Անալիտիկ կամ քիմիական լաբորատորիան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հայելին է

23.12.2022 10:39
2790

Տարիների ընթացքում քանի անգամ անդրադարձել ենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գործունեությանը: Բայց երբեք առիթ չենք ունեցել լուսաբանելու ընկերության քիմիական լաբորատորիայի առօրյան, որ հիմա անալիտիկ լաբորատորիա է կոչվում:

2022 թ. նոյեմբերի 3-ին մեր ստեղծագործական խումբն այցելեց լաբորատորիա, որտեղ էլ, լաբորատորիայի ղեկավար Արման Ոսկանյանի օգնությամբ, ծանոթացանք կատարվող աշխատանքներին:

Մեզ համար գրեթե անծանոթ գործողություններին մանրամասն ծանոթանալուց հետո հարցազրույց ունեցանք Արման Ոսկանյանի հետ, ով բարձրագույն կրթությամբ քիմիայի մասնագետ է և ունի լեռնահանքային արդյունաբերությունում աշխատելու տարիների փորձ:

***

- Պարոն Ոսկանյան, ի՞նչ է իրենից ներկայացնում անալիտիկ լաբորատորիան, ե՞րբ է հիմնադրվել, ի՞նչ գործառույթներ է իրականացնում:

- Սկզբնապես կոչվում էր քիմիական լաբորատորիա, հիմա՝ անալիտիկ լաբորատորիա:

Ստեղծվել է պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրելուց առաջ, երբ դեռևս իրականացվում էին երկրաբանական-հետախուզական աշխատանքներ:

Լաբորատորիան իր բնույթով անալիտիկ է. ընդ որում՝ անալիզները բաժանվում են երկու խմբի՝ քանակական և որակական:

Առաջին լաբորատորիան կառուցվեց 1951 թվականին: Այդ ժամանակ պարզվեց, թե ինչ բաղադրություն ունի հանքավայրը:

Լաբորատորիայի կատարած աշխատանքների հիման վրա 1953 թ. կառուցվեց առաջին փորձնական հարստացուցիչ ֆաբրիկան:

Մեծ է լաբորատորիայի դերն ու նշանակությունը կոմբինատի  գործունեությունը կազմակերպելու գործում:

Լաբորատորիայում կատարվում են երկրաբանական և հետախուզական նմուշների, հարստացուցիչ ֆաբրիկա մտնող հանքաքարի, հարստացման արդյունքում ստացված միջանկյալ արտադրանքի, պատրաստի արտադրանքի և պոչանքների քիմիական փորձարկումներ:

Հիմնականում որոշվում են մոլիբդենի և պղնձի զանգվածաբաժինները, անհրաժեշտության դեպքում՝ նաև պահանջվող խառնուրդների զանգվածաբաժինները:

Լաբորատորիայում է որոշվում հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնոլոգիական պրոցեսներում օգտագործվող հակազդիչների ակտիվությունը:

Կատարված փորձարկումների արդյունքներով հաշվում և իմանում ենք հարստացուցիչ ֆաբրիկայում հանքաքարից խտանյութի կորզման աստիճանը, որը կոմբինատի ամենակարևոր ցուցանիշն է, իսկ կորզումը՝ նպատակը:

Լաբորատորիան եղել և մնում է հանքարդյունաբերական մեր ընկերության հայելին:

- Կարելի՞ է ասել՝ լաբորատորիայի գործունեության հիմքում առավելապես գիտական աշխատանքն է, կարելի՞ է ենթադրել, որ հիմնականում մասնագետներ են ընդգրկված աշխատանքում:

- Տարիներ առաջ լաբորատորիայում աշխատում էր 51 հոգի, հիմա՝ 113, որից 97-ը կանայք են:

Կա աշխատանքների հստակ բաժանում, և յուրաքանչյուր ոք գիտի իր անելիքը:

Իրականացվում են մասնագիտական դասընթացներ, լաբորանտների գիտելիքների բարձրացմանը միտված աշխատանքներ:

Նոր տեխնոլոգիաները նաև նոր պահանջներ են առաջադրում կադրերին:

Ինժեներատեխնիկական անձնակազմը հիմնականում քիմիական կրթություն ունի:

Նոր ընդունվողները հնարավոր է ոչ մասնագետներ լինեն, որոնց, բնականաբար, վերապատրաստում ենք: Բայց վերահսկողությունը պարտադիր կարգով վերապահում ենք բարձրագույն կրթությամբ մասնագետներին:

- Հիմա Ձեր օգնությամբ կուզենայինք ծանոթանալ լաբորատորիայի կառուցվածքին:

- Լաբորատորիայում գործում են տարբեր բաժիններ, յուրաքանչյուրը՝ գործունեության հստակ շրջանակներով:

Այսպես՝ տեխսպասարկման խումբ, ատոմա-աբսորբցիոն խումբ, քիմիական մշակման անալիզի խումբ, էքսպրես անալիզի խումբ, ռենտգենոֆլուորեսցեն և տիտրման անալիզի խումբ, քիմիական ռեագենտների անալիզի խումբ, ինդուկցիոն պլազմային անալիզի խումբ, ոսկու հարգորոշման անալիզի խումբ, նմուշների պատրաստման և քարի տեսակարար կշռի անալիզի խումբ:

Ընդամենը՝ ինը բաժին կամ խումբ:

- Կարո՞ղ ենք գոնե ընդհանրական պատկերացում կազմել, թե որ բաժինը կամ խումբը ի՞նչ գործառույթներ է իրականացնում հիմնականում:

- Քիմիական մշակման բաժնում երկրաբանական, հետախուզական, հանքաքարի և պոչանքի նմուշները ենթարկվում են քիմիական մշակման, այնուհետև ատոմա-աբսորբցիայի և ինդուկցիոն պլազմայի բաժիններում որոշում են պահանջվող տարրերի զանգվածաբաժինները:

Էքսպրես բաժինը, որ աշխատում է շուրջօրյա, ունի ֆաբրիկայի տեխնոլոգիական գործընթացը վերահսկելու գործառույթ: Այդ բաժնում՝ համեմատաբար արագ մեթոդներով, կատարվում են քիմիական և ռենտգենոֆլուորեսցենային փորձարկումներ, և արդյունքներից ելնելով՝ համապատասխան միջամտություն է ցուցաբերվում ֆաբրիկայի տեխնոլոգիական գործընթացին:

Տիտրման և XRF ռենտգենոֆլուորագենտային բաժնում իրականացվում են պատրաստի արտադրանքի՝ մոլիբդենի և պղնձի խտանյութերի նմուշների փորձարկումներ:

Ամենաճշգրիտ ստանդարտ մեթոդներով որոշվում են մոլիբդենի և  պղնձի պարունակությունները, խոնավության, յուղայնության, այլ տարրերի պարունակությունը:

- Այդ աշխատանքները որակյալ կատարելու համար, անշուշտ, արդիական տեխնիկական միջոցներ են պահանջվում, այլապես ոչ ճշգրիտ արդյունքներ կունենաք՝ դրանից բխող հետևանքներով:

- Լաբորատորիայում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Ամենագլխավորը՝ ձեռք են բերվել ժամանակակից և ճշգրիտ անալիզատորներ, բարձր ճշգրտության էլեկտրոնային կշեռքներ, էլեկտրոնային մուֆելային վառարաններ, չորացման պահարաններ, որակյալ ռեակտիվներ և ստանդարտ նմուշներ, որոնք էլ ապահովում են կատարվող աշխատանքների  ճշտությունը:

Ձեռք ենք բերել ինդուկցիոն պլազմային անալիզատոր, որը մոտ 52 էլեմենտի անալիզի հնարավորություն ունի:

Հիմնել ենք ոսկու անալիզի (հայտորոշման) լաբորատորիա:

Կարելի է ասել՝ քայլում ենք համաշխարհային չափանիշներին համաչափ: Չկա գործիք, որի կարիքը լինի, ու մենք չունենանք:

Տեխնիկական հագեցվածությամբ տարածաշրջանի լավագույն լաբորատորիան է:

- Մի հարց՝ բացահանքին առնչվող: Արդյո՞ք լաբորատորիայի տված գնահատականով է որոշվում, թե հանքաքարի հանույթը բացահանքի որ հատվածում պիտի իրականացվի:

- Տվյալ գործողությունը երկրաբանների պատասխանատվության տիրույթում է, նրանք են նմուշարկումներ անում և բերում նմուշների պատրաստման լաբորատորիա, որն առանձին բաժանմունք է: 

Նմուշները չորացվելուց, մանրացվելուց հետո (մանրացվածության աստիճանը՝ մոտ 75 միկրոն) բերվում են անալիտիկ լաբորատորիա, և մենք որոշում ենք անհրաժեշտ տարրերի պարունակությունը:

Արդյունքներից ելնելով է որոշվում, թե ինչ քանակի և ինչ բաղադրության հանքաքար պետք է մտնի ֆաբրիկա:

Նաև որոշում ենք պոչանքներում առկա պղնձի ու մոլիբդենի պարունակությունը, պարզում, թե որքանով են կարողացել կորզել մոլիբդենը և պղինձը:

-Եվ այդ պրոցեսում հավանաբար պարզում եք, թե հանքանյութի մեջ ուրիշ ի՞նչ մետաղներ կան:

- Ունենք տեխնիկական այնպիսի զինվածություն, որ կարողանում ենք (հարկ եղած դեպքում) պարզել Մենդելեևի աղյուսակում գտնվող բոլոր էլեմենտների առկայության չափը:  

Լուծում ենք այն խնդիրները, որոնք երկրաբանական դեպարտամենտի կողմից դրվում են մեր առջև: Եթե առաջադրվի, օրինակ, 52 էլեմենտի անալիզ, ապա ի վիճակի ենք անելու:

Հիմա երկրաբանական անալիզներում 37 էլեմենտի անալիզ ենք անում:

- Դուք քանիցս ակնարկեցիք, որ ընկերության լաբորատորիան լավագույնն է տարածաշրջանում, որ այն զինված է նորագույն տեխնիկայով, որ տրված տեղեկությունները ճշգրիտ են... Փորձեք մի փոքր բացել այդ ամենը:

- Իսկապես, մեր տված արդյունքները ճշգրիտ են, որոնք բազմիցս հաստատվել են միջազգային ճանաչում ունեցող լաբորատորիաների կողմից:

Այնպես որ՝ չափազանց պատասխանատու աշխատանք ենք կատարում, յուրաքանչյուր տված թվի համար պատասխանատվություն կրում:

- Իսկ քիմիական ռեագենտների հետ լաբորատորիան առնչություն ունի՞:

- Ինքը՝ լաբորատորիան, իր աշխատանքների համար օգտագործում է ռեագենտներ, բայց դրանք այն չեն, ինչ Դուք նկատի ունեք:

Բայց մենք ստուգում ենք նաև արտադրություն ուղարկվող ռեագենտները:

Նաև միջանկյալ ստուգման ենք ենթարկում հարստացման ընթացքում կիրառվող ռեագենտների լուծույթների պարունակությունը:

Նախկինում լաբորատորիան այդ փորձարկումները զուտ քիմիական մեթոդով էր իրականացնում: Հիմա՝ վերազինվելուց հետո, և՛ փորձարկումների ընթացքն է կրճատվել, և՛ աշխատանքն է թեթևացել, և՛ ավելի անվտանգ է դարձել, և՛ վերջնական արդյունքներն ավելի ճշգրիտ են արտացոլվում:

- Ու քանի՞ նյութ կամ ռեագենտ եք օգտագործում Ձեր առջև դրված խնդիրները լուծելու համար:

- Հիմնական օգտագործվող նյութերն են ազոտական թթուն և աղաթթուն, բայց կան այլ նյութեր ևս:

Դրանք նախկինում բերվում էին 20 կամ նույնիսկ 60 լիտր տարողությամբ տարաներով: Ներկայումս՝ 2.5 լիտրանոց շշերով. այսինքն մարդկանց շփումը քիմիական նյութերի հետ նվազագույնի է հասցվել, աշխատանքն ավելի անվտանգ է դարձել:

Մեկ անգամ ևս շեշտեմ՝ աշխատանքի անվտանգությունը մեզ մոտ առաջնահերթ խնդիր է:

Ցանկացած քիմիական փորձարկում տարիներ շարունակ կատարվում էր տարբեր մեթոդներով, բայց մեթոդներն էլ փոխվել են. զուտ քիմիական անալիզը վերափոխվել է ֆիզիկոքիմիականի:

- Նորից միջազգային չափանիշների մասին. ի՞նչ ասել է միջազգային չափանիշ լաբորատորիայի պարագայում:

- Մեր ոլորտում նշանակում է որակ և ճշգրիտ արդյունք:

Դա երևում է այն ժամանակ, երբ ամսական մեկ կամ երկու անգամ նմուշները վերահսկման համար ուղարկում ենք ուրիշ լաբորատորիա՝ մեր աշխատանքը ստուգելու, ինքներս մեզ ստուգելու նպատակով:

Այն նյութերը, որոնց հետ աշխատում ենք, պետք է ունենան միջազգային չափանիշներին համապատասխան որակական ցուցանիշներ:

Լաբորատորիան էլ պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին՝ անհրաժեշտ կառավարման համակարգի մշակմամբ և ներդրմամբ:

- Կարողանո՞ւմ եք շփվել աշխարհի ճանաչված լաբորատորիաների հետ:

- Հետևում ենք ոլորտի զարգացումներին, փոփոխություններին: Դրական, հաջողված փորձը ձգտում ենք ներդնել մեզ մոտ:

Ժամանակի հետ պահանջները նույնպես  մեծանում են: Մեր առջև դրվում է անալիզի արդյունքներն արագ ներկայացնելու պահանջ:

Մեր սարքավորումները հիմնականում վերջին սերնդի սարքավորումներ են:

Նոր սարքավորումներ ձեռք բերելու դեպքում՝ տվյալ ընկերության ներկայացուցիչներն այցելում են մեզ և աշխատակիցների հետ համապատասխան դասընթացներ կազմակերպում:

Մի խոսքով՝ բազմաթիվ առաջարկություններ ենք ստանում, բայց պիտի տեղում որոշենք՝ որքանով են դրանք համապատասխանում մեր պահանջներին:

- Սյունիքում կամ հանրապետությունում կա՞ն հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք օգտվում են Ձեր լաբորատորիայի ծառայությունից:

- Այո, դրսից էլ ենք պատվերներ ստանում...

Ի դեպ, նոր տեխնոլոգիաներ ներդնելուց հետո անալիզների ինքնարժեքը բավականին իջել է:

- Ի՞նչ կարևոր խնդիրներ ունի լաբորատորիան ներկայումս:

- Լաբորատորիայի շենքը պետք է վերանորոգենք, վերազինենք: Դրանից հետո կդիմենք հավատարմագրման՝ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 սերտիֆիկատ ստանալու համար:

Դա հնարավորություն կտա դրսից ավելի շատ հաճախորդներ ունենալ: Մյուս կողմից՝ մեր տված արդյունքներն ավելի ընդունելի կլինեն միջազգային ասպարեզում:

- Գո՞հ եք Ձեր աշխատանքից:

- Սիրում եմ աշխատանքս...

Երբ 2003-ին Կապանի կոմբինատում ընդունվեցի աշխատանքի՝ որպես հալորդ ոսկու հարգորոշման բաժնում, բարդ աշխատանք էր: Մարտուն Հակոբյանն էր տնօրենը, շատ ենք չարչարվել... Ժամանակի ընթացքում տեխնիկական առաջադիմությունն իրենն ասել և ասում է:

Ավելի դյուրին է մասնագետների հետ աշխատելը: Հիմա, ասում են, քիմիական ֆակուլտետներում դիմորդներ շատ քիչ են լինում: Երբ քիմիայի մասնագետ է մեզ մոտ աշխատելու գալիս՝ ուրախանում ենք, մյուսներին ստիպված ենք լինում սովորեցնել:

- Ձեր և երկրաբանների միջև, ենթադրում ենք, անխուսափելի կլինեն հակասությունները:

- Երբեմն վիճելի հարցեր են առաջանում, բայց դրանք հակասություն անվանել չի կարելի:

Ենթադրենք նրանց ուղարկած տվյալ նմուշի ցուցանիշը չի համապատասխանում մեր անալիզի արդյունքներով ստացված թվին, ստիպված ենք լինում այդ ամբողջ խմբաքանակը վերադարձնել կրկնակի փորձաքննության... Նման հարցեր...

- Ուրիշ ի՞նչ առանձնահատկություններ ունի լաբորատորիան, որոնց կցանկանայիք անդրադառնալ:

- Լաբորատորիայի նորմալ գործունեության համար կարևոր են մաքրությունը, աշխատանքի անվտանգությունը, պատասխանատվությունը, օդափոխությունը, հակահրդեհային պաշտպանությունը...

Եթե քիմիական նյութերի հետ ես շփվում, ապա պարտավոր ես դիմակ, ակնոցներ և ձեռնոցներ կրել...

Դժբախտ դեպքեր, փառք Աստծո, չեն եղել, հետևում ենք անվտանգությանը, նաև ընկերության անվտանգության բաժինն է ամենօրյա հսկողություն իրականացնում:

Օրական 2 հազար նմուշի անալիզ անելու հնարավորություն ունենք, դա շատ մեծ ծավալ և նուրբ աշխատանք է, այնպես որ՝ ամեն ինչ պետք է ճիշտ կազմակերպել:

Չմոռանամ ասել՝ Կապանում էլ ունենք լաբորատորիա, որը որոշում է ներկրվող ռեագենտների պարունակությունները:

Էքսպրես լաբորատորիան էլ գտնվում է հարստացուցիչ ֆաբրիկայում և աշխատում է շուրջօրյա գրաֆիկով:

***

Լաբորատորիայում շրջագայելիս և աշխատակիցների հետ շփվելիս զրույց ունեցանք լաբորատորիայի փորձառու  ինժեներ Աշխեն (Նելլի) Դավթյանի հետ, ով 30 տարի շարունակ զբաղեցնում է քիմիական լաբորատորիայի գլխավոր ինժեների պաշտոնը: Պարզվում է՝ տիկին Աշխենը պատրաստվում է առաջիկայում վաստակած հանգստի անցնել:

Եվ, բնականաբար, մեզ հետաքրքրեց՝ մի՞թե պրոֆեսիոնալներին այդքան հեշտությամբ բաց են թողնում:

- Երբ 1984-ին լաբորատորիայում ընդունվել եմ աշխատանքի՝ ինձ շատ լավ են վերաբերվել, ու տարիների ընթացքում կայացել եմ, իմ պարտականությունների կատարման մեջ հմտացել: Եվ հետագայում իմ փորձը սիրով փոխանցել եմ երիտասարդներին,- պատմում է Աշխեն Դավթյանը: - Այսպիսի մի կարգ է գործել և գործում լաբորատորիայում՝ չլինի մեկը, որ իր սեփականությունը կամ իր մենաշնորհը համարի տվյալ սարքավորման շահագործումը կամ տվյալ մեթոդի կիրառումը: Յուրաքանչյուր ոք իր իմացածը պետք է փոխանցի մյուսներին և հատկապես երիտասարդներին: Ես այդ սկզբունքով ու նման մթնոլորտում եմ աշխատել: Եվ հիմա լաբորատորիայում կան բավականին լավ երիտասարդ մասնագետներ, կարող ուժեր, ովքեր լավագույնս են տիրապետում տեխնոլոգիաներին: Ասելս այն է, որ ինձնից հետո նրանք շարունակելու են գործս, շարունակելու են ավանդույթները, և ոչ մի բան չի տուժելու: Դրանից ես ինձ լավ եմ զգում, բավարարված:

Լաբորատորիան միշտ մեր տունն է եղել: Գործընկերներիս նաև մի հորդոր եմ հղել՝ ներսի թերությունները վերացնել սեփական ուժերով և այդ բացը դուրս չհանել:

Լաբորատորիան, որ հասել է այս մակարդակի ու ճանաչման, նախևառաջ Գրենիկ Փարամազյանի շնորհիվ է: Նա է եղել հիմնադիրը, տարածաշրջանում ճանաչված մասնագետ էր 1980-ականներին,որը երկար տարիներ ղեկավարել է լաբորատորիան:

1992-ից լաբորատորիայի ղեկավարումը ստանձնել է Ռիմա Սարգսյանը. գիտելիքներով հարուստ, խստապահանջ ղեկավար էր:

Թև թևի տված մենք ապահովել ենք լաբորատորիայի պատշաճ գործունեությունն ու առաջընթացը: Այնպես որ՝ կուզենայի լաբորատորիայի պատմության մեջ մշտամնա տեղ զբաղեցնեին Գրենիկ Փարամազյանի և Ռիմա Սարգսյանի անունները:

Աշխեն (Նելլի) Դավթյանը դրվատանքով է խոսում նաև լաբորատորիայի ներկայիս ղեկավարի՝ Արման Ոսկանյանի մասին:

- Մենք սիրով ընդունեցինք Արման Ոսկանյանին, շատ համեստ մարդ է, հրաշալի անձնավորություն, բոլորի հոգսերն իրենը համարող, բարությամբ լցված:

***

Լաբորատորիայի բաժիններին ծանոթանալուց, աշխատակիցների հետ շփվելուց և հարցազրույցից հետո ինքներս հանգեցինք հիմնավոր հետևության՝ անալիտիկ լաբորատորիան բացառիկ դեր ու նշանակություն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, այն իսկապես ուղեցույց է ընկերության համար և աշխատանքների ընթացքն ու արդյունքներն արտացոլող հայելի:

 

Սամվել Ալեքսանյան

Մարի Նավասարդյան

Լուսանկարները՝ Սոս Դավթյանի և Հայկ Թադևոսյանի

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34