«Անդոկ Սյունին» միավորում է ուսանողությանը

08.10.2015 17:13
2206

Օգոստոսին թերթի խմբագրակազմն արձակուրդում էր, բնականաբար, որոշ իրադարձությունների չկարողացանք անդրադառնալ, որոնք ավանդաբար տեղի են ունենում ամռան վերջին ամսին: Երիտասարդությանը, մասնավորապես, ուսանողությանը միավորող, նրանց ժամանցը կազմակերպելու ազդակ են ուսանողական փառատոները: 2006 թվականից նման փառատոն անցկացվում է Քաջարանում: Նախաձեռնողը եւ կազմակերպողը «Անդոկ Սյունի» զարգացման հասարակական կազմակերպությունն (ՀԿ) է, որի համահիմնադիր Արտակ Աբրահամյանը պատմում է, թե հկ-ի, թե այս անգամվա ուսանողական փառատոնի մասին:

Երկու տարվա պատմություն ունի «Անդոկ Սյունի» հասարակական կազմակերպությունը (հիմնադրվել է 2013թ. հունվարի 5-ին), բայց Ա.Աբրահամյանի համոզմամբ՝ դրա հիմքերը դրվել են 2006 թվականին, երբ սկսել են պարբերաբար Քաջարանում երիտասարդության համար միջոցառումներ կազմակերպել, մասնակցել մարզային միջոցառումների, խրախուսվել: «Անդոկ Սյունի» հկ կորիզը վաղուց ձեւավորված ունեինք, - մասնավորեցնում է մեր զրուցակիցը, ում փոխանցմամբ՝ կազմակերպությունը մոտ վաթսուն անդամ ունի եւ մշտապես սատարվում է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենության կողմից:

«Որքան մեծ լինի ուշադրությունը «Անդոկ Սյունի» հկ-ի հանդեպ, այնքան շատ ու բազմազան կլինեն միջոցառումները, այնքան կշահի երիտասարդությունը», - սա կազմակերպության համահիմնադրի համոզմունքն է, ապա հավելում է, - պարբերաբար մի փայտ ավելացնելով կրակին, այն ավելի կթեժանա, ստեղծել ենք կազմակերպության կորիզը, նախաձեռնող երիտասարդներ կան, պիտի այնպես արվի, որ չցրվեն»: Այս համատեքստում էլ կես-լուրջ, կես-կատակ ասում է. «Սյունեցի լինելը պատիվ է, քաջարանցի լինելը՝ տիտղոս»:

«Ուսանողական ամառ» փառատոնի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին, միջոցառման մասնակիցներին բարեմաղթանքներ հղեցին համայնքի ղեկավար Վարդան Գեւորգյանը, Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, ով երկարակեցություն մաղթեց «Անդոկ Սյունի» հկ-ին. «Տա Աստված, որ երկամյա մանուկը դառնա զառամյալ ծերունի»:

- Յուրաքանչյուր տարի «Ուսանողական փառատոնի» շրջանակում անցկացված միջոցառումների շարքը սկսվում է Արցախյան գոյամարտում զոհված քաջարանցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրից, որտեղ մերօրյա նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո անցկացվում է սանիտարական ժամ, կարգի ենք բերում ուխտատեղին, - պատմում է Ա.Աբրահամյանը, - ի դեպ, բարեկարգման-սանմաքրման աշխատանքներ ենք կատարել համայնքում, ուսանողները ներկել են քաղաքապետարանի առջեւի պուրակի նստարանները, ներկով թարմացվել են գունաթափված ցանկապատները, տարիներ առաջ բարեկարգել ենք քաղաքի մուտքը խորհրդանշող տարածքը, հեռացրել ավելորդ բուսականությունը, թեպետ ասեմ, որ այժմ էլ այդտեղ բարեկարգման-թարմացման անհրաժեշտություն կա, ինչը մեր տեսադաշտում է լինելու եւ հնարավորությունը ձեռքից բաց չենք թողնելու, չէ՞ որ մեր քաղաքի հյուրերն առաջին տպավորությունը ստանում են այդտեղից:

Ուսանողական փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումների թվում նախեւառաջ կարելի է նշել հայրենագիտական արշավները, ծանոթությունը  հնագույն եւ պատմական արժեք ունեցող հուշարձաններին: Այս անգամ երթուղին անցել է Գորիսի տարածաշրջանի եւ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային վայրերով՝ Արցախում Գանձասարի վանական համալիր, Շուշիի Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Կապանի եւ Սիսիանի տարածաշրջաններում՝ Երիցվանք, Տաթեւի վանական համալիր, Ակսել Բակունցի տուն-թանգարան, Խնձորեսկի ճոճվող կամուրջ, Որոտնավանք, Զորաց քարեր, Շաքեի ջրվեժ: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առիթով նույնպես երթ է կազմակերպվել. Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել ցեղասպանության զոհերի հիշատակին, Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհել մերօրյա գոյամարտի զոհերի շիրիմներին, հաջորդ կանգառը Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն էր, որտեղ հաղորդակցվել են Սպարապետի կյանքի ու ռազմական գործի մասին պատմող ցուցանմուշներին:

Փառատոնի մասնակիցների հիշողության մեջ երկար կմնա այն երկու օրը, որոնք անցկացրին վրանային ճամբարում: Այն տեղակայված էր նախկին «Գանձասար» մանկապատանեկան ճամբարի տարածքում: Այս համատեքստում Ա.Աբրահամյանը խնդրեց իր շնորհակալությունը թերթի միջոցով փոխանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պրոֆիլակտորիումի տնօրենությանը՝ վրանային ճամբարին օժանդակելու համար: Իսկ այդ երկու օրն ուսանողների առօրյան իմաստավորված էր՝ ժամանցային խաղեր, կինոդիտում մեծ էկրանին եւ քննարկում: Այնուհետեւ՝ ասմունք, երգ ու պար, եւ այդ ամենը բոցկլտացող խարույկի շուրջ: Փառատոնի ծրագրով անցկացվեց ինքնակառավարման օր, երբ քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարումը ստանձնել էին ուսանողները:

Հասարակական կազմակերպության անդամներն ընդգրկված են չորրորդ տարին անընդմեջ Քաջարանում երեք հերթափոխով գործող բակային ճամբարի ուսումնադաստիարակչական աշխատանքներում, ճամբարականների համար կազմակերպել են ժամանցային խաղեր, փոքրիկ համերգներ:

Ուսանողական փառատոնի փակումը տեղի ունեցավ օգոստոսի 23-ին, որի ժամանակ մրցույթներում՝ մարզական, թե ինտելեկտուալ, աչքի ընկած պատանիներն ու աղջիկներն արժանացան պատվոգրերի ու հուշանվերների:

Մեր զրույցում անդրադարձ եղավ նաեւ հասարակական կազմակերպության բարեգործական ձեռնարկներին: Անցյալ տարի այցելել են «Արծվաբույն» տարեցների խնամքի կենտրոն, իրենց հետ տանելով երաժիշտ-կատարողներ, ովքեր իրենց նվագով ու երգով փորձել են հարկադրաբար այդ հաստատությունում հայտնված մարդկանց կտրել տխուր խոհերից: Նաեւ տարեցներին զբաղմունքի պարագաներ նվիրել: Նույնպիսի այց են կատարել «Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ, այս անգամ ջերմ վերաբերմունքի են արժանացել փոքրիկները, ուսանողները հանդես են եկել համերգային փոքրիկ ծրագրով, նաեւ նվերներ են հանձնել դպրոցականներին: Երկու դեպքում էլ նպատակը նույնն է եղել. իմաստավորել շահառուների առօրյան:

«Անդոկ Սյունի» հկ հովանու ներքո հանդես եկող երիտասարդները ձգտում են անմասն չմնալ մարզում իրականացվող միջոցառումներից: Հուլիսի 4-ին Գորիսում մասնակցել են թթի փառատոնին, արժանացել պատվոգրի «Ամենաաշխույժ տաղավար» անվանակարգում: Այցելություններ են կատարում զորամասեր, ծանոթանում զինվորների ծառայության եւ կենցաղի պայմաններին, հանդես գալիս գրական-երաժշտական համադրույթով, Քաջարանի բակերում համերգներ են կազմակերպվում:

- Երիտասարդների ժամանցի ու հանգստի հարցում որոշակի վակուում է առաջացել, «Անդոկ Սյունի» հասարակական կազմակերպությունը ձգտում է լցնել այդ դատարկությունը, - ասում է Քաջարանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, կրթության եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գայանե Համազասպյանը:

Ամեն ինչ դրական լույսի տակ տեսնելու մտադրություն չունեինք, ուստի Արտակ Աբրահամյանից ցանկացանք իմանալ, թե որն է երիտասարդության ժամանցի կազմակերպման, միջոցառումների կազմակերպման գործում նեղ օղակը:

- Հասարակական կազմակերպությունը չունի իր անկյունը, մի հավաքատեղի, որտեղ կհանդիպեն երիտասարդները, հետագա անելիքները կնախանշեն: Նաեւ երաժշտական տեխնիկայի կարիք ունենք: Ճիշտ է, ե՛ւ երաժշտական տեխնիկա են տրամադրում, ե՛ւ մշակույթի պալատի բեմն են հատկացնում, բայց եթե ինքներս ունենանք այդ երաժշտական տեխնիկան, միջոցառումների անցկացման հաճախականությունն էապես կմեծանա, - համոզմունք է հայտնում «Անդոկ Սյունի» հկ համահիմնադիրը եւ հավելում, - մյուս հարցերում փակ դռներ չեմ տեսնում»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25