Ադրբեջանը ձերբակալել է 32 շիա գործիչների՝ Իրանի հետ լարվածության ֆոնին

15.03.2023 11:09
932

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են 32 շիա տղամարդու՝ հարևան Իրանի հետ լարվածության շարունակական աճի ֆոնին։

Երկուշաբթի մի քանի կառավարամետ լրատվամիջոցներում հրապարակված նմանատիպ հոդվածների համաձայն՝ այդ անձինք ծրագրել էին տապալել կառավարությունը և Ադրբեջանում ստեղծել կրոնապետություն։

Ձերբակալությունները տեղի են ունենում Ադրբեջանի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին։ Նմանատիպ աճող լարվածության ժամանակաշրջանները հաճախ նախորդում են երկրում շիա կրոնական գործիչների նկատմամբ ճնշումներին:

Ըստ բոլոր ձերբակալված անձանց լուսանկարները պարունակող հոդվածների՝ այդ տղամարդիկ «կրոնական շղարշի ներքո» դիվերսիոն գործողություններ են իրականացրել։

«Ձերբակալվածները […] հանդես են եկել Ադրբեջանի Հանրապետության գործող սահմանադրական կառուցվածքը բռնի փոխելուն ուղղված բացահայտ կոչերով։ Հոդվածները նրանց մեղադրում են «օտարերկրյա հատուկ ծառայությունների պատվերներ» կատարելու մեջ՝ քողարկված հղում անելով Իրանին:

«Նախաքննությամբ պարզվել է, որ նրանք կազմակերպել են Իրանի Իսլամական Հանրապետությունից դիտավորյալ ուղարկված թմրամիջոցների վաճառքը և ձեռք բերել խոշոր չափի գումար։ Այնուհետև այդ միջոցները ծախսել են կրոնական արմատականության խթանման և Ադրբեջանում այլ քայքայիչ գործողությունների ֆինանսավորման վրա»։

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։

Ահագնացող լարվածություն

Ձերբակալությունները տեղի ունեցան անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը Իրանին մեղադրեց իր օդային տարածքը խախտելու մեջ: Շաբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ իրանական ռազմական ինքնաթիռը թռել է երկու երկրների ընդհանուր սահմանով՝ մի քանի անգամ խախտելով սահմանը:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Իրանը չի ծանուցել Ադրբեջանի իշխանություններին ռազմական ինքնաթիռի մոտենալու մասին, ինչը, ըստ նրանց, խախտում է ընդունված միջազգային պրակտիկան: Նրանք հավելել են, որ միջադեպը «սրում է երկու երկրների միջև հետագա հարաբերությունները»։

Ադրբեջանը միջադեպի կապակցությամբ կանչել է Իրանի դեսպանին: Երկուշաբթի մամուլի ասուլիսին Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է, որ իրանական ինքնաթիռն անցել է Ադրբեջանի օդային տարածք՝ դեսպանին կանչելու որոշումը համարելով «սխալ քայլ»։

«Մենք Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենք պաշտպանության ոլորտում, նույնիսկ դեսպանատունն է ակտիվ աշխատում, այնտեղ աշխատում է մեր ռազմական կցորդը,- ասել է Քանանին։- Այդ հարցով նրանք կարող էին դիմել Իրանի դեսպանատանը և մեր ռազմական կցորդին։ Կլիներ մտքերի փոխանակում, և թյուրիմացությունը կարող էր լուծվել»։

Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելի և նախագահ Ալիևի միջև Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո: Կիրակի ելույթ ունենալով Բաքվի 10-րդ գլոբալ ֆորումում՝ Գամլիելը, ըստ հաղորդման, Իրանին մեղադրել է տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառը լինելու մեջ: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ նա ասել է, որ Իրանը ոչ միայն Իսրայելի, այլև ողջ աշխարհի թշնամին է։

Մեկնաբանելով հարցը Թվիթերում՝ Հարավային Կովկասում հակամարտությունների փոխակերպման և արտաքին ու անվտանգության քաղաքականության հարցերով անկախ հետազոտող Շուջաթ Ահմադզադան նշել է, որ երկու երկրների միջև լայնածավալ պատերազմը քիչ հավանական է, բայց հնարավոր են ավելի փոքր բախումներ:

Ըստ նրա՝ Իրանի հետ «սիմետրիկ հակամարտությունը» Ադրբեջանի համար «հավասարազոր կլինի ինքնասպանության», քանի որ «ուժերի հավասարակշռությունը ակնհայտորեն Իրանի օգտին է»։ Ահմադզադան հավելել է, որ հակամարտությունն ուներ ուժեղ աշխարհաքաղաքական տարր, և Ադրբեջանը օգտագործում է այն՝ Արևմուտքում Իրանին քննադատող երկրների բարեհաճությունը ձեռք բերելու համար:

https://www.civilnet.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34