Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակը Գորիսում նշվեց գրական-մշակութային միջոցառումներով

16.06.2025 19:24
403

Հունիսի 13-ին Գորիսում նշվեց մեծանուն գրող Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակը։ Տոնական օրը վերածվեց գրական ու մշակութային հիշողության՝ համախմբելով Բակունցի ժառանգությամբ ապրող հանրությանը։

Միջոցառումների մեկնարկը տրվեց առավոտյան՝ 11:00-ին, Ակսել Բակունցի հուշարձանի մոտ ծաղկեդրմամբ։ Ներկաները խոնարհումով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին գրողի կյանքին ու գործին՝ նշելով նրա անժամանցելի տեղը հայ գրականության և հանրության մշակութային գիտակցության մեջ։

Այնուհետև միջոցառումները շարունակվեցին Բակունցի տուն-թանգարանում։ Թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը բացման խոսքում ընդգծեց Բակունցի մշակութային կշիռը՝ որպես Գորիսի և ողջ Սյունիքի հոգևոր ինքնության առանցք։ Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Լևոն Սահակյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Ակսել Բակունցի քաղաքական բռնաճնշումներին՝ ընդգծելով, որ նա առաջիններից էր, ով հայտնվեց ստալինյան ռեպրեսիվ մեքենայի ջղաձիգ ճանկերում։ Նա շեշտեց, որ Բակունցը ոչ միայն զոհ դարձավ մի դարաշրջանի, որի մռայլ ստվերներն այսօր էլ շարունակվում են հետազոտվել, այլև մնաց մարդկայնորեն վեհ՝ նույնիսկ իր կյանքի ամենասարսափելի փուլում։

«Նա չկորցրեց իր բարձր մարդկային նկարագիրը անգամ զրպարտության, ճնշման և հոգեբանական կոտրման վտանգի առաջ։ Բակունցը ոչ միայն գրականություն էր ստեղծում, այլև ապրում էր այդ գրական արժեքներին համարժեք՝ ազնվությամբ, խղճով և ներքին արժանապատվությամբ»,- ասաց Հրանուշ Խառատյանը։

Այս դիտարկումը ընդգծեց Բակունցի կերպարի ողջ խորությունը՝ նրան ներկայացնելով որպես ոչ միայն գրող, այլև բարոյական հենակետ մի ժամանակաշրջանում, երբ մարդ մնալն արդեն հերոսություն էր։

Գրականագետ Թեհմինա Մարությանը իր ելույթում ընդգծեց Ակսել Բակունցի մշտաժամանակյա ներկայությունը որպես կենդանի ուղեցույց՝ գրականության, արժեհամակարգի և ոգեղեն մշակույթի դաշտում։

«Մեր կարևորագույն պարտականությունն է Բակունցին ոչ միայն ճանաչել, այլև սիրելի դարձնել նոր սերնդի համար։ Նա պետք է ապրի ոչ միայն էջերում, այլև մեր ներսում՝ որպես ճաշակի, ներքին ազնվության, լեզվական ու արժեքային զգայունության ուղենիշ։ Պետք է նրան դարձնենք ներկայի մի մասը, ոչ թե անցյալի անվերադարձ կերպար»։

Նա առանձնահատուկ կարևորեց Բակունցի տուն-թանգարանի դերակատարումը ոչ միայն որպես հիշողության պահոց, այլև որպես բակունցագիտության կենդանի օջախ։

«Այս թանգարանը պարզապես ցուցանմուշների հավաքածու չէ։ Դա այն վայրն է, որտեղ Բակունցը շարունակում է ապրել, խոսել, ներշնչել։ Այստեղ է ձևավորվում մշակութային հիշողությունը՝ որպես շարունակականություն»,- հավելեց գրականագետը։

Այս դիտարկումները վկայեցին, որ Բակունցն այսօր ավելի քան գրող է․ նա արժեքային ներկայություն է, որը պահանջում է ոչ միայն հարգանք և խոնարհում, այլև գիտակից վերաիմաստավորում։

Միջոցառմանը ներկա էին նաև ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտաշխատողներ, գրականագետներ Արա Զարգարյանը և Արամ Խաչատրյանը, ինչպես նաև այլ մտավորականներ, արվեստագետներ, մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, գրի և գրչի մարդիկ։

Տոնական օրվա շրջանակում Բակունցի տուն-թանգարանում բացվեցին երկու կարևոր ցուցահանդեսներ՝ յուրահատուկ լույս սփռելով Գորիսի անցյալին ու ներկային։

«Կյորես. դեմքեր և ճակատագրեր» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է 20-րդ դարասկզբի Գորիսի՝ Կյորեսի ժամանակների լուսանկարներ ու վավերագրեր։ Ցուցադրության միջոցով հին քաղաքի մարդկային պատմությունները՝ այն մարդկանց պատկերով, ովքեր ձևավորել են Գորիսի կոլորիտը, միախառնվում են Բակունցի «Կյորես» վիպակի կերպարների գրական իրականությանը։ Այս պատկերասրահը հանդիսանում է հիշողության մի յուրօրինակ մթնոլորտ, որտեղ անցյալն ու գրականությունը միաձուլվում են փաստավավերագրական ճշգրտությամբ։

«Գորիսյան դիմանկարային պատում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված էին գեղանկարիչ Արամ Մաշուրյանի գեղանկարչական դիմանկարները՝ ստեղծված վերջին տարիների ընթացքում։ Նկարչի վրձինը որսացել է ժամանակի շունչը՝ պատկերելով մտավորականների, գրողների, ուսուցիչների և մշակութային գործիչների կերպարներ, ովքեր այսօր ձևավորում են Գորիսի հոգևոր միջավայրը։ Այս կտավներն ունեն ոչ միայն գեղարվեստական, այլ նաև հիշողության պահպանման նշանակություն՝ վերածելով մարդկանց խորհրդանիշների, որոնք ապրում են քաղաքում՝ նույնիսկ իրենց լռությամբ։

Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաները հանդես եկան գրական ընթերցումներով և երաժշտական կատարումներով՝ ներկայացնելով իրենց հոգևոր կապը Բակունցի ժառանգության հետ։

Այնուհետև հանդիսատեսը վայելեց համերգային ծրագիր՝ Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթի և «Մեծ Հայք» պարային ստուդիայի մասնակցությամբ։

Բակունցի ծննդյան օրվա առթիվ թանգարանը համալրվեց նոր և արժեքավոր ցուցանմուշով։ Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի նյութական աջակցությամբ ձեռք է բերվել հայ ճանաչված գեղանկարիչ Հովսեփ Ռուխկյանի վրձնած Բակունցի դիմանկարը (1974թ.), որն առանձնանում է Բակունցի կերպարի խորապես զգայական մեկնաբանությամբ և այսուհետ մշտական ցուցադրության մաս կկազմի տուն-թանգարանում։

Տոնական օրը եզրափակվեց ավանդական թեյախմությամբ, որտեղ հյուրերը հնարավորություն ունեցան մտերմիկ զրույցների և հիշողությունների փոխանակման՝ Բակունցի անունով ապրող մշակութային հոգևոր միության շրջանակներում։

Ակսել Բակունցի տուն-թանգարանը այս միջոցառմամբ ոչ միայն արժևորեց գրողին, այլև դարձավ ժամանակակից ստեղծագործական խոսքի և համայնքային հիշողության կենդանի տարածք։

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34