Անդրանիկ Շաղոյան. «Ամեն ինչ արվում է, որ նվազի զոհերով ուղեկցվող պատահարների թիվը»

04.02.2016 12:45
2687

Հունվարի 11-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը եւ օրենքին կից փաթեթը, որը նախատեսում է որոշ դեպքերում վարորդներին տուգանելու փոխարեն նախազգուշացում կիրառել: Այդ եւ խնդրո առարկային առնչվող այլ հարցերի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով զրույցի հրավիրեցինք ճանապարհային ոստիկանության վեցերորդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Շաղոյանին:

Նոր իրավակարգավորումը, ասաց նա, հնարավորություն է ստեղծում ամենաշատ տարածում ունեցող մի շարք իրավախախտումների համար (ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանմուշների պահանջները չկատարելը, խաչմերուկի անցման կանոները խախտելը եւ այլն) կիրառել ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում: Եթե կանգառը կատարվում է մեկ րոպե ժամանակով՝ կապված ուղեւորների իջնելու ու նստելու հետ, դրա համար տեսուչն ընդամենը նախազգուշացնում է, այլ ոչ թե արձանագրություն կազմում: Իսկ ահա մյուս դեպքերում, նվազ նշանակություն ունեցող խախտումների համար, որոշ դրույթներ մեղմացվել են: Օրինակ, ճանապարհային ոստիկանը կարող է նախազգուշացնել, եթե տեխզննության կտրոնը փակցված չէ դիմապակուն: Այդ դեպքում նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք: Իսկ եթե տվյալ պահին վարորդը կտրոնը փակցնում է, ազատվում է վարչական պատասխանատվությունից: Նույնը՝ թաղանթապատ հողմապակիով երթեւեկելու դեպքում. սահմանվել է խրախուսական նորմ, եթե 24 ժամվա ընթացքում վարորդը վերացնում է խախտման հատկանիշները, այսինքն՝ պոկում է դիմապակու թաղանթը: Իսկ եթե 24 ժամվա ընթացքում չի վերացնում, 30 հազար դրամ տուգանք է մուծում:

- Ինչպես արդեն նշեցիք, ավելացել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքները:

-  Խստացումները հիմնականում վերաբերում են առանց պետհամարանիշի, փոխարինված պետհամարանիշով, ինչպես նաեւ ոչ սթափ վիճակում վարելուն: Վերջին դեպքում նախկինում նախատեսվում էր 100 հազար դրամ տուգանք, իսկ հիմա 150-ից 350 հազար դրամ տուգանք՝ ընդհուպ մինչեւ վարորդական իրավունքից զրկելը: Այս վերջին դեպքում վարորդները միանգամից ենթարկվում են քրեական պատասխանատվության: Նաեւ տեղեկացնենք, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը նախատեսում է տուգանք, եթե վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոլհոլի պարունակությունը գերազանցում է 0,2 միլիգրամը: Պարբերաբար ճանապարհային ոստիկանության ղեկավարության ցուցումով եւ հրահանգով մեր կողմից իրականացվում է ուժեղացված հսկողություն, որ նախականխենք ճանապարհատրանսպորտային պատահարները: Նման միջոցառումների ժամանակ շեշտը դրվում է ոչ սթափ վարորդների, ինչպես նաեւ սահմանված արագությունը գերազանցողների հայտնաբերման վրա:

- Հունվարը ձյունառատ ամիս էր, ինչը հոգս էր պատճառել վարորդներին, ավելացրել ճանապարհային ոստիկանների աշխատանքային ծավալը:

- Նոր տարվանից ճանապարհային ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված հսկողություն, բոլոր ճանապարհները վերահսկվել են, եղել անցանելի: Ինչպես գիտեք, հունվարի 4-ին եւ 5-ին դժվարին կացություն էր ստեղծվել Մ2 միջպետական ճանապարհի Շինուհայրի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ հատվածում: Դժվարին դրության մեջ ընկան ե՛ւ ճանապարհային ոստկանությունը, ե՛ւ փրկարարները, ե՛ւ ճանապարհաշինարարները: Ձյունամրրիկի պատճառով մի քանի ժամ երթեւեկությունը կաթվածահար էր եղել, բայց նշված ծառայությունների շնորհիվ բոլորը տարհանվեցին ապահով տեղեր: Նոր տարում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհեր չեն եղել, ունեցել ենք մի ճանապարհատրանսպորտային պատահար՝ մի վիրավորով: Համեմատության համար ասեմ, որ 2015-ի հունվարին եղել է երեք զոհ: Մեզ համար մի զոհն էլ շատ է: Ամեն ինչ արվում է, որ նվազի զոհերով ուղեկցվող ավտոտրանսպորտային պատահարների թիվը: Դրանով է գնահատվում մեր աշխատանքը:

- Ճանապարհային ոստիկանությունը հսկո՞ւմ է, որ միջպետական, հանրապետական եւ համայնքային ճանապարհները մաքուր լինեն, դա ճանապարհային ոստիկանության գործառույթների մեջ մտնո՞ւմ է:

- Այո, վերահսկողությունն անմիջապես ճանապարհային ոստիկանության վրա է: Ճանապարհաշինարարները ժամանակին պիտի կատարեն իրենց պարտականությունները: Միջպետական ճանապարհների սպասարկումը նրանց անմիջական ֆունկցիան է, որը նրանք իրականացնում են, ինչը չպիտի ասել համայնքային իշխանությունների վերաբերմամբ, ովքեր թերանում են ճանապարհները ձյան շերտից մաքրելու գործում: Վերջիններս պիտի հետեւողական լինեն, որ ձյուն մաքրող տեխնիկան ժամանակին դուրս գա, որ փողոցները լինեն անցանելի: Իսկ ընդհանուր առմամբ համագործակցում ենք ե՛ւ փրկարար ծառայության, եւ ճանապարհաշինարարների հետ: Կուզեի նշել «Մեղրու ճանապարհների շինարարության եւ շահագործման ձեռնարկություն» ՍՊ ընկերության կողմից ճանապարհների ձմեռային սպասարկման սրտացավ աշխատանքը: Ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանին ճանաչում եմ 2012 թվականից, եւ կասեմ, որ որեւէ անգամ չի թերացել իր աշխատանքում:

- Նորից անդրադառնանք թաղանթապատված ապակիներ ունեցող ավտոմեքենաներով երթեւեկելու խնդրին: Վարորդները կատարո՞ւմ են օրենքի պահանջը, թե՞…

- Թաղանթապատված դիմապակիով ավտոմեքենաների վերաբերյալ արդեն բազմաթիվ արձանագրություններ կան, երկրորդ դասակի հրամանատարի մոտ կան այդ թվական տվյալները: Պարտաճանաչ վարորդները տեղում կամ 24 ժամվա ընթացքում վերացրել են: Բայց կան այնպիսի արձանագրություններ, որոնց տերերը չեն ներկայացել: Ինչպես պահանջում է օրենքը. նման վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Օրենքի առջեւ բոլորն են հավասար:

- Բայց չէ՞ որ մեքենաների բոլոր ապակիները թաղանթապատ են լինում, իսկ օրենքը պահանջում է միայն դիմապակին մաքրել թաղանթից:

- Մենք հորդորում ենք, որ մաքրվեն առջեւի կողապակիները եւս, քանզի դրանք էլ որոշակի խոչընդոտ են ստեղծում երթեւեկության համար:

- Որքանով տեղյակ ենք, հունվարին ճանապարհային ոստիկանության վրա այլ գործառույթներ էլ են դրված:

- Հունվար ամիսը մեզ համար ծանրաբեռնված է նրանով, որ զինակոչիկներին հանրապետական հավաքակայանից ուղեկցում ենք նրանց հետագա ծառայության զորամասեր ե՛ւ Ստեփանակերտ, ե՛ւ Մեղրի, այլ ուղիներով:

- Մեր ավանդական հարցը. այս անգամ ի՞նչ կփոխանցեիք վարորդներին:

- Եղել են դեպքեր, երբ վարորդը մեքենան վարել է հոգնած վիճակում կամ քնել ճանապարհին: Գիտե՞ք, Սյունիքի մարզի ճանապարհներն անցնում են ձորերի, կիրճերի կողքով: Եթե վարորդը ննջում է ղեկին, ավելորդ է ասել, թե դա ինչ անկանխատեսելի հետեւանքներով է հղի: Մենք քանիցս հորդորել ենք վարորդներին, որ հոգնած լինելու դեպքում կանգնեցնեն ավտոմեքենան, հանգստանան եւ նոր միայն շարունակեն ճանապարհը: Երկրորդ՝ ձմռան ամիսներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով: Ցավոք, այս պահանջը եւս ոմանք անտեսում են եւ հայտնվում անելանելի վիճակի մեջ: Նաեւ որոշ խիստ ձնառատ օրերի վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներն օգտագործել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39