Ամուլսարի հանքը կվերաբացվի և կսկսի շահագործվել ընթացիկ տարվա վերջին. Հայաստանն այդտեղից կունենա արդյունահանված առաջին ոսկին

11.04.2025 17:09
699

Ամուլսարի հանքը կվերաբացվի և կսկսի շահագործվել ընթացիկ տարվա վերջին. Հայաստանն այդտեղից կունենա արդյունահանված առաջին ոսկին։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ 

«ՀՀ կառավարությունն աջակցեց մեր ծրագրին և տվեց պետական երաշխիք, ուստի մոտ ժամանակներում կավարտենք ծրագրի ֆինանսավորումը։ Այս գարնանը կվերսկսենք շինարարական աշխատանքները։ Իրականացվելու է 250 միլիոն դոլարի ներդրում, որից 150 միլիոն դոլարը կհատկացվի տեղական բանկերի միջոցով, մյուս մասը կներդնի մեր ընկերությունը։ Հարցն ամենևին չի առնչվում վերաբացման տեխնիկական աշխատանքների բարդ լինելուն, այլ այն հանգամանքին, որ յոթ տարի կանգնած մեծ ծրագիրը, որն արդեն իսկ 80 տոկոսով ավարտված էր, պետք է վերջապես իրականացվի։ Վերաբացման աշխատանքները տեխնիկապես այդքան բարդ չեն, պարզապես անհրաժեշտ է ճիշտ կազմակերպչական մոտեցում ցուցաբերել»,- նշեց Ալոյանը։  

Նա հավելեց, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ընկերությունը կդառնա Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը, երկրորդը կամ երրորդը՝ տարեկան վճարելով 120 միլիոն դոլարի չափով հարկ։ Կստեղծվեն 750 ուղղակի և մոտ 4000 անուղղակի աշխատատեղեր։  

«Զբաղվածության տեսանկյունից մեր ձեռնարկությունը Վայոց ձորի և Սյունիքի մարզերի համար կլինի շատ կարևոր հաստատություն՝ իրականացնելով սոցիալական ծրագրեր, առավել ևս, որ ընկերությունը պարտավորվել է սոցիալական աջակցություն ցուցաբերել հանքին հարակից երեք համայնքներին։ Շարժը երկու մարզերում էլ կլինի բավականին աշխույժ։ Մեր ընկերությունը երկարաժամկետ կտրվածքով, մոտ 20-25 տարի կապահովի տնտեսական բարելավում նշված մարզերում»,- հավաստիացրեց «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենը։ 

Անդրադառնալով շրջակա միջավայրի բնապահպանական բաղադրիչին՝ Ալոյանը վստահեցրեց, որ իրենց ծրագիրը յոթ տարի շարունակ ենթարկվել է բազմաթիվ բնապահպանական ստուգումների ու աուդիտների։ Մինչ այդ էլ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շրջակա միջավայրի ազդեցության լավագույն գնահատականն էր իրականացրել՝ ինչպես տեղեկան, այնպես էլ միջազգային չափանիշներին համապատասխան։ 

«Մենք մոնիթորինգի համար հատկացնում ենք մեծ գումարներ, ինչը բնապահպանական տեսանկյունից չափազանց կարևոր է։ Զգալի գումարներ կծախսենք, որպեսզի նաև հետևենք ու չշեղվենք նախանշված բնապահպանական ուղուց։ Տարվա ընթացքում մեր միջազգային գործընկերները ժամանելու են Հայաստան և բնակչությանը հավաստիացնելու են, որ մենք անշեղորեն գնալու ենք կանաչ և անվտանգ հանքարդյունաբերության ճանապարհով։ Պարբերաբար հրավիրելու ենք նաև տեղական ՀԿ-ների, պետական կառույցների ներկայացուցիչների ու բնապահպանների։ Դա լինելու է բաց և թափանցիկ գործընթաց։ Մենք նույնպես անչափ շահագրգռված ենք, որպեսզի նման մոնիթորինգ իրականացվի։ Փաստորեն համադրվելու են ֆինանսական և մարդկային ռեսուրսները»,- նշեց մեր զրուցակիցը։   

Ինչ վերաբերում է հանքի անվտանգ շահագործման խնդրին, Ալոյանն ընդգծեց, որ աշխատանքային անվտանգության հարցը նույնիսկ այն ժամանակ, երբ ընկերությունը չի աշխատել, եղել է առաջնահերթություն։   

«Ապագայում նույնպես տվյալ հարցը դրվելու է շատ բարձր մակարդակի վրա։ Մենք ունենք չափանիշներ, իրականացնում ենք համարժեք քաղաքականություն, որից չենք շեղվելու։ Ցանկանում ենք, որպեսզի աշխատողը գա, վաստակի գումար և անվտանգ գնա տուն»,- ասաց Ալոյանը։

«Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենը ԵՊՀ-ում կազմակերպված միջոցառման ընթացքում նաև հանդես եկավ հանքարդյունաբերության վերաբերյալ համապատասխան զեկույցով և կատարեց երեք հիմնական շեշտադրում։

«Նախևառաջ անհրաժեշտ է երկրաբանության ասպարեզում ծավալել գործուն և արդյունավետ երկխոսություն շահագրգիռ կողմերի միջև, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպիսի մետաղների պահանջարկ կա այսօր կամ հետագա 5-10 տարիների ընթացքում, որպեսզի մեր ջանքերը, ֆինանսական և մարդկային ռեսուրսներն ուղղենք այդ մետաղների հայտնաբերմանը, չկորցնենք  միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունը»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Երկրորդ կարևոր շեշտադրումն առնչվում էր առկա հանքային հումքին, որը բերում է հավելյալ արժեք Հայաստանի Հանրապետությանը, ուստի անհրաժեշտ է ավելացնել ու հզորացնել արդյունաբերական ներուժը, քանի որ դրա պահանջարկն ունի ամբողջ աշխարհը։ Ալոյանը հավելեց, որ այսօր արդյունահանվող մետաղներն ապագայում կարող են փոխարինվել այլ մետաղներով, հետևաբար պետք է հաշվի առնել այդ ռիսկը, պատրաստ լինել փոփոխություններին, կիրառել նորագույն տեխնոլոգիաներն ու նորարարությունները, որպեսզի մեր տեղը միջազգային շուկայում մնա կայուն և հաստատուն։  

«Իսկ երրորդ շեշտադրումը վերաբերում էր Հայաստանի հետագա տնտեսական զարգացմանը, այսինքն՝ պետք է մտածենք նաև հետագա սերունդների մասին։ Քանի որ մեզ արժեք բերող հանքարդյունաբերության ոլորտում կարող են տեխնոլոգիաները փոխվել, հետևաբար, ելնելով առկա պահանջարկից, հենց այսօրվանից պետք է աշխատենք ու շահագործենք եղած հանքավայրերը»,- եզրափակեց Ալոյանը։    

Armenpress

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12