Արա Հակոբյան. «Ժամանակները փոխվել են, միջոցները՝ նույնպես, սակայն հետաքրքրությունը, որ առկա է երեխաների մեջ՝ դեպի կերպարվեստը, ապշելու է»

22.03.2023 10:24
1504

Սյունիքի մարզի երեխաների գեղարվեստական նորօրյա ինքնադրսևորումներին անդրադառնալու մեր նախաձեռնությունը, կամա-ակամա, անհրաժեշտ է դարձրել անդրադարձ կատարել մանուկների գեղագիտական դաստիարակությանը և այդ ոլորտում կերպարվեստի դերին ու նշանակությանը:

Մեզ հետաքրքրող այդ հարցերի պատասխանը ստանալու համար զրույցի հրավիրեցինք Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեղանկարիչ Արա Հակոբյանին:

 Այցեքարտ

Արա Հակոբյան, ծնվել է 1973 թ. ապրիլի 2-ին Երևանում՝ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի ընտանիքում։ 1990-1997 թթ. սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը։ 2001 թվականին կատարելագործվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։

2002 թվականից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Արվեստագիտության դոկտոր է, պրոֆեսոր: 2008–2017 թվականներին ղեկավարել է արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը։ 2017 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է։

- Պարոն Հակոբյան, նախ՝ ի՞նչ ասել է գեղարվեստական կրթություն, գեղագիտական դաստիարակություն:

- Պետք է ասեմ, որ գեղագիտական կամ գեղարվեստական կրթությունն ու դաստիարակությունն ընդունված է ընկալել որպես մանկավարժական գործընթաց: Իմ համոզմամբ այն անհրաժեշտ ուղեկից է մարդու կյանքում և արվեստում գեղեցիկի ընկալման, անձի գեղագիտական զարգացումների, ճաշակի և ընդհանրապես մարդու կրթվածության գործում:

Գեղագիտական դաստիարակության ոլորտում, որի միջոցով կյանքում գեղեցիկի նկատմամբ զգացում է ձևավորվում, մեծ դեր է խաղում նկարչությունը:

- Ավելի բացեմ հարցս՝ գույն, գիծ, երևակայություն, կոլորիտ. ի՞նչ ազդեցություն ունեն այդ գործոնները երեխայի ճաշակի ձևավորման, գեղեցիկի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու գործում:

- Նշված գործոնները հանդիսանում են կարևորագույն արտահայտչամիջոցներ՝ կերպարվեստի միջոցով երեխայի գեղագիտական դաստիարակության համար: Հենց գույնը, գիծը և մյուս հանգամանքներն են ձևավորում երեխայի գեղագիտական ճաշակը, տարածական կողմնորոշումը և բնության հետ ներդաշնակ հարաբերակցվելու կարողությունը:  Այսօր էլ եվրոպական մի շարք զարգացած երկրներում, անկախ ուսումնական հաստատության մասնագիտական բնույթից, անցնում են նկարչություն առարկան, որի միջոցով էլ անձի մեջ դաստիարակվում ու զարգանում է գեղագիտական ճաշակ ու ընկալումներ՝ գեղեցիկը նկատելու և բնության հետ համահունչ ապրելու արվեստը:

- Մարդը, բնականաբար, չի ծնվում պատրաստի գեղագիտական զգացումներով: Այն զարգանում և ձևավորվում է կյանքի ու գործունեության ընթացքում, հատկապես կրթության և դաստիարակության ժամանակ:

Ինչպե՞ս են մեր երեխաները՝ սկսած նախադպրոցական տարիքից, հաղորդակցվում կերպարվեստին և մասնավորապես գեղանկարչությանը, ի՞նչ համակարգ գոյություն ունի կրթության ոլորտում այդ առումով:

- Ասեմ, որ այսօր հանրակրթական դպրոցներում, որպես պարտադիր առարկա, երեխաներին սովորեցնում են կերպարվեստ և երաժշտություն: Այն իր ակունքը դեռ միջնադարյան հայկական բարձրագույն տիպի դպրոցներից է սերում, քանզի նշված առարկաները համարվում էին կարևորագույն գործոններ կրթյալ հոգևորականի կայացման գործում: Այսօր՝ հանրակրթության բարեփոխումների շրջանակում, նախատեսվում է այդ առարկաների ժամաքանակն ավելացնել մինչև ավարտական դասարան, ինչը շատ կարևոր է անձի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման համար: Նշված առարկաներն ունեն առաջնային նշանակություն՝ միջառարկայական կապեր ստեղծելու և երեխայի գեղագիտական ընկալումները զարգացնելու առումով:

- Ձեր զբաղեցրած պաշտոնին ուղղակիորեն առնչվող հարց՝ մանկավարժական կադրերի ի՞նչ պատկեր կամ ռեսուրս ունենք հանրապետությունում՝ երեխաների գեղարվեստական կրթության ոլորտում ծառայելու համար:

Ասել է թե՝ կադրային ի՞նչ ներուժով ենք իրականացնում  երեխաների գեղարվեստական կրթությունը կամ գեղագիտական դաստիարակությունը:

- Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետը յուրաքանչյուր տարի մասնագիտացնում է շուրջ յոթանասուն մանկավարժ-արվեստագետներ, ովքեր բացի մանկավարժական բլոկի դասընթացներից՝ վարպետանում են գեղարվեստական ուղղվածությամբ առարկաներով: Իհարկե, ոչ բոլորն են բռնում մանկավարժի դժվարին ճանապարհը, սակայն զգալի մասն այսօր դասավանդում է հանրակրթական դպրոցներում կամ մասնագիտական կրթական հաստատություններում: Դրան էլ ավելացնեմ, որ յուրաքանչյուր տարի կազմակերպվում են ուսուցիչների ինչպես կամավոր, այնպես էլ պարտադիր ատեստավորում, վերապատրաստումներ, որոնք էլ նպաստում են ուսուցչի կատարելագործման, նորարարական տեխնոլոգիաների իրենց գիտելիքների արդիականացման և կիրառման գործում:

- Դուք ճանաչված գեղանկարիչ եք:

Մենք, ցավոք, ամբողջապես ծանոթ չենք Ձեր ստեղծագործություններին: Ուրեմն և կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք Ձեր ստեղծագործությունների շարքում կան մանկական թեմաներով գործեր:

- Յուրաքանչյուր ստեղծագործող արվեստագետ, բնականաբար, պատկերում է մանկությունն իր ստեղծագործություններում: Ընդհանրապես արվեստագետը անձնավորություն  է, մանկան պես ուրախանում է հաջողված գործից կամ ամփոփվում ինքն իր մեջ, իր կտավի առջև: Ըստ իս՝ երեխային հատուկ մանկական զգացումները շատ ավելի բնորոշ են հենց արվեստագետին:

- Սյունյաց աշխարհի հոգևոր-մշակութային պատմության մեջ ուրույն տեղ ունեն կերպարվեստն ու նկարչությունը:

Նախշազարդ և գունավոր խեցեղենի բազմաթիվ նմուշներ...

Բացառիկ ժայռապատկերներ՝ գծանկարների վառ արտահայտությամբ...

Մանրանկարչություն, որ միջնադարյան գեղանկարչության առաջատար ասպարեզն է, որի նշանավոր կենտրոնն էր Տաթևի մանրանկարչության դպրոցը՝ Գրիգոր Տաթևացու գլխավորությամբ...

Մեզ հասած առաջին մանրանկարները՝ 6-7-րդ դարերից, որ տեղ են գտել Բղենո Նորավանքում գրված Էջմիածնի ավետարանում...

17-18-րդ դարերում գեղանկարչության վերելք, որ սկզբնավորվում է Սյունյաց աշխարհի մեծանուն զավակ Նաղաշ Հովնաթանի և նրա հետևորդների գործունեությամբ...

Ձեր համառոտ անդրադարձը գեղանկարչության սյունիքյան դպրոցին կամ ավանդույթներին:

- Սյունիքում միջնադարյան մշակութային կյանքն աննախադեպ վերելք է ապրել 9-րդ դարի սկզբից: Արդեն 10-րդ դարում գործել է Տաթևի վարդապետարանը: Այդտեղ վարդապետները զբաղվել են աստվածաբանությամբ, փիլիսոփայությամբ, քերականությամբ, ճարտասանությամբ, տոմարագրությամբ և այլ գիտություններով:

Սակայն այն գիտական համակարգված ուսումնասիրման և ուսուցողական բնույթ է ստացել 1280-ական թթ. հիմնված Գլաձորի համալսարանում: Գլաձորի համալսարանում դասավանդվել են միջնադարյան եվրոպական համալսարանների գրեթե բոլոր առարկաները: Գլաձորի համալսարանի հետ են կապվում հայ միջնադարյան մշակույթի երևելի գիտակներ Ստեփանոս Օրբելյանը, Մոմիկ վարպետը, Թորոս Տարոնացին, Ավագը և ուրիշներ:

Արդեն 13-րդ դարում գրչության կենտրոններ էին գործում Նորավանքում: Այդտեղ, Մոմիկ վարպետի կողմից կառուցված երկհարկ եկեղեցի-դամբարանը (Բուրթելաշեն) հիրավի համարվեց հայ միջնադարյան ճարտարապետական լավագույն հուշարձաններից մեկը: Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի նախաձեռնությամբ 1321 թ. Մոմիկ վարպետը կերտում է Արենիի Սբ Աստվածածին եկեղեցին, ուսումնական հաստատություն է գործել Ցաղաց քարում և այլուր: Փաստորեն, հրաշագործ վարպետների կողմից կերտված մեր եկեղեցական համալիրներին կից գործել են բարձրագույն տիպի դպրոցներ, ասել է թե՝ համալսարաններ, որտեղ էլ գործել են գրչության կենտրոններ, որոնց շնորհիվ էլ այսօր ունենում ենք էական տեղեկություններ և մատենական նկարչության չքնաղ էջեր: Հետաքրքրական մի փաստ. Սյունյաց աշխարհի միջնադարյան մատենական թերթերից երևացող ոճապատկերային արտահայտչաձևերը նորովի արտահայտվում են արդի արվեստագետների մոտ: Կարծում եմ, ինչպես մարդն է միջավայրի արդյունք, այնպես էլ իր արվեստը:

- Հանրապետությունում կա՞ համակարգ կամ ավանդույթ՝ կերպարվեստի և հատկապես գեղանկարչության ոլորտում շնորհալի երեխաներին ի հայտ բերելու, նրանց հետագա ստեղծագործական ընթացքին նպաստելու համար:

Կա՞ վերահսկողական մեխանիզմ՝ երեխաների գեղագիտական դաստիարակության գործընթացն աղավաղումներից և սխալ ու ոչ ազգային միտումներից զերծ պահելու համար:

- Հայ ազգը մշակութասեր է: Անգամ Մեծ եղեռնի օրերին գաղթի ճամփան բռնած կանայք Աստվածաշունչն արտագրել և նկարազարդել են մեկ այլ ձեռագրում՝ դրանով պահպանելով մեր լեզուն, կրոնը և արվեստը: Զարմանալի չէ, որ այսօր աշխարհում պահպանվում է շուրջ երեսուն հազար հայկական ձեռագիր մատյան: Ժամանակները փոխվել են, միջոցները՝ նույնպես, սակայն այն հետաքրքրությունը, որ առկա է երեխաների մեջ դեպի կերպարվեստը, ապշելու է: Բազմաթիվ նկարչական դպրոցներ, արվեստի ստուդիաներ, և բոլորը՝ գրեթե լեցուն: Այլ հարց է դասավանդման խնդիրը: Մասնավորն ունի թե՛ առավելություն, թե՛ հակառակը: Շնորհալի երեխան, պահելով սեփական նկարագիրը, փորձառու մանկավարժի միջոցով կարող է լիարժեք բացահայտվել, կատարելագործվել և ի վերջո դառնալ արվեստագետ: Այստեղ կարևորում ենք դասավանդողի անձը, որը նրբանկատ հոգեբանի պես հատիկ առ հատիկ  սերմանում է իր սաներին, նրանց մեջ արթնացնի սեր իրական արվեստի հանդեպ, սեր դեպի գեղեցկությունը, սեր դեպի հայրենի բնությունը, քանզի միայն ազգային հիմքի վրա կարող է ձևավորվել համազգայինը: 

- Ցուցահանդեսներ՝ մանկական թեմաներով... երեխաների համար կամ երեխաների մասնակցությամբ:

Այդ առումով ի՞նչ ունենք հանրապետությունում վերջին տարիների կտրվածքով:

- Վերևում խոսվեց արվեստի դպրոցների հարցի շուրջ: Հավելեմ, որ ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի մեկ կամ երկու անգամ նկարչական դպրոցները կազմակերպում են հաշվետու, անհատական և խմբակային ցուցահանդեսներ, նաև միջդպրոցական մրցանակաբաշխություններ, թեմատիկ նկարահանդեսներ: Կարևորում ենք այդ գործընթացը, քանզի շնորհալի երեխան կամ պատանին հարկավոր է իրեն տեսնի այլ միջավայրում, համեմատվի իր սերնդակիցների հետ, ծանոթ լինի արվեստների ուղղություններին և ոճական կատարումներին: Եվ կարևոր չէ, որ բոլորը դառնան նկարիչ, միայն այն հանգամանքը, որ երեխան շփվում է արվեստի հետ, առնչվում արվեստագետ-մանկավարժների հետ, արդեն նրա մեջ արմատավորվում են գեղագիտական ճաշակ ու ընկալումներ: Դա ոգևորիչ է: Ասեմ նաև, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ճեմասրահում պարբերաբար ցուցադրվում են հանրապետության մի շարք շրջաններում գործող արվեստի դպրոցների երեխաների աշխատանքները: Լինելով արհեստավարժ միջավայրում՝ նշանավոր արվեստագետների կողքին, մեր հայորդիները իրենց արվեստագետ-ուսուցիչների հետ, որոնցից շատերը մեր շրջանավարտներն են, ինչ-որ չափով հաշվետու են լինում իրենց կատարած աշխատանքի համար, իսկ մեր առօրյան իրենց ստեղծագործություններով լցնում արևով ու լավատեսական տրամադրությամբ:

Ի դեպ, օգտվելով առիթից՝ սիրով հրավիրում ենք մեզ մոտ ցուցադրվելու նաև Սյունիքի մարզի արվեստագետ պատանիներին:

- Մենք խոսեցինք մանրանկարչության մասին...

Մանրանկարչության հիմնական բնագավառներից մեկն էլ գրքարվեստն է, որի դրսևորումներից է գրքերի ձևավորումը:

Ի՞նչ կարող եք ասել մանկական գրքերի ձևավորման ներկայիս վիճակի մասին:

- Խորհրդային շրջանում Հայաստանում մեծ վերելք էր ապրում գրքարվեստը: Բավական է հիշել հայ կերպարվեստի նահապետ Մարտիրոս Սարյանի ձևավորումները, հայկական գրքարվեստի մեծանուն վարպետ Հակոբ Կոջոյանի թերթերը, ապա Տաճատ Խաչվանքյան, Արա Բեքարյան, Հենրիկ Մամյան, Անդրանիկ Կիլիկյան և այսպես շարունակ: Այսօր նոր տեխնոլոգիաների մուտք գործելը մասամբ փոխում է գրքի ձևավորման մոտեցումները: Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ համակարգչի այս կամ այլ ծրագրով կարելի է արագ և հեշտությամբ պատկերազարդել որևիցե մի հեքիաթ կամ առակ: Սակայն պետք չէ մոռանալ մի կարևորագույն հանգամանք, այն է՝ ցանկացած զարգացած տեխնոլոգիաներ շարժվում են մարդկային մտածելակերպի և երևակայության շնորհիվ: Եթե համակարգչի առջև աշխատող անձը կրթյալ մասնագետ չէ, ապա դժվար թե իր կատարած աշխատանքը արտահայտի այն զգացումները, որ զետեղված են գրքի բովանդակության մեջ: Այստեղ է որ, ինչպես նշվեց մեր հարցազրույցի նախաբանում, անհրաժեշտ պայման են կատարողի մասնագիտական կարողությունները, նրա գեղարվեստական ճաշակի զարգացվածությունը և գեղագիտական ընկալումները:

Հարցազրույը՝

Սամվել Ալեքսանյանի

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34