ԱԼԵՔՍԵՅ ՍԵՐԵԴԱ. «Չպիտի թույլ տալ շրջակա միջավայրի աղտոտում, բայց եւ պիտի մտածել տնտեսությունը զարգացնելու մասին»

10.11.2014 20:20
2787

Հանքարդյունաբերություն


Մեղրու տարածաշրջանի Տաշտուն գյուղի մերձակայքում ոսկու արդյունահանման գործարան կառուցելու փաստն ի սկզբանե միանշանակ չընդունվեց: Ոմանք պնդում էին, որ այդ ձեռնարկության կառուցմամբ գյուղում զբաղվածության խնդիր կլուծվի, ոմանք էլ (նախեւառաջ բնապահպանական կազմակերպությունները) տագնապի կոչնակ էին հնչեցնում, որ հանքարդյունաբերական այդ ձեռնարկության կառուցումով եւ Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործումով մեծ վնաս կհասցվի «Արեւիկ» ազգային պարկին եւ տարածքի ջրային ռեսուրսներին: Մասնավորապես, բնապահպանների պնդմամբ` Մեղրասարի ոսկու հանքավայրի մոտ 60 տոկոսը գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի տարածքում, ինչը լուրջ սպառնալիք է բուսական ու կենդանական աշխարհին: Այս եւ խնդրո առարկային առնչվող այլ հարցերի պատասխանն իմանալու նպատակով եղանք Տաշտունի փորձարարական գործարանում: Նախ «ԱՏ մետալս» ընկերության անվտանգության եւ կադրերի բաժնի պետ Լեոնիդ Պոստոլի հետ նախնական զրույց ունեցանք գործարանի այսօրվա վիճակի մասին: Մեր զրուցակիցը գործարանի արտադրամասերում «Սյունյաց երկրի» լրագրողներին ծանոթացրեց ձեռնարկության արտադրանքի ստացման գործընթացներին: Այնուհետեւ Մեղրիում հանդիպեցինք «ԱՏ մետալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Սերեդայի հետ, ով սիրով պատասխանեց մեր հարցերին, որում ներառել էինք նաեւ վերջին շրջանում «ԱՏ մետալս» ընկերությանն առնչվող բնապահպանական կազմակերպությունների հրապարակումներում բարձրացված մտահոգությունները:

– Ալեքսեյ Նիկոլաեւիչ, կարծիքներ են հնչում, որ Մեղրասարի հանքավայրի 60 տոկոսը գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի տարածքում:

– Այդպես չէ: «Արեւիկ» ազգային պարկի հետ բոլոր հարցերը կարգավորված են: Այդտեղ մի վիճելի հարց կար` մի քանի հեկտարի հետ կապված, հարթվել է: Այսօր «Արեւիկ» ազգային պարկի հարցն այլեւս չի շոշափվում:

– Նաեւ նշվում է, որ Մեղրասարի հանքավայրը գտնվում է Մեղրի գետի ջրահավաք ավազանում, ինչի հետեւանքով անդառնալի վնաս է հասցվելու Մեղրու ջրային ավազանին եւ Մեղրի գետին:

– Հանքի մոտակայքում ջրահավաք ավազան չկա, որպես այդպիսին: Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով: Բաց հանքի մասին է խոսքը: Առայժմ այդտեղ ոչ մի պայթեցում նախատեսված չէ: Եթե հանքանյութը հանելով խորանանք ընդերքի մեջ, հանքանյութի երակային մասը սկսի աստիճանաբար կարծրանալ, կտեսնենք, գուցե պայթեցումների անհրաժեշտություն ծագի: Այդ դեպքում արդեն համաձայնության պիտի գանք բնապահպանների, մյուս շահագրգիռ կազմակերպությունների հետ: Ամեն դեպքում դրանք միջուկային պայթեցումներ չեն լինելու, այլ լոկալ բնույթի պայթեցումներ, ոչ մի սարսափելի բան չի կատարվելու:

– Բնապահպանները նաեւ ասում են, որ ձեր փաստաթղթերում, հանքավայրի շահագործման նախագծում նշված չէ պայթեցումից առաջացած փոշու մեջ տոքսիկ նյութերի եւ ծանր մետաղների պարունակության մասին, նրանց փոխանցմամբ` հենց դրանք են անդառնալի վնաս պատճառում շրջակա միջավայրին, ջրային ռեսուրսներին, հողերին, մարդկանց առողջությանը:

– Ծանր մետաղներ, որպես այդպիսիք, մեր արտադրության մեջ չեն լինելու: Պայթեցումներ եթե լինեն էլ, տոքսիկ նյութեր չեն լինելու: Մասնագիտությամբ նավթագործ եմ, գործ եմ ունեցել նավթահորերում իրականացվող վառոդային պայթեցումների հետ, ոչ մի սարսափելի բան չի եղել: Այնպես չէ, որ մենք ցանկանանք պայթեցում անել եւ անենք: Առայժմ պայթեցման մասին խոսք չկա, էքսկավատորը հանքանյութը շերեփով պիտի վերցնի եւ լցնի բեռնատարի թափքի մեջ:

– Բնապահպանների մի դիտողությունն էլ այն է, որ բնապահպանական փորձաքննության ներկայացված «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ի Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծում ոչինչ նշված չէ հանքավայրում ուրանի հնարավոր առկայության, ռադիացիոն ռիսկերի մասին:

– Ներկայումս մենք շատ ակտիվ համագործակցում ենք հայկական ատոմակայանի հետ, ավելին, մեր հանքավայրում առկա տարրերի բազայի վրա այս էտապում աշխատանքներ են տարվում ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ուղղությամբ: Մեր հանքանյութն իր մեջ մագնիտիդ է պարունակում եւ բավականին մեծ քանակությամբ` հանքային երակի մեջ` մինչեւ տասը տոկոս, որը որոշակի պայմաններում, ռադիոակտիվությունը վերացնելու հատկություն ունի: Մերոնք մի ամբողջ ծրագիր են մշակել, որ հավանության է արժանացել ՄԱԳԱՏԵ-ի, Հայաստանի կառավարության կողմից: Կատարվում է փորձաքննություն, որից հետո կկարողանանք իրականում մաքրել այն ռադիոակտիվ թափոնները, որ առաջացել են հայկական ատոմակայանի աշխատանքի հետեւանքով: Բացի դրանից, մեր հանքավայրում կա ուրան եւ թորիում, շատ չնչին` մեկ տոկոսի հարյուրհազարերորդական մասի չափով, եւ երկրորդ, որքան էլ պարադոքս լինի, դրանից բնության մեջ հազվադեպ է պատահում, դրանք ռադիոակտիվ չեն, այսինքն` մեր հանքավայրում գոյություն ունի ռադիոակտիվության բնական ֆոն, դա հաստատված է արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

– Համահայկական բնապահպանական ճակատի համաձայն` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի 6-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջների համաձայն, մինչեւ մասնագիտական լսումներն իրականացնելն ազդակիր համայնքներում պետք է կազմակերպված եւ անցկացված լիներ երկու հասարակական լսում, բայց անցկացվել է այդ լսումներից ընդամենը մեկը, ինչն օրենքի խախտում է:

– Առաջին հանրային լսումը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին, դրանից հետո եղել են բնապահպանական լսումներ, ըստ իս` այդ «կանաչները» խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը: Կարծում եմ, որ արեւմտյան որոշ ուժերին ձեռնտու է, որ Հայաստանը լինի աղքատ, ոչինչ չկառուցվի, ոչինչ չարվի: Դա իմ անձնական կարծիքն է, որպես ռուսաստանցու: Եվ կարծում եմ` ահագին գումարներ են ներդրվում, որ այստեղ սահմանափակվի որեւէ զարգացում, որեւէ շինարարություն: Բնապահպանությանը բոլորն էլ կողմնակից են, ոչ ոք հակված չէ, որ բնությանը վնաս հասցվի, ամեն ինչ պիտի արվի թույլատրելիության սահմաններում: Բայց ոմանց ասես ձեռնտու է, որ մարդիկ ինչպես աղքատ եղել են այստեղ, այնպես էլ պիտի լինեն: Սա, նորից եմ կրկնում, իմ կարծիքն է որպես ռուսաստանցու: Ուստի պիտի գտնել որոշակի փոխզիջումներ: Չպիտի թույլ տալ շրջակա միջավայրի հնարավոր աղտոտում, բայց նաեւ պիտի մտածել զարգացնելու արդյունաբերությունը: Մենք կիրառում ենք այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ կտա չաղտոտել շրջակա միջավայրը:

– Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ Տաշտունի փորձարարական համալիրի շինարարական աշխատանքները սկսվեցին առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության: Մասնավորապես, Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «ԱՏ մետալս» ընկերությունը, չունենալով ՀՀ օրենքով պահանջվող համապատասխան թույլտվությունները, Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում սկսել է հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը:

– Իրոք, այդպիսի պահ եղել է, երբ սկսել էինք հողային աշխատանքները: Դուք եղաք գործարանում, երեւի ուշադրություն դարձրիք, որ այն կառուցված է թեք լանջին: Որպեսզի այն կառուցվեր, պիտի հողային ահագին աշխատանքներ կատարեինք: Սկսեցինք հողային աշխատանքները, եւ ծայր առան բնապահպանների առաջին գրոհները: Այո՛, այդ շրջանում խնդիրներ ունեցանք, բայց շինարարական աշխատանքներ դեռեւս չէին կատարվում: Այդ հողային աշխատանքները կատարվում էին Տաշտունի համայնքի, նրա ղեկավարի համաձայնությամբ եւ գիտությամբ, մեր ամեն քայլը համաձայնեցնում էինք համայնքի հանրության հետ: Այո՛, այդպիսի պահ եղել է, մենք պաշտոնական թույլտվություն չունեինք շինարարություն սկսելու: Մենք սկսեցինք փոքր-ինչ վաղ շինարարություն իրականացնել, բայց եթե դա չանեինք, այսօրվա դրությամբ ոչինչ չէինք ունենալու: Այսօր արդեն բոլոր խնդիրները լուծված են, բոլոր հարցերը համաձայնեցված են: Գործարանը, ավելի ստույգ` արտադրությունն ավարտին չենք հասցրել, ինչպես տեսաք, առայժմ չենք աշխատում: Փորձարկումներ եղել են, բայց արտադրանք չենք տալիս:

– Որքանով տեղյակ ենք, հումքը հեռվից պիտի տեղափոխեք:

– Այդպես է: Հանքանյութը մեքենաներով պիտի տեղափոխենք, վերամշակենք, ինչի արդյունքում 80 տոկոսով ստացվելու է կվարցային թափոն, մանր, խտացված կվարց: Ի դեպ, այդ թափոնով հետաքրքրված են որոշ շինարարական կազմակերպություններ, քանզի այդ կվարցային հումքը կարելի է օգտագործել բետոնաշաղախի մեջ, ստացվում է ավելի թեթեւ բետոնաշաղախ, կարելի է դրանից սալիկներ ստանալ եւ այլն:

– Գործարանն այժմ գտնվում է փորձարարական փուլում, որպես արտադրության ղեկավար, ընթերցողների համար ավելի մատչելի լեզվով ասեք, ի՞նչ է իրենից ներկայացնում ձեռնարկության այսօրվա վիճակը, ոսկու արդյունահանման ի՞նչ տեխնոլոգիա եք պատրաստվում կիրառել ձեր արտադրության մեջ:

– Այն տեխնոլոգիան, որ պատրաստվում ենք օգտագործել մեր արտադրության մեջ, Հայաստանում երբեք չի կիրառվել, մինչ այժմ ոսկու արդյունահանման մեջ կիրառվել է այլ մեթոդ, մինչ այժմ ցիանային եղանակով էին ոսկի կորզում, դա հեշտ եղանակ է, բայց բնապահպանական խնդիրներ է առաջացնում: Մենք մետաղի կորզման բոլորովին այլ մեթոդ ենք կիրառում, մենք մետաղի ստացման կարբամիդային եղանակը պիտի կիրառենք, կարբամիդը նույն միզանյութն է, այդպիսով ստացվող թափոնը կարելի է կուտակել եւ օգտագործել տարբեր նպատակներով: Բայց մենք չենք պատրաստվում դրան դիմել, այլ պոչամբարում կուտակվածը նորից վերամշակել, որովհետեւ դրա մեջ դեռեւս ոսկու պարունակություն լինում է: Յուրաքանչյուր թափոն մեզ մոտ որպես երկրորդական հումք է, որը նորից վերամշակվելու է: Ապա պոչամբարն օգտագործելու ենք որպես երկրորդական հումք` շինարարության մեջ եւ այլն:

– Ալեքսեյ Նիկոլաեւիչ, ինչպես տեսնում ենք, Դուք առաջին դեմքն եք արտադրության մեջ, ճի՞շտ ենք նկատել:

– Այնքան էլ այդպես չէ, որովհետեւ ընկերությունն ունի գլխավոր տնօրեն:

– Խոսքն այստեղի արտադրության մասին է:

– Այստեղ, այո՛:

– Դա կնշանակի, որ մեծ փորձառություն պիտի ունենաք, աշխատանքային կենսագրություն, մեզ հետաքրքրում է, թե ո՞վ է Ալեքսանդր Նիկոլաեւիչ Սերեդան:

– Ծնվել եմ 1953 թվականին, մասնագիտությամբ նավթագործ-հորատող եմ, ավելի ստույգ` խոր հորերի հորատման մասնագետ: Ավարտել եմ Մոսկվայի նավթային ինստիտուտը, երկու տարի աշխատել Իրաքում: Խորհրդային տարիներին երկար տարիներ աշխատել եմ նավթագազաարդյունաբերության նախարարությունում: Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, նախարարի օգնականն էի, դրանից հետո կոմերցիոն գործունեությամբ եմ զբաղվել: Այս ընկերությունում աշխատում եմ որպես մենեջեր: Իմ համագործակցությունը Հայաստանի հետ պայմանավորված էր նրանով, որ ուսումնասիրել էի երկրաբանական այն արխիվները, որոնք կային Ռուսաստանում:

– Ինչպես երեւում է, որոշ խոչընդոտներ են առաջացել ձեր արտադրության մեջ:

– Մի փոքր ցավալի է, որ սկզբնական այն տեխնոլոգիաները, որոնցով նախատեսված էին արտադրությունը սկսել, պարզապես չաշխատեցին: Պիտի ասեմ, որ հանքանյութն էլ իր առանձնահատկությունն ունի. հանքերակի սկզբում հանքանյութը մի որակ ունի, միջին հատվածում` ուրիշ, իսկ վերջնամասում` մի այլ: Եվ այդ հանքանյութերից մետաղ կորզելու համար կատարում ենք մի շարք փորձարկումներ: Քանի որ սարքավորումները չինական են, մենք մեր հանքանյութից որոշ քանակություն ուղարկել ենք Չինաստան, այդտեղի մասնագետները նոր տեխնոլոգիա են մշակում` էկոլոգիապես ավելի անվնաս, որի ժամանակ օգտագործվում է սովորական կաուստիկական սոդա: Այս պահին մեր մասնագետները գտնվում են Չինաստանում, որ նոր մշակված տեխնոլոգիան կարողանանք արագ ներդնել արտադրության մեջ: Այդ պատճառով էլ կոչվում է փորձարարական գործարան, պիտի փորձարկենք այս կամ այն տեխնոլոգիան, որն արդյունավետ կլինի` մեր արտադրության համար կընտրենք: Առայժմ գտնվում են փորձարկումների շրջանում: Այսօրվա դրությամբ մեր ընկերությունը Հայաստանում ներդրել է 13 միլիոն դոլար, տարածքներ ենք ձեռք բերել Մեղրու տարածաշրջանի տարբեր վայրերում` Մեղրասար, Քարասար, Թաղամիր, Շվանիձոր: Որոնողական-հետախուզական աշխատանքների համար թույլտվություն ենք ձեռք բերել, Մեղրասարում են լրացուցիչ հորատման աշխատանքներ իրականացվում, Թաղամիրում կիրականացվեն երկրաբանահետախուզական աշխատանքներ` պաշարների քանակությունը ճշտելու համար: Փաստորեն Մեղրասարինը փորձարարական գործարան է, որտեղից պիտի վերցնենք այն արդյունավետ տեխնոլոգիան այստեղի հանքանյութը վերամշակելու համար:

– Գովելի է, որ Հայաստանի հեռավոր տարածաշրջանում ձեր ձեռնարկությունը սոցիալական կարեւոր հարց` զբաղվածության խնդիր է լուծում: Եթե գաղտնիք չէ, առաջիկայում որքա՞ն աշխատատեղ է նախատեսում ստեղծել «ԱՏ մետալս» ընկերությունը:

– Այս պահին, ինչպես տեսաք, արտադրությունը կոնսերվացված է, Տաշտունի փորձարարական գործարանում մոտ 80 հոգի կաշխատի, եւս 20-30 աշխատող` Մեղրասարի հանքավայրում, տեխնիկան ավելանալուն զուգընթաց աշխատատեղերի թիվը կավելանա: Ավելի հզոր գործարան կառուցելու դեպքում աշխատողների թիվը եւս 100-ով կավելանա:

– Իսկ ինչպիսին են փոխհարաբերությունները տեղական իշխանությունների հետ, կա՞ն համագործակցության եզրեր:

– Տեղական իշխանությունները լիովին սատարում են մեզ: Գործնականում Տաշտունի աշխատունակ բնակչությանը, նաեւ այն տաշտունցիներին, ովքեր ապրում են Մեղրիում, Ագարակում, Լեհվազում, առաջնահերթ աշխատանքի ենք ընդունում: Տաշտունի համայնքի ղեկավարության հետ հրաշալի հարաբերություններ ունենք, նույնը` Լիճքի համայնքի: Լիճքից էլ մեզ մոտ մարդիկ են աշխատում, նաեւ այլ համայնքներից: Բոլոր այն համայնքների ղեկավարների հետ, որոնց ծանոթ եմ, բարիդրացիական հարաբերություններ են ստեղծված, հանդիպում ենք, հարցեր քննարկում, հիմնախնդիրներին համատեղ լուծում տալիս:

– Երբ բնապահպանները ձեզ անընդհատ քննադատում են, հաճա՞խ եք նեղսրտում:

– Ոչ, դրանք աշխատանքային պահեր են, առողջ քննադատությունն օգնում է:

– Չե՞ք կարծում, որ լրատվամիջոցների հետ ակտիվ շփվելու դեպքում ձեր հանդեպ քննադատությունն ավելի մեղմ կլինի, ձեր ընկերության գործունեությունն ավելի ընկալելի կլինի հանրությանը:

– Յուրաքանչյուր քննադատություն ըմբռնումով պիտի ընդունել: Բայց, ըստ իս, կան մարդիկ, ովքեր միայն դրանով են զբաղվում: Անցյալ տարվա օգոստոսին, երբ «կանաչները» գրոհեցին մեզ վրա, զգացի, որ մարդկանց պիտի բացատրել իրողությունը, որ մեր դռները պիտի բաց լինեն լրատվամիջոցների առջեւ: Ուստի միանշանակ ընդունում եմ ձեր թերթի որդեգրած քաղաքականությունը` լուսաբանելու մեր ընկերության գործունեությունը:

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25