Գրենյա Աղաբեկյան. «Մայրաքաղաքում շունը տիրոջը չի ճանաչում, մարզային իշխանավորներից, պատգամավորներից ոչ մեկին գյուղում չենք տեսնում, մնում է Սրաշենի անվտանգությունն ինքներս ապահովենք` համայնքապետի գլխավորությամբ»

08.12.2020 14:07
5460

Այս օրերին հետպատերազմյան հոգսերով է ապրում վերստին սահմանամերձ դարձած, Կապանից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սրաշեն բնակավայրը։ Ուղիղ գծով գյուղը 1.5-2 կմ է հեռու Զանգելանի տարածքից, նույնքան էլ սահմանակից է հարեւան հանրապետությանը։ Սահմանը պահող տղաները (թեպետ այդ սահմանը դեռեւս հստակ չէ) առայժմ նպաստավոր դիրքերում են, բայց ինչպե՞ս կլինի վաղը, - այս է հարցերի հարցը։ Քանզի նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարությունում որեւէ անդրադարձ չկա, թե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմաններն ինչպես են հստակեցվելու։
Եթե ադրբեջանցին վերադառնա իր գյուղը, որին կպած են Սրաշենի վարչական, սեփականաշնորհված հողերը, գյուղացու համար դժվար է լինելու, մանավանդ այն մեխանիզատորի համար, ով գարնանը կամ աշնանը հողը հերկում է կամ էլ այն կոմբայնավարի համար, ով պիտի արտը հնձի։
Սրաշենցիները հետաքրքիր դիտարկում են անում` այսօրվա թուրքն առաջվա թուրքը չէ, հիմա դժվար է լինելու նրա հետ հարեւանություն անելը...
«Ժամը մեկից հետո աչքերիս քուն չի գալիս, մի թխկոցից արթնանում եմ, ի՞նչ իմանաս` ահաբեկիչներ չե՞ն բերելու-լցնելու մեր կողմերը։ Նոյեմբերի 10-ի առավոտյան անասուններին արոտ էի տանում, զանգեցին եւ ասացին, որ հողերը հետ են տվել։ Ինձ թվաց, որ թուրքն արդեն մեր գյուղի շեմին է։ Մտածեցի` էլ վերջ, այստեղ ոչ մի լավ բան այլեւս չեմ տեսնելու», - մտահոգություն է հայտնում Լենդրոշ Մկրտչյանը։
«Առաջին հերթին կայուն խաղաղություն է պետք, որ կարողանանք այս հողի վրա ապրենք։ Պատերազմ եղավ, եկեք անկեղծ լինենք` պարտվեցինք, գոնե այնպես պիտի անենք, որ մեր գյուղը չլքենք։ Եթե անվտանգության, խաղաղության երաշխիքներ չլինեն, այստեղ ապրելն անիմաստ է։ Մենք չենք ուզում մեր բնակավայրից գնալ, այստեղ 300 տարի ապրել ենք, - ասում է Արամայիս Ստեփանյանն ու հավելում, - մենք գոհ ենք կամավոր դիրքապահներից, բայց հայկական բանակը պիտի լինի մեր սահմաններում, որ եղածին տեր կանգնենք, թիկունքում կարողանանք արարել, աշխատել եւ բանակին նեցուկ լինել, այլ ճանապարհ չկա»։
Գյուղամիջում հավաքված մարդկանց զրույցն անկեղծ է։ Մեր հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն իշխանություններից, իսկույն հակադարձում են` ո՞ր իշխանությունից, մայրաքաղաքում շունը տիրոջը չի ճանաչում, մարզային իշխանավորներից, պատգամավորներից ոչ մեկին մեր գյուղում չենք տեսնում, միայն Կապանի համայնքապետն է նեցուկ լինում թե՛ մեզ, թե՛ սահմանապահ տղաներին։ Իսկ ամենաշատը սրաշենցիներին հուզում է այն, որ Մեղրիով միջանցք պիտի բացվի Նախիջեւանի եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ։ Սրաշեն գյուղով է անցնում Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհը, ինչը մտահոգությունների տեղիք չի կարող չտալ։
Ինչպես նկատվում է, գյուղաբնակներն անորոշության մեջ են, եւ սա է ամենաշատը նրանց մտատանջում։ Այսպես կարելի է ձեւակերպել նրանց հարցադրումը. «Ի՞նչ է լինելու մեր վերջը»։
Ի դեպ, գյուղն ունի 172 հա վարելահող։ Համայնքի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանը հայտնեց, որ կատարվել է 80 հա աշնանացան, գարնանացան էլ պիտի արվի։ Կովսականում հող մշակողներից գարու սերմացու էին գնում` կիլոգրամը`90-100 դրամով` իրենց տան-դռանը, հիմա ավելի թանկ գնով պիտի ձեռք բերեն պահանջվող սերմացուն։ Այնպես որ եւս մի դուռ փակվեց գյուղացիների համար…
Խոսելով գյուղի հիմնախնդիրների մասին` ավելորդ չէ մի հայացք ձգել բնակավայրի անցյալին։ Պատմական աղբյուրները վկայում են, որ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո (1828թ.) Սրաշենում բնակություն են հաստատել Պարսկաստանից ներգաղթած մի խումբ հայ ընտանիքներ։ 
Սրաշենից մոտ երկու կիլոմետր արեւմուտք պահպանվել են եկեղեցի (Սբ Հռիփսիմե, 17-րդ դար), գյուղատեղիներ, գերեզմանոցներ (17-18 դդ.) Սրաշենում 1930-ականներին կազմավորվել է կոլտնտեսություն, որը 1960-ին միավորվել է հարեւան Շիկահողի խորհտնտեսությանը։ 1991-ին տարանջատվելով Շիկահողի գյուղխորհրդից` ձեւավորվել է Սրաշենի գյուղական խորհուրդը։ Այժմ բնակավայրն ընդգրկված է Կապան խոշորացված համայնքի մեջ։
Սրաշենը որպես սահմանամերձ գյուղ` Արցախյան առաջին պատերազմում առավել տուժած համայնքներից է։ Համագյուղացիները, կազմավորելով ինքնապաշտպանական ջոկատ, իրենց օջախը պաշտպանեցին հակառակորդի ոտնձգություններից։ Բայց գյուղի պաշտպանության տարեգրությունը եղերական էջեր եւս ունի։ 1992-ի օգոստոսի 24-ին գյուղը միանգամից չորս զոհ ունեցավ` Հենրիկ Հարությունյան, Ռուբեն Բաբայան, Միշա Սարգսյան, Հենրիկ Գրիգորյան եւ մեկ վիրավոր։ Այն ժամանակվա Սրաշենի գյուղխորհրդի նախագահ Գրենյա Աղաբեկյանը վերհիշում է. «Տղաները երեք օր շարունակ ընդամենը մի քանի ավտոմատով են դիմագրավել թշնամուն, որն աննախադեպ գնդակոծության էր ենթարկում գյուղը` զենքի նորագույն տեսակներով։ Գյուղի լավագույն տղերքն ընկան, որ թշնամին չպղծի մեր օջախները»։
Համայնքի ամենատխուր օրերից էր 1993-ի ապրիլի 10-ը, երբ թշնամին մի կարճ ժամանակով մտավ գյուղ, եւ ավերածություններ գործեց` եւս  մի անգամ հիշել տալով հայտնի գրողի ձեւակերպումը` այստեղով թուրքն է անցել։
Ընդհանրապես Արցախյան առաջին պատերազմում գյուղը 11 զոհ ունեցավ` թե՛ ազատամարտիկների, թե՛ խաղաղ բնակչության շրջանից։ 
Լենդրոշ Մկրտչյանն ասում է, որ իր հայրը գյուղի անասունները տարել էր արածեցնելու, ադրբեջանցիները հարձակվել են անպաշտպան մարդու վրա եւ սպանել։ Այդպես միայն թուրքը կարող է վարվել, - լինում է եզրակացությունը։
Սրաշենում մեզ փոքր ինչ սփոփեց դիրքապահ մարտիկների ներկայությունը։ Նրանց հետ թեպետ մեր շփումը կարճ էր, բայց զգացինք այն լրջությունն ու պատրաստակամությունը, որ համակել է նրանց` նեցուկ լինել սրաշենցիներին։ Նաեւ ոգեւորիչ փաստ կարելի է համարել այն, որ դեպի բարձրադիր դիրքեր ճանապարհ են բացել։ Գյուղից պարզորոշ երեւում է սպիտակավուն ժապավենի տպավորություն թողնող այդ ճանապարհը։ Թեպետ այն էլ ասենք, որ իրենց մտքերն արտահայտելիս գյուղացիներն անմիջական են եւ չեն թաքցնում ասելիքը. «Բա որ անող էին, 26-27 տարի որտե՞ղ էին, ինչո՞ւ չէին անում, 3-4 օրում ինչպե՞ս արեցին»։

Վահրամ Օրբելյան
 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11