասնական համայնք:

Ինչ վերաբերում է առանձին բարերարների աջակցությանը, ներկայումս այդպիսի անհատներ դեռեւս չկան:

Իսկ թե զուտ համայնքի բյուջեով ինչ հարցեր են կարողանալու լուծել, դժվար է ասել: Պարզ է միայն այն, որ ոչ մի խոշոր հարց բյուջեի ներկայիս պայմաններով հնարավոր չէ լուծել:

«Խնդիրները բազմաթիվ են, բայց մարզպետի աջակցությամբ որոշների լուծումն արդեն տեսանելի է, որոշներինը՝ ընթացքի մեջ: Քանի որ համակարգը նոր է ներդրվում, մեզ բավականաչափ աջակցում են մարզպետարանի համապատասխան կառույցները, հատկապես իրենց մեթոդական խորհրդատվությամբ», - նշեց համայնքապետը:

Հանուն ճշմարտության պիտի արձանագրել, որ նորակազմ համայնքի ղեկավարի համար բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել, խնդիրները շատ են, խոշորացման առաջին քայլերի հաջողությունը  պայմանավորված է նաեւ նրա գործունեությամբ: Այն գիտակցումը, որ նա այլեւս մեկ գյուղի համար չէ պատասխանատու, այլ ութ, պատասխանատվության ծանր բեռ է դնում նրա ուսերին: Այնուամենայնիվ, Մուրադ Սիմոնյանը բավականին լավատես է եւ նշեց, որ իր աշխատելաոճի սկզբունքը լինելու է միասնության հասնելը, մեկ համայնք լինելու գաղափարը ձեւավորելը. «Համայնքի խնդիրները պիտի բոլորինը լինեն, եւ լուծման ուղիները պիտի միասին գտնենք` ցանկալի առաջընթաց ապահովելու համար»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19