Աննախադեպ պարատոն Գորիսում՝ Համլետ Իսախանյանի նախաձեռնությամբ

30.04.2024 16:50
630

Վերջերս «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսում ծավալուն անդրադարձ կատարվեց Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիային, որտեղ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Համլետ Իսախանյանը հանրությանը ներկայացավ որպես Սյունիքի մարզի պարարվեստում ուրույն դիմագիծ ու ձեռագիր ունեցող, պարի ասպարեզում հայոց ավանդականը նորարարական մտահղացումներով հարստացնող, տարածաշրջանի խոստումնալից, երիտասարդ մտավորական, արվեստագետ: 

Ապրիլի 28-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում՝ պարի միջազգային օրվա շրջանակում, առաջին անգամ տեղի ունեցավ պարի փառատոն՝ պարատոն: Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիայի նախաձեռնությամբ պարատոնին մասնակցեցին Գյումրիի «Տիգրանակերտ» պարային ստուդիան (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Նորատյան), Դիլիջանի համայնքային կենտրոնի «Նազանի» պարային ստուդիան (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Գրիգորյան) և, իհարկե, «Մեծ Հայք» պարային ստուդիան:

Պարը բազմաթիվ դժվար, բայց գեղեցիկ շարժումներով ուղեկցվող մարդկանց համախումբ, ճշգրիտ գործողությունների արդյունք է, իսկ պարային բեմականացմանն առանձին շուք են տալիս սաների գունեղ հանդերձանքը, ձայնային լավ հնչողությունը, լուսային ձևավորումը, լրացուցիչ այլ հանգամանքներ: Հանդիսատեսի գեղագիտական տպավորության ձևավորմանը, բնականաբար, նպաստում են պարային համույթների ղեկավարների անդուլ ու անդադար աշխատանքը, որը գլխավոր փորձի ժամանակ ընդամենը երևում է պատասխանատու ներկայացումից առաջ՝ վերջին ուղղում-շտկումների տեսքով:

Փառատոնի մասնակից պարային ստուդիաների ղեկավարներին խնդրեցի կիսվել գորիսյան պարատոնի մասին իրենց մտքերով, սպասելիքներով:

 

Արթուր Գրիգորյան, Դիլիջանի համայնքային կենտրոնի «Նազենի» պարային համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար

 

– Ծնվել եմ Երևանում: Պարել եմ վեց տարեկանից, նախ Հենրիկ Իգիթյանի ղեկավարած գեղագիտական կենտրոնի «Հայկական զարդանախշեր» պարային համույթում (ղեկավարներ՝ երջանկահիշատակ Ավետ և Ալվարդ Վարդանյաններ), ապա՝ 2000 թվականից՝ Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլում (երաժշտական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Կարեն Գևորգյան):

Որոշ մարզերում պարարվեստի վիճակը մտահոգիչ էր, որոշ մարզերում ընդհանրապես չկային պարարվեստին առնչվող հաստատություններ: Խնդիր առաջացավ մարզերում ստեղծել պարային կոլեկտիվներ, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան՝ ցանկության դեպքում, ընդգրկվել պարային կոլեկտիվներում, մասնակցել համերգների, համառ աշխատասիրությամբ նվաճել բեմեր: 2008թ. համագործակցելով տեղական իշխանությունների հետ, տեղափոխվեցի Դիլիջան: Ըստ արժանվույն գնահատվեց համայնքի մշակութային կյանքում կատարած աշխատանքներս և 2014թ. տեղափոխվեցի Դիլիջանի համայնքային կենտրոն, որի հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը: Մեր կենտրոնը զբաղվում է ոչ ֆորմալ կրթական ծրագրերով, որոնցում ընդգրկված են առանց տարիքային սահմանափակման տարբեր սեռի ու ազգությունների ներկայացուցիչներ: Այնտեղ անցկացվում են տարբեր առարկաներից դասընթացներ. անգլերեն լեզու, նկարչություն, ձեռագործ աշխատանք, անվճար դասընթացներ մեծահասակների համար, արվեստների ու արհեստների հարթակ, որում ընդգրկված է նաև  իմ հիմնադրած «Նազանի» պարային համույթը, որի գեղարվեստական ղեկավարն եմ արդեն 10 տարի: 2019թ. Անապայում մասնակցել ենք «Ռադուգա» պարի միջազգային փառատոնին և արժանացել «Գրան Պրի» մրցանակին, Բաթումիի պարի փառատոնում  նվաճել ենք առաջին տեղ…

Գորիսն իմ ամենասիրած քաղաքներից է: Հաճախ եմ լինում այստեղ: Իսկ այս այցը պայմանավորված է «Մեծ Հայք» պարային ստուդիայի ղեկավար Համլետ Իսախանյանի առաջարկով: Ես ուրախությամբ համաձայնեցի, քանի որ մեր սաների համար երկուստեք շատ կարևոր են փոխադարձ այցելությունները, փորձի փոխանակումը: Իմ սաներից ոչ ոք չի եղել Սյունիքում, որն այսօր կարծես դարձել է աշխարհի կենտրոն: Պատկերացրեք՝ ինձ հետ բերած սաներիս՝ 13-17 տարեկան, քսան երեխայի ուրախությունը: Նրանք եկան Գորիս, եղան տեսարժան վայրերում, շփվեցին իրենց հասակակիցների հետ, պարի քննարկումներից զատ պարզ ու հասարակ, մարդկային անմիջական հարաբերություններ ունեցան միմյանց հետ, զրուցեցին գիշերային Գորիսի անտառոտ վայրում՝ խարույկի շուրջ…

Բացի ժողովրդական, ազգային պարերից, մեր պարացանկում ունենք նաև տարբեր ազգերի պարերի բեմադրություններ: Գորիսի պարատոնին որոշեցինք ներկայանալ բացառապես հայկական ժողովրդական պարերով՝ Սայաթ-Նովայի, Կոմիտասի երաժշտությամբ, ավանդական պարերի շարք, տոնական համար՝ Տոնական Հայաստան: Պարատոնին տրամադրված ենք շատ լավ: Հուսով եմ՝ այն շարունակություն կունենա: Սյունիքի մարզի, մասնավորապես Գորիսի համար այժմեական են Կոմիտասի խոսքերը. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

 

Տիգրան Նորատյան, Գյումրիի «Տիգրանակերտ» պարային ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար

 

– Ծնվել եմ 1998 թ.: Պարել եմ յոթ տարեկանից, նախ՝ Գյումրիի գեղագիտական կենտրոնում, ապա տեղի Պիոներ պալատի «Անի» պարային համույթում: 2007 թ. ավարտել եմ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պարարվեստի բաժինը, ապա՝ Երևանի մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի «Մասնագիտական մանկավարժություն» բաժինը: 2009 թ. ընտրվել եմ Գյումրիի Քրիստափոր Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն: 2012-ից դասավանդում եմ նույն քոլեջում՝ «Պարարվեստ» առարկա: 2014 թ. հիմնվեց Գյումրիի «Հայորդաց տունը», որի տնօրեն Աստղիկ Եդիգարյանն ինձ հրավիրեց «Հայորդաց տուն»: 2014 թ. հիմնադրեցի «Տիգրանակերտ» համույթը: Հյուրախաղերով հանդես ենք եկել Բրյուսելում, Փարիզում, Թբիլիսիում, Մոսկվայում, Բուլղարիայում... Ամենահիշարժանը Բուլղարիայի Վիտոշայի միջազգային պարի փառատոնն էր, որտեղ աշխարհի 20 երկրից հարյուրավոր պարողներ կային: Մենք 2-րդ տեղում էինք:

Երբ Համլետ Իսախանյանը ներկայացրեց շքերթ-փառատոնի գաղափարը, ուրախացա: Գորիսը վառ, կոլորիտային քաղաք է: Եղել էի Գորիսում, բայց սա իմ առաջին մշակութային այցն է: Ինձ համար պարն իր մեջ ներառում է միասնականություն, ընկերասիրություն, ոգեղեն դաստիարակություն. սա վերաբերում է ազգայինին: Այսօր բեմում 100-ից ավելի երեխա է ելույթ ունեցել, նրանք արդեն ընկերներ են: Ես գիտեմ, որ իմ սաներն արդեն Գորիսում ընկերներ ունեն: Հաղթելու համար երկու ճանապարհ կա. մշակույթ և բանակ: Մեր կռիվը մշակութային կռիվ է, Գորիսում սա պարտադիր է: Խմբի երեխաները համարձակ են, նրանց դեմքին ժպիտ, անկեղծություն կա: Համատեղ համերգները բոլորին են պետք: Մենք ներկայացել ենք ավագ խմբով՝ 14-16 տարեկան: Բերել ենք այս տարածաշրջանին բնորոշ պարեր: Ծրագրում ընդգրկել ենք հայրենասիրական համարներ, «Գյումրու պար»… Կա Արցախյան ձեռագիր՝ «Ղարաբաղի հարսի պար», հայրենասիրական պար, երբ ռազմի դաշտում, օրորոցայինից հետո, գնում ենք դեպի հաղթանակ: ՈՒզում եմ, որ մեր օրորոցայինները մեր երեխաներին տանեն խաղաղության: Մեր պարում երեխան մեծանում է, դառնում զինվոր, մեկնում պատերազմ: Զինվորի մայրը որպես արծիվ է ներկայանում մեր պարային բեմադրությունում, բա ուրիշ ինչպե՞ս գաս Գորիս: Եկել ենք Գորիս, որպեսզի ապացուցենք՝ մենք Սյունիքի կողքին ենք: Խաղաղության համար պետք է լինել զգոն, կարգապահ, ամեն մարդ իր գործը պետք է լավ կատարի ու հետևողական լինի:

Երեկ եղել ենք Տաթևում: Մի այլ տիպի էներգետիկա կա Գորիսում: Ազգային կոլորիտ, ջերմություն, ժպիտ…

 

Համլետ Իսախանյան, Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար

 

– Այս նախաձեռնությունն անմիջական կապ ունի Գորիսի պարարվեստի զարգացման հետ: Մինչ օրս այստեղ չէր անցկացվել պարի փառատոն: ՈՒզում էի, որ տարբեր վայրերից համույթներ գան, կիսվեն իրենց արվեստով: Խոսում ենք Գյումրիի «Տրնգի»-ից, Սյունյաց «Քոչարի»-ից, ու այսպես, կարող ենք երկար խոսել, որովհետև դա հարուստ հայկական պարարվեստն է:

2016 թ. Գյումրիում հիմք է դրվել «Պարային էսքիզներ» մրցույթ-փառատոնի, որի մասնակիցները սկզբում հինգ պարային խմբեր էին: Այսօր այդտեղ հերթագրվում են 50-ից ավելի պարախմբեր: Ինչու՞ դա չի կարելի անել այստեղ՝ Գորիսում, և, հաստատ, կարճ ժամանակ անց Հայաստանի տարբեր վայրերից տարբեր պարի համույթներ կգան: Ոչ թե մենք կհրավիրենք, այլ իրենք հանդես կբերեն շահագրգռվածություն: Այս փառատոնի գլխավոր նպատակը դա է: Մեր փառատոնային կազմակերպչական հնարավորությունները սահմանափակ են, քանի որ Գորիսի թատրոնի դահլիճը միակ վայրն է, ուր կարելի է նման միջոցառում անցկացնել: Հանդերձարանները շատ քիչ են: Ինչպես տեսնում եք, ամբողջ առաջին հարկը՝ միջանցք, պահակատուն, դեպի ճեմասրահ տանող միջանցիկ սենյակներ՝ ամբողջովին լիքն են երեխաներով, ովքեր մի կերպ են տեղավորվում: Երկու ազատ սենյակ կա, բայց ութ խումբ կուլիսներում, միջանցքներում են: Ավելի շատ խմբերի մասնակցությամբ Գորիսում պարի փառատոներ կազմակերպելու հարցը, հավանաբար, կքննարկենք Գորիսի համայնքային իշխանությունների հետ: Ես երեխաների դեմքին ոչ մի մտահոգություն չտեսա: Բոլորը շատ ուրախ էին, որ այլ վայրերից եկած իրենց հասակակիցների հետ պիտի մասնակցեն պարի փառատոնին: Իմ 6-8 տարեկան փոքրիկ սաները վերջին երեք տարվա ընթացքում այնքան ակնառու հաջողությունների են հասել, որ նրանց համար որևէ կաշկանդող հանգամանք չկա՝ մասնակցել մի փառատոնի, որտեղ այլ վայրերի պրոֆեսիոնալ խմբեր են, սաները՝ 14-16 տարեկան:

Այս փառատոնը ոչ միայն իմ ղեկավարած ստուդիայի, այլև ինձ համար էլ մեծ քայլ է: Ամեն փոքրիկ ձեռքբերում, եթե մի քայլ է, ապա այս միջոցառումը մի քանի քայլ մեզ առաջ է մղում, որն ավելի պարտավորեցնող է՝ արվեստդ կատարյալ դարձնելու, չհոգնելու, նպատակադրված աշխատելու համար: Պետք է Գորիսի հասարակությանը դարձնել պարասեր: Նրանք պետք է առավել մշակութասեր լինեն:

Այսօր կարևոր է, որ մեծերը կարողանում են լուծել փոքրերի անհոգ մանկության խնդիրը: Ոչ միայն զենքով ենք պայքարում թշնամու դեմ, այլև մեր մշակույթով:

***

Գորիսի պարի փառատոնն ասես պարի շքերթ էր Գյումրիի, Դիլիջանի և Գորիսի պարարվեստի նվիրյալների մասնակցությամբ՝ մի իսկական շքահանդես: Համերգը մեծ հաջողություն ունեցավ: Ոճային շեշտադրումներով կարելի է առանձնացնել յուրաքանչյուր համույթի՝ Գորիսի փառատոնին ներկայացված պարային համարների ընդհանուր ուղղվածությունը. «Տիգրանակերտ» (Գյումրի)– ճիշտ այսօրվա ժամանակների հետ խոսող արժանապատվություն, քաջություն, հաղթանակ խորհրդանշող, խրոխտ ռիթմերով հայկական պարեր, բոլորը՝ անզուգական, «Նազենի» (Դիլիջան) – հայկական ժողովրդական հիանալի պարեր, բոլորը՝ անզուգական (գլուխգործոցը՝ Կոմիտաս – «Շուշիկի»),  «Մեծ Հայք» (Գորիս) – մեկը մյուսից հաջողված պարային բեմականացումներ, որոնցից մեկը ներկայացվեց առաջին անգամ (գլուխգործոցները՝ փոքրերի խմբի մասնակցությամբ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ից, համույթի այցեքարտը՝ ավագ խմբի սաների «Բերդ» պարը):

Հուզմունք, ուրախություն, չդադարող ծափահարություններ…

Գորիսի հանդիսատեսի համար սա՝ փառատոնի անվանմանը համահունչ՝  երևույթ էր, առաջին անգամ պարատոն Գորիսում:

Գորիսի թատրոնի դերասաններ Հարութն ու Օվսաննան գեղեցիկ անցումներով միջոցառումը վարեցին բարձր մակարդակով:

Այնուհետև, միջոցառման ավարտին, հանդիսականների բուռն ծափահարությունների ներքո ներկայացան փառատոնի մասնակից պարային ստուդիաների հիմնադիրները, ինչպես և «Մեծ Հայք» պարուսույց Կարինե Վարդանյանը: Փառատոնի մասին իրենց տպավորություններով կիսվեցին Դիլիջանի համայնքային կենտրոնի «Նազենի» պարային համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, Գյումրիի «Տիգրանակերտ» պարային ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Նորատյանը, Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Համլետ Իսախանյանը, ով հյուրերին խորհրդանշական նվերներ հանձնեց:

Բեմ հրավիրվեցին Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանն ու Գորիսի պետական քոլեջի փոխտնօրեն Դավիթ Ջուլհակյանը: Իրինա Յոլյանը հանդես եկավ հակիրճ խոսքով: Նա կարևորեց Գորիսում առաջին անգամ պարի փառատոնի անցկացումը, կայացած հաջողության համար շնորհավորեց մասնակիցներին և պարային ստուդիաների ղեկավարներին հանձնեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կողմից տրված պատվոգրերը:

Դավիթ Ջուլհակյանը հայտնեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավանություն է տվել Գորիսի պետական քոլեջի տնօրենի առաջարկությանը՝ նոր ուսումնական տարվանից այդ ուսումնական հաստատությունում բացելու պարարվեստի բաժին, որը կղեկավարի «Մեծ Հայք» ստուդիայի հիմնադիր Համլետ Իսախանյանը:

 

Վաչե Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53