Ահռելի պարտք ունենք Բակունցին (զրույց «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն, գրականագետ Թեհմինա Մարությանի հետ)

17.02.2026 17:27
140

Ակսել Բակունցը հայ գրականության այն մեծություններից է, որի անունը վաղուց դուրս է եկել զուտ գրական շրջանակներից՝ դառնալով ազգային հիշողության և ինքնության կարևոր մաս։ Նրա ստեղծագործությունն այսօր էլ շարունակում է ձևավորել մտածողություն, աշխարհընկալում և արժեքային համակարգ։ Սակայն տարիների ընթացքում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Բակունցի ժառանգության ամբողջական ուսումնասիրման, պահպանման և ժամանակակից հանրությանը ներկայացման ուղղությամբ դեռևս զգալի բացեր կան։

Վերջերս Գորիսում հիմնադրված «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը ստեղծվել է հենց այդ բացերին պատասխանելու նպատակով՝ միավորելով գիտական, կրթական և մշակութային ջանքերը մեկ համահունչ ռազմավարության շրջանակում։ Հիմնադրամի գործունեության, ծրագրերի և առաջիկա անելիքների մասին զրուցել ենք հիմնադրամի տնօրեն, գրականագետ Թեհմինա Մարությանի հետ։

– Տիկի՛ն Մարության, վերջերս Գորիսում մեկնարկեց «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի գործունեությունը, և արդեն կայացավ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։ Ինչո՞վ էր պայմանավորված հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը հենց այս փուլում։

– Սա վաղուց հասունացած քայլ էր։ Տարիներ շարունակ զբաղվելով Բակունցի ժառանգության ուսումնասիրությամբ, աշխատելով նրա տուն-թանգարանում, կազմակերպելով գիտական և հանրային նախաձեռնություններ՝ աստիճանաբար ձևավորվեց մի խոր գիտակցում Բակունցի ժառանգությունը չի կարող ապրել միայն անհատական ջանքերով կամ մեկ հաստատության շրջանակում։ Այն պահանջում է համակարգված մոտեցում, ինստիտուցիոնալ պատասխանատվություն և երկարաժամկետ տեսլական։ Հիմնադրամը ստեղծվել է հենց այդ անհրաժեշտությունից։

– Կարելի՞ է ասել, որ հիմնադրամի ստեղծումը նաև տարիներով կուտակված բացերի արձանագրում է։

– Այո, և դա ամենակարևորն է։ Մենք փորձել ենք ազնիվ լինել իրականության հանդեպ։ Տարիների ընթացքում կուտակվել են մի շարք խորքային բացեր՝ գիտական, թանգարանային, կրթական և հանրային մակարդակներում։ Բակունցագիտական նոր ուսումնասիրություններն այսօր չափազանց քիչ են, դրանց շարունակականությունը խաթարված է, չկա ձևավորված գիտական դպրոց կամ կայուն հետազոտական օրակարգ։ Թանգարանային կրթական ծրագրերը գրեթե բացակայում են, իսկ գիտական և հանրամատչելի աշխատանքների միջև կապը հաճախ ընդհատված է։
Չափազանց սահմանափակ են Բակունցի երկերի վերահրատարակությունները և թարգմանությունները, մինչդեռ նրա ստեղծագործությունը վաղուց ունի միջազգային շրջանառության անհրաժեշտություն։ Ակադեմիական քառահատորի վերահրատարակությունը դարձել է հրատապ խնդիր, հատկապես՝ նոր բացահայտված արխիվային նյութերի առկայության պայմաններում։

Թանգարանը, իր մեծ ներուժով հանդերձ, կարիք ունի տեխնոլոգիական արդիականացման, ցուցադրությունների նոր սցենարային մոտեցման, թվային գործիքների ներդրման։ Այս ամենը մեղադրանք չէ, այլ իրականության արձանագրում։ Եվ հիմնադրամը ստեղծվել է հենց այդ արձանագրված բացերին համակարգված, երկարաժամկետ և պատասխանատու լուծումներ առաջարկելու համար։

– Ինչպե՞ս է այդ պատասխանն արտահայտվում հիմնադրամի ռազմավարական ծրագրում։

– Մենք մշակել ենք հնգամյա ռազմավարական ծրագիր, որը նպատակ ունի ոչ թե պարզապես առանձին միջոցառումներ իրականացնել, այլ ձևավորել կայուն, շարունակական և ինստիտուցիոնալ համակարգ։ Ծրագիրը կառուցված է այն տրամաբանությամբ, որ Բակունցի ժառանգության պահպանումը չի կարող սահմանափակվել մեկ ուղղությամբ, այլ պետք է ներառի գիտական, թանգարանային, կրթական, հրատարակչական և հանրային դաշտերը՝ որպես փոխկապակցված ամբողջություն։

Այդ համակարգի առանցքային ուղղություններից մեկը «Բակունցյան ընթերցումներ» ամենամյա գիտաժողովն է, որը նախատեսվում է հաստատել որպես բակունցագիտության հիմնական գիտական հարթակ։ Գիտաժողովը կգործի մշտական գիտական խորհրդի համակարգմամբ, կունենա ամենամյա թեմատիկ առանցք, կապահովի երիտասարդ հետազոտողների մասնակցությունը և կուղեկցվի գիտական նյութերի տպագիր և էլեկտրոնային հրատարակությամբ՝ դրանք ներառելով միջազգային գիտական շրջանառության մեջ։

Ռազմավարական ծրագրում առանձնահատուկ տեղ ունի նաև բակունցագիտական հետազոտությունների համակարգումը՝ երիտասարդ բակունցագետների դպրոցի ձևավորման, մենթորական ծրագրերի և հետազոտական փոքր դրամաշնորհների միջոցով։ Սա հնարավորություն կտա ապահովել գիտական սերնդափոխություն և նոր մոտեցումների ներգրավում։

Միաժամանակ ծրագիրը ներառում է Բակունցի ակադեմիական ժառանգության վերանայման և վերահրատարակության ուղղությունը՝ ակադեմիական քառահատորի ամբողջական վերահրատարակությամբ և նոր՝ հինգերորդ հատորի պատրաստմամբ, որը կներկայացնի մինչ այժմ չհրապարակված արխիվային նյութեր, փաստաթղթեր և վավերագրեր։

Ռազմավարությունը կարևորում է նաև թվայնացման և արխիվային աշխատանքի համակարգումը՝ Բակունցի տուն-թանգարանի ֆոնդերի համապարփակ թվայնացում, «Bakunts Digital Archive» բազմալեզու հարթակի ստեղծում և վիրտուալ թանգարանի գործարկում, ինչը հնարավորություն կտա Բակունցի ժառանգությունը հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային գիտական հանրությանը։

Ծրագրի մեկ այլ կարևոր ուղղություն է կրթական և հանրային բաղադրիչը՝ դպրոց–թանգարան համագործակցության մոդելի ներդրում, կրթաթոշակային ծրագրերի գործարկում, ստեղծարար կենտրոնների ձևավորում և քաղաքային մշակութային միջավայրի ակտիվացում։ Այս ամենը միտված է նրան, որպեսզի Բակունցը ներկայանա ոչ միայն որպես ուսումնասիրության առարկա, այլ որպես ապրող մշակութային ներկայություն։

Այսպիսով, ռազմավարական ծրագիրը փորձում է փակել տարիներով կուտակված բացերը ոչ թե հատվածաբար, այլ ամբողջական համակարգով՝ ապահովելով Բակունցի ժառանգության գիտական, մշակութային և հանրային շարունակականությունը։

- Ինչպե՞ս եք պատկերացնում թանգարանի և հիմնադրամի համագործակցային մոդելը:

- Ամփոփ ձևակերպելով՝ թանգարանը նախ և առաջ պահպանման և ցուցադրման հաստատություն է, իսկ հիմնադրամը՝ ծրագրային և զարգացման գործիք։

Թանգարանն ապահովում է Բակունցի ժառանգության նյութական և հուշային միջավայրի պահպանումը, ցուցադրության շարունակականությունը և թանգարանային կյանքի բնական ընթացքը։

Հիմնադրամը գալիս է այդ համակարգը լրացնելու և զարգացնելու նպատակով՝ մշակելով երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր, ներգրավելով դրամաշնորհային և հովանավորական ռեսուրսներ, նախաձեռնելով գիտաժողովներ, փառատոններ, կրթաթոշակային ծրագրեր, թվային հարթակներ և միջազգային համագործակցություններ։

Եթե պատկերավոր ասեմ՝ թանգարանը Բակունցի տունն է, իսկ հիմնադրամը՝ այդ տան շուրջ ձևավորվող գիտամշակութային կյանքի շարժիչ ուժը։ Եվ այս երկու կառույցի համագործակցությունն է նաև, որ կարող է ապահովել Բակունցի ժառանգության լիարժեք, կենդանի և շարունակական ներկայությունը։

– Ինչպիսի՞ն է այսօր Ակսել Բակունցի տուն-թանգարանի վիճակը՝ մասնագիտական դիտակետից։

– Եթե փորձեմ հավասարակշռված ձևով ներկայացնել պատկերը, ապա այն ունի և՛ ուժեղ կողմեր, և՛ զարգացման հստակ անհրաժեշտություն։

Ակսել Բակունցի տուն-թանգարանը հանդիսանում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) մասնաճյուղ, ինչը նշանակում է, որ այն գործում է պետական թանգարանային համակարգի շրջանակում՝ համապատասխան կանոնակարգերով, ենթակայությամբ և սահմանափակումներով։

Թանգարանի ամենամեծ արժեքը հենց ինքն է՝ Բակունցի տունը՝ իր բակով, միջավայրով և հուշային մթնոլորտով։ Այստեղ պահպանվում են Բակունցի անձնական իրերը, ձեռագրերը, գրքերը և այլն, ինչպես նաև Մարիամ Ասլամազյանի և Մարտիրոս Սարյանի բացառիկ կտավները, որոնք ստեղծում են կենդանի հուշապատում։ Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ «տուն» հասկացությունը պահպանվում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր իմաստով։ Ցավոք, այսօր թանգարանում ցուցադրված է Մարտիրոս Սարյանի՝ 1935 թվականին հենց Բակունցի տանը վրձնած և թանգարանին նվիրաբերված կտավի պատճենը, իսկ Բակունցի մոր գործած արժեքավոր գորգերը ևս շուրջ երեք տարի առաջ տեղափոխվել են ԳԱԹ հուսանք՝ ժամանակավոր, և թանգարանը շուտով կվերականգնի իր պատմական ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ տարիների ընթացքում կուտակվել են խնդիրներ, որոնք պայմանավորված են թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական հնարավորությունների սահմանափակմամբ։ Թանգարանը ներկայում չունի բավարար ռեսուրսներ ցուցադրության տեխնոլոգիական արդիականացման, VR/AR լուծումների, ինտերակտիվ էկրանների, բազմալեզու աուդիոուղեցույցների ներդրման համար։

Կա նաև ցուցադրության կոնցեպտուալ արդիականացման անհրաժեշտություն։ Ժամանակակից թանգարանային մոտեցումները ենթադրում են սցենարավորված, պատմություն հաղորդող փորձառություն, որտեղ այցելուն ոչ միայն դիտում է առարկաները, այլ մտնում է Բակունցի կյանքի և ստեղծագործական աշխարհի ներսը։
Առանցքային խնդիրներից է նաև մասնագիտական կադրերի հարցը։ Թանգարանային գործը պահանջում է հատուկ պատրաստվածություն՝ թանգարանագիտության, էքսպոզիցիայի ձևավորման, հաղորդակցության և կրթական ծրագրերի մշակման ոլորտներում։ Առանց կայուն մասնագիտական միջուկի նույնիսկ լավագույն տեխնոլոգիական լուծումները չեն կարող լիարժեք աշխատել։

Բացի այդ, զգալիորեն պակաս է թանգարանի ներկայությունը միջազգային մասնագիտական ցանցերում, թեմատիկ հարթակներում և փորձի փոխանակման ծրագրերում, ինչը ևս սահմանափակում է զարգացման հնարավորությունները։

Այս ամբողջ համատեքստում է, որ հիմնադրամի և տուն-թանգարանի համագործակցությունը դառնում է կարևոր։ Հիմնադրամը չի փոխարինում թանգարանին և չի խախտում նրա ինստիտուցիոնալ ենթակայությունը, այլ գործում է միջնորդավորված և գործընկերային ձևով՝ նպաստելով համատեղ զարգացման ծրագրերի մշակմանը, ֆինանսական և մասնագիտական ռեսուրսների հայթայթմանը, աջակցմանը և այն միջավայրի ձևավորմանը, որտեղ տուն-թանգարանը կարող է դառնալ ոչ միայն հուշային վայր, այլև գիտական, կրթական և մշակութային գործընթացների ակտիվ կենտրոն։

– Ձեր ծրագրում առանձնահատուկ տեղ է տրված Բակունցի ակադեմիական ժառանգության վերարժևորմանը։ Ինչո՞ւ է այդ ուղղությունը ձեզ համար այդքան սկզբունքային։

– Որովհետև խոսքը պարզապես վերահրատարակության մասին չէ։ Բակունցի ակադեմիական ժառանգությունն այն հիմքն է, որի վրա կառուցվում է ամբողջ բակունցագիտությունը։ Եթե այդ հիմքը թերի է, հնացած կամ անհասանելի, ապա խաթարվում է նաև հետագա ուսումնասիրությունների որակը։

Այսօր ակադեմիական քառահատորը ոչ միայն վաղուց չի վերահրատարակվել, այլ նաև չի արտացոլում վերջին տասնամյակների ընթացքում բացահայտված արխիվային նյութերը, նոր փաստերը, ձեռագրերը և կենսագրական կարևոր վկայությունները։ Արդյունքում առաջանում է գիտական լուրջ բաց՝ հատկապես երիտասարդ հետազոտողների համար։

Մեր նպատակն է ոչ թե պարզապես վերահրատարակել արդեն եղածը, այլ վերաիմաստավորել ակադեմիական հիմքը՝ այն համալրելով նոր նյութերով և գիտական մեկնաբանություններով։ Այդ գործընթացը պատկերացնում ենք միայն մասնագիտական լայն համագործակցության պայմաններում՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, համապատասխան ինստիտուտների և բակունցագիտությամբ զբաղվող գիտնականների մասնակցությամբ։

Նոր՝ հինգերորդ հատորի պատրաստումը մեզ համար ոչ թե հավելում է, այլ ակադեմիական բնական շարունակություն։ Սա մեր գիտական և բարոյական պարտքն է Բակունցի առաջ, բայց նաև պարտք՝ ապագա բակունցագետների հանդեպ։

– Իսկ նոր հրատարակությունների ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են նախատեսվում։

– Այստեղ նույնպես տարիներով կուտակված բաց կա։ Բակունցի ստեղծագործությունը մեծ մասամբ շարունակում է գոյություն ունենալ սահմանափակ հրատարակություններով, որոնք այսօր հաճախ անհասանելի են թե՛ ընթերցողին, թե՛ ուսանողին, թե՛ հետազոտողին։ Մինչդեռ անհրաժեշտ է ոչ միայն գիտական, այլև ժամանակակից, ընթերցողին հասանելի ներկայացում։

Ռազմավարական ծրագրով նախատեսվում է Բակունցի երկերի նոր հրատարակությունների շարք՝ միասնական խմբագրական և դիզայներական հայեցակարգով, ինչպես նաև հանրամատչելի ընտրանիներ՝ դպրոցականների և ուսանողների համար։ Միաժամանակ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս թարգմանական ծրագրին՝ նպատակ ունենալով Բակունցի ստեղծագործությունը ներկայացնել ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով՝ ապահովելով նրա ներկայությունը միջազգային գրական և ակադեմիական հարթակներում։

Այս ուղղության կարևոր բաղադրիչներից մեկն է նաև Ակսել Բակունցի համապարփակ կենսամատենագիտության կազմումը, որը երկար տարիներ մնացել է բաց դաշտ։ Այն նախատեսվում է որպես բակունցագիտության հիմնարար գիտական գործիք՝ ներառելով ստեղծագործությունները, ուսումնասիրությունները, հոդվածները, թարգմանությունները և արխիվային հրապարակումները։ Կենսամատենագիտական այս մեծածավալ աշխատանքը պատկերացնում ենք մասնագիտական համագործակցության շրջանակում՝ Հայաստանի ազգային գրադարանի և ոլորտի համապատասխան մասնագետների մասնակցությամբ։

Այսպիսով՝ հրատարակչական քաղաքականությունը մեզ համար ուղղված է ոչ միայն գրքերի տպագրությանը, այլև Բակունցի ժառանգության ամբողջական շրջանառության ձևավորմանը՝ գիտական, կրթական և հանրային դաշտերում։

– Ձեր ծրագրերում առանձնահատուկ տեղ ունի երիտասարդների ներգրավումը։

– Դա մեր ամենակարևոր և ռազմավարական խնդիրներից է։ Բակունցագիտությունը չի կարող ունենալ ապագա, եթե չունի երիտասարդ շարունակողներ։ Այդ պատճառով մենք սահմանում ենք Ակսել Բակունցի անվան կրթաթոշակ՝ ուղղված ավագ դպրոցի աշակերտներին, ուսանողներին և երիտասարդ գրականագետներին, ովքեր հետաքրքրված են Բակունցի ստեղծագործության ուսումնասիրմամբ։

Սակայն կրթաթոշակը մեզ համար միայն ֆինանսական աջակցություն չէ։ Այն դիտարկվում է որպես ներգրավման և ուղեկցման համակարգ։ Կրթաթոշակառուները ներգրավվելու են հիմնադրամի գիտական, կրթական և հանրային ծրագրերում՝ որպես երիտասարդ հետազոտողներ, ծրագրերի համակազմակերպիչներ, կամավորներ և նախաձեռնությունների հեղինակներ։

Միաժամանակ նախատեսվում է մենթորական աջակցություն՝ փորձառու գիտնականների և մասնագետների մասնակցությամբ, որպեսզի երիտասարդները ոչ միայն աշխատեն, այլ նաև մասնագիտական աճ ունենան։ Այս ձևաչափով կրթաթոշակը դառնում է գիտական սերնդափոխության գործիք՝ ստեղծելով «Բակունցի ժառանգորդների» համայնք, որը կապահովի բակունցագիտության շարունակականությունն առաջիկա տարիներին։

– Ձեր ռազմավարական ծրագրում առանձնանում է նաև «Ալպիական մանուշակ» նախաձեռնությունը։ Ի՞նչ գաղափար է այն իր մեջ կրում։

– «Ալպիական մանուշակը» Ակսել Բակունցի ստեղծագործության ամենախորհրդանշական պատկերներից է՝ թաքնված գեղեցկության, խոցելիության և ներքին ուժի խորհրդանիշ։ Այդ պատճառով այն դիտարկում ենք ոչ միայն որպես գրական մոտիվ, այլ որպես ամբողջական մշակութային հայեցակարգ, որի շուրջ հնարավոր է ձևավորել ստեղծարար և կրթական միջավայր։

«Ալպիական մանուշակի տուն» ստեղծարար-կրթական կենտրոնի ստեղծումը նախատեսվում է որպես կենդանի հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները չեն սահմանափակվի միայն Բակունցի ընթերցմամբ, այլ կմտնեն նրա աշխարհ՝ գրական ակումբների, ընթերցում-քննարկումների, թատերական փորձերի, տարբեր ստեղծարար աշխատարանների միջոցով։ Այստեղ Բակունցը ներկայանալու է որպես ապրող մշակութային փորձառություն, ոչ թե միայն ուսումնասիրվող հեղինակ։

Միաժամանակ նախաձեռնությունը ներառում է «Ալպիական մանուշակ. Գորիսի հոգին» մշակութային բրենդի զարգացումը՝ հուշանվերների, դիզայներական արտադրանքի, քաղաքային վիզուալ միջավայրի տարրերի միջոցով։ Սա հնարավորություն է տալիս գրական ժառանգությունը կապել ժամանակակից մշակութային տնտեսության, երիտասարդական նախաձեռնությունների և զբոսաշրջային ծրագրերի հետ։

Այսպիսով՝ «Ալպիական մանուշակը» մեզ համար կամուրջ է գրականության, կրթության, արվեստի և համայնքային զարգացման միջև՝ մի մոդել, որը կարող է Գորիսում ձևավորել նոր որակի մշակութային միջավայր։

– Ձեր ծրագրերում տեղ են զբաղեցնում նաև նկարչական սիմպոզիումները։ Ինչպե՞ս եք պատկերացնում դրանց շարունակականությունը։

– Այո, այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է, որովհետև այն արդեն ունի ձևավորված և հաջողված փորձ։ Գորիսում վերջին տարիներին իրականացվել են նկարչական սիմպոզիումներ՝ ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախաձեռնությամբ, որոնք ցույց են տվել, որ բակունցյան և գորիսյան միջավայրը մեծ ստեղծագործական ներշնչում ունի արվեստագետների համար։

Մեր նպատակն է այդ փորձը դարձնել շարունակական և համակարգված՝ զարգացնելով այն հիմնադրամի աջակցության շրջանակում։ Նախատեսվում է կազմակերպել նկարչական սիմպոզիումներ՝ բակունցյան և կյորեսյան մոտիվներով՝ համագործակցելով ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի, արվեստագետների և մշակութային կառույցների հետ։

Սիմպոզիումների արդյունքում ստեղծված աշխատանքները կարող են ձևավորել բակունցյան թեմատիկ արվեստի հավաքածու, ներկայացվել ցուցադրություններով՝ Գորիսում և Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև ընդգրկվել մշակութային միջոցառումների և փառատոնների ծրագրերում։

Մեզ համար սա ևս Բակունցի ժամանակակից ընթերցման ձև է՝ արդեն գեղարվեստական լեզվով, որտեղ գրական խոսքը վերածվում է գույնի, ձևի և պատկերային մտածողության՝ շարունակելով Բակունցի աշխարհը նոր արվեստային ձևերով։

– Դուք հաճախ եք խոսում նաև Գորիսի մասին՝ որպես «Բակունցյան քաղաքի»։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում։

– Այստեղ ևս մենք բախվում ենք տարիներով ձևավորված բացի։ Գորիսն Ակսել Բակունցի ծննդավայրն է, նրա ստեղծագործական աշխարհի առանցքային տարածքը, սակայն քաղաք մուտք գործող այցելուն միշտ չէ, որ անմիջապես զգում է այդ ներկայությունը։ Քաղաքային միջավայրում Բակունցի կերպարը, խոսքը և աշխարհընկալումը դեռևս բավարար չափով տեսանելի չեն։

Մինչդեռ Բակունցը կարող է և պետք է դառնա Գորիսի ինքնության կարևոր բաղադրիչը։ «Բակունցյան քաղաք» գաղափարը մեզ համար սոսկ խորհրդանշական արտահայտություն չէ, այլ մշակութային զարգացման կոնկրետ մոդել։ Այն ներառում է քաղաքային միջավայրի բրենդավորում՝ տեղեկատվական վահանակներ, ինֆոգրաֆիկա, Բակունցի խոսքերով ու պատկերներով ժամանակակից լուծումներ, ինչպես նաև «Բակունցյան ուղի» զբոսաշրջային երթուղու ձևավորում՝ տուն-թանգարանով, գրական վայրերով և քաղաքի պատմական միջավայրով անցնող։

Միաժամանակ նախատեսվում են քաղաքային մշակութային միջոցառումներ, բաց ընթերցումներ, գրական երեկոներ, փառատոնային ձևաչափեր, որոնց միջոցով Բակունցը դուրս կգա փակ տարածքներից և կմտնի քաղաքի կենդանի կյանք։

Այս ամենը մեզ համար ոչ միայն մշակութային նախաձեռնություն է, այլև երկարաժամկետ զարգացման ռազմավարություն՝ ուղղված Գորիսի մշակութային դիմագծի հստակեցմանը, գրական զբոսաշրջության զարգացմանը և քաղաքի ինքնության արժևորմանը։

- Ձեր ծրագրերում օրախնդիր է նաև Բակունցի մայրաքաղաքային հուշարձանի հարցը։ Ի՞նչ քայլեր են նախատեսվում այդ ուղղությամբ։

– Այո, մենք կարևորում ենք այդ հարցը: Եվ այն ոչ միայն գեղարվեստական կամ քաղաքաշինական հարց է, այլև մշակութային քաղաքականության և ազգային հիշողության հարց։ Ակսել Բակունցը հայ արձակի առանցքային դեմքերից է, սակայն մինչ օրս Երևանը՝ որպես հանրապետության մշակութային կենտրոն, չունի նրան նվիրված հուշարձան։ Այդ բացը միայն խորհրդանշական չէ այն խոսում է նաև մեր մշակութային առաջնահերթությունների մասին։ Հուշարձանը մեզ համար ինքնանպատակ չէ։ Այն պետք է դառնա ոչ թե պարզապես քանդակային օբյեկտ, այլ մտածված մշակութային տարածք, որը կներառի նաև կրթական և հանրային բաղադրիչ։ Մենք պատկերացնում ենք հուշարձան, որը կարող է ունենալ նաև բաց ընթերցումների, փոքր միջոցառումների, կրթական հանդիպումների հնարավորություններ՝ դառնալով կենդանի հիշողության վայր։ Ռազմավարական ծրագրի շրջանակում նախատեսում ենք նախապատրաստել հիմնավորված առաջարկ-փաթեթ՝ համապատասխան վայրի ընտրության, քանդակագործական մրցույթի կազմակերպման և գործընթացը պետական օրակարգ մտցնելու նպատակով։ Այս հարցում կարևոր է համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության, գրական և գիտական հաստատությունների հետ։ Միաժամանակ անհրաժեշտ է նաև մասնագիտական և հանրային քննարկում, որպեսզի ձևավորվի այնպիսի լուծում, որը կլինի արժանապատիվ և ժամանակին համարժեք։ Դա մեր պարտքի մի մասի վերադարձն է՝ արդեն պետական և հանրային մակարդակով։

–  Այս ծրագրերի իրականացման համար կարևոր է նաև գործընկերային աջակցությունը։ Ի՞նչ եք առաջարկում հնարավոր բարերարներին և կազմակերպություններին։

– Մենք առաջարկում ենք վստահելի և թափանցիկ համագործակցություն՝ հստակ կանոնադրական հիմքով և հաշվետվողական կառավարման համակարգով։

Հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ, գործում է ծրագրային պլանավորմամբ և պարտադիր հաշվետվությամբ, ինչը մեզ համար սկզբունքային է։

Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր աջակցություն ունենա տեսանելի և չափելի արդյունք՝ լինի դա թվայնացված արխիվ, հրատարակված գիրք, կրթաթոշակ ստացած երիտասարդ, ստեղծարար ծրագիր կամ վերազինված թանգարանային միջավայր։ Մենք ցանկանում ենք, որ բարերարն ու գործընկերը տեսնեն իրենց ներդրման իրական շարունակությունը։

Միևնույն ժամանակ սահմանվում է «Ակսել Բակունց» հուշամեդալը՝ որպես բարձրագույն խրախուսանք այն անձանց և կազմակերպությունների համար, որոնք էական ներդրում կունենան Բակունցի ժառանգության ուսումնասիրման, պահպանման և զարգացման գործում։ Դա մեր մշակութային շնորհակալության լեզուն է՝ արժևորելու ոչ միայն նյութական աջակցությունը, այլ նաև պատասխանատվությունը մշակույթի նկատմամբ։

Մենք հույս ունենք, որ կլինեն անհատներ, կազմակերպություններ և գործընկեր կառույցներ, որոնք կգնահատեն այս նախաձեռնության կարևորությունը և կցանկանան իրենց ներդրումն ունենալ Բակունցի ժառանգության պահպանության, հանրահռչակման ու շարունակականության գործում։ Վստահ ենք, որ մշակույթն այն դաշտն է, որտեղ համագործակցությունը վերածվում է երկարաժամկետ արժեքի՝ ոչ միայն մեկ օրվա, այլև տարիների համար։

– Եվ վերջում՝ ինչպե՞ս կձևակերպեք հիմնադրամի գլխավոր առաքելությունը։

– Կարծում եմ՝ շատ պարզ և միաժամանակ շատ պատասխանատու մենք ահռելի պարտք ունենք Բակունցին։ Այդ պարտքը միայն գրական չէ, այն բարոյական է, մշակութային և ազգային։ Բակունցը մեզ թողել է մտածողություն, աշխարհընկալում, մարդու և բնության հարաբերության խոր փիլիսոփայություն, որը մինչ այսօր մնում է արդիական։

Այդ պարտքը հնարավոր չէ վերադարձնել մեկ ծրագրով կամ մեկ միջոցառմամբ։ Այն վերադարձվում է միայն հետևողական աշխատանքով, գիտությամբ, ստեղծարարությամբ և միասնական պատասխանատվությամբ։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ Բակունցը չի ապրի միայն հիշողության մեջ, այլև կշարունակի խոսել նոր սերունդների հետ՝ գիտության, կրթության, արվեստի և կենդանի մշակույթի լեզվով։

Հիմնադրամը հենց այդ ճանապարհի սկիզբն է՝ երկար, բայց արժանի ճանապարհ, որով մենք պատրաստ ենք քայլել գործընկերների, գիտնականների, արվեստագետների և բոլոր նրանց հետ, ովքեր հավատում են, որ մշակույթը ազգի ամենակայուն հենարանն է։

– Տիկին Մարության, շնորհակալություն ենք հայտնում անկեղծ ու բովանդակալից զրույցի համար և հաջողություն մաղթում հիմնադրամի առաջիկա ծրագրերի իրականացման գործում։

 

Հարցազրույցը՝ Մարի Նավասարդյանի

 

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը 2025-ին 14 մլրդ 794 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

17.02.2026 19:19

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

17.02.2026 17:57

Աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ին

17.02.2026 17:54

Թեհրանը պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը. ռազմածովային ուժերի հրամանատար

17.02.2026 17:51

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները

17.02.2026 17:49

Ահռելի պարտք ունենք Բակունցին (զրույց «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն, գրականագետ Թեհմինա Մարությանի հետ)

17.02.2026 17:27

Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը

17.02.2026 16:09

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը

17.02.2026 16:07

ՇՄ նախարարը և Աստրիդ Շոմեյքերը քննարկել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

17.02.2026 15:55

Միքայել արքեպիսպոկոս Աջապահյանին Գյումրիում դիմավորեցին ծափերով եւ երգերով

17.02.2026 15:39

ՆԱՏՕ-ի 38 անդամ երկրների ներկայացուցիչներ ժամանել են Բաքու

17.02.2026 14:46

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումը

17.02.2026 12:27