Մայիսի 12-ին սահմանամերձ Ներքին Հանդում էինք․․․
Այս տարի այդպես էլ առատ տեղումների և ցուրտ եղանակների պատճառով կարգին գարուն չտեսանք, բայց անձրևների շնորհիվ բնությունն արտակարգ զարթոնք է ապրել։ Փթթում է զմրուխտ կանաչը։ Դա ավելի է ընդգծվում, երբ մոտենում ենք անտառներով գոտևորված գյուղին և դեպի արևմուտք ծավալվող Մթնաձորին․․․ Առաջինն աչքի են զարնվում կանաչ տանիքներով տները։
Մեր զրուցակիցները՝ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը և գյուղի էլեկտրիկ Ռաֆիկ Բաղդասարյանը տեղեկացնում են, որ բացի դպրոցական շենքից և մշակույթի տնից, մյուս շենքերի տանիքները նորոգվել են:
2022-ի աշնանային պատերազմից հետո գյուղի խմելու ջրի ակունքներն անցան հակառակորդի վերահսկողության ներքո։ Մեր թերթը, ի դեպ, մի քանի անգամ բարձրաձայնել է, որ Ներքին Հանդ գյուղն անհապաղ պիտի ապահովել խմելու ջրով։ Կապանի համայնքապետարանի ֆինանսավորմամբ նախագիծ կազմվեց, կառավարության աջակցությամբ լուծվեց խմելու ջրի խնդիրը. 1․5 կմ հեռավորությունից ջրագիծ անցկացվեց, գործում է նաև օրվա կարգավորման ջրամբարը։ «Ինչքան օգտագործում ենք, հինգ անգամ ավելի գետն է թափվում», - այդպես է ներկայացնում ջրի առատությունը գյուղի վարչական ղեկավարը։
Գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերով, ասես աքցանի մեջ առնված լինի: Փաստորեն միայն բնակելի հատվածն է մերը: 2022 թվականի պատերազմից հետո հակառակորդի վերահսկողության ներքո անցան նաև գյուղի գերեզմանատունը, գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին։
Ներքին հանդեցիները նույնիսկ զրկված են հարազատ-մտերիմների շիրիմներին այցելելուց: Եվ հիմա, երբ մարդ է մահանում, Կապանում են հուղարկավորում։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ քանիցս խնդրանք–առաջարկ է ներկայացվել ադրբեջանական կողմին՝ գերեզման տանող ճանապարհը և գերեզմանի տարածքը մեզ վերադարձնելու համար, բայց՝ ապարդյուն․․․
Եվ մարդիկ չեն թաքցնում իրենց մտահոգությունը. «Չգիտենք` ինչ է լինելու գյուղի ճակատագիրը։ Ճիշտ է, մեր ուղղությամբ վերջերս կրակոցներ չեն եղել, բայց, պատահել է, կովը պայթել է ականի վրա»։
Եվս մի տարօրինակ փաստ հաղորդեցին մեր զրուցակիցները: Ծավի խաչմերուկից մինչև հակառակորդի հետ շփման գիծ՝ ճանապարհը պիտի ասֆալտապատվի, որն անմիջապես գյուղի վերին հատվածով է անցնում։ Ասել է թե՝ գյուղամիջյան ճանապարհի հիմնանորոգումը դուրս է մնացել նախագծից, ուրեմն և շարունակելու է մնալ անբարեկարգ ու ասֆալտից զուրկ։ Ինչպե՞ս հասկանալ, ինչո՞ւ չպետք է ասֆալտապատվի նաև գյուղամեջ մտնող ճանապարհը:
Շատ թե քիչ ուրախացնող հանգամանք կարելի է համարել այն, որ Ներքին Հանդի դպրոցն առայժմ գործում է, թեպետ երեք աշակերտ է սովորում այդտեղ, թեև գալիք սեպտեմբերից՝ մարզի 48 դպրոցների թվում այն նույնպես հուշ է դառնալու։
Եվ վերջին ժամանակներս մի երեխայի ծնունդ է գրանցվել գյուղում։
Վերջին հարյուր տարում երկու անգամ սահմանազատում է տեղի ունեցել Ներքին Հանդի ուղղությամբ՝ մեկը 1920-ական թվականներին, մյուսը՝ 1980-ականներին՝ պատվական մի հայ մարդու՝ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ։ Վերջինիս օրոք տեղադրված՝ սահմանը տեղորոշող ցցափայտերը դեռ մնում են։ Ցավոք, այդ ամենին ականատես մարդիկ այլևս հանգուցյալ են, թե չէ՝ արժեքավոր տեղեկություններ կստանայինք տասնամյակներ առաջ տեղի ունեցած սահմանազատման մասին․․․
– Խաղաղության այս ձևը որքանո՞վ է հաճելի Ձեզ,- հարցնում ենք։
— Եթե սահմանները ճշտվեին ու մեզանից բռնազավթած տարածքները վերադարձվեին, միգուցե լավ լիներ, – պատասխանում է համայնքի վարչական ղեկավարը։
Ռաֆիկ Բաղդասարյանն էլ հավելում է՝ «Խաղաղությունը, որի մասին բոլորը խոսում են, ժամանակավոր դադարի տպավորություն է թողնում և հավատ չի ներշնչում, քանի դեռ առկա հարցերը լուծված չեն»։
Մի հայացք ենք ձգում դեպի մեր բարձունքներից մեկը, որտեղ ծածանվում է հայկական եռագույնը և տեղադրված է քրիստոնեության խորհրդանիշ խաչ, ու մի պահ ցրվում է մեր ճնշված տրամադրությունը, բայց ․․․
Զրուցում ենք, խոսքը խոսք է բերում․․․
Գյուղի մոտ 6 հազար հեկտար հողատարածքից քանի՞սն է մնացել Հայաստանի ինքնիշխանության ներքո․․․
Գյուղացիները (չունենալով պաշտոնական տեղեկատվություն) տարբեր թվեր են նշում գյուղի բռնազավթված տարածքների մասին՝ 1000 հեկտար, 2000 հեկտար, և մատնացույց են անում գյուղի հարավային բարձունքները՝ Գրիգորի բարձունքը, Վարդանասարը, որոնք 2022-ի աշնանն ադրբեջանցիները զավթեցին և որտեղ իրենց մարտական դիրքերը կառուցեցին, որտեղից, ցավոք, ադրբեջանցիները (անտառամիջով) մի քանի ճանապարհ են բացել դեպի ներքև․․․
«էլ ի՞նչ խնդիր ունեք», – հարցին պատասխանում են, – մեզ ամենաշատը, և դա բնական է, մեր անվտանգությունն է անհանգստացնում, մյուս հարցերն ինքներս կլուծենք։
- Գոնե այգիներն ու բանջարանոցները մշակե՞լ եք։
- Ուրիշ բան չունենք անելու, ա՞յդ էլ չանենք, - հետևում է պատասխանը։
Գյուղի ծխամատյանում 56 ծուխ կա, 20-ից ավելի տուն բնակեցված չէ։ Հունվարի 1-ին գյուղում վեց–յոթ ընտանիք է եղել։ Մտածում ես՝ առավելագույնն քսան տարի հետո (Աստված մի արասցե) գյուղում հնարավոր է մարդ չլինի․․․ Պետական հոգածություն կոչվածն առավել ևս հենց Ներքին Հանդին է անհրաժեշտ։
Հետաքրքրվում ենք, և պարզվում է՝ 2022 թ. աշնանային պատերազմից հետո գյուղում ընտանի կենդանիներ չեն պահում։ Գյուղն առանց կովի բառաչի ու ոչխարի մայունի դժվար է պատկերացնել։ Երբեմն չես կարող մեղադրել, պատահել է, որ ընտանի կենդանիների անկումներ են եղել ականի վրա պայթելու հետևանքով։
«Սոսու պուրակ» արգելավայր ունեցող գյուղը նաև զբոսաշրջիկների այցելություններից է զրկվել։ Համենայն դեպս, նրանց ոտքը 2022 թվականից հետո կտրուկ կտրվել է հեքիաթային այս աշխարհից։
«Մինչև պատերազմը տեղ ու դադար չկար, բայց հիմա շատ քիչ են այցելում», – տեղեկացնում է գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Հ.Գ. Լրագրողիս պրակտիկայից մի փաստ եմ մտաբերում․ հայ մեծ դերասան Սոս Սարգսյանը տնկարան ուներ Ներքին Հանդում։ «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահն էր. Հայաստանում չէին կարողանում սոսու սերմերից տնկիներ ստանալ, ծառի պատվաստման կտրոնների միջոցով էր ստացվում տնկանյութը, ինչի արդյունավետությունը ցածր էր: Տեղեկանալով, որ սոսիների պուրակի տնկարանում սերմերից տնկանյութ են ստանում, որի նախաձեռնողը Կապանում ճանաչված անտառագետ Վլադիկ Մարտիրոսյանն է, Սոս Սարգսյանը դիմեց այն ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանին, վերջինիս հանձնարարությամբ սոսիների պուրակում տարածք հատկացվեց Սոս Սարգսյանի հասարակական կազմակերպությանը, իսկ Վլադիկ Մարտիրոսյանը «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ի համար կազմակերպում էր տնկիներ աճեցնելու գործը:
Հետաքրքրվում ենք՝ ի՞նչ եղավ, ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ տնկարանը: Խաչատուր Բաղդասարյանը մանրամասնում է․ «Սոս Սարգսյանը վարձակալության հիմունքներով հողատարածք էր ձեռք բերել, մինչև հիմա պայմանագրի ժամկետը չի լրացել, համագյուղացիներից մեկը նրա հետ համագործակցում էր, այդ անձնավորությունը մինչև հիմա օգտագործում է տարածքը»։
Վահրամ Օրբելյան