Ակսել Բակունց՝ զոհ և խորհրդանիշ. հարցազրույց  նրա հիշատակի օրվա կապակցությամբ

08.07.2025 14:14
752

Հուլիսի 8-ը մեզ կրկին կանգնեցնում է Ակսել Բակունցի կենսագրության ամենածանր ու հուզիչ էջի առջև։ 1937-ին՝ ստալինյան քաղաքական բռնաճնշումների ընթացքում, նա գնդակահարվեց՝ առանց իրավական պաշտպանվածության, առանց հրաժեշտի, առանց նույնիսկ տեղեկություն ստանալու հնարավորության՝ հարազատների համար։ Բակունցն այդ տարիներին մենակ չէր։ Տասնյակ հազարավոր հայ մտավորականներ ենթարկվեցին նույն ձեռագրով մշակված քաղաքական բռնության՝ ձերբակալում, խոշտանգում, կեղծ մեղադրանք, դատավճիռ՝ նախապես գրված։ Սակայն Բակունցի ճակատագիրը մի յուրահատկություն ուներ. նրա մահվան փաստը թաքցվեց ամբողջությամբ՝ նույնիսկ ընտանիքի առաջ, տասնամյակներով։

Այսօր զրուցում ենք գրականագետ, Բակունցի տուն-թանգարանի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանի հետ՝ վեր հանելու պատմական լռության այդ կնիքը։

- Տիկին Մարության, ի՞նչն էր պատճառը, որ Ակսել Բակունցը դարձավ խորհրդային իշխանությունների թիրախ։

-  Ակսել Բակունցը պատկանում էր այն սերնդի հայ մտավորականներին, ովքեր համատեղում էին գեղարվեստական զգայունությունը քաղաքացիական պատասխանատվության և ինքնուրույն մտածողության հետ։ Նրա գործունեության ողջ տրամաբանությունը՝ գրական, հրապարակախոսական և հասարակական դրսևորումներով, ուղղված էր ոչ թե գաղափարախոսական համապատասխանությանը, այլ արժեքների պահպանությանը։ Հենց այս՝ սկզբունքայնության և ներքին անկախության հատկանիշներն էին նրան դարձնում խոցելի 1930-ականների խորհրդային վարչակարգի աչքում։

Բակունցը չէր ներկայացնում լոյալիստական դիրքորոշում և չէր միանում գաղափարական շաբլոններով առաջնորդվող խմբերին։ Նրա գործերում զգացվում է ընդգծված անհատական մոտեցում՝ ժողովրդական կյանքի, ազգային մշակույթի և պատմական հիշողության վերաբերյալ, ինչը վարչական համակարգը կարող էր ընկալել որպես գաղափարական շեղում։ Այս համատեքստում նրա նկատմամբ կիրառված մեղադրանքները՝ հակապետական գործունեություն, նացիոնալիստական դավադրություն և անգամ լրտեսություն, պետք է դիտարկել ոչ թե փաստացի, այլ քաղաքականացված շրջանակի մեջ։ Այլ կերպ ասած՝ Բակունցը դարձավ թիրախ ոչ այն պատճառով, որ գործողություններ էր իրականացրել պետության դեմ, այլ որովհետև գոյություն ուներ որպես անկախ և ինքնուրույն դատողությամբ անհատ։ Իսկ նման կերպարի հանդուրժումը դժվար էր այն իշխանության համար, որը կառուցված էր ամբողջական վերահսկման և գաղափարական հոմոգենության սկզբունքով։

- Ինչպես նշվեց, Բակունցը 1937 թվականին ձերբակալվեց և նույն տարում՝ հուլիսին, գնդակահարվեց։ Բայց նույնիսկ նրա ընտանիքը երկար տարիներ չգիտեր ճշմարտությունը։ Ինչպե՞ս հնարավոր եղավ վեր հանել այդ փաստերը։

Այդ պատմությունը սառցե պատի պես էր՝ խոշոր և անտեսանելի։ Բակունցի գնդակահարման փաստը երկար տարիներ պաշտոնապես մերժվում կամ պարզապես շրջանցվում էր։ Չկար որևէ հստակ պատասխան, որը կհաստատեր կամ կհերքեր նրա մահվան հանգամանքները։ Միայն այն բանից հետո, երբ 1990-ականների սկզբին մասնակիորեն բացվեցին ՆԳԺԿ արխիվները, հրապարակվեց գործ N° 4131-ը (ֆոնդ 3036), որը ներառում է նրա ամբողջ մեղադրական գործընթացը՝ 8 հատոր, 384 վավերագիր, առաջին անգամ փաստաթղթային կերպով արձանագրվեց, որ Բակունցը մահապատժի է ենթարկվել 1937 թ. հուլիսի 8-ին՝ իբր հակապետական գործունեության համար։ Սա պարզապես կենսագրական մանրամասն չէր, այլ ճակատագրի՝ ծանր ու երկար լռեցված հանգուցալուծում։ Բակունցի գնդակահարության փաստը երկար ժամանակ պահվել է պետական լռության մեխանիզմների մեջ։ Այդ լռությունը եղել է ծրագրավորված, ոչ թե բացթողում։ Տեղեկատվության վերահսկողությունը ստալինյան վարչակարգում դարձել էր քաղաքական գործիք։

– Այսինքն՝ նույնիսկ նրա մերձավորները մոլորության մեջ էին պահվում։ Ի՞նչ օրինակներ կան դրա վերաբերյալ։

Բակունցի կինը՝ Վարվառա Չիվիճյանը, վկայում է, որ 1937 թ. հուլիսի 18-ին իրեն թույլ չեն տվել որևէ իր փոխանցել ամուսնուն։ Ասել են, թե «Բակունցն արդեն աքսորվել է»։ Սա ոչ միայն մերժում էր հաղորդակցության, այլև տեղեկության իրավունքը։ Այս անհստակ պատասխանը տարիներով պահեց ընտանիքի հույսը։ Նրա մայրը՝ ծեր ու հոգնատանջ մի կին, մինչև կյանքի վերջին օրը՝ 1957 թվականը, հավատում էր, որ որդին մի օր կվերադառնա, և այդ հույսով էլ ավանդեց հոգին:

– Բայց արդարացվել է դեռ 1955-ին։ Դա արդյո՞ք չէր կարող լույս սփռել ճշմարտության վրա։

Ցավալի է, բայց ոչ։ 1955 թ. մարտի 2-ին կայացված արդարացման որոշումը մերկ էր՝ գնդակահարության մասին ոչ մի բառ։ Սա սովորական պատահականություն չէր։ Արդարացումները հաճախ չէին բացում մահվան հանգամանքները։ Այս «սպիտակ լռությունը» ստեղծում էր հոգեբանական վակուում. արդարացվել է, ուրեմն կենդանի՞ է։ Հույսը մնում էր…

– Մենք գիտենք նաև, որ տարիներ անց իբր վկայություններ են եղել, թե նրան տեսել են համակենտրանոցման տարբեր ճամբարներում։ Ի՞նչ ճշգրտությամբ կարող ենք այսօր այդ փաստին անդրադառնալ։

Դա ուշագրավ, բայց մոլորեցնող դրվագ էր։ 1947 թ. Քարահունջ է վերադառնում նախկին կալանավոր Անդրանիկ Հովակիմյանը։ Նա հավանաբար հատուկ ծառայությունների թելադրանքով պատմում է, որ Արխանգելսկի մարզի Չերովկովո ճամբարում տեսել է Ակսել Բակունցին, նույնիսկ նրա հետ հաղորդակցվել է։ Նա տալիս է գրավոր վկայություն, երդվում է զավակների անունով, նշում՝ Բակունցը նրան ասել է, որ իրավունք չունի գրել, կապ հաստատել, բայց մեծ կարոտով հիշում է ընտանիքը, իր ծննդավայրը։ Այս տեղեկությունը՝ ճամբարի հասցեով հանդերձ, ստիպում է Բակունցի եղբորը՝ Վահան Բակունցին հեռագիր ուղարկել Արխանգելսկ՝ «Нетерпением ждем тебя» բառերով։ Եվ հանկարծ ստացվում է պատասխան՝ հեռագիրը հանձնվել է Բակունցի վստահված անձին՝ Անանևին։ Տեսեք՝ որքան բարդ, բայց տրամաբանական շղթա, որը կրկին շփոթեցնում էր բոլորին։

– Ստացվում է, որ այդ ամենը պետականապես վերահսկվող ապատեղեկատվության ցա՞նց էր։

Այո։ Խորհրդային բռնապետական համակարգը ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնում էր անհատներին, այլ հոգեբանորեն ջլատում էր ընտանիքները։ Այն փակեց բնական ողբը։ Երբ մարդ մահանում է, ընտանիքը նույնիսկ ամենասոսկալի ցավով ընդունում է կորստի փաստը, ապրում վիշտը և սկսում հիշողության աշխատանքը։ Իսկ այստեղ հիշողությունը սառեցվում էր. որդին գուցե ապրում է, գուցե ոչ։ Կյանքը սպասման մեջ էր, ոչ թե հիշողության։

Ինչպիսի՞ պատմություններ կամ նամակներ են պահպանվել Բակունցի ընտանիքի որոնումներից։

Թանգարանի արխիվում այսօր պահվում է մի եզակի թղթապանակ, որը կարելի է անվանել ոչ թե փաստաթղթերի, այլ ցասման և ցավի խորափեղկ: Այն պարունակում է Բակունցի մոր անունից, եղբոր՝ Վահանի, և նրանց ընտանիքի անդամների գրություններ ու հարցումներ՝ ուղղված տարբեր պետական ատյաններին՝ Ակսելի ճակատագիրը պարզելու նպատակով։ Բոլոր այդ նամակները մի բան են ասում՝ անզորություն ու մերժման անտարբեր պատեր։ Յուրաքանչյուր նամակում մոր անունից կամ եղբոր պաշտոնական ոճով գրված հարցումները՝ «Խնդրում ենք տեղեկացնել մեր որդու գտնվելու վայրը», բախվում էր լուռ անորոշության կամ ստի պատին։ Այդ նամակները խոսում են ոչ միայն գրողի ճակատագրի, այլև ամբողջ մի սերնդի բարոյական խեղման մասին։

– Թանգարանում պահպանվող այդ վավերագրերն ի՞նչ աղբյուրագիտական արժեք ունեն այս ամենի համատեքստում։

Դրանք բացառիկ են։ Մենք խոսում ենք ոչ թե պարզապես փաստաթղթերի, այլ դարաշրջանի հոգեբանության մասին։ Արդարացումներ, հեռագրեր, անձնական նամակներ, նույնիսկ կեղծ գրություններ՝ ամբողջը միասին ի ցույց են դնում բռնության դեմքն առանց դիմակի։ Այդ վավերագրերում մենք կարողանում ենք տեսնել ոչ միայն Բակունցի, այլ մի ամբողջ սերնդի ճակատագիրը, որը կուլ գնաց անհանդուրժողականության և կեղծ հայրենասիրության անունից իրականացված հալածանքներին։

- Ինչպե՞ս է թանգարանը պահպանում այս հիշողությունը և ինչպե՞ս է այն կապված արդարության հետ։

Թանգարանը միայն գրողի ստեղծագործական հիշատակի պահապանը չէ։ Այն նաև ճշմարտության բարոյական տարածքն է: Բակունցի գործով ստեղծված արխիվը, նամակագրությունը, անձնական իրերը կազմում են պատմական մի հյուսվածք, որն այսօր էլ հիշեցնում է՝ մենք չունենք ապագա առանց անցյալի հանդեպ պատասխանատվության։ Այս հիշողությունը հուշարձան չէ, այլ դաշտ՝ ուսումնասիրության, գիտակցության ձևավորման և պատմության հետ սթափ երկխոսության համար։

Ձեր անձնական զգացողությունը՝ որպես հիշողության այս պատմության ներկայացնողի։

Խոսել Բակունցի գործի մասին՝ նշանակում է խոսել ոչ միայն նրա, այլ բոլոր լռեցվածների ու հալածվածների անունից։ Ամեն անգամ այս նյութերին դիպչելիս զգում եմ, որ դրանք ոչ միայն փաստաթղթեր են, այլև կենդանի վերքեր։ Տարածքներ, որտեղ ճշմարտությունը դեռ դողում է թանաքի տակ, որտեղ մոր ձեռագրով գրված աղոթքն ավելի խոսուն է, քան հազարավոր պաշտոնական եզրակացություններ։ Եվ այսօր՝ հուլիսի 8-ին, երբ հիշում ենք նրա կյանքի վերջաբանը, պարտավոր ենք ոչ միայն պատմել, այլև խոսել այնպես, որ այդ լռությունը չկրկնվի այլ անունների շուրջ։

Վերջերս մի շատ կարևոր գիտաժողով տեղի ունեցավ հենց Գորիսում՝ նվիրված խորհրդային քաղաքական բռնաճնշումներին։ Գիտաժողովի աշխատանքները համակարգում էր ազգագրագետ, ոլորտի խոր գիտակ Հրանուշ Խառատյանը, ով իր տարիների փորձառությամբ և հետազոտական խորությամբ առաջնորդում էր մի շարք բարձրակարգ մասնագետների։ Այդ հանդիպման ընթացքում բացահայտվեցին նոր փաստեր, ներկայացվեցին արխիվային վավերագրեր, որոնք զգալիորեն լրացնում են այն տարիների մղձավանջային պատկերը և պատմական հղկվածությամբ նոր լույս են սփռում ստալինյան ջարդարար մեքենայի գործելակերպի վրա։

Ու մի հանգամանք, որը ցնցող է՝ փաստ է, որ Ակսել Բակունցը եղել է այդ Ստալինի կործանարար ցուցակի առաջին զոհերից։ Ստալինյան իշխանությունը նույնիսկ այս կարգով էր մշակում իր թիրախները՝ կանխամտածվածությամբ, ըստ մտավորականության ազդեցության, գաղափարական տիպարի ու խիզախության։ Այդ «առաջինը լինելու» փաստն ինքնին ողբերգություն է, բայց նաև խորհրդանշան՝ Բակունցը դարձավ մի ամբողջ կոտորված սերնդի խորհրդանիշը։

Այսօր՝ Բակունցի հիշատակի օրը, մեր պարտականությունն է ոչ միայն հարգել նրա անունը, այլև արձանագրել, որ նման գիտաժողովները, նման բացահայտումները և հիշողության այդպիսի ճշգրիտ վերականգնումները դարձնում են մեր հավաքական խիղճը քիչ թե շատ հանդուրժելի։

– Այսօր՝ 88 տարի անց, Բակունցի հիշատակի վերակոչումն ի՞նչ նշանակություն ունի մեզ համար։ Ի՞նչ պետք է սովորենք նրա ճակատագրից։

Ակսել Բակունցն այսօր միայն պատմական անձ չէ։ Նա խորհրդանիշն է այն բոլոր մեծ անհատների, որոնց պետական բռնությունը փորձեց լռեցնել, բայց չկարողացավ ջնջել հիշողությունից։ Նրա պատմությունը սովորեցնում է, որ բռնությունը միշտ գործում է նույն ձեռագրով՝ վարկաբեկել, մեկուսացնել, ոչնչացնել։ Բայց և ճշմարտությունն ունի ուշացած, բայց անխուսափելի բացահայտման ուժ։ 88 տարի անց Բակունցը շարունակում է խոսել իր լռությամբ։ Իր չասված վերջին բառով, իր չգրված պատմություններով, իր՝ անվերջ սպասման մեջ մնացած մոր ու եղբոր միջոցով։ Նրա հիշատակը մեզ կոչ է անում՝ լինել ճշմարտության կողքին՝ ոչ միայն իբրև պատմության դաս, այլ իբրև հոգու պարտք։ Բակունցն այն սերնդի ներկայացուցիչն էր, ումից խլեցին ոչ միայն կյանքը, այլև մահվան իրավունքով ապրելու բնական գործընթացը՝ հրաժեշտը։ Այսօր մենք կարող ենք գոնե վերադարձնել այդ հրաժեշտը՝ արժանապատվորեն հիշելով նրան՝ ոչ որպես զոհ, այլ որպես արդարության ժամանակակից խորհրդանիշ։

 

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16