Աղասի Հակոբջանյան. «Համաքաղաքացիներիս հետ եղել եւ մնում եմ անկեղծ, ինչի համար եւ ակնկալում եմ նրանց վստահության քվեն»

23.09.2016 14:40
3507

Սիսիանում տիրող նախընտրական մթնոլորտի, համայնքում առկա խնդիրների, վերջին տարիներին իրականացված աշխատանքների մասին է զրույցը Սիսիան համայնքի ղեկավարի թեկնածու, գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ:


Աղասի Հակոբջանյան. ծնվել է 1958թ. հունվարի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Տոլորս համայնքում:

1964-1972թթ. սովորել է Տոլորսի ութամյա դպրոցում, այնուհետեւ՝ մինչեւ 1974թ.՝ Սիսիանի N1 միջն. դպրոցում:

1974-1975թթ. աշխատել է Սիսիանի N 6 գյուղշինտրեստում՝ բանվոր:

1975-1980թթ. սովորել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, ավարտել ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ:

1980-1982թթ. աշխատել է Հայգյուղտեխնիկայի Սիսիանի արտադրական միավորման ինժեներ: Այնուհետեւ՝ 1982-1983թթ. եղել է տեղամասի պետ Սիսիանի մելիորատիվ կայանում, 1983-1984թթ.՝ դարձյալ Հայգյուղտեխնիկայում՝ բրիգադավար:

1984-1986թթ. աշխատել է Էներգահսկողության Սիսիանի տեղամասի պետ:

1986-1992թթ. եղել է Սիսիանի էլցանցի, 1992-1996թթ.՝ Սիսիանի շրջանային կապի հանգույցի տնօրենը, 1996-2008թթ.՝ «Արմենտել» ՓԲԸ Սիսիանի տարածքային բաժնի պետը:

2008 թվականից մինչ օրս Սիսիան համայնքի ղեկավարն է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի, երեք դուստր, երկու թոռնիկ:

Անկուսակցական է:


- Պարո՛ն Հակոբջանյան, երկու ընտրաշրջան ղեկավարել եք Սիսիան քաղաքը` այդ ընթացքում բավականին շատ հարցերի լուծում տալով: Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կրկին հավակնում եք ղեկավարել համայնքը. ինչո՞ւ եք ցանկանում բավականին դժվարին եւ պատասխանատու այս ժամանակներում վերստին ստանձնել համայնքապետի պաշտոնը:

- Ծնվել եւ մեծացել եմ Սիսիանում, գիտակցական կյանքս այստեղ անցկացրել, այս միջավայրում թրծվել, ուստի, անկախ ներկա մարտահրավերներից եւ դժվարություններից, ես սիրում եմ Սիսիանը եւ սիսիանցիներին ու իրենց հետ համատեղ կարող եմ յուրաքանչյուր հարց լուծել: Առհասարակ  քաղաքապետարանի աշխատանքները շարունակական են, այն, ինչ խոստացել ենք մեր նախընտրական եւ քառամյա ծրագրերով, դեռ մի բան էլ ավելին, իրականացրել ենք: Բայց կան աշխատանքներ, որոնք անընդհատ պետք է կատարել, ուստի ես ոչ թե հայտարարում եմ, որ դեռ շատ անելիքներ ունենք, այլ պարզապես նշում եմ, որ ցանկություն եւ ներուժ ունեմ ժողովրդի բարեկեցությանը միտված բազում աշխատանքներ կատարելու, օգտակար լինելու մեր հանրությանը:

- Նախորդ ընտրություններում Դուք ներկայացել եք որպես Բարգավաճ Հայաստան բավականին ազդեցիկ կուսակցության անդամ: Այսօր, քաղաքական ինչ-ինչ պատճառներից ելնելով, անկուսակցական եք: Ստացվում է, եթե երեկ կուսակցական հենարան ունեիք, այսօր չունեք: Եվ, այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր սոցիալական, քաղաքական հենարանը:  

- Քաղաքական որոշ հանգամանքներից ելնելով` Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերից հեռացել եմ, այս պահին չեմ հավակնում որեւէ կուսակցության անդամ լինել, համագործակցում եմ տարբեր կուսակցությունների եւ հկ-ների ներկայացուցիչների հետ` պահպանելով համերաշխ եւ գործնական հարաբերություններ: Եկել եմ համոզման, որ բնավ պարտադիր չէ կուսակցության անդամ լինել ընտրություններում հաղթող ճանաչվելու համար: Համայնքապետին վստահության քվե տվողը սիսիանցին է: Նախորդ ընտրություններում բավականաչափ քվեներ ստանալս բնավ պայմանավորված չէր կուսակցության անդամ լինելով: Իհարկե, ցանկալի է կուսակցական հենարան ունենալը, բայց ստեղծված իրավիճակում, կարծում եմ, իմ քաղաքական հենարանը ժողովուրդն է, իսկ այցեքարտս՝ իմ կատարած աշխատանքը: Հենարանս այն սիսիանցին է, ով գնահատել գիտի, ճանաչում է ինձ ու իմ գործելակերպը, վստահում է իմ ազնվությանն ու հետագա արդյունավետ գործունեությանը: Սիսիանում ստեղծված պայմաններում, համոզված եմ, բոլոր կուսակցություններից էլ ինձ վստահության քվե կտան, որովհետեւ անցած տարիներին համագործակցել եմ կուսակցական բոլոր առողջ ուժերի, հանրության բոլոր խավերի հետ:      

- Սիսիանում քաղաքական հակառակորդներ ունե՞ք:

- Բնականաբար, ունեմ. եթե ութ տարի ղեկավարում ես մի համայնք, ուզես թե չուզես, քաղաքական բեւեռներ ձեւավորվում են` պայմանավորված թե՛ տնտեսական, թե՛ գաղափարական, թե՛ անձնական հանգամանքներով: Երեւույթը բնական պրոցես եմ համարում. իհարկե, Սիսիանում կան մարդիկ, ովքեր դեմ են իմ քաղաքական հայացքներին, իմ գործելաոճն իրենց չի բավարարում, իմ հարաբերությունները ժողովրդի հետ իրենց համար խորթ են:

- Գործող քաղաքապետ եք ու նախընտրական պրոցեսում ունեք ե՛ւ առավելություններ, ե՛ւ խոցելի կողմեր: Խոցելի այն առումով, որ պաշտոնի բերումով իրավիճակի պատասխանատուն եք: Բայց մինչ խոցելի կողմերին անդրադառնալը համառոտ ամփոփեք անցած տարիներին կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ նաեւ Սիսիանի պատմության էջերում կգրվի Ձեր անունը: 

- Այս տարիներին բնավ նպատակ չեմ ունեցել պատմության մեջ տեղ գտնելու, կամ որ իմ տղան պարծենա, թե քաղաքապետի որդի է: Նախ՝ իմ անմիջականության, անկեղծության շնորհիվ հասա նրան, որ վերացավ քաղաքապետարանի եւ ժողովրդի միջեւ առկա անջրպետը: Այնուհետեւ՝ ձեռքբերումները բազմաթիվ են, կատարված աշխատանքները` տեսանելի բոլորի համար. այսօրվա Սիսիանն այլեւս նման չէ նախորդ ժամանակների Սիսիանին: Բավականաչափ աշխատանքներ են իրականացվել թե՛ փողոցների ասֆալտապատման ու լուսավորության, թե՛ մայթերի բարեկարգման, թե՛ քաղաքի կանաչապատման ու շենքերի տանիքների նորոգման ուղղությամբ: Զգալի հաջողություններ ենք գրանցել մշակութային եւ մարզական ոլորտներում, լայնացրել երիտասարդների հետ համագործակցության շրջանակները, ուշադրության կենտրոնում պահել վետերաններին, քաղաքի նշանավոր մարդկանց: Իսկ կատարած աշխատանքներն առավել ընդարձակ հաշվետվությամբ մշտապես ներկայացրել ենք հանրությանը, աշխատել թափանցիկության եւ բացախոսության պայմաններում:

- Ո՞րն է թույլ տրված այն բացթողումը, եթե, իհարկե, այդպիսին կա, որ կրկին համայնքապետ ընտրվելու դեպքում թույլ չեք տա:

- Իհարկե, բազում բացթողումներ կան` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված: Օբյեկտիվ պատճառները կապված են մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակով, սուբյեկտիվ պատճառը` քաղաքապետարանում թիմի ձեւավորման հետ: Իմ՝ կառավարման ոլորտներին ու ենթակառույցներին` կոմունալ, մշակութային եւ այլն, ծանոթանալը մի փոքր երկար տեւեց: Որոշակի բացթողումներ ղեկավարման առաջին շրջանում ունեցել եմ կադրերի փոփոխության եւ նշանակման հարցերում, բայց կարճ ժամանակում հարթվել են: Այժմ ունեմ բավականին կիրթ եւ փորձառու թիմ, որի հետ համայնքի զարգացմանը միտված բավականաչափ աշխատանքներ ենք իրականացրել: Իմ գործունեությանը խանգարում են նաեւ կառավարման համակարգի որոշ առանձնահատկությունները. իբրեւ քաղաքապետ՝ իմ գործողություններում ազատ եմ, բայց մարզային, հանրապետական, մունիցիպալ կառույցների հետ աշխատանքները երբեմն չեն գոհացնում, ինչն անհարկի դժվարություններ է ստեղծում եւ կոնֆլիկտների առիթ տալիս: Սա լուրջ խնդիր է ոչ միայն Սիսիանի, այլեւ ողջ հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում: Այս ամենով հանդերձ` վստահեցնում եմ, որ այնպիսի բացթողումներ չեն եղել, որոնց համար երբեւէ կարելի է ամաչել, որոնց հետեւանքով տուժեին սիսիացին, նրա հեղինակությունը կամ սկսած գործը:    

- Համայնքային կառավարման բնագավառում արդեն մեծ փորձ ունեք. Ձեր կարծիքով` ՏԻՄ-ի մասին գործող օրենքը բավարարո՞ւմ է տեղական ինքնակառավարման պահանջներին, թե՞ փոփոխությունների կարիք ունի:

- ՏԻՄ-ի մասին օրենքի փոփոխությունը ժամանակի հրամայական պահանջն է, որ բավական լուրջ քննարկման հարց է: Բացթողումները մեկ-երկու կետում չեն, այլ` բազմաբնույթ ու բազմազան: ՏԻՄ-ը պետք է հզորացվի, որպեսզի երկիրը հզորանա: Համայնքին պետք է ավելի շատ իրավունքներ տրվեն. այսօրվա կարգավիճակով մենք ավելի շատ պարտականություններ ունենք, քան իրավունքներ: Համայնքի ղեկավարի կամ ՏԻՄ-ի լիազորությունների պակասը, ապակենտրոնացման դանդաղեցումն ազդում են աշխատանքների արդյունավետության վրա: Ի վերջո, ժամանակները  փոխվում են, երեւան են գալիս նոր իրողություններ, նոր սահմանադրություն ունենք, ինչպե՞ս կարող է այդ ամենը գործող օրենսդրության փոփոխության պահանջ չառաջացնել:

- Եվ, փաստորեն, ՏԻՄ-ի մասին օրենքը նույնը թողնելով` մեր երկրում սկսվել է համայնքների խոշորացման գործընթացը, ինչի վերաբերյալ տարաբեւեռ կարծիքներ կան:

- Իմ համոզմամբ` համայնքների խոշորացման կամ միավորման միակ եւ նախընտրելի ելքը Մեղրու տարածաշրջանի տարբերակն է, իսկ փնջային տարբերակով խոշորացման արդյունավետությունը ցույց կտա ժամանակը: Ես կարծում եմ` նախկին վարչական շրջանները պետք է վերականգնել, որը թե՛ ծախսերի, թե՛ կառավարման առումով շատ արդյունավետ էր:

- Ձեր հակառակորդներն այս օրերին հաճախ են շահարկում փաստը, որ Ձեր պաշտոնավարման ժամանակ քաղաքապետարանից մարդիկ են դատվել: Որքանո՞վ է օբյեկտիվ այդ մեղադրանքը:

- Թյուր կարծիք է, հիմքեր չունեցող քննադատություն, քանի որ քաղաքապետարանից ոչ մեկը չի դատվել, փորձել են շինծու հայցերով եւ դատարանի ուժով առանձին մարդկանց մեղքեր վերագրել, սակայն դատարանը մերժել է` հանցակազմի բացակայության պատճառով: Եթե քաղաքապետարանում օրենքի որոշակի խախտումներ են գրանցվել, ապա մեղավորները թող պատասխան տան դրա համար: Այդ խոսակցություններն ավելի շատ նպատակ ունեն իմ անունն արատավորելու, քան թե որոշակի չարաշահումների մասին բարձրաձայնելու: Այն մարդիկ, ովքեր շահագրգռված են նման հրապարակումներով, իրենց ապրած կյանքով ավելի շատ են ներառված հանցախմբերի մեջ եւ ավելի շատ հանցանքներ են գործել ի վնաս մեր ժողովրդի: Ինձ մեղադրողները թող հետադարձ հայացք ձգեն, քանի դեռ ես չեմ հիշեցրել…  

- Հատկապես վերջին շրջանում Ձեր մասին հրապարակվում են կեղծ ստորագրություններով, իսկ երբեմն ակնհայտ զրպարտություն ու ակնհայտ վիրավորանք պարունակող հոդվածներ, որոնց Դուք չեք անդրադառնում: Ինչո՞ւ:

- Ասում են` լռությունը համաձայնության նշան է, բայց այս դեպքում ամենեւին այդպես չէ: Ճանաչելով հոդվածագրին` չեմ կարդում նման անբարո հոդվածները, բայց, հավատացնում եմ, որ նման հրապարակումները ժողովրդի շրջանում հոդվածագրի հանդեպ բացասական վերաբերմունք եւ արհամարհանքի զգացում  են առաջացնում: Դա ամենամեծ պատասխանն է բոլոր առումներով մերժված այդ վայ հոդվածագրին: Ես, իհարկե, չեմ անդրադառնում դրանց, քանի որ հաշվի եմ առնում, որ դիմացինս սովորական խեղկատակ ու թշվառական է, իրենից ոչինչ ներկայացնող անձնավորություն, եւ նրա համար շատ կլիներ երկխոսության մեջ մտնելը: Այդ քննադատություն կոչված հարայհրոցն անձնավորված է, եթե այն նպատակ ունենար համայնքային որեւէ խնդիր լուծելու, անմիջապես կարձագանքեի` ուղղելով մեր բացթողումները: Որպես քաղաքապետ` չեմ ուզում իջնել այն հատակը, որտեղ հավերժորեն հանգրվանել է հոդվածագիրը, որտեղից փորձում է վրեժ լուծել՝ իր չկայացածության համար:   

- Մի քանի օր առաջ ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցը հայտարարեց, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններում պաշտպանում է Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Յուրաքանչյուր ընտրություն նախորդի կրկնությունը չէ, եւ իրավիճակի նման փոփոխությունը բնավ զարմանալի չէ. դա մի քանի հոգու ցանկությունն էր եւ ոչ ՀՀԿ շարքերի կամ կենտրոնական մարմնի: Առհասարակ կուսակցության կենտրոնական մարմիններն են որոշում՝ որեւէ թեկնածուի պաշտպանե՞լ, թե՞ չպաշտպանել: Ինչ-որ մարդկանց անձնական դիրքորոշումը դեռ կուսակցության դիրքորոշում չէ: Մյուս կողմից՝ ավանդական կուսակցությունների լռությունը, նախեւառաջ, իմ աշխատանքի  գնահատականն է: Ես անկուսակցական եմ, եւ կուսակցությունները չեն առաջադրել թեկնածու, չեն հակադրվել ինձ, քանի որ նրանց համար ցանկալի թեկնածու եմ: Սիսիանում բարոյահոգեբանական, քաղաքական մթնոլորտը նորմալ է` շնորհիվ իմ եւ թիմակիցներիս անկեղծ գործունեության: Աշխատանքներն իրականացվում են օրենքի շրջանակներում, եւ չեմ կարծում, որ կուսակցական շահն ավելի կարեւոր է, քան ժողովրդի շահը: Իմ աշխատելաոճը, կատարած աշխատանքները, կարծում եմ, ընդունելի են բոլոր կուսակցությունների համար: Այս ութ տարվա ընթացքում բոլորի հետ հավասարաչափ եմ աշխատել, ծավալել պետականամետ գործունեություն, որ ավելի կարեւոր է, քան կուսակցական լինել` ինչ-որ ակնկալիքներ ունենալով: Այնպես որ՝ սիսիանցին համայնքի ղեկավար ընտրելու, ազատ կամարտահայտման բոլոր հնարավորություններն ունի: Եվ պատահական չենք ընտրել մեր կարգախոսը՝ աշխատենք միասին՝ վեր անձնական շահերից:

- Ձեր մրցակիցները պնդում են, որ Սիսիանի հանրության մեջ բազմաբեւեռություն է, որ անհամերաշխության մթնոլորտ է իշխում, մինչդեռ Դուք հակառակը նշեցիք:

- Կուզեի, որ իմ մրցակիցներն առավել առարկայական խոսեին, ո՞ւմ հետ է անհամերաշխությունը: Միգուցե իրենք ինչ-որ մեկի հետ անձնական խնդի՞ր ունեն, բայց դա իրենց գործն է… Ստեղծված իրավիճակը ոչ թե բազմաբեւեռություն է, այլ բազմակարծության դրսեւորում, որը խոսում է հանրության առողջության մասին: Իմ աշխատակազմում բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ կան, իմ հարաբերությունները բոլոր կառույցների հետ ջերմ են, իհարկե, աշխատանքային տարաձայնություններ կան, բայց դա էլ բնական երեւույթ է, այլ ոչ բեւեռացում: Միգուցե աշխատանքային գործընթացում որոշ հարցերի շուրջ հակադրվում ենք, բայց պահպանում ենք անձնական մտերմությունը: Այդ անհամերաշխության մթնոլորտը նրանց համար ցանկալի երազ է: Նաեւ իմ շնորհիվ, կարծում եմ, Սիսիանը շատ տարիներ է` ոմանց համար ցանկալի անհամերաշխ վիճակ չի տեսել ու չի տեսնելու:  

- «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմն ականատես է եղել Աղասի Հակոբջանյանի` ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում լինելուն, որ նպատակ ուներ սատարել սահմանին գտնվողներին: Բայց հետագայում շահարկվեց այդ ամենը, կասկածի տակ առնվեց հանգանակություններն ըստ նպատակի օգտագործելը եւ այլն: Դուք փորձեցիք այդ ամենին իրավական գնահատական տալ, բայց հետ կանգնեցիք, ինչո՞ւ:

- Անբարո այդ շահարկումներին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ դրանով ոչ միայն ինձ, այլեւ սիսիանցուն, որ հոգու կանչով մարտի դաշտ մեկնեց, փորձեցին պիտակավորել, վիրավորել: Սգավոր համայնքում այդ օրերին նման հարց մոգոնելը մեծագույն անբարոյականություն է: Ընչաքաղցը չպետք է իր արշինով չափեր ազնիվ այդ գործընթացը, եւ միայն նմաններն են ի վիճակի այդպիսի սրբապիղծ քայլեր կատարել: Հանգանակությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը մինչ օրս իրականացնում է համակարգման աշխատանքները` բնավ ուշադրություն չդարձնելով զրպարտիչների բարբաջանքներին:

- Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանրապետության հատուկենտ համայնքներում է հավակնություն դրսեւորում: Սիսիանում այդ կուսակցությունը ներո՞ւժ ունի, թե՞ ուժերի փորձարկում է,  կամ միգուցե թողնենք՝ ընտրողը պատասխանի այդ հարցին:

- Առհասարակ ամեն նորություն դժվարությամբ է ճանապարհ հարթում, միգուցե Սրբուհի Գրիգորյանի պարագայում այդ կուսակցության շուրջ Սիսիանում աշխուժություն նկատվի, բայց, իմ կարծիքով, դա չի կարող տեղի ունենալ: Բազմակարծության եւ ազատ դաշտ ունենալու դրսեւորում է երեւույթը, երբ ավագանու անդամը հավակնում է դառնալ համայնքի ղեկավար: Սրբուհի Գրիգորյանի հետ այս տարիներին տարբեր առումներով` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, համագործակցել ենք:

- Դատելով մարզի որոշ համայնքներում տիրող իրավիճակից` կարող ենք արձանագրել, որ Աղասի Հակոբջանյանն ավագանու ապագա կազմում մերձավորների չի առանձնացնում, ավագանու մեջ թիմ չի փնտրում, ինչպես որոշ համայնքներում տեղի ունեցավ:

- Պատրաստ եմ աջակցել ավագանու յուրաքանչյուր անդամի` պայմանով` եթե կիրթ, գրագետ եւ փորձառու լինի: Նախորդ տարիներին համայնքի ավագանին գործել է այնպես, ինչպես պատկերացնում էի: Եթե քաղաքապետն իր դիրքում է, նա չի կարեւորում ավագանու անդամի ով լինելը, ապա ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Կարեւորն ավագանու անդամի կրթությունն ու աշխատանքային փորձն է, աշխատելու կարողությունն ու պատրաստակամությունը: Ուրախ եմ, որ ներկայիս ավագանու հինգ անդամ ցանկություն է հայտնել կրկին ընտրվելու: Այս չորս տարվա ընթացքում ավագանու հետ աշխատել ենք միայն օբյեկտիվության, անաչառության, գործող օրենքներին հավատարիմ մնալու սկզբունքով: 

- Հատկապես հոգեւոր-մշակութային ոլորտում հետաքրքիր ավանդույթներ եք ստեղծել: Կկարողանա՞ք ընտրվելու դեպքում դրանք պահպանել, շարունակել: 

- Ոչ թե կարող ենք, այլ պիտի ավելացնենք, եւ համայնքի մշակութային զարգացումը հայտարարենք առաջնային գործ՝ շարունակելով նաեւ մեր նշանավոր համերկրացիների մեծարման, երիտասարդների հետ սերտ համագործակցության աշխատանքները, ինչը հնարավորություն կտա զարգացնել մատաղ սերնդի գեղագիտական, հոգեւոր-մշակութային դաստիարակությունը:

- Ո՞րն է Ձեր՝ Սիսիան համայնքի հետ կապված ամենամեծ մտահոգությունը:

- Համայնքում կան լուրջ հիմնահարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում: Ինձ համար օր առաջ լուծում պահանջող հարցերից է Ֆիզկուլտուրնիկների 6 շենքի բնակիչների (40 ընտանիք) բնակարանի հարցը: Չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչներին ավագանու հերթական նիստի որոշմամբ կազատենք սպասարկման վճարից: Հաջորդ մտահոգությունս կապված է համայնքում աշխատատեղերի պակասի հետ: Հետագա գործունեության տարիներին պետք է նպաստենք դրանց ավելացմանը: Համայնքում շարունակում են գերակա մնալ փողոցների ասֆալտապատման, մայթերի բարեկարգման, շենքերի տանիքների նորոգման եւ մի շարք այլ հարցեր:

- Իսկապե՞ս Սիսիանի երիտասարդությունը քաղաքապետի այլ պատկերացում ունի:

- Ես կասեի՝ ոչ. ինչ-որ խմբավորում, որ հեռու է համայնքային շահերն ընկալելուց եւ այդ մասին մտածելուց, դեռ ամբողջական երիտասարդություն չէ: Երիտասարդությունն ուսանողությունն է, երիտասարդ կադրերն են, որոնց հետ մշտապես համագործակցել եմ, ավանդական դարձրել նրանց հետ կապված շատ միջոցառումներ:  Համոզված եմ՝ համայնքի երիտասարդության մեծամասնության համար նախընտրելի թեկնածու եմ:

- Կարծիք կա, որ Աղասի Հակոբջանյանի համար դժվար է հանրապետական գերատեսչությունների տեղական կառույցների հետ համագործակցելը. արդյո՞ք դա պայմանավորված է ՏԻՄ-ի մասին օրենքի որոշ անհստակություններով, գերատեսչական շահերի մրցակցությամբ, թե՞ անձնական հարաբերություններով:

- Որպես համայնքի ղեկավար, պետական պաշտոնյա՝ այդ կառույցների հետ շփվել եմ օրենքի շրջանակներում, ինձ տրված լիազորությունների սահմաններում: Ի՞նչ է՝ պետք է գնամ, ճաշեմ, համբուրվե՞մ պաշտոնյաների հետ, որ ասեն՝ նորմալ հարաբերություններ կան մեր միջեւ: 

- Ձեր քաղաքական հակառակորդները հաճախ են նշում, որ քաղաքի ծայրամասերում աշխատանքներ չեն իրականացվում, ինչը խոչընդոտում է համայնքի համաչափ զարգացման ընթացքը:

- Նման կարծիք հայտնող մարդիկ հավանաբար համայնքի ծայրամասերում չեն եղել: Անցած տարիներին աշխատանքների մեծ մասն իրականացվել է ծայրամասերում. նորոգվել են տանիքներ, լուսավորվել փողոցներ, անհատական տների նրբանցքներ եւ այլն: Սիսիան-Մ-2 (Իշխանասարի խաչմերուկից) ճանապարհի հիմնանորոգման շնորհիվ որոշ թաղամասերի ասֆալտապատման հարցն էլ կլուծվի: Այնպես որ՝ ծայրամասերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են եւ լինելու են մեր ուշադրության կենտրոնում:    

- Սիսիան կատարած հերթական այցելության ժամանակ հաճելիորեն նկատեցինք, որ Սիսիանի մարզադահլիճի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Ե՞րբ այն կհանձնվի վերջնական շահագործման՝ կահավորված վիճակով:

- Սիսիանում նմանատիպ մարզադահլիճ ունենալն իմ վաղեմի երազանքն էր, որ այսօր, կարծեք, իրականություն է դարձել: Կառուցման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ էր համայնքային ներդրում, որ տեղական բյուջեի սուղ լինելու պատճառով հնարավոր չէր կատարել: Համայնքային ներդրման բաժինն իրականացրինք իմ եւ ընկերական շրջապատիս միջոցներով: Կառույցը դեռեւս նախորդ տարի պետք է շահագործեինք, բայց մարդկանց չարախոսության պատճառով ձգձգվեց. որոշ փաստաթղթային հարցեր առաջացան, որոնք հիմա արդեն լուծվել են: Կարող էինք մինչեւ ընտրություններն ավարտել, բայց չենք շտապում, որ ոմանք չչարախոսեն, թե նախընտրական վիճակով պայմանավորված ենք դա կատարում:         

- Սիսիանի եւ ընդհանրապես շատ համայնքների խնդիրներից է նաեւ աղբավայրերի հարցը: Ինչպե՞ս կլուծվի այդ հարցը:

- Սիսիանի աղբավայրը գտնվում է Ույծի վարչական տարածքում, բայց կառավարության որոշումով այն օգտագործում է Սիսիան համայնքը: Առհասարակ աղբավայրերի բարելավման համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, որ համայնքը չունի: Բայց խոշորացված համայնքների աղբահանության կազմակերպման համար ծրագրի շրջանակներում Սիսիանի աղբավայրի տարածքում նույնպես հիմնավոր աշխատանքներ կիրականացվեն, որ զգալիորեն կբարելավի ստեղծված իրավիճակը:

- Ամիսներ առաջ հանրապետության վարչապետին Սիսիանից նամակ էին հղել, թե իբր մարզին հատկացված գումարները համաչափ չեն բաշխվում: Դուք նույնպե՞ս նման կարծիք ունեք:  

- Հավատացնում եմ՝ մարզին հատկացված գումարը բաշխվում է՝ գործի հրատապությունից ելնելով: Անկեղծ ասած, հնարավոր չէ, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանը կարեւորություն տա միայն մարզի որեւէ համայնքի զարգացմանը. գումարը բաշխվում է ըստ գործի առաջնայնության եւ կարեւորության: Մարզի համաչափ զարգացման վկայությունն են նաեւ Սիսիանում այսօր իրականացվող լայնածավալ ասֆալտապատման աշխատանքները, իսկ հրատապ խնդիրների լուծման համար նախատեսված գումարով կնորոգվեն տանիքներ, երաժշտական դպրոցը եւ այլն: Վարչապետի վերջին այցի ժամանակ տրված բոլոր խոստումներն արդեն իրականություն են: Բայց մեր ժողովուրդն ավելին է պահանջում: 

- Պետական, միջազգային ի՞նչ ծրագրեր են իրականացվում Սիսիանում: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունն ինչ-որ հարցերի վերաբերյալ Սիսիանին առնչվող որոշումներ կայացրե՞լ է, թե՞ ոչ: 

- Սիսիանի վերաբերյալ կոնկրետ որոշումներ չեն կայացվել, բայց երկրի զբոսաշրջության զարգացման ծրագրում ներառված է նաեւ ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը, որ գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, սակայն պահպանությունը հանձնվել է մշակույթի նախարարությանը: Ի դեպ, Զորաց քարերի շնորհիվ բազում զբոսաշրջիկներ են այցելում Սիսիան: Բոլորովին վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցին անդամակցելու Սիսիան քաղաքի հայտը դրական եզրակացություն է ստացել: Սիսիանը Հայաստանի առաջին քաղաքներից է, որ անդամակցում է միջազգային այս հայտնի կառույցին: Դա հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ընդգրկվելու կազմակերպության կրթական եւ մշակութային ծրագրերում: Ավարտվող ընտրաշրջանում համագործակցել ենք միջազգային կառույցների հետ՝ տարբեր ծրագրերի շրջանակներում:

- Նախընտրական շրջանում ակտիվացել են նաեւ Շաքեի ջրվեժի շուրջ խոսակցությունները:

- Շաքեի ջրվեժի գործարկումը բնավ քաղաքապետի եւ քաղաքապետարանի գործունեության հետ կապ չունի: Պետությունից գնվել է հէկը՝ որոշակի պայմաններով, որտեղ ջրվեժի մասին խոսք չկա: Վերջերս այդ հարցը կրկին արծարծվեց՝ բավականին կոպիտ արտահայտություններով շահարկելով իմ անունը: Հավատացնում եմ՝ այս ժամանակահատվածում ոչ մի զբոսաշրջիկի, այցելուի համար խոչընդոտ չենք հանդիսացել եւ կրելով զգալի նյութական վնասներ, կանգնեցնելով հէկի աշխատանքը՝ ջրվեժը բացել ենք, մինչդեռ, կրկնում եմ, պայմանագրով պարտավորված չենք դա անել: Ներկայումս բնապահպանության նախարարի, շահագրգիռ այլ կառույցների հետ այդ հարցի շուրջ բանակցություններ ենք վարում՝ վերջնական լուծման հասնելու համար: Բայց այս ողջ ժամանակահատվածում առաջնորդվել ենք միայն բարոյական արժեքներով՝ անհրաժեշտության դեպքում բացելով ջրվեժը եւ կրելով նյութական վնաս, որ մեզ համար երկրորդական է:

- Ապրիլյան պատերազմի օրերին Սիսիանը մեծ կորուստ ունեցավ: Հետաքրքրվո՞ւմ եք այդ օրերին զոհվածների ընտանիքների ճակատագրով:

- Ցավոք, Սիսիանի պանթեոնում շիրմաքարերի նոր շարք է առաջացել. ինը նահատակի շիրմաքարերն արդեն դրվել են: Նրանց ընտանիքներին փորձում ենք աջակցել հնարավորության սահմաններում, վերջերս Բելգիայի հայկական համայնքից նույնպես օգնություն ենք ստացել: Մշտապես հայտարարել եմ, որ պատրաստ եմ աջակցել թե՛ զոհվածների ընտանիքներին, թե՛ Արցախյան պատերազմի մասնակիցներին:

- Ձեր խոսքը սիսիանցի ընտրողներին, որոնց մի մասի կարծիքով ընտրությունների պատճառով համայնքում լարվածություն է առաջացել:

- Ես կասեի, որ սիսիանցի ընտրողը լարվածություն չունի, լարված են այն մարդիկ, ովքեր անձնական մտահոգություններ եւ հավակնություններ ունեն: Կոչ եմ անում հակասություն որոնողներին՝ մարդկանց չվախեցնել, վերադաս-ստորադաս հարաբերությունները չլարել, դրսից տղա չբերել: Իմ փորձը հուշում է, որ որոշ մարդիկ սխալ ուղի են բռնել: Իմ եւ թիմակիցներիս անունից երաշխավորում եմ՝ հակաօրինական, կեղտոտ տեխնոլոգիաներով, սպառնալիքներով ընտրություն չի լինի Սիսիանում:  

- Չընտրվելու դեպքում կնեղանա՞ք սիսիանցիներից:

- Բացարձակ, ոչինչ հավերժ չի լինում, միայն կափսոսամ, որ Սիսիանի բարեկարգման հետագա աշխատանքները չեմ կարողանա իրականացնել: Միանշանակ չեմ նեղանա իմ համաքաղաքացիներից, բայց վստահ եմ, որ նրանք ինձ չեն նեղացնի, քանի որ ես իրենց չեմ նեղացրել եւ համաքաղաքացիներիս հետ եղել ու մնում եմ անկեղծ, ինչի համար եւ ակնկալում եմ նրանց վստահության քվեն:

Զրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

02.05.2024 14:47

Բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների ուսման վարձը կփոխհատուցվի

02.05.2024 14:32

Հայաստան պետության ամոթը

02.05.2024 14:17

Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանանց, դպրոցականների նկատմամբ, վրեժով լցված են սև բերետավորները․ Բագրատ Սրբազան

02.05.2024 14:16

Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում

02.05.2024 14:14

Կիրանցում սկսել են ականազերծման աշխատանքները

02.05.2024 14:11

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

02.05.2024 10:59

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել

02.05.2024 10:29

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները

02.05.2024 10:20

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

01.05.2024 23:11

Մամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

01.05.2024 19:05

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

01.05.2024 14:59