Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57
92

Որքան էլ զարմանալի է ու տարօրինակ՝ նախընտրական այս շրջանում հանրապետությունում քննարկվող գլխավոր խնդիրներից մեկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ վերաբերմունքի հարցն է։

Մեզ համար շատ կարևոր է քաղաքական ուժերի վերաբերմունքը Հայ առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ։

Հիշենք՝ քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել առաքյալների ժամանակ՝ Սյունիքից։

Այնուհետև՝ Սյունյաց մեծ իշխանն էր՝ Թորգոմա տան ընտրյալների թվում, որ ուղեկցում էր Գրիգորին՝ Կեսարիայում ձեռնադրվելու Հայոց երկրի քահանայապետ։

Սյունյաց Անդոկ իշխանն էր, ով ուղեկցեց Ներսես Մեծին՝ Կեսարիայում ձեռնադրվելու Ամենայն հայոց կաթողիկոս։

Սյունիքն էր, որ դարեր շարունակ դրոշակակիր էր ունիթորության, քաղկեդոնության և մյուս աղանդների դեմ պայքարում։

Սյունիքում է ննջում Հայկազյան ազգի 2-րդ լուսավորիչը՝ եռամեծար փիլիսոփա Գրիգոր Տաթևացին։

Սյունյաց եպիսկոպոսության ջանքերով էր, որ 1441-ին (1000-ամյա աստանդական ու դեգերումներով լեցուն շրջանից հետո) Վաղարշապատում վերականգնվեց կաթողիկոսական գահը։

Մովսես Խոտանանցի–Կապանցին էր, ով վերջ դրեց աթոռակից կաթողիկոսների ամոթալի ավանդույթին։

Այո, Հայ առաքելական եկեղեցին բարեփոխումների կարիք ունի, բայց դա եկեղեցու ներքին գործն է։

Մինչ այդ հավատավոր սյունեցիները շարունակում են հաստատակամ մնալ Հայոց նվիրապետի հետ և դատապարտել նրա դեմ ուղղված ամեն մի գործողություն, որ հակասում է ՀՀ սահմանադրությանը։

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ փորձեցինք հստակեցնել մեզ հետաքրքրող մի շարք հարցեր՝ խնդրո առարկայից բխող։

Այդ իսկ նպատակով հարցազրույցի ենք հրավիրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին։

                                            ***

- Սրբազան, հաճելի է Ձեզ տեսնել մեր պարբերականի խմբագրությունում։

Ձեզ՝ մեր սրտաբուխ ողջույնները։

- Շնորհակալ եմ հրավերի համար, Աստված ձեզ օրհնի, ձեր գործն օրհնի։ Ողջունում եմ «Սյունյաց երկիր» թերթի ամբողջ աշխատակազմին և հետևորդներին:

- Սրբազան, նախ ուզում եմ Սյունիքի հազարավոր հավատացյալների հիացմունքն արտահայտել Ձեր վարքագծի առիթով, որ դրսևորեցիք և դրսևորում եք Հայ առաքելական սուրբ եկեղեցու համար ծանրագույն շրջանում՝ վերջին ամիսներին։

Դուք հավատարիմ մնացիք Հայոց նվիրապետին, Հայ առաքելական եկեղեցու հիմնարար սկզբունքներին և մերժեցիք տիրադավ եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների որդեգրած ճանապարհը։

Որքան Ձեզ ճանաչում ենք՝ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել․․․

- Շատ հաճախ հոգևորականի աշխատանքը ներկայացնում են իբրև զուտ աշխատանք, բայց դա այդպես չէ: Հոգևորականի աշխատանքն ավելի շատ ծառայություն է և կոչում: Մենք պայմանագրերով չենք նշանակվում և պայմանագրերով չենք ձեռնադրվում, ու յուրաքանչյուր ձեռնադրության խորհրդի մեջ ունենք ուխտագիր ասվածը, որ ստորագրում ենք՝ պետք է  հավատարիմ մնանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նաև խոնարհություն ունենանք գահակալի կամ առաջնորդի հանդեպ: Այդ սկզբունքը որդեգրված է և հիմնավորված է Սուրբ գրքով, և դա պետք է պահվի ու պահպանվի:

Իմ ավագ եղբայրներն են… Վստահ եմ՝ մեկ օր տուն կվերադառնան:

Աստծուն խնդրենք, որ համերաշխությունը, խոնարհությունը թագավորեն, ոչ թե հպարտությունը:

Գիտե՞ք, հպարտությունը սարսափելի մեղք է, ինքն իր մեջ ծանր հետևանքներ է կրում: Սուրբ հայրերը, ի մասնավորի Սուրբ Գրիգոր Տաթևացին հետևյալն է ասում հպարտության մասին՝ Աստված ցանկացած մեղքի ժամանակ է տալիս, իսկ հպարտության պարագային՝ ոչ: Եթե հ տառը հանում ենք, տակը մնում է պարտություն, դա հրեշտակաց պարտությունն է, այսինքն հպարտ մարդը հավասարվում է սատանային, հպարտության արդյունքում Հայրապետ չեն փոխում կամ եկեղեցի չեն բարեփոխում:

Ես միշտ ասել եմ՝ դա կարող ենք անել այն ժամանակ, երբ մեր առջև կանգնեն, ասենք, Սուրբ Գրիգոր Տաթևացու կամ Սուրբ Հովհան Որոտնեցու, Սուրբ Մովսես Խոտանանցու կամ Գրիգոր Նարեկացու նման սրբեր, և մեր մեղքերը կտեսնենք ու խոնարհաբար կգնանք հրաժարվելու կամ մաքրվելու: Բայց բռնաճնշումներով կամ քաղաքական մտածելակերպով կամ աշխարհիկ գործելակերպով չի կարելի եկեղեցի բարեփոխել: Եկեղեցու նպատակն այն է, որ մարդու հոգին տանի դեպի Աստված, բայց այստեղ անընդհատ լսում ենք բարեփոխում, բարեփոխման մեջ էլ՝ ֆինանս, ֆինանս, ֆինանս…

Հավատք, հոգի չկա, մինչդեռ եկեղեցու ամբողջ նպատակը հոգին է, մարդու հոգու փրկությունը: Հայոց եկեղեցին, ի տարբերություն մյուս քույր եկեղեցիների, ազգային եկեղեցի է, ու ինքը մտածում է իր ժողովրդի և’ հավատքի, և’ իր երկրի, և՛ իր պատմության ու մշակույթի մասին: Պատահական խոսքեր չեմ ասում, դրա հիմքը դրվել է 5-րդ դարում՝ ոսկեդարում, և այդ ժամանակվանից կոչվել ենք ազգային եկեղեցի:

Բարեփոխում ասելով ի՞նչ նկատի ունեն, այսինքն՝ եկեղեցին դառնա ինչ-որ մի կուսակցության գործիք և անունը դնենք բարեփոխո՞ւմ. այդպես չի լինում: Ընդհակառակը՝ բոլոր կուսակցությունները պետք է լինեն եկեղեցու անդամ, որովհետև Քրիստոսի խաչի տակ բոլորը հավասար են: Բարեփոխում ասելով նաև վերջին շրջանում տեսանք պղծված պատարագներ. կարգալույծները պատարագ են մատուցում…

Սուրբ գրքի վերջում ասվում է, չէ՞, եթե ավելացնեք՝ կավելացնեմ, պակասեցնեք՝ կպակասեցնեմ: Եթե պակասեցնում եք, ուրեմն իմացեք՝ երկնքի արքայությունում Աստված ձեզ պակասեցնելու է:

Հաջորդը՝ կաթողիկոսական ընտրությունը բերում հավասարեցնում են երկրի ղեկավարի ընտրության հետ: Կաթողիկոսի պարագայում կարևորն ընտրությունը չէ, այլ խորհուրդը, օծումը: Եթե մեռոնով օծվեց, վերջ… Իսկ երկրի ղեկավարի ընտրությունն էլ չի նշանակում՝ ժողովուրդը մանդատ տվեց, և դու կարող ես հայոց եկեղեցում ինչ-որ հարցեր լուծել: Դու հարցեր լուծելու շատ տեղեր ունես…

- Սրբազան, վերջերս՝ Հայրապետական տնօրինությամբ, համատեղության կարգով, Դուք նշանակվեցիք Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ թեմակալ առաջնորդի պարտականություններն իրականացնելու համար։ Ձեզ շնորհավորում ենք այդ կապակցությամբ և ցանկանում հաջողություններ։ Այդ առիթով, սակայն, կուզենայինք մի հարց արծարծել: 1989 թ ապրիլի 10-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա–ի, հաստատեց և կյանքի կոչեց Սյունյաց պատմական թեմը՝ հոգևոր կենտրոն ունենալով Սուրբ Տաթևի վանքը։ Սյունյաց նորակազմ թեմի առաջնորդ և Տաթևի վանքի վանահայր նշանակվեց Գերաշնորհ Տեր Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը։ Սակայն 2010 թվականին, անհասկանալի պատճառներով, Սյունյաց պատմական թեմը բաժանվեց երկու մասի։ Հիշենք՝ թեմը դադարել էր գործել 1934 թվականին. պատճառը ոչ միայն քաղաքական դրությունն էր, այլև 1931-ի ավերիչ երկրաշարժը։ Իսկ դրանից մոտ մեկ դար առաջ՝ 1837-ին, Սուրբ Էջմիածնի Սինոդի որոշումով Սյունյաց մետրոպոլիտությունը վերածվեց Սյունյաց թեմի։

Ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ՞ նորից վերականգնելու Սյունյաց թեմի ամբողջականությունը կամ սկզբնական վիճակը:

- Նախ՝ շնորհակալ եմ բարի խոսքերի և բարի նպատակների համար:

Եթե այդպես մտածենք ու Սյունյաց թեմը վերականգնենք պատմական տեսքով, ապա Հայաստանում կմնա երկու թեմ՝ Արարատյան թեմ, մի քիչ էլ Շիրակից ու Գուգարքից, մնացածը կդառնա Սյունյաց թեմ:

Ժամանակին Սյունյաց թեմին 12 եպիսկոպոս է ենթարկվել: Ենթարկվել են Սյունյաց մետրոպոլիտին…

Խորհրդային տարիներին Հայաստանում մնացել էր երկու թեմ՝ Արարատյան թեմը և Շիրակի թեմը:

1989 թվականին Վազգեն Վեհափառի գլխավորությամբ հաստատվեց երկու նոր թեմ՝ Գուգարաց թեմը և Սյունյաց թեմը: Սյունաց թեմի մեջ մտնում էր Վայոց Ձորի այսօրվա մարզը և Սյունիքի մարզը: Եվ դրանից հետո նաև որոշ փոփոխություններ եղան:

Ներկայիս Վեհափառ հայրապետի օրոք Սյունիքն ու Վայոց ձորն իրարից առանձնացվել են… Թեմի բաժանումը կամ առանձին առաջնորդներ հաստատելը նպատակ ունեն՝ ավելի լավ ծառայություն մատուցել տվյալ տարածքում ապրող մեր ժողովրդին: Հիմա ես հասկանում եմ դրա ծանրությունը և բարդությունը. Մեղրիից, պատկերացրեք, մինչև Եղեգնաձոր՝ իր գյուղերով: Աստծուց խնդրում եմ ուժ, կարողություն, որ կարողանամ մեր ժողովրդի հետ լինել այդ ամբողջ տարածքում:

- Այնուամենայնիվ, շատ կարևոր է պատմականության վերականգնումը, և կարծում եմ՝ Դուք էլ՝ հնարավորության սահմաններում, ջանք կգործադրեք:

- Ես գիտեմ՝ Դուք մեծ սյունեցի եք և ուզում եք Սյունիքը տեսնել ամբողջության մեջ, բայց մեզ էլ հասկացեք՝ ֆիզիկապես հնարավոր չէ… Թող Աստված տա՝ Ձեր ուզածը լինի:

- Կուզենայինք հիշել–հիշեցնել ՀՀ սահմանադրության կարգավորումները Հայ առաքելական եկեղեցու առնչությամբ։

Հոդված 17 «1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։

2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։

Հոդված 18. «1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակութային զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։

Կարդում ենք երկրի հիմնական օրենքի այդ դրույթները և վերհիշում այն իրադարձությունները, որոնք վերջին ամիսներին տեղի են ունեցել և տեղի են ունենում Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ․․․

- Այս վերջին շրջանում օրենսդրությունը մի քիչ ուսումնասիրել եմ: Մի հետաքրքիր հոդված էլ կա՝ ցանկացած եկեղեցական իրավունք ունի ազատ արտահայտվելու: Եկեղեցականն իրավունք ունի բանտեր, զորամասեր, դպրոցներ այցելելու… Այդ իրավունքներն այսօր ոտնահարված են: Քանի հոդված կա Սահմանադրության մեջ՝  եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին, ցավ ի սիրտ խախտվում են: Տեսնում եք դատական համակարգի վիճակը, ամբողջությամբ խախտված են եկեղեցի- պետություն հարաբերությունները, որ ամրագրված են Սահմանադրությամբ: Տպավորություն ունեմ՝ դա մեսիջ է՝ ուղղված Հայաստանում գործող աղանդներին, որ տեսեք՝ հայ եկեղեցուն  նեղացնում ենք, ձեր ձայները տվեք մեզ…

Այո, ցույց են տալիս, թե իբր ձեր բարեկամներն ենք, եկեղեցուն դեմ գնալու համար կարող եք ձեր ձայնը տալ մեզ։ Իրենց ձայնն է հետաքրքրում, իրենց եկեղեցին չի հետաքրքրում։ Ձայնից բացի՝ նաև ֆինանս…

- Հիմա անդրադառնանք ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրում է ճանապարհային հետևյալ քարտեզը՝

ա) Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),

բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,

գ) Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու Կանոնադրության ընդունում Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,

դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։ 

Իհարկե, ծանոթ ենք Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հակադարձող և դատապարտող հայտարարությանը, բայց կուզենայինք նաև Ձեր դիրքորոշումն իմանալ։

- Դուք ինձանից լավ գիտեք՝ իրենք Սմբատ Սպարապետ կամ Սմբատ Գունդստաբլը չեն: Իրենք շատ հեռացած են հայ եկեղեցուց և հայ ազգից: Երջանկահիշատակ Վազգեն Վեհափառը մի այսպիսի խոսք ուներ, ասում էր` բավ է, անընդհատ խոսեք խավարից, ամեն մեկդ մեկ հատիկ մոմ վառեք:

Ուզում եմ հասկանալ՝ իրենցից որևէ մեկն ի՞նչ ունի արած հայոց եկեղեցու համար: Մայր տաճարը վերականգնվում էր: Ի՞նչ են արել Մայր տաճարի վերականգնման համար…

Ես էլ ուզում եմ, որ իմ երկիրը բարեփոխվի: Եթե ղեկավարին փոխելով է բարեփոխվում, ուզում եմ՝ վեց ամիսը մեկ վարչապետ փոխենք Հայաստանում…

Մինչդեռ պետք է համակարգն աշխատի, համակարգը պետք է գործի, պետությունը պետք է գործի, չասեն՝ սա իմ բարեկամն է, սա իմ համախոհն է, սա իմ անձնական շահն է…

- Այսինքն՝ նախ պետական համակարգը բարեփոխենք, հետո խոսենք այլ ոլորտների ու նաև հոգևոր ոլորտի մասին:

- Եկեղեցու գլուխն ինքը՝ Քրիստոսն է: Եթե Քրիստոսն է գտել, որ տվյալ մարդը դառնա Հայոց հայրապետ, ինչն իր օծումով և 12 եպիսկոպոսով հաստատել են… Այսինքն՝ մենք կարո՞ղ ենք Քրիստոսին բարեփոխել կամ Քրիստոսին քրիստոսաբանություն սովորեցնել, դա ուղղակի ծիծաղելի է: Կամ՝ բարեփոխումը պետք է սկսենք  մեզնից, ապրենք առանց մեղքի, բայց տեսնում ենք՝ քարոզում են որկրամոլություն, հարբեցողություն, չխոսենք մյուս-մյուս մեղքերի մասին՝ բամբասանք, զրպարտություն…

Հակառակ այդ ամենի՝ հիմա մարդիկ ավելի շատ են գալիս եկեղեցի:

Անգամ եկեղեցիներում տեղ չի լինում կանգնելու, և բոլորը գիտակցված գալիս են իրենց եկեղեցին պահելու ու իրենց զորակցությունը, աջակցությունը հայտնելու:

Եվ ասեմ՝ եկեղեցի գալիս են ավելի շատ երիտասարդները, որովհետև հասկանում են՝ իրենք են տերը, իրենք են պահողը և  այդ եկեղեցու զավակները:

- Սրբազան, նորից ուզում եմ տեղափոխվենք Սյունյաց թեմ։ Անհնար է չտեսնել այն աշխատանքները, որ Ձեր առաջնորդությամբ վերջին տարիներին կատարվել և կատարվում են Սյունյաց թեմում։ Փորձեք համառոտ ներկայացնել կատարված և կատարվող աշխատանքները, ինչպես և առաջիկա ծրագրերը։

- Եթե Սյունիքում կա մի մարդ, որ քաջատեղյակ է մեր գործերին, կարելի է ասել՝ պարոն Ալեքսանյանն է: Գիտեք՝ 2011 թվականին նշանակվեցի Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, և թեմը գտնվում էր տարբեր առումներով, կարելի է ասել, շատ վատ վիճակում: Ինձ տրվեց 17-18 եկեղեցի և բոլորն էլ կիսավեր ու ոչ բարեկարգ վիճակում: Մարդիկ եկեղեցի չէին գալիս, չէին մկրտվում, եկեղեցով չէին ամուսնանում, նաև սգո արարողությունները հոգևորականներով չէին կազմակերպում…

Ընդհանուր մտածելակերպի կամ ընդհանուր դաստիարակության սխալ էր այդ ամենը: Հիմա բավականին բան է փոխվել, վերափոխվել: Հիմա Սյունիքում, փառք Աստծո, ունենք  40 գործող եկեղեցի:

Բոլորն էլ վերանորոգել ենք… Ծանոթ եք Գորիսի եկեղեցու տարածքի երբեմնի անմխիթար վիճակին, այսօր ներսն ենք նաև բարեկարգում, Կապանի եկեղեցու տարածքը տեսնո՞ւմ եք: Գովելին և ուրախալին այն է, որ սրբազանն իր հույսը չի դրել օտար թեմերի կամ դրսից եկող ֆինանսների վրա, այլ՝ իր ժողովրդի վրա: Եվ ժողովուրդն էլ՝ հավատալով իր հոգևորականներին ու առաջնորդին, սեփական կամքով, սեփական ուժերով վերականգնել ու վերակառուցել է այդ ամենը: Այո, ունենք մի քանի եկեղեցի, որ «Երկիր և մշակույթ» կազմակերպության ջանքերով է արվել, բայց մնացածը վերակառուցվել է ժողովրդի ջանքերով:

- Եվ առաջիկա ծրագրերից առավել ուշագրավը…

- Ունենք երկու-երեք եկեղեցի՝ վերաօծելու. Տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին  արդեն պատրաստ է, նաև Բարաբաթումի (Կապանի) Սուրբ Հռիփսիմեն է պատրաստ: Ամենակարևորը՝ մի քիչ աշխատանքներ կան Վահանավանքում, որից հետո կվերաօծենք: Բայց ամենամեծ ջանքս, գիտեք, Որոտնավանքին է ուղղված, բավականին մեծ աշխատանքներ ենք արել…

Հիմա, ցավոք, դադարեցված է, ոչ մեր պատճառով: Վստահ եմ՝ Աստված իրենց կուղղորդի, խելքի կգան, չեն խանգարի, այլ կօգնեն, որպեսզի եկեղեցին վերակառուցվի: Այս վիճակում կարող ենք Որոտնավանքի երկու եկեղեցին էլ օծել: Ամեն ինչով ապահովված են, խնդիր չեմ տեսնում, բայց ուզում եմ ամբողջական լինի, որ ավելի լավ լինի:

Հաջորդ ծրագիրը Սյունիքում, որ իրականացրել ենք և իրականացնում ենք, կիրակնօրյա դպրոցների ծրագիրն է. հիմնական շեշտը դրել ենք գյուղերի վրա:

- Եվ քանի՞ երեխա է ընդգրկված:

- Օ՜, շատ են: Օրինակ 600-700 կամ ավելի շատ…

- Սյունյաց թեմի թեմական խորհրդի ատենապետ Աշոտ Մինասյանն անազատության մեջ է․․․

Կարողանո՞ւմ եք հանդիպել նրա հետ, և արդյո՞ք իրավական դաշտում աշխատանքներ կատարվում են նրա իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

- Մեկ անգամ հանդիպել եմ հրամանատարի հետ: Դուք գիտեք իր ազգասեր, ազգանվեր գործունեության մասին… Ցավոք սրտի այսօր նա գտնվում է անազատության մեջ: Կապս զավակների հետ է՝ անընդհատ, որոշել եմ առաջիկայում ևս այցելել իրեն: Մի քանի անգամ զրուցել ենք հեռախոսով, բանտում ինչ-որ հեռախոս են տրամադրում, եկեղեցական հարցեր ենք քննարկել, տոների հետ կապված հարցեր… Գիտեք՝ ինքը գրչի մարդ է նաև, ինքը ստեղծագործող է և անընդհատ ստեղծագործում է: Այդ թեմաների շուրջ ենք քննարկումներ ունեցել: Իր գրչին, իր մտքին անընդհատ հետևում եմ, աղոթում եմ, որ նման մարդը գտնվի ազատության մեջ:

- Մեր ողջույնները հղենք Աշոտ Երկաթին, մեր սիրելի հրամանատարին, ասենք, որ իրեն սպասում ենք, իրեն առողջություն ցանկանանք…

- Մեկ-մեկ կատակով իրեն ասում եմ՝ երկաթը չի կոտրվում, կարող է ծռմռեն, ձև տան, բայց չի կոտրվում, և վստահ եմ, հուսով եմ՝ հրամանատարը ողջ-առողջ չարչարանաց այդ ճանապարհից դուրս կգա:

- Սրբազան, կուզենայինք լսել Ձեր պատգամը Սյունյաց թեմի մեր հավատացյալներին: Ոչ սովորական ժամանակներ ենք ապրում, Սյունիքը՝ մասնավորապես, և այս իրավիճակում հաճելի է լսել Ձեր պատգամը:

- Հասկանում եմ… Գիտե՞ք, ես որևէ մեկին ամբողջ կյանքում չեմ ուղղորդել, ես փորձում եմ բացատրել, ինքը թող ընտրի ճիշտը և սխալը: Վստահ եմ՝ մեր ժողովուրդն իմաստուն ժողովուրդ է: Մեր ժողովրդի իմաստնության վրա երբեք չեմ կասկածել թե’ նեղությունների պահին, թե’ լավ օրերին:  Այո, կարող է նաև իմաստուն ժողովուրդը խաբվի, բայց ոչինչ, երբեմն դա էլ է պետք, դաս է, որ հետագայում իրենց աչքի առջև ունենան ու ընդհանրապես չսխալվեն: Իմ մաղթանքն է, որ Հայաստան աշխարհն օրհնվի, իմ մաղթանքն է, որ Հայաստանը հզորանա, Սյունիքը հզորանա և  սահմանները վերականգնվեն ու ամուր պահվեն:

- Գերաշնորհ Տեր, շնորհակալ եմ հետաքրքիր և սպասված զրույցի համար, Ձեզ՝ հաջողություններ:

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38

Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

14.05.2026 12:36