Ուխտագնացություն միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի հետքերով

06.08.2024 16:54
983

Օգոստոսի 4-ին ուխտագնացություն կատարեցինք Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների մեծագույն զավակներից մեկի՝ Մոմիկի հետքերով…

Տաթևի վանական համալիրում բազում անգամ էինք եղել ու տեսել Սուրբ Գրիգոր եկեղեցին, որ կառուցել էր Մոմիկը:

Տարիներ առաջ էլ Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքում էինք, որի հեղինակը նույնպես Մոմիկն է:

Այս անգամ այցելեցինք Նորավանք…

Վանքի պատմությունն անբաժանելի է Մոմիկի գործունեությունից (1259-1333 թթ.):

Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում Սուրբ Աստվածածին  (Բուրթելաշեն) եկեղեցին  (1339 թ.), որը Մոմիկի աշխատանքներից վերջինն է: Այն հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է:  Եկեղեցու հարավային կողմում պահպանվել է Մոմիկի՝ իր իսկ կերտած խաչքար-մահարձանը:  Կառույցի կիսագետնափոր առաջին հարկում դամբարանն է։ Այն աչքի է ընկնում գեղակերտ խաչքարերով և ավետարանիչների պատկերաքանդակներով։

Արևմտյան մուտքի երկու կողմից պատի հետ վեր բարձրացող նեղ պահունակային աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկի աղոթարան, որն արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով։ Խորանի վերնամասում՝ զույգ հրեշտակներով շրջապատված, Քրիստոսի պատկերաքանդակն է, իսկ արևելյան լուսամուտից անմիջապես վեր քանդակված է Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին։ Չորս ավանդատներ ունեցող հորինվածքը պսակվում է սյունազարդ ռոտոնդայով, որի վրա հենված է գմբեթը։ Ռոտոնդայի 12 սյուներին պատկերված են թռչնաքանդակներ, ինչպես նաև պատվիրատուի՝ Բուրթել իշխանի դիմապատկերը՝ կառույցի մանրակերտը ձեռքին։

Եկեղեցու ճակատներին արված են հարթաքանդակներ, որոնք պատի զանգվածից կարծես առանձնանում են ծեփածո կլորավուն քանդակներով, կամարներով և մեծաչափ խաչերով։ Արևելյան ճակատին պատկերված է Օրբելյան իշխանական տան տոհմանշանը՝ արծիվ, որի մագիլներում եղնիկ է։ Հյուսիսային և հարավային ճակատների լուսամուտի բացվածքները պսակում են կամարաձև ծեփածո զարդաքանդակները։ Դամբարանային հարկի բարավորի և երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարի երկու հարթաքանդակները կերտվել են Մոմիկի կողմից: Դրանցից առաջինը պատկերում է գահին բազմած Սուրբ Կույսին՝ Քրիստոսը ծնկներին, երկու կողմից շրջապատված Գաբրիել և Միքայել հրեշտակապետերով:

Այնուհետև այցելեցինք Սուրբ Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցի, որը 1261-ին վերակառուցել է ճարտարապետ Սիրանեսը՝ Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ: Այն կրկին վերակառուցվել է 1321-ի երկրաշարժից հետո՝ հավանաբար Մոմիկի կողմից: Այդ ժամանակ էլ Մոմիկի կողմից իրականացվել են երկու բարձրարժեք պատկերաքանդակները՝ շքամուտքի և վերին լուսամուտի բացվածքի ճակատակալ քարերին:

Վերին պատուհանի քանդակը Հայր Աստծո, Ադամի, Քրիստոսի, և աստվածաշնչյան թեմաներով զարդաքանդակների եզակի գործ է: Հորինվածքի կենտրոնում Հայր Աստծուն պատկերում է իրական՝ մորուքավոր մարդու կերպարանքով: Այդ բարձրաքանդակը ողջ ուժով բնորոշում է Մոմիկ քանդակագործի կատարողական արվեստի վարպետությունը:

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուն (արևմտյան կողմից) կից է գավիթը, որը կառուցվել է իբրև Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատուն:

 Եղանք նաև Սուրբ Գրիգոր մատուռ-տապանատանը: Օրբելյանների համար կառուցված այս փոքրիկ դամբարան-մատուռը երբեմն անվանում են «Սմբատի գերեզման», քանի որ այստեղ է ամփոփված վերջինիս աճյունը։

Դամբարանի ճարտարապետը Սիրանեսն է։ Այն կառուցվել է 1275 թվականին։ Եկեղեցու ներսում թաղված են Օրբելյան իշխանական ընտանիքի 10 անդամները։ Մեծաչափ տապանաքարերից ամենից ուշագրավը Էլիկումինն է: Նրա տապանաքարի վրա փորագրված է «մեդալիոն» կրող ննջող առյուծ, որը խորհրդանշում է ճակատամարտերում ցուցաբերած նրա քաջությունը։

Այստեղ են գտնվում նաև Տարսայիճի, Էլիկումի մոր և եղբոր՝ Սմբատի, տապանաքարերը։

Նորավանքից հետո այցելեցինք Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որտեղ պահվում է Մոմիկի խաչքարերից մեկը, որը 1983-ին Նորավանքի վանական համալիրից տեղափոխվել է այդտեղ։

Այն հավանաբար 1300-1312 թվականներին է կերտվել: Այս խաչքարը Մոմիկի արհեստավարժ աշխատանքի և խաչքարագործության ասեղնագործական տեխնիկայի զարմանալիորեն լավ պահպանված օրինակ է, որում դեկորատիվ և նուրբ քարե տարրերն ասեղնագործական աշխատանք են հիշեցնում: Նորավանքի տեղական քարի վրա փորագրված այս խաչքարի բարձրությունը 217 սմ է, խորությունը՝ 24 սմ։ Կամարաձև խորանի կենտրոնում գտնվող դրվագազարդ խաչը փորագրված է վանդակավոր նախշերի վրա՝ ի ցույց դնելով Մոմիկի տաղանդը: Դրանից ներքև տիեզերքը կամ հավերժությունը խորհրդանշող վարդյակն է: Խաչի երկու կողմերում վեցական շեղանկյունիների մեջ պատկերված են 12 առաքյալների դիմապատկերները` մինչև գոտկատեղը:

Ամենավերևում հնգաթև կամարակապ խորշն է՝ «Քրիստոսը փառքի մեջ» պատկերաքանդակով: Քրիստոսի աջ ձեռքը բարձրացված է, և ցուցամատն ու միջնամատը միացած են բութ մատին՝ որպես օրհնության նշան: Նրա ձախ ձեռքին մի գիրք կա, որի շապիկին հայերեն փորագրված է՝ «Ես եմ լոյսն աշխարհի»: Քրիստոսի երկու կողմերում պատկերված են չորս ավետարանիչների խոհրդանշանները. արծիվը` Հովհաննեսի, մարդը` Մատթեոսի, առյուծը` Մարկոսի և ցուլը՝ Ղուկասի պատկերներով։

Մեզ համար մեծ պատիվ էր Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ հանդիպումը  և նրա ընկերակցությամբ Եղեգնաձորի թանգարանում Մոմիկի խաչքարերից այդ մեկին ծանոթանալը:

Պատվելի սրբազանի հետ եղանք նաև Վայոց ձորի թեմի «Սիրանույշ» ճամբարում, ինչպես և «Լուսիտուր» հանգստյան գոտում: Այնտեղ էլ հարցազրույց ունեցանք Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ, որը կհրապարակենք առաջիկա օրերին:

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40