Առաջնախաղ. «Համր  կինը»  կատակերգությունը` Գորիսում

29.07.2025 16:35
327

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հարուստ պատմություն ունի։ Թատրոնի բեմում խաղացել են հայ բեմարվեստի հսկաներ Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետյանը, Արման Կոթիկյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը և շատ ուրիշներ։

Գորիսեցիներից շատերի համար Գորիսի թատրոնը և՛ Երևանի «Օպերա» է, և՛ Բալետ, և՛ Կամերային թատրոն․․․

Գորիսի թատրոնի հիմնադրման 50-ամյակի առթիվ՝ թատրոնի ճանաչված դերասանուհի Հրաչյա (Ռոզա) Գյուրջյանի հետ զրույցում դերասանուհին պատմում էր, թե ինչպես էր Վահրամ Փափազյանը հյուրախաղերով ժամանել Գորիս։ Հայազգի աշխարհահռչակ դերասանը Գորիսում խաղում էր Շեքսպիրի նշանավոր Օթելլոն։ Գորիսի հին թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Նույնիսկ կանգնելու տեղ չկար։ Մարդիկ ներս էին մտնում պատուհաններից։ Ներկայացման դրամատիկ պահերից մեկում, երբ Յագո-Ավետ Ավետյանը պետք է խեղդեր Դեզդեմոնա-Մետաքսյա Սիմոնյանին, հանկարծ կոտրվում է դահլիճի պատուհաններից մեկի ապակին․․․ Հավանաբար, «թատրոնի ծարավ» Գորիսի բնակիչներից մեկը  ցանկացել էր այդ կերպ ցուցադրել իր վրդովմունքը՝ «բոլորը ներս մտան, իսկ ես մնացի դրսում...»։

Իսկ ներսում․․․ Քարն ընկնում է բեմի վրա և, հավանաբար, «Օթելլո» ներկայացման տարեգրության պատմության մեջ առաջին անգամ, Դեզդեմոնայի կյանքը «երկարաձգվում է»․․․ Յագոն ու Դեզդեմոնան քարանում են՝ տեսնելով սցենարից դուրս միջադեպ քարը՝ բեմում․․․ Հանկարծ ուրվականի պես բեմում հայտնվում է Օթելլո-Փափազյանը վերցնում է քարը, աջ ձեռքով բարձրացնում վեր, հանդիսավոր պտտում գլխավերևում ու բարձրաձայնում՝ «Սա՛ էլ միգուցե ինչ-որ ժամանակ մեզ պետք գա»։ Ասում է և նույնպես աննկատ հեռանում․․․

Դահլիճը թնդում է ծափողջույնների տարափից․․․

* * *

Ինչ խոսք, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ամեն լավի համար պետք է շնորհավորել տնօրեններին ու գլխավոր ռեժիսորներին, որոնց շնորհիվ թատրոնը կյանքի է կոչում իր առաքելությունը։

Թեև «Սյունյաց երկիր»-ն արդեն անդրադարձել է թատրոնի նորանշանակ տնօրեն Սյուզաննա Խաչատրյանի գործունեությանը, սակայն ավելորդ չենք համարում նշել՝ կարճ ժամանակամիջոցում թատրոնն այնպիսի հաջողությունների է հասել, որ դրանց անհրաժեշտ է առավել հանգամանալից անդրադառնալ։ Տիկին Խաչատրյանի ակտիվ գործունեության շնորհիվ Գորիսի թատրոնն ավելի հանրաճանաչ է դարձել։ Ուշագրավ է հատկապես միջազգային թատերական փառատոներին Գորիսի թատերական կոլեկտիվի մասնակցությունը, որոնցից մեկը՝ արտերկրում։

* * *

Հուլիսի 2-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ էր՝ ռեժիսոր Հայկ Մնացականյանի բեմադրությամբ։ Գորիսի արվեստասեր հասարակությունը դիտեց «Համր կինը» մեկ գործողությամբ ներկայացումը՝ ըստ Անատոլ Ֆրանսի համանուն կատակերգության։

Մինչ այդ  կայացել էր թատրոնի Գեղարվեստական խորհրդի նիստը, որը վարեց թատրոնի տնօրեն Սյուզաննա Խաչատրյանը։ Ներկայացման մասին իրենց դիտարկումները ներկայացրին և կարծիք-առաջարկություններ հայտնեցին քաղաքի ճանաչված արվեստագետներ Ժիրայր Մարտիրոսյանը (Սյունիքի նկարիչների միության նախագահ), Վարդան Սարգսյանը (Գորիսի Ա. Բակունցի անվան տուն-թանգարանի տնօրեն), Արամ Մաշուրյանը (Երևանի մանկապատանեկան ստեղծագործողական կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն), Թեհմինա Մարությանը (Գորիսի պետական համալսարանի դասախոս), Սերժիկ Սայունցը և Հայկ Մնացականյանը (Գորիսի թատրոնի ռեժիսորներ)։ 

Գեղարվեստական խորհուրդը բարձր գնահատեց ներկայացումը, որն էլ իր հաստատուն տեղը կգտնի Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկում։

Ներկայացումը նայելիս՝ փորձեցի կատակերգությունը դիտել տարբեր տարիքի ու սոցիալական խմբի հանդիսատեսի աչքերով՝ պատանի, երիտասարդ, բանվոր, մտավորական․․․ Տպավորությունս սպասվածից վեր էր. «Համր կինը» կատակերգության բեմադրությունն աննախադեպ հաջողություն կունենա։ Դրա վկայությունը պիեսի՝ արտաքուստ կատակերգական պարզ կառուցվածքում՝ համեմատաբար փոքրաթիվ դերասանական խմբով, անչափ ակտիվ, շարժուն, բազում անկրկնելի ծիծաղաշարժ պահեր պարգևող, բարդ ռեժիսորական, պրոֆեսիոնալ լուծումներով, հանդիսատեսի ենթագիտակցության մեջ անջնջելի հետք թողնող զգայուն և մնայուն տեսարաններն էին, որոնք դերասանների՝ արտիստական հիանալի խաղի շնորհիվ դիտվեցին համակ ուշադրությամբ։

* * *

«Համր կինը» կատակերգության սյուժեն՝ համառոտ․․․

Դատավոր Բոտայլ-Միքայելի (Միքայել Մաշուրյան) կինը՝ Կատարինե-Լյուդմիլան (Լյուդմիլա Պետրոսյան) համր է։ Թեև որոշ ժամանակ է, ինչ ամուսնացած են, բայց դեռ զավակ չունեն։ Դրան ինչ-որ կերպ կարելի է համակերպվել, մտածելով՝ «Եթե ոչ այսօր, ապա՝ գուցե վաղը․․․»։ Իսկ Կատարինե՞ն։ Ա՜խ, ի՛նչ մեծ դժբախտություն ․․․ Բոտայլի ամենաանիրական երազը համր կնոջը երբևէ խոսելիս տեսնելն է։ Կնոջից բաժանվելը մտքի ծայրով իսկ չի անցնում, քանզի շատ է սիրում նրան։ 

Մի անգամ, Բոտայլի ուսանողական ընկեր, փաստաբան Ֆյումե-Ակսելը դատավորի մոտ է գալիս մի որբուկի դատական գործով՝ իր համար շահեկան որոշում կայացնելու խնդրանքով։ Նա գիտեր քաղաքում ապրող մի բժշկի, ով կարող է բուժել Կատարինեին։ Ֆյումեից լսելով  հրաշագործ բժիշկ Կոլինի-Մհերի (Մհեր Ղազարյան) մասին, Բոտայլը քիչ է մնում՝ ուշաթափվի։

․․․Դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ։ Բոտայլի խնդրանքով, արտասովոր մուտքով ու ոչ ստանդարտ հանդերձանքով ներկայանում են բժիշկ Կոլինն ու նրա օգնական Մոժիե-Հարութը (Հարութ Բադիրյան)։ Հսկայական ճամփորդական ճամպրուկ հիշեցնող բժշկական սարքավորումների պայուսակում՝ մարդու մեջ ահուսարսափ առաջացնող ոչ այնքան բժշկական, որքան կենցաղային գործիքների նման հսկա իրեր են՝ սղոց, շաղափ, կտրող, ծակող գործիքներ․․․ Ջղաձիգ շարժումներով Բոտայլն ասես հոգեվարքի մեջ է, բայցև նրա կասկածանքն ու թերահավատությունն աստիճանաբար իրենց տեղը զիջում են հաստատ համոզմունքի՝ « ․․․Եթե բժիշկ Կոլինն է ասում, ուրեմն՝ կինս կբուժվի...»։

Լուսային ձևավորմամբ բեմում ցուցադրվում են իրական երևույթների նմանվող ֆանտաստիկ գործողություններ։ Լույսի ու ստվերի ներդաշնակ խաղով, թեթև սավանի նմանվող վարագույրի հետևից պարզորոշ երևում է, թե ինչպես է բժիշկը հագնում վիրահատական ձեռնոցներն ու անցնում․․․ գործի։ Ըստ հռչակավոր Կոլինի՝ որպեսզի համր  լեզուն բացվի, պետք է գլուխն առանձնացնել հիվանդի մարմնից, ապա գլխի վրա ինչ-որ գործողություններ կատարել․․․ Այս ողջ ընթացքում Բոտայլի վիճակն աննկարագրելի անտանելի է։ Ի վերջո, բժիշկն ու նրա օգնականն ինքնագոհ դուրս են գալիս վիրահատարանից։ Բացվում է վարագույրը։ Բոտայլն իր առջև տեսնում է բանական մարդու հետ որևէ աղերս չունեցող թղթե, փայտե, թե քարե՝ սպիտակ մումիայի տեսքով ծաղրածու մի արարած։ 

Աչքերին չի հավատում

Աստվա՜ծ իմ, մի՞թե կինս է, - հազիվ տիրապետում է իրեն։

Վայրկյանների ընթացքում մումիատիպ մարմնից հանվում են ծիծաղահարույց էլեմենտները և․․․ չքնաղ Կատարինեն երևում է իր ողջ հմայքով։ 

․․․Ո՜վ հրաշք, Բոտայլի անհավատալի երազն իրականություն դարձավ։ Կատարինեն արդեն խոսում է։ Այն էլ ինչպե՜ս է խոսում։ Բոտայլի շրջադարձային ապրումները՝ «Աստվա՜ծ իմ, ոչ միայն խոսում է, այլև չի լռում։ Սա ի՞նչ պատիժ է»։ Ինքնահանգստացնող, աղերսող հայացք՝  «Գուցե սկի՜զբն է, կանցնի ․․․ »։

․․․Ինչն ունի սկիզբ, ունի նաև վերջ։

Կնոջ շատախոսության հետևանքով առաջացած տառապանքներից, Բոտայլի հոգեկան հավասարակշռությունը խախտվում է։ Նա հայտնվում է գրեթե հոգեկան հիվանդության նախաշեմին։ Նրա խնդրանքով կրկին այցելում է Կոլինը, որպեսզի բուժի հիվանդ Կատարինեին՝ շատախոս կնոջը կրկին համրացնի։ Սակայն՝ ո՜վ զարմանք, ամենազոր բժիշկն է ասում՝ «Համր կինը կարող է խոսել, բայց աշխարհում դեռևս չկա շատախոս կնոջը լռեցնող որևէ դեղամիջոց։ Բացի այդ, պետք է զանազանել առողջը՝ հիվանդից։ Կատարինեն բուժվել է, նա հիմա հիանալի խոսում է»։ Հիվանդը Բոտայլն է, ում ականջները սովոր չեն լսել կնոջ շատախոսությունները։ Ուրեմն, եթե նա ուզում է ցմահ ապրել սիրելի կնոջ հետ, բայց նրա շաղակրատող խոսքերը չլսել, այո, բուժումը մեկն է՝ հիվանդին խլացնել։ 

– Խուլ դատավո՜ր, - Աստվա՛ծ իմ, - չէ՛, չէ՛, ի՞նչ եք ասում․․․

Կատարինեի մոտ ասես շատախոսության «երկրորդ շնչառությունն» է բացվել խոսում է, խոսում՝ էյֆորիայի մեջ է։ Քիչ առաջ իր խլացման առաջարկին «սվիններով դիմավորող» Բոտայլն, ի վերջո, իրեն հանձնում է բժշկի ողորմածությանը։ Իր իսկ խնդրանքով ականջներում կաթեցվում է խլացնող հեղուկը։ Կինը շատախոսում է, մեկ-մեկ էլ՝  ասում«Այո, այո, նրան բացատրեք, որ հարազատ կնոջ հանդեպ պետք է ավելի նրբանկատ լինել»։

Բոլորը շվարած են։ Ամեն մեկը մի կերպ ուզում է կնոջը լռեցնել՝ իզուր։ Հանկարծ երևում է դատավորի երջանիկ դեմքը։ Այո, խլացման դեղը բարձրակարգ էր, այն ներգործեց ակնթարթորեն։ Բոլորը Կատարինեից երես են թեքել, երկու հոգի էլ թևերից բռնած, դուրս են տանում, քանի որ նրան հանգստացնելու որևէ միջոց այլևս չկա։ Ավելին, շատախոս կնոջից հիասթափված դերասաններն էլ են համոզված՝ խեղճ հանդիսատեսն էլ է մեղք կրակն են ընկել շատախոս կնոջ ձեռքին․․․ Իսկ դատավորը․․․ Կարծես ամենաերջանիկն ինքն է։ Բոլորն արդեն ուժասպառ լինելու չափ հիասթափվել են, իսկ Բոտայլը փայլատակող աչքերով է․․․ Բեմում ժխոր, աղմուկ է, իսկ Բոտայլը ժպտում է։ Այո, նա բուժվել է։ Բոտայլն այլևս խուլ է․․․

* * *

Ռեժիսոր Հայկ Մնացականյանին հաջողվել է Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնի ներկայացումների ցանկը համալրել ժանրային նորույթով՝ կատակերգությամբ, որտեղ ներդրել է յուրօրինակ նորարարական լուծումներ։ Կատակերգությունում դերերի իրենց կատարումներով փայլեցին Միքայել Մաշուրյանը, Լյուդմիլա Պետրոսյանը, Մհեր Ղազարյանը, Ակսել Բակունցը, Աննա Հովակիմյանը, Հարութ Բադիրյանը, Գառնիկ Մկրտչյանը (ներկայացման մեջ՝ դատավորի քարտուղար Ժիլ)։

Նրանցից յուրաքանչյուրն առանձնանում էր ասելիքի ուրույն ոճով, ընդգծված անհատականությամբ, վստահված գործի հանդեպ բարձր պատասխանատվությամբ, հոգեբանական ապրումների  խոր վերլուծության և ինքնակատարելագործման ձգտումներով։

Պակաս կարևոր չէ թատրոնի օժանդակ կազմի նպատակադրված թիմային աշխատանքը՝ նպաստել ներկայացման բարձրակարգ բեմականացմանը։ Նրանք են՝ նկարիչ Անի Կրեչյանը, պարուսույց Էլմիրա Լալաբեկյանը, տեխնիկական ռեժիսոր Արծվիկ Բակունցը, բեմի պատասխանատու Կարեն Աղաջանյանը, լուսային օպերատոր Վահե Մալինցյանը, երաժշտական օպերատոր Արման Խաչատրյանը, ադմինիստրատոր Նոնա Բաղդասարյանը։ Ներկայացման հաջողությունը պայմանավորված էր նաև դեկորատոր-բուտաֆորիստ Շուշանիկ Սիմոնյանի, աքսեսուարների վարպետ-ռեկվիզիտոր Լորիկ Պետրոսյանի, բեմի բանվոր Երվանդ Եղյանի, հանդերձապահ Անուշ Հայրապետյանի նվիրական աշխատանքով։

Հոդվածի պատրաստման ընթացքում տեղեկատվական անհրաժեշտ աջակցություն ցույց տվեց  թատրոնի հանրային կապերի պատասխանատու-մենեջեր Մանե Կարապետյանը, ում մեր շնորհակալությունն ենք փոխանցում։

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին

05.12.2025 21:56

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39