Առաջնահերթ եւ գլխավոր խնդիրը բռնագաղթվածներին կացարանով ապահովելն է

29.09.2023 15:04
902

Սեպտեմբերի 24-ի օրվա երկրորդ կեսին, երբ հայոց Արցախից բռնագաղթվածների առաջին խումբը հասավ Կորնիձորի հումանիտար կայան, արդեն այնտեղ էին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածաշրջանային կենտրոնի աշխատակիցները՝ Վարուժան Ալեքսանյանի գլխավորությամբ: Այդ պահից սկսած նրանց տեսնում ենք ոչ միայն Կորնիձորում, այլեւ Գորիսի համակարգման կենտրոնում: Տվյալ հանգամանքը նույնպես հուշում էր, որ արցախցիների ընդունման, հաշվառման եւ կարիքների գնահատման գործում պատասխանատու պետական օղակներից մեկն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունն է՝ իր տեղական կառույցներով:

Սեպտեմբերի 24-ին, օրվա վերջին, Գորիսում էր նաեւ Միասնական սոցիալական ծառայության ղեկավար Էդուարդ Պետրոսյանը:

Սեպտեմբերի 25-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը հանդիպեց Էդուարդ Պետրոսյանի հետ եւ զրույց ունեցավ օրախնդիր մի քանի հարցի շուրջ:

Առաջին հարցը, որ մեզ հետաքրքրում էր, իրավիճակի գնահատականն էր: Սակայն շարունակվող բռնագաղթը, ժամ առ ժամ փոփոխվող իրավիճակը թույլ չէին տալիս կատարվող աշխատանքների վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմել:

Եվ, այդուհանդերձ, երկօրյա պատերազմից անմիջապես հետո ակնհայտ էր դարձել, որ Արցախի բնակչության 99 տոկոսը (եւ ավելին) պատրաստվում է հեռանալ Արցախից: Մինչդեռ ՀՀ վարչապետն օրեր առաջ հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունելու 40 հազար տեղահանվածի:

Արցախահայերին կացարանով ապահովելու հարցում առաջին իսկ պահին ի հայտ եկած դժվարությունների առնչությամբ Էդուարդ Պետրոսյանը հավաստիացրեց, որ, թեեւ իրավիճակն աննախադեպ է, սակայն բռնագաղթվածներին կացարաններով ապահովելու հնարավորությունները սպառված չեն:

-Այս պահին մենք պարտավոր ենք առաջին հերթին լուծում տալ մեր առջեւ ծառացած մյուս խնդիրներին՝ բռնագաղթվածների ընդունում, հաշվառում եւ կարիքների գնահատում: Վստահեցնում եմ՝ կառավարման բոլոր օղակների մեր գործընկերներն անում են նույնիսկ անհնարը, որպեսզի արցախցի հայրենակիցների տեղավորման հարցը լուծում ստանա ըստ պատշաճի,-ասաց Էդուարդ Պետրոսյանը:

Բռնագաղթի առաջին իսկ ժամերից ակնհայտ դարձավ նաեւ, որ Լաչինի  միջանցքի թողունակությունը բավարար չէ տեղահանությունը շատ թե քիչ անխոչընդոտ կազմակերպելու համար, թեեւ ադրբեջանական կողմը հավաստիացրել էր, որ արցախահայության տեղահանումը կազմակերպելու համար կտրամադրվիայլ միջանցք եւս:

Էդուարդ Պետրոսյանը, անշուշտ, տեղյակ էր ադրբեջանական կողմի այդ հայտարարությանը, բայց չէր կարող ասել, թե որքանով է հավանական նրանց խոստումի իրականացումը: Ուստի եւ ամենաօպտիմալ ու միակ տարբերակը Լաչինի միջանցքի հնարավորությունների օգտագործումը համարեց:

Ստեղծված իրավիճակում մարդկանց մտահոգող հարցերից մեկն էլ հետեւյալն է՝ Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքներում կտեղաբախշվեն բռնագաղթվածները:

Ըստ մեր զրուցակցի՝ բռնությամբ տեղահանվածները կտեղաբաշխվեն ոչ միայն Սյունիքում, այլեւ հանրապետության տարբեր տարածքներում, ինչպես որ կատարվում է: Սակայն առաջին իսկ ժամերի տպավորությամբ՝ բռնագաղթվածների մեծ մասը ցանկանում է հանգրվանել մայրաքաղաքում՝ նկատի ունենալով հատկապես աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորությունների առկայությունն այնտեղ: Մյուս կողմից՝ քանիցս պատերազմի թոհուբոհով անցած արցախցիները ռիսկային են համարում սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում բնակվելը:

-Բայց դա ոչ հիմնավոր նախատրամադրվածություն է, անպայման իրականացվելու են արցախահայերի սոցիալական աջակցությանը միտված պետական ծրագրեր, որոնցով կնախատեսվի նաեւ  զբաղվածության խնդրի լուծում,-ասաց Էդուարդ Պետրոսյանը:

Այդ ամենի հետ մեկտեղ՝  կարեւոր են այն քայլերը, որոնք պետք է հաջորդեն հաշվառմանը եւ կարիքների գնահատմանը, կացարանով ապահովմանը...

Մեր զրուցակցի կարծիքով՝ նախ՝ ուշադրության կենտրոնում կլինեն հաշմանդամները եւ հատկապես միայնակ հաշմանդամները, բոլոր նրանք, ովքեր խնամքի կենտրոններ գործուղվելու կարիք կունենան:

Չափազանց լուրջ անելիքներ ունեն հոգեբանական ծառայությունները: Բռնագաղթվածների առաջին իսկ խմբերն ընդունելուց հետո պարզ դարձավ, թե որքան շատ են հոգեբանական աջակցության կարիք ունեցողները:

Հաշվի առնելով 2020 թ. պատերազմական օրերի նախադեպը՝ արդեն իսկ ապահովված են բռնագաղթվածների կրթության, առողջապահության իրավունքները մեր հանրապետությունում, այսինքն՝ որոշ հարցերի առումով իրավական դաշտն արդեն իսկ  կարգավորված է:

Իհարկե, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց կարգավորման համար ներկայումս իրավական ակտեր են պատրաստվում: Դրանք առնչվում են նաեւ կենսաթոշակներին, նպաստներին, սոցվճարներին: Մի խոսքով՝ արվում է ամեն ինչ, որ պետության կողմից իրականացվող սոցիալական բոլոր ծառայությունները հասանելի լինեն հայրենական օջախներից բռնությամբ տեղահանված արցախցիներին:

Ինչպես եւ կարելի էր սպասել՝ Սյունիքի մարզի ամբողջ բնակչությունը հնարավոր ամեն ինչ անում է՝ բռնագաղթված հայրենակիցներին ջերմորեն ընդունելու համար: Գորիսում, օրինակ, չկա ընտանիք, որ (իր հնարավորության սահմաններում) օգնության ձեռք մեկնած չլինի հայրենազրկված արցախցիներին: Մինչդեռ բնակչության կողմից ցույց տրվող օգնությունները, կամավոր հիմունքներով իրականացվող ծառայությունները հստակ  համակարգման, ճիշտ թիրախավորման կարիք ունեն, ինչի հետ համաձայն էր մեր զրուցակիցը:

Մեր զրույցն ավարտվել էր, երբ տեղեկացանք առ այն, որ բռնագաղթվածների մի մասը Սյունիքից հանրապետության մայրաքաղաք է մեկնում առանց առաջնային հաշվառման, որը հետագայում կարող է դժվարություններ հարուցել՝  սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու ցանկության դեպքում: Դա հարց է, որն անպայման պետք է նկատի ունենան առաջնային հաշվառում իրականացնող կազմակերպությունները:

Աննա Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44