Ակսել Բակունցը, Գևորգյան եղբայրները և Խոտորջուրի կոմունան. փաստագրական բացահայտումներ

29.09.2025 14:19
604

Ակսել Բակունցի կենսագրությունը մեզ է հասել մասնակիությամբ՝ բազմաթիվ բացերով և անհայտ էջերով։ Նա չի թողել ընդգրկուն ինքնակենսագրություն. հայտնի են ընդամենը երկու համառոտ տարբերակներ, որոնցում անգամ կյանքի առանցքային փուլերը երբեմն սեղմված են մեկ-երկու նախադասության մեջ։

20-րդ դարի ճակատագրական շրջադարձերով անցած մտավորականներին բնորոշ արխիվային լռությունը Բակունցի պարագայում ևս թողել է զգալի բացեր, հատկապես՝ նրա անձնական կյանքի, աշխարհայացքի ձևավորման և հասարակական, գրական կապերի որոշ ոլորտներում։

Բակունցի կենսագրության բազմաթիվ մանրամասներ բացահայտվել են ժամանակակիցների՝ դասընկերների, գրական շրջապատի և մերձավորների հուշագրությունների միջոցով, որոնք գրի են առնվել գրողի մահից տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ անց։

Այդ բացերի լրացման կարևոր աղբյուր են նաև Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի արխիվում պահվող արժեքավոր, սակայն դեռևս լայն շրջանառության մեջ չմտած վավերագրերը, որոնք հնարավորություն են տալիս լրացնելու և վերաիմաստավորելու նրա կենսագրական պատկերը։

Բակունցի կենսագրության վերականգնման գործին էական մղում է տվել նրա եղբայրը՝ Վահան Բակունցը, ով 1960-ականներից սկսած հետևողական նամակագրություն է վարել Բակունցի ընկերների, ուսուցիչների, հասարակական, գրական շրջանակների հետ՝ խնդրելով կիսվել իրենց հիշողություններով, հուշերով, պահպանված լուսանկարներով և այլ նյութերով։ Այս նամակները հաճախ ուղեկցվել են գրողի մասին անձնական վկայություններով, մանրապատմություններով, գրական տեսակետներով ու մեկնաբանություններով։

Դրանք թանգարան են հասել որպես հիշողության շղթայի կենդանի օղակներ՝ վերածվելով արժեքավոր վավերագրերի, որոնք նպաստել են թե՛ կենսագրական պատկերի հարստացմանը, թե՛ Բակունցի գրականագիտական յուրացմանը։ Վահան Բակունցի, ինչպես նաև թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանի այդ կենսաշահ նախաձեռնությունը հանգեցրել է արժեքավոր հուշագրությունների, վավերագրերի, լուսանկարների և բանավոր վկայությունների հավաքագրման։ Շատերը հենց այդ առիթով են առաջին անգամ գրի առել Բակունցի հետ ունեցած շփումների, մտերմության մանրամասները՝ լրացնելով մինչ այդ անհայտ կամ խեղաթյուրված հատվածները։

Այդ վավերագրերը պահանջում են բազմաշերտ ուսումնասիրություն՝ տեքստաբանական, գեղարվեստական, հոգեբանական և մշակութաբանական վերլուծությունների մակարդակներում։ Դրանք կարևոր հենք են թե՛ բակունցագիտության, թե՛ թանգարանի ֆոնդերի և ցուցադրությունների զարգացման տեսանկյունից։

Տարիների ընթացքում հավաքագրված նյութերի շնորհիվ հնարավոր է դարձել ոչ միայն ճշգրտել կենսագրական բազմաթիվ տվյալներ, այլև վերագնահատել Բակունցի հասարակական ու ստեղծագործական կյանքի որոշ փուլեր՝ նորովի բացահայտելով նրան ոչ միայն որպես գրող, այլև որպես իր ժամանակակիցների հիշողություններում կենդանի մնացած անհատ։

Նամակագրությունն ամենևին էլ զուտ անձնական հաղորդակցության միջոց չէ. այն ժամանակի հետ դառնում է վավերագրական մի շերտ, որն ունի բացառիկ արժեք թե՛ գրականագիտության, թե՛ կենսագրական ուսումնասիրությունների համար։ Նամակները հաճախ ի հայտ են բերում փաստեր ու շերտեր, որոնք բացակայում են գրողների՝ պաշտոնապես հրատարակված կենսագրություններից կամ ստեղծագործություններից։

Այս համատեքստում ուշագրավ վավերագրական նշանակություն ունի գրողի եղբոր՝ Վահան Բակունցի և Թորգոմ Գևորգյանի, ինչպես նաև վերջինիս և Քաջիկ Միքայելյանի միջև 1970-ական թվականներին վարված նամակագրությունը, որը նոր աղբյուրային մակարդակում լրացնում է Ակսել Բակունցի կենսագրության մի շարք մինչ այժմ քիչ ուսումնասիրված կամ անհայտ հատվածներ։

Նամակագրությունն առաջին հերթին վերաբերում է Գևորգյան եղբայրների՝ Թորգոմի, Սերոբի և Արտաշեսի՝ ծագումով խոտորջուրցի հայրենասեր գործիչների և Բակունցի փոխադարձ կապերի պատմությանը։

Տվյալ աղբյուրն արժեքավոր է ոչ միայն որպես անձնական վկայություն, այլև որպես կենսագրական և սոցիալ-մշակութային համատեքստ ներկայացնող պատմական հուշագրություն։ Նամակների բովանդակությունից բացվում են 1918 թ. Գորիսյան ներքաղաքական իրադարձություններին առնչվող դրվագներ, Բակունցի կյանքի թիֆլիսյան և խարկովյան շրջանների կենսագրական մանրամասներ, ինչպես նաև վերջինիս բարեկամական կապերը Խոտորջուրից սերված մտավորականների և հայրենադարձների հետ։

Նամակագրությունն ի հայտ է բերում Բակունցի և Գևորգյան եղբայրների միջև ձևավորված երկարատև մտերմության և գաղափարական համախոհության փաստը։

Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում նաև այդ հարաբերությունների շրջանակում 1920-ականների վերջում ձևավորված Խոտորջուրի կոմունայի հիմնադրման պատմությունը, որի գաղափարական հիմքերում ակնհայտորեն արտացոլված են Բակունցի սոցիալ-քաղաքական ըմբռնումները, ազգանվեր մղումներն ու մշակութային ինքնության վերակազմավորման հարցերում որդեգրած մոտեցումները։

Բակունցը հանդես է գալիս ոչ թե որպես կողքից դիտող կամ արձանագրող, այլ՝ որպես գաղափարապես կողմնորոշված և բարոյապես ներգրավված անհատ, որը խորը գիտակցումով է միացել Խոտորջուրցիների ինքնության վերակազմավորման, հայրենիքին վերադարձի և մշակութային շարունակականության վերականգնման շարժմանը՝ այդ ներգրավվածության շրջանակում ստեղծելով նաև «Խոտորջուրի կոմունա» գիրքը, որտեղ ներկայացված է կոմունայի գործունեությունը։

Գևորգյանների ընտանիքը ծագումով Էրզրումի նահանգի Կիսկիմի գավառակի Խոտորջուր գյուղից էր և համարվում էր այդ համայնքի նշանավոր ու ազդեցիկ գերդաստաններից մեկը։ Գերդաստանի արմատները ձգվում են դեպի Խոտորջուրի Միջինթաղ գյուղը, որտեղ 1824 թվականին ծնվել էր ընտանիքի նախահայր Սերոբ Գևորգյանը։ Նրա սերունդներից Գալուստ Գևորգյանը (1865–1926), ամուսնացած Վերգինե Չախալյանի հետ, ունեցել էր վեց որդի՝ Սերոբ, Արտաշես, Թորգոմ, Երվանդ, Մանաս և Ալեքսան։

Գևորգյան եղբայրներից Արտաշեսը հայտնի է որպես Հայոց ցեղասպանության պատասխանատու անձանց դեմ վրեժի գործողությունների մասնակից։ 1922 թվականի հուլիսին նա Պետրոս Տեր-Պողոսյանի և Ստեփան Ծաղիկյանի հետ համատեղ Թիֆլիսում կազմակերպում և իրականացնում է Ջեմալ փաշայի սպանությունը:

1915 թվականի մայիս-հունիս ամիսներին Հայոց ցեղասպանության ալիքը հասավ նաև Խոտորջուր։ Մոտ 7000 հայ բնակչությամբ գյուղախմբի զգալի հատվածը տեղահանվեց և ոչնչացվեց Միջագետքի անապատներում։ Գևորգյան ընտանիքի մի մասը փրկվեց Թիֆլիսում գտնվելու շնորհիվ, սակայն գերդաստանի շատ անդամներ՝ հատկապես կանայք ու երեխաներ, զոհ դարձան բռնագաղթի ճանապարհին։

1916 թվականին, ռուսական բանակի առաջխաղացման արդյունքում, փրկված խոտորջուրցիները ժամանակավորապես վերադարձան իրենց բնակավայրեր։ Սակայն մեկ տարի անց՝ 1917 թվականի հեղափոխությունից հետո ռուսական զորքերի նահանջն այս անգամ նրանց կանգնեցրեց երկրորդ բռնագաղթի անհրաժեշտության առաջ։ Գևորգյաններից մի քանիսը՝ Արտաշեսը, Սերոբը, Թորգոմը և Հակոբը, նախ հաստատվում են Թիֆլիսում, այնուհետև տեղափոխվում են Ուկրաինա՝ Դոմբաս: 1924 թվականին նրանց մեծ մասը տեղափոխվում է Խորհրդային Հայաստան՝ դառնալով հայրենադարձության նոր փուլի ակտիվ մասնակիցներ։

1925 թվականին Արտաշես Գևորգյանի նախաձեռնությամբ և ջանքերով Խորհրդային Հայաստանի կառավարությունը հավանություն է տալիս Դոնբասում ապրող խոտորջուրցիների համար նոր գյուղ հիմնելու առաջարկին։ Նոր բնակավայրը՝ Նոր Խոտորջուրը հիմնվում է Ներքին Ախտայի մերձակայքում՝ Գորուխ-Գյունե կոչվող վայրում (ներկայում՝ ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի հարակից տարածք), 720 հեկտար հողատարածքի վրա։ Այստեղ ձեւավորվում է Խոտորջուրի կոմունան՝ առաջին կոլեկտիվ տնտեսությունը Խորհրդային Հայաստանում։ Տարագիր խոտորջուրցիներն իրենց անդրանիկ ժողովում Արտաշես Գևորգյանին ընտրում են կոմունայի նախագահ՝ ի նշան նրա կազմակերպչական ու գաղափարական դերի։

Այս գաղափարական և կազմակերպչական համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում նաև Ակսել Բակունցի դերը։ Վահան Բակունցի և Թորգոմ Գևորգյանի նամակագրությունը նորովի լուսաբանում է հենց այդ դերը:

Նամակներն ի ցույց են դնում, թե ինչպես են 1918 թվականից սկսած ձևավորվել ու զարգացել Գևորգյան եղբայրների հետ փոխհարաբերությունները՝ սկսած Բակունցի ընտանիքի հետ ծանոթությամբ Գորիսում, շարունակվելով նրա ուսումնառության տարիներին Թիֆլիսում (1919 թ.) և վերջապես ամրապնդվելով Խարկովում, որտեղ նա սովորում էր 1920–1923 թվականներին։ Հենց այդ շրջաններում և վայրերում (Խարկով, Դոնբաս) հաստատվել էին տարագիր խոտորջուրցիները՝ այդ թվում Արտաշեսը, Սերոբը և Թորգոմը։

Այս փոխհարաբերությունների, ինչպես նաև Խոտորջուրի կոմունայի ստեղծման պատմության ուսումնասիրությունն ընկած է մեր ուսումնասիրության հիմքում։ Մեր նպատակն է հնարավորինս խորությամբ հասկանալ այդ հարաբերությունների ընթացքը, դրանց տարածական և ժամանակային ընդգրկումը, ինչպես նաև ի հայտ բերել որոշ կարևոր դրվագներ այն մասին, թե ինչպես է Ակսել Բակունցը Խարկովում սովորելու տարիներին շփվել խոտորջուրցիների հետ, մասնակցել Խոտորջուրից տեղահանված անձանց վերադարձի կազմակերպմանը, երբ և ինչ ձևով է Խոտորջուրի կոմունայի հիմանդրման գործում նրա ներգրավվածությունը դրսևորվել։

Նամակագրությամբ ի հայտ եկած նորահայտ փաստեր

1975 թվականի հոկտեմբերի 13-ին Մոսկվայից Թորգոմ Գևորգյանին հասցեագրած նամակով Վահան Բակունցը նախաձեռնում է երկխոսություն, որն անսպասելիորեն նոր լույս է սփռում Ակսել Բակունցի կենսագրության՝ մինչև այսօր պակաս ուսումնասիրված դրվագների վրա։ Նամակի գրության շարժառիթը դառնում է «Գրական թերթ»-ում այդ տարվա ընթացքում Վ. Արամյանի ստորագրությամբ հրապարակված մի ակնարկը Խոտորջուրի կոմունայի մասին։ Ակնարկում հիշվում էին կոմունայի կազմակերպիչների, այդ թվում՝ Բակունցի անունները

Վահանը գրում է, որ Ակսելը 1920-ականների կեսերին, աշխատելով Խորհրդային Հայաստանի Հողժողկոմատում (Գյուղատնտեսության ժողովրդական կոմիսարիատ), սերտորեն ներգրավված է եղել Խոտորջուրի կոմունայի հիմնադրման աշխատանքներում։ Ուստի նա Թորգոմից՝ որպես այդ կոմունայի ակունքների ականատես և անմիջական կազմակերպիչ, խնդրում է մանրամասնորեն արձագանքել իրեն հուզող մի շարք կարևոր հարցերի

 

  • Ի՞նչ գործնական աջակցություն է ցուցաբերել Ակսել Բակունցը կոմունայի ձևավորման և գործունեության ընթացքում։
  • Ե՞րբ է կայացել Թորգոմի և Ակսելի ծանոթությունը կոմունայի գործունեության ընթացքո՞ւմ, թե՞ դրանից առաջ։ Ինչպիսի՞ կապ էր հաստատվել նրանց միջև։
  • Հաճա՞խ է Բակունցը այցելել Նոր Խոտորջուր։ Որո՞նք էին այն հիմնական հարցերը, որոնցով նա հատկապես հետաքրքրված էր։
  • Ի՞նչ տեսլական ու հավատ ուներ Բակունցը կոմունայի ապագայի և ընդհանրապես՝ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ։
  • Պահպանվե՞լ է արդյոք 1927 թվականին հրատարակված «Խոտորջուրի կոմունան» գրքույկի այն օրինակը, որը, ըստ Վահանի, Բակունցը նվիրել էր Թորգոմին։
  • Գոյություն ունի՞ արդյոք որևէ նամակ, լուսանկար կամ հուշային այլ նյութ, որ կապված լինի Բակունցի և Գևորգյանների փոխհարաբերության հետ։

 

Վահանի նամակը արտահայտում է ոչ միայն փաստերի ճշգրտման ձգտումը, այլև ակնկալիքը՝ այդ կարևոր նյութերը ընդգրկելու Ակսել Բակունցի տուն-թանգարանի ցուցադրություններում։

Նա ընդգծում է, որ թանգարանի հիմնադրումն այլևս պատմական փաստ է, և ինքն անձամբ կցանկանար, որ Թորգոմ Գևորգյանի հիշողությունները և հնարավոր այլ նյութերը ներառվեն այդ պատմական հիշատակի շրջանակում։

Վահանը մասնավորապես հարցնում է՝ արդյոք Թորգոմի մոտ պահպանվե՞լ են Բակունցի հետ լուսանկարներ, մամուլի նյութեր կամ այլ վավերագրական հուշաթերթեր, որոնք կարող են հարստացնել թանգարանի ֆոնդը։

Վահանը վստահություն է հայտնում, որ Թորգոմը մեծ պատրաստակամությամբ կընդունի իր խնդրանքը՝ գիտակցելով Բակունցի հիշատակի պահպանման կարևորությունը և իր անձնական դերը՝ որպես ոչ միայն նրա ժամանակակից, այլև որպես կարևոր վկայության կրող։

Թորգոմ Գևորգյանի՝ Վահան Բակունցին հասցեագրած պատասխան նամակը հիշողությունների հարուստ շտեմարան է և պատմական վավերաթուղթ։ Այն ցույց է տալիս ոչ միայն անձնական հուշերը, այլև ժամանակի ընդհանուր մթնոլորտը, որտեղ համադրվում էին գաղափարներն ու մարդկային ճակատագրերը։

Թորգոմը նամակում գրում է, որ վաղուց էր ուզում անձամբ հանդիպել և զրուցել Ակսել Բակունցի եղբոր հետ։ Նա հիշում է Վահանին դեռ Գորիսի տարիներից՝ այն ժամանակ, երբ ինքն այցելել էր Բակունցների տուն։

Նա շեշտում է, որ Ակսել Բակունցը եղել է Խոտորջուրի կոմունայի հիմնադրման առաջին օրվանից ներգրավված կազմակերպիչներից և գաղափարական շարժիչ ուժերից։ Նրա մասնակցությունը չի սահմանափակվել միայն սկզբնական փուլով նա մինչև վերջ շարունակել է սերտ կապը կոմունայի հետ, մասնակցել որոշումների կայացմանը և գործնական աշխատանքներին։

Այստեղ կարևոր է նկատել, որ կոմունան պարզապես գյուղատնտեսական արտադրական միավորում չէր։ Այն 1920-ականների խորհրդահայ իրականության մեջ փորձ էր ստեղծել նոր սոցիալական-տնտեսական հարաբերությունների մոդել՝ համատեղ սեփականության և կոլեկտիվ աշխատանքի հիման վրա։ Այդպիսի նախագծերի շուրջ հավաքվում էին ոչ միայն գործնական մտածողությամբ գյուղացիներ, այլև մտավորականներ՝ գաղափարական և մշակութային նոր արժեքներ բերելու համար։

Ակսել Բակունցի ներգրավվածությունն այս համատեքստում ունի նաև խորհրդանշական նշանակություն նա մարմնավորում էր այն սերունդը, որը համադրում էր գյուղական արմատները և քաղաքային կրթական փորձառությունը։

Թորգոմ Գևորգյանը ցավով նշում է, որ կոմունայի պատմությունը գրի առնողները անտեսել են Բակունցի դերը։ Նույնը վերաբերում է Բակունցի կենսագիրներին, որոնք իրենց մենագրություններում մանրամասն չեն անդրադարձել կոմունային։ Ըստ Թորգոմի՝ սա ոչ միայն փաստական բացթողում է, այլև կորուստ ազգային հիշողության համար։ Նա անգամ այդ հարցը քննարկել է Բակունցի կյանքն ու գործը հետազոտողների՝ Ռաֆայել Իշխանյանի և Հրանտ Թամրազյանի հետ, սակայն  նրանց գրքերն արդեն տպագրվել էին և փոփոխություններ անելն անհնար էր։

Այս դիտարկումը կարևոր է նաև ժամանակագրական առումով 20-րդ դարի երկրորդ կեսին խորհրդային պատմագրության մեջ կոլեկտիվների մասին գրությունները հաճախ գաղափարական ֆիլտրերի միջով էին անցնում։ Կոմունայի և մտավորականի սերտ կապը գուցե դիտվում էր որպես անցանկալի շեշտադրում, քանի որ այն խախտում էր «գյուղացիները՝ առանձին, գրողները՝ առանձին» կարծրատիպը։

Գորիսյան օրեր և Բակունցի ընտանիքի հետ ծանոթությունը

Թորգոմ Գևորգյանը հիշում է 1918 թ աշնան իրադարձությունները Գորիսում, երբ Անդրանիկի բացակայության օրերին դաշնակցականները փորձել էին հաշվեհարդար տեսնել Ե. Բակունցի և Ա. Ղարագյոզյանի հետ։ Այդ միջադեպը կարող էր ճակատագրական լինել, եթե չլիներ Անդրանիկի զինվորների միջամտությունը, որոնց թվում էր նաև Թորգոմը։

Անդրանիկի վերադարձը Սիսիանից Գորիս և նրա կտրուկ արձագանքը միջադեպին վկայում են այն մասին, թե որքան լարված էր ժամանակի քաղաքական միջավայրը։ Այդ օրերին անձնական անվտանգության հարցերը խիստ կախված էին քաղաքական դաշինքներից և ռազմական ազդեցիկ գործիչների հովանավորությունից։

Մի քանի օր անց Ակսելի ճեմարանական ընկերոջ՝ Հովսեփ Տեր-Ստեփանյանի, հետագայում ամերիկահայ հայտնի գործիչ Սանսիվանսի ուղեկցությամբ Թորգոմը լինում է Բակունցի տանը։ Ակսելը ռազմաճակատում էր, բայց նրա ծնողները՝ Ստեփան դային և Բոխչագյուլ մայրիկը, ջերմորեն են ընդունում հյուրերին։ Սա Թորգոմի և Բակունցի ընտանիքի բարեկամական հարաբերությունների սկիզբն էր։ Վահանը արձագանքում է, որ իր հիշողության մեջ վառ է մնացել այդ հանդիպումը, նրանց երկար զրույցը հոր հետ Ալեքսանդրի մասին, որը մայրը չէր հասկանում և իրեն՝ որդուն էր հարցնում, թե ինչի մասին են խոսում:

 

1919-1920-ականների հանդիպումները. Թիֆլիս, Խարկով, Դոնբաս

Թիֆլիսում՝ 1909 թվականին և ապա Խարկովում՝ 1920-ականներին, Թորգոմը բազմիցս հանդիպում է Ակսելին։ Խարկովյան տարիներին Բակունցը սերտորեն շփվում էր տեղացի խոտորջուրցի գաղթականների հետ, որոնք հարյուներով էին հաշվում: Նրանից մի հացթուխի մոտ անգամ աշխատել էր Խարկովյան առաջին օրերին՝ կարիքից դրդված: Թորգոմի վկայությամբ՝ Բակունցի ներկայությունը պարտադիր էր խոտորջուրցիների յուրաքանչյուր հավաքույթում։ Ոչ ոք առանց նրա կնունք, հարսանիք, ուրախություն չէր անում: Սա ևս մեկ վկայություն է այն մասին, որ Բակունցը, լինելով գրող և ուսանող, երբեք չէր կտրվում իր համայնքային արմատներից։

1922 թ գարնանը Դոնբասի Պերվոմայսկ րուդնիկում 1915 թվականից հաստատված Թորգոմի ու Արտաշեսի եղբոր՝ Սերոբ Գևորգյանի տանը տեղի է ունեցել խոտորջուրցիների մեծ հավաք, որտեղ քննարկվել է կոմունա ստեղծելու գաղափարը։ Ակսելը Խարկովից եկած մոտ մեկ տասնյակ խոտորջուրցիների հետ նույնպես ներկա է եղել և իր միջամտությամբ որոշվել է, որ կոմունան պետք է ստեղծվի Հայաստանում, այլ ոչ թե Ուկրաինայում կամ Սև ծովի ափին։ Դա շրջադարձային պահ էր:

Արտաշես Գևորգյանը, Մյասնիկյանը և Ջեմալ փաշայի սպանության պատմական ֆոնը

Խոտորջուրի կոմունայի ստեղծման նախապատրաստական փուլում Թորգոմի  եղբայր Արտաշես Գևորգյանը, որպես գլխավոր նախաձեռնողներից մեկը, անմիջապես մեկնում է Թիֆլիս՝ հանդիպելու Ալեքսանդր Մյասնիկյանին։ Հանդիպման նպատակն էր ստանալ վերջինիս լիակատար աջակցությունը կոմունայի հիմնադրման գործում։ Մյասնիկյանը ոչ միայն հետաքրքրված էր գաղափարով, այլև հենց առաջին հանդիպման ընթացքում խոստանում է ամեն կերպ օժանդակել։

Սակայն այդ օրերին Թիֆլիսում զարգանում էին դեպքեր, որոնք շուտով հետաձգելու էին կոմունայի գործը։ Գաղտնի լուրեր էին տարածվել, որ Թիֆլիս էր ժամանել օսմանյան ռազմական և քաղաքական գործիչ Ջեմալ փաշան՝ հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը։ Նրա ներկայությունը հարուցում էր խոր վրդովմունք հատկապես այն հայերի շրջանում, որոնք անձամբ էին զգացել Մեծ Եղեռնի արհավիրքները։

Խոտորջուրցի Արտաշես Գևորգյանը, իր մտերիմ ընկեր Պետրոս Տեր-Պողոսյանի հետ ձեռնարկում է Ջեմալ փաշայի ֆիզիկական ոչնչացումը։ Գործողությունը հաջողությամբ ավարտվում է, և Ջեմալ փաշան սպանվում է Թիֆլիսում հայ վրիժառուների ձեռքով։

 Արտաշեսը Մյասնիկյանին բացեիբաց հայտնում է, որ հենց ինքն է կազմակերպել և իրականացրել սպանությունը. եթե իշխանությունները ցանկանում են պատասխանատվության ենթարկել որևէ մեկին, ապա ձերբակալեն իրեն, ոչ թե դեպքի հետ կապ չունեցող բազմաթիվ հայերի։ Այդ օրերին արդեն սկսվել էին զանգվածային ձերբակալություններ, և Արտաշեսի քայլը միտված էր նրանց ազատմանը։

Մյասնիկյանը ուշադիր լսում է, բայց վերջնական պատասխան տալուց առաջ խնդրում է երկու օր ժամանակ՝ հարցը լիովին հստակեցնելու համար։ Երբ երկու օր անց Արտաշեսը նորից է ներկայանում, Մյասնիկյանը խորհուրդ է տալիս որոշ ժամանակով հետաձգել Խոտորջուրի կոմունայի հիմնադրման գործը և հեռանալ Անդրկովկասից՝ ակնարկելով, որ իրավիճակը չափազանց լարված է և վտանգավոր։

Արտաշեսը հետևում է խորհրդին և միայն 1924 թվականին է նա կրկին վերադառնում Հայաստան և սկսում ակտիվորեն կազմակերպել կոմունայի գործը։ Այդ ժամանակ Մյասնիկյանը լիովին աջակցում էր նախաձեռնությանը։ Սակայն երբ առաջին խումբ խոտորջուրցիները մեկնում են ապագա կոմունայի հողամասը տեսնելու, պատահում է Մյասնիկյանի խորհրդավոր ավիավթարը, որը հետագայում բազմաթիվ վարկածների առիթ դարձավ։

Այս իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս, թե որքան սերտորեն էին համընկնում Խոտորջուրի կոմունայի պատմությունը և 1920-ականների քաղաքական դրամատիկ իրադարձությունները։ Արտաշեսի անձնական ճակատագիրը, Մյասնիկյանի քաղաքական ուղին և Ջեմալ փաշայի սպանությունը միահյուսված են ոչ միայն պատահականորեն, այլև ընդհանուր պատմական տրամաբանությամբ։

Արտաշես Գևորգյանի և Ակսել Բակունցի ընկերությունը և ողբերգական վախճանը

Թորգոմը հատուկ ընդգծում է Արտաշես Գևորգյանի և Ակսել Բակունցի սերտ ընկերությունը։ Նրանք մտերմացել էին դեռևս կոմունայի հիմնադրման օրերին Խարկովում և շարունակել այդ հարաբերությունները մինչև 1937 թ ողբերգական իրադարձությունները։ Բակունցից մեկ ամիս անց՝ 1937 թվականի օգոստոսի 15-ի գիշերը, գնդակահարվեց նաև Արտաշեսը: Արտաշեսի գլխավոր մեղադրանքը կապված էր Ջեմալ փաշայի սպանության հետ։

Թորգոմը վկայում է, որ Ակսելը մեծ հարգանք ուներ Արտաշեսի նկատմամբ և մշտապես մտերիմ շփման մեջ էր նրա հետ։ Հատկանշական է, որ 1937 թ բռնությունների ժամանակ Բակունցի հետ նույն բանտախցում է եղել Սերոբ Գևորգյանը։ Նրա շնորհիվ Գևորգյան ընտանիքին հայտնի են դարձել Բակունցի և Արտաշեսի բանտային կյանքի որոշ մանրամասներ։

Թորգոմը կասկածի տակ է դնում Արտաշեսի հետ կապված և Բակունցին ներկայացված մեղադրանքներից մեկը՝ այն համարելով Բերիայի ապարատի կողմից հորինված բազմաթիվ շինծու գործերից մեկը։ Բակունցի և Արտաշեսի ձերբակալությունները խորհրդային բռնաճնշումների լայն ալիքի մաս էին։ Սերոբ Գևորգյանի վկայությամբ՝ Բակունցը բանտում պահպանել է ներքին ուժը և մարդկային արժանապատվությունը։

Թորգոմի նկարագրած այս ընկերությունը մեզ հուշում է, որ կոմունան պարզապես տնտեսական նախագիծ չէր։ Այն նաև բարոյական մի տարածք էր, որտեղ ձևավորվում էին փոխվստահության ցանցեր։ Արտաշեսի և Ակսելի կապը պահպանվեց մինչև 1937-ի բռնությունները, ինչը ցույց է տալիս, որ նրանց համագործակցությունը հիմնված էր ոչ թե ժամանակավոր շահերի, այլ արժեքների և գաղափարների վրա։

Ակսելի ներգրավվածությունը կոմունայի գործերում

1925 թ մարտից՝ կոմունայի հիմնադրման առաջին օրվանից, Ակսելը մշտապես մասնակցել է դրա աշխատանքներին։ Կոմունայի տարածքում նույնիսկ կան վայրեր, որոնք մինչ օրս հայտնի են որպես «Ակսելի աղբյուր» և «Ակսելի դուրը»(սարավանդ) անուններով: Դրանք ոչ միայն տեղագրական կետեր են, այլև խորհրդանշական կապեր անցյալի և ներկայի միջև։

Մարմարիկի ափի հուշեր և Բակունցի «Ձորերի լույսը» պատմվածքի արմատները

Կոմունայի պատմությունը միայն քաղաքական ու կազմակերպչական քայլերի շարք չէր այն իր արմատներն ուներ նաև անձնական հիշողությունների ու հուշերի մեջ։ Այդ հուշերից մեկը պահպանվել է Ռաֆայել Իշխանյանի գրչով՝ հրապարակված «Գրական թերթ» 1982 թվականի 33-րդ համարում։ Ակնարկը նա գրել է Թորգոմ Գևորգյանի պատմածի հիման վրա, իսկ պատմությունն ինքնին կապված էր դեռևս 1918 թվականի դեպքերի հետ։

Այդ տարիներին, երբ Արտաշես Գևորգյանը և Թորգոմ Գևորգյանը Անդրանիկի ջոկատի հեծյալ հետախույզներ էին, Մարմարիկի կիրճով անցնելիս երկու օր ապաստանում են Միսխանա գյուղում (ներկայիս Հանքավան)։ Գյուղը հունական էր, և հենց այդ օրերին նրանք մտերմանում են տեղի բնակիչ Լազար Եֆրեմիդիի հետ։

Այնտեղ՝ գեղատեսիլ բնապատկերի ու խաղաղ գյուղական միջավայրի մեջ, Արտաշեսի մտքում առաջին անգամ ծագում է կոմունայի գաղափարը՝ Մարմարիկի ափին ընդարձակ ագարակ հիմնել և Եղեռնից փրկված խոտորջուրցիներին հավաքել այնտեղ: 

Ժամանակի ընթացքում Արտաշեսի և Թորգոմի միջոցով այս ծանոթությունն ընդլայնվում է, և Լազարի ընտանիքի հետ բարեկամանում է նաև Ակսել Բակունցը։ 1933 թվականի ամռանը Բակունցը, կինը՝ Վարվառան, և որդին՝ Սևադան, հյուր են լինում Լազար Եֆրեմիդիի տանը։ Այդ օրերին այնտեղ են լինում նաև Արտաշեսի կինը՝ Արփենիկը, և Թորգոմի դուստրը։

Հենց Լազարի տան տաք ու հյուրընկալ մթնոլորտում Բակունցը գրում է իր գեղեցիկ ու քնարական պատմվածքներից մեկը՝ «Ձորերի լույսը»։ Այն առաջին անգամ տպագրվում է նույն տարվա օգոստոսի 18-ին «Խորհրդային Հայաստան» թերթում, իսկ երկու տարի անց տեղ է գտնում «Անձրևը» (1935) ժողովածուում։

Պատմվածքի գլխավոր կերպարը հենց Լազար Եֆրեմիդին է, մանրամասն նկարագրված է նաև նրա հայրը՝ Սիդերո Սավվան։ Պատմվածքի գյուղը իրական Միսխանան է, գետը՝ Մարմարիկը, և նկարագրված բոլոր դրվագները իրական դեպքերից են։ Իրական է նաև Լազարի կողմից մարմարի հանքի հայտնագործությունը՝ Աղվերանի հանքը, որն այն ժամանակ մեծ հռչակ ձեռք բերեց իր բարձրորակ մարմարի շնորհիվ։

Այս դրվագը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Խոտորջուրի կոմունայի պատմությանն առնչվող հուշերը ոչ միայն պահպանվել են փաստագրական վավերագրերում, այլև ներթափանցել են գրականություն։ Բակունցի «Ձորերի լույսը» ոչ միայն գեղարվեստական արժեք ունեցող գործ է, այլև անփոխարինելի մշակութային վկայություն այն միջավայրի և մարդկանց մասին, որոնցից ծնվեց նաև կոմունայի գաղափարը։

Բակունցի հեղինակած «Խոտորջուրի կոմունան»՝ կորուստներ և հույսեր

Խոտորջուրցիների հետ շփման համատեքստում կարևոր է 9Խոտորջուրի կումունա0 գրքի ստեղծումը:

Թորգոմը մանրամասնում է, որ Ակսել Բակունցն այդ գիրքը գրել է առավել ընդարձակ և հարուստ տարբերակով՝ մոտ երկու անգամ ծավալով մեծ, սակայն գիրքը լույս է տեսել զգալիորեն կրճատված:

Բակունցը անձամբ նվիրել էր այդ գրքից օրինակներ և՛ իրեն, և՛ Արտաշես Գևորգյանին՝ մակագրություններով, որոնք ինքնանպատակ չէին, այլ կրում էին հատուկ իմաստ ու հուզական ջերմություն։

Ցավոք, 1937 թվականի սև իրադարձությունների ժամանակ այդ գրքերը, և առհասարակ Բակունցի հետ կապված բազմաթիվ նյութեր՝ լուսանկարներ, նամակներ, ոչնչացվել են. կորուստ, որը Թորգոմը համարում է դաժան ու անդառնալի։ Նույն նամակում նա պատմում է, որ իր մոտ միայն մնացել է միայն մի փոքրիկ երկտող՝ գրված Ակսելի ձեռքով, որով Բակունցը նրան հանձնարարել էր Խարկովից ժամանած հայ գաղթականներին ցույց տալ և ներկայացնել որոշ հողամասեր՝ որպես կոմունայի նախընտելի տարածքներ։

Թորգոմը նաև նշում է, որ եղել են մարդիկ, ովքեր պահել են այդ գրքի օրինակները, և հենց այդ ճանապարհով մի օրինակ հաջողվել է հասանելի դարձնել թանգարանին։

Էական է նկատել, որ նույն օրերին Թորգոմը բազմիցս հրավիրել է Սևադա Բակունցին՝ Ակսելի որդուն, այցելելու կոմունա՝ նրան ցույց տալու հուշարձանային վայրերը և պատմելու հոր հետ կապված հիշողությունները, սակայն Սևադան, ինչպես Թորգոմը վկայում է, ցուցաբերել է որոշակի անտարբերություն։

1936 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էին կոմունայի հիմնադիրների մեծ մասը, սակայն Թորգոմի փոխանցմամբ՝ դրանցից ոչ մեկի նկատմամբ մեղադրանք չէր առաջադրվել, և կոմունան դատական նյութերում ընդհանրապես չի հիշատակվել։ Սա ցույց է տալիս, որ Խոտորջուրի կոմունայի գործը, թեև քաղաքական ու մշակութային կարևորություն ուներ, սակայն պաշտոնական սև ցուցակներում և հետաքննություններում ակնհայտորեն ընդգրկված չէր որպես հստակ «բռնաճնշման» օբյեկտ։

Վերջում Թորգոմը անկեղծորեն նշում է, որ թեև ուզում է անձամբ և ամբողջությամբ թղթին հանձնել իր հուշերը Ակսել Բակունցի մասին, բայց լավ կլիներ, որ մի իսկական գրող կամ հետազոտող գրի առներ Ակսելի և խոտորջուրցիների փոխհարաբերությունների ամբողջ պատմությունը, որը, ըստ ամենայնի, արժանի է հիշատակման:

Վերջաբան և արժևորման անհրաժեշտություն

Ակսել Բակունցի և Գևորգյան եղբայրների փոխհարաբերությունների, ինչպես նաև Խոտորջուրի կոմունայի ստեղծման շուրջ մեր ուսումնասիրությունը վավերագրական հարստացում է բերում 20-րդ դարի սկզբի հայ մտավորականության և հայրենադարձական շարժումների պատմությանը։ Նամակագրական ու հուշագրական նյութերը՝ հատկապես Վահան Բակունցի և Թորգոմ Գևորգյանի միջև, բացահայտում են անձնական, գաղափարական և կազմակերպչական կապերի խորությունները, որոնք զգալիորեն ընդլայնում են Բակունցի կենսագրության ու ստեղծագործական ճանապարհի ընկալումը։

Խոտորջուրի կոմունան, որպես նոր սոցիալական ու տնտեսական մոդել՝ համատեղ սեփականության և կոլեկտիվ աշխատանքի վրա հիմնված, ոչ միայն ցույց է տալիս հայկական գյուղական ինքնության վերածննդի փորձերը, այլև ընդգծում է Բակունցի և նրա ժամանակակիցների՝ ի սկզբանե ունեցած հայրենասիրական ու գաղափարական խոր հենքը։ Բակունցի՝ այդ շարժման մեջ կազմակերպչական և գաղափարական դերը և նրա մտերմությունը Գևորգյան եղբայրների հետ խոսում են նրա բազմակողմանի մասնակցության մասին՝ գրող և հանրային գործիչ հարթակներում։

Արտաշես Գևորգյանի և Ակսել Բակունցի ընկերության ու համագործակցության պատմությունը իր մեջ կրում է նաև 20-րդ դարի սկզբի հայկական քաղաքական լարվածության և հոգեբանական բարդությունների արձագանքը՝ իրադարձություններ, որոնք հանգեցրին նաև նրանց ողբերգական ճակատագրերին 1937 թվականի բռնաճնշումների շրջանում։

Այս ուսումնասիրությունը կարևոր չափանիշ է Բակունցի կերպարի համակողմանի ընկալման և 20-րդ դարի հայկական մշակութային, սոցիալ-քաղաքական ֆոնին նրա տեղայնացման համար։ Նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Բակունցը եղել է իր ժամանակի պահանջներին խորը պատասխանող մտավորական, ով զգալի չափով ներգրավված էր նաև հայրենադարձության շարժման մեջ։

Վահան Բակունցի և Թորգոմ Գևորգյանի նամակագրությունը, ինչպես նաև հարակից վավերագրերը պետք է դիտարկել ոչ միայն որպես անցյալում պահպանված փաստաթղթեր, այլև որպես կենդանի պատմության և մշակութաբանական ընկալումների աղբյուր: Այս նյութերը պարտադիր պետք է ընդգրկվեն թանգարանային ցուցադրություններում, ուսումնասիրվեն և ընդգծվեն հետագա գիտական ուսումնասիրություններում՝ հարստացնելու մեր պատմական հիշողությունը:

Ընդհանրապես, Խոտորջուրի կոմունայի պատմությունը, Բակունցի անձնական և գործնական կապերը հայրենադարձական համայնքների հետ, ինչպես նաև նրանց ընդհանուր գաղափարական նպատակներն ու անձնական ճակատագրերը, հանդիսանում են 20-րդ դարի հայկական ճակատագրերի կարևոր հատված, որը արժանի է խորքային ուսումնասիրության և լայն հանրային ճանաչման։

 

Թեհմինա Մարության

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

 

 

 

 

 

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44

Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34

Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում

04.12.2025 16:59

Ռուսաստանը միշտ արել է հնարավորը՝ հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու

04.12.2025 16:54

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության հանընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը

04.12.2025 16:49

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը

04.12.2025 16:47