Իսկական անունը Սարգիս էր կամ Սերգէյ Յովհաննիսեան։ Ղափանի Զէյվա գիւղից էր, ծնւած 1879 թւին, զինագործի մի համեստ ընտանիքում:
Ծնողների չքաւորութեան պատճառով, Արամը վաղ մանկութիւնից ճաշակեց կարիքի բոլոր դառնութիւնները։ Ուսում էլ կարողացաւ առնել միայն շնորհիւ Շուշում դերձակութիւն անող մեծ եղբօր օգնութեան: Նախնական կրթութիւնը ստացաւ Շուշու Ագուլեաց ծխական դպրոցում եւ 11 տարեկան հասակից կարողացաւ մտնել Շուշու թեմական դպրոցը:
Աշխատասէր, խելացի և ընդունակ տղայ էր և դպրոցում ցոյց էր տալիս աչքի ընկնող յաջողութիւն։
Սիրւած էր և՛ ուսուցիչներից, և՛ ընկերներից, որոնց մէջ հետզհետէ ձեռք բերեց լայն հեղինակութիւն:
Իննսական թւականներին Շուշին էլ յեղափոխական խմորումների վայր էր: Հ.Յ. Դաշնակցութիւնը արագ նւաճումներ էր գործում հասարակական զանազան խաւերի, բայց, մանաւանդ, երիտասարդութեան մէջ: Աշակերտութիւնը կազմակերպւում էր ինքնազարգացողական և յեղափոխական խմբակների մէջ, պատրաստւում էր ապագայ գործունէութեան։ Միւս կողմից, քնած չէին և պահպանողական ու կղերական տարրերը և ամէն կերպ աշխատում էին հակազդել յեղափոխական տրամադրութիւններին։ Շուշում վերջիններիս պարագլուխն էր թեմական դպրոցի տեսուչ տխրահռչակ Բենիկ վարդապետը՝ Հայաստանի այսօրւայ «ազատ եկեղեցու» սիւներից մէկը:
Արամը հէնց սկզբից ընկաւ դաշնակցական խմբերի մէջ և շուտով դարձաւ նրանց վարիչ դէմքերից մէկը: Մասնակցում էր ոչ միայն աշակերտական, այլ և դրսի կեանքին: Գնում էր գիւղերը կազմակերպական աշխատանքով: Շուշու թեմական դպրոցն այդ ժամանակ յեղափոխական աշակերտութեան կենտրոն էր, այնտեղից դուրս եկան յետագային նշանաւոր դարձած բազմաթիւ դաշնակցական գործիչներ:
Աշակերտութեան այս «ըմբոստ» և «անկարգ» տրամադրութիւնը չէր կարող տեսչի ուշադրութիւնը չգրաւել: Շուտով ծնունդ առաւ սուր բախում մանկավարժական կազմի ու հոգաբարձութեան և աշակերտութեան միջև։ Բենիկ վարդապետ դիմեց ոստիկանութեան. առաջ եկաւ ընդհարում։ Եւ հետևանքը եղաւ այն, որ բարձր դասարանների մի խումբ աշակերտներ, որոնց մէջ և Արամն ու Իշխանը, արձակւեցին դպրոցից և ոստիկանական ուժով արտաքսւեցին քաղաքից:
Հեռացւած աշակերտներին յաջողւեց մտնել Երևանի թեմական դպրոցը, ուր և նրանք աւարտեցին 1901 թւին: Արամը այստեղ էլ գործօն մասնակցութիւն ունեցաւ աշակերտական ու կուսակցական կեանքում և աչքի ընկաւ իր կազմակերպական կարողութիւններով և ձեռներէց ու յանդուգն բնաւորութեամբ:
Թեմական դպրոցն աւարտելուց յետոյ, Արամը 1902–ին գնաց Բագու՝ աշխատանքի: Գալիցինեան ռէակցիայի օրերն էին. դաշնակցութիւնը պատրաստւում էր պայքարել ցարական բռնապետութեան դէմ: Արամը պայքարի ջատագովներից էր և այդ ոգով էլ աշխատում էր աշակերտութեան և բանւորութեան մէջ։
Մինչև 1903 թ. Բագւում: Երբ սկսւեցին ցոյցերը եկեղեցական կալւածքների գրաւման առթիւ, Արամը, Բագւի կենտրոնական կոմիտէի կողմից ուղարկւեց Գանձակ՝ դիմադրութիւնը կազմակերպելու համար: Այստեղից անցաւ Կարս, որ այն օրերին դաշնակցական եռուն գործունէութեան վայր էր. այնտեղ էր պատրաստւում Երկիր մտնող մարտական խմբերի մի մասը։ Այնտեղ հաւաքւած էին դաշնակցական աչքի ընկնող գործիչներ - մարտիկներ ու քարոզիչներ: Գումանի ձիաւոր խումբը նոր էր մեկնել դէպի Սասուն՝ հետը տանելով Մուրատին, Կայծակ Առաքելին, Աւետիսին, Սեպուհին, Դուրբախին և ուրիշներին։ Պատրաստւում էր Խանի խումբը: Տաճկական Բասէնում աշխատում էր Մենակը, Ռուսականում՝ Իշխանը: Աննկարագրելի եռուզեռ ու ոգևորութիւն էր տիրում ամէն կողմ։
Արամն էլ պատրաստւում էր անցնել Երկիր, թէև տեղական ընկերները պահանջում էին, որ նա մնայ, իբրև անփոխարինելի կազմակերպող ոյժ: Սակայն, նա չհամակերպւեց ու միացաւ Խանի խմբին, բայց ստիպւած եղաւ կէս ճանապարհից վերադառնալ. նրա թոյլ կազմւածքը և աչքի հիւանդութիւնը արգելք եղան ճանապարհը շարունակելու։
Քիչ յետոյ, ռուսների և թիւրքերի ձեռքով բնաջնջւեցին Երկիր մտնող խմբերը։ Ռուս դաժան բռնապետութիւնը գործում էր ձեռք ձեռքի Աբդուլ Համիտի հետ: Արամի ընկերներից շատերը նահատակւեցին. ազատ մնացողները մտան Երկիր կամ պատրաստւում էին մտնելու: Կարսի շրջանը այլևս դարձաւ անտանելի Արամի համար. «Խիղճս ինձ տանջում էր, որ ամենքը գնացին և նահատակւեցին, իսկ ես, կարծես մի խորամանկութեամբ, յետ մնացի»,- գրում է նա իր «Յուշեր»-ում:
Եւ Արամը որոշեց թողնել Կարսը և անցնել Սասուն: Բայց Թիֆլիս հասնելով՝ համոզւեց, որ Սասունի գործը վիժած է, և Հ.Յ.Դ. Բիւրօի առաջարկութեամբ, 1904 թ. աշնանը, մեկնեց Վան: Այսպիսով սկիզբը դրւեց նրա գործունէութեան Վասպուրականում, որից դուրս եկաւ ապագայ Վանի Արամը:
Արամի այս ժամանակաշրջանի կեանքը, մինչև 1906 թ., երբ նա մեկնեց Կովկաս 4-րդ ընդհ. ժողովին մասնակցելու համար, նկարագրված է իր «Յուշեր»-ում, և մենք կանգ չենք առնի նրա վրա: Այդ «Յուշեր»–ը գրւած են 1917 թ. ամառը և կրում են գեղարւեստական դրւածքի բոլոր արժանիքները։ Նրանք ունեն ահագին դաստիարակչական նշանակութիւն նոր սերնդի համար: Ափսոս միայն, որ առանձին գրքով լոյս չտեսան և մնում են, շատերի համար անմատչելի, «Հայրենիք» ամսագրի էջերում:
Արտասահմանում Արամը մնաց մօտ կէս տարի: Վիէննայի ընդհ. ժողովին նա և Իշխանը հարուստ նիւթ մատակարարեցին Երկրի գործունէութեան մասին։ Խիստ բարերար եղաւ Արամի ներկայութիւնը և ընկերվարականների և հակաընկերվարականների պայքարում. Արամը կենտրոնում էր, Ռոստոմի կողքին և, հակառակ երիտասարդ տարիքին, խոշոր ազդեցութիւն ունէր թէ մարտիկ և թէ երիտասարդ ընկերվարական ընկերների վրա։
Ընդհ. ժողովից յետոյ նորից վերադարձաւ Վան, ուր մնաց մինչև Օսման. Սահմանադրութեան օրերը։ Վանում նա կենտրոնական դէմք էր։ Նրա շուրջ էին համախմբւած միւս ընկերները, որոնց ջանքերով հաւաքւեց ահագին զէնք ու ռազմանիւթ։ Դաւօի դաւաճանութեան հետևանքով բացւած պահեստները ցոյց տւին, թէ ինչ հսկայական աշխատանք էր կատարւած: Իսկ աւելի ուշ պարզւեց նաև, թե մշակութային- կազմակերպչական տեսակէտից էլ Արամի և ընկերների ներկայութիւնը Վանում եղել էր վերին աստիճանի բարերար, մի ամբողջ սերունդ էր ստեղծւել Արամի և Իշխանի շնչի տակ:
Սահմանադրութիւնից յետոյ Արամը ուսուցչութեամբ զբաղւեց Օրդուում և 1911–ին անցաւ Ժընև, ուր անցկացրեց մօտ մի տարի: Բայց Եւրոպան նրան չէր կարող երկար գրաւել: Շուտով նորից վերադարձաւ Երկիր և մի տարի Օրդուում ուսուցչութիւն անելուց յետոյ, կրկին անցաւ Վասպուրական, որը դարձել էր նրա իսկական հայրենիքը:
Ու այնուհետև մի քանի տարի շարունակ, մինչև 1915 թ. յուլիսեան նահանջը, Արամը մարմնաւորեց Վասպուրականի ազգային, մշակութային ու դաշնակցական կեանքը։ Ինչպէս Ռոստոմը բովանդակ կուսակցութեան մէջ, Արամը Վասպուրականում ամէն ինչ էր. դպրոց, ազգային մարմիններ, տեղական մամուլ, երեկոյթ ու ժողովներ, երիտասարդական շրջաններ, գաւառ, Աղթամար — ամէն տեղ էր և ամէն ինչ: Կուսակալը նրան էր դիմում խորհուրդների համար։ «Արամ փաշան» լայն հեղինակութիւն ունէր և քիւրդերի մէջ։ Եւ հասկանալի է այն կատաղութիւնը, որով Վանի աղաների ու չարչիների խմբակը յարձակւում էր նրա վրա. Արամը և նրա ներկայացրած կուսակցութիւնը աշխատաւորութեան իրաւունքներն ու շահերն էր պաշտպանում և պայքարում էր վաշխառութեան և ամէն կարգի շահագործումների դէմ…
Վրա հասաւ 1914 թւականը։ Պատերազմ: Զարհուրելի կացութիւն ստեղծւեց Երկրի և հայ ժողովրդի համար։ Մահւան ուրւականը սաւառնում էր նրա գլխին: Արամը մնաց Վանում և Վռամեանի, Իշխանի և միւս ընկերների հետ հերոսական ճիգ էր թափում վերահաս աղէտի առաջն առնելու համար։
Յիշում եմ նրա մի նամակը Հ.Յ.Դ. Բիւրօին, 1914-ի աշնանը, գրւած կտաւի կտորի վրա, քիմիական մատիտով։ Մի քանի հատու խօսքերով ներկայացնում էր կացութիւնն ու կոտորածի անխուսափելիութիւնը եւ խնդրում շուտով օգնութեան հասնել։ Այդ նամակի վրա էր, որ Անդրանիկի կամաւորական խումբը Պարսկաստանից աշխատեց օր առաջ հասնել Վան, բայց չկարողացաւ...
Վանում, բարեբախտաբար, կոտորած չեղաւ: Ջևտէթի ուժերը պարտւեցին, և 1915 թ. ապրիլին Վասպուրականը ազատւեց: Եւ ոչ ոք չզարմացաւ, երբ ռուս հրամանատարութեան կողմից Արամը նշանակւեց Վանի նահանգապետ։ Այդպէս էլ պէտք է լինէր. չէ՞ որ նա էր գլխաւորել Վանի ազատամարտը։ Չէ՞ որ նա միակ մարդն էր, որի հեղինակութիւնւ այն օրերին ճանաչում էին ամենքը — և՛ նրանք, որոնք այսօր երկիւղածութեամբ են արտասանում նրա անունը, և՛ նրանք, որոնք, կրքից կուրացած, ցեխ են քսում նրա յիշատակին։
Արամի նահանգապետութիւնը կարճ տևեց — ընդամենը չորս ամիս։ Բայց այդ չորս ամսում էլ, անհնարին ծանր պայմաններում, նրան յաջողւեց կարգ ու օրէնք հաստատել շրջանում և կազմակերպել կառավարական մեքենան: Այդ օրերին Վասպուրականը իրական Հայաստան էր, ուր վերաշինական աշխատանք էր կատարւում տենդագին։ Լճի հարաւային եզերքներից դեռ թնդանօթի որոտ էր հասնում և այդ երաժշտութեան տակ վանեցին, մրջիւնի ժրաջանութեամբ, հարստութիւն էր ամբարում, իսկ երիտասարդութիւնը փարած էր մշակութային աշխատանքի։ «Աշխատանք» թերթը երազում էր գւիցերական կարգեր…
Յուլիսեան նահանջը ահաւոր հարւած էր Երկրի վերապրող ժողովրդի համար։ Շէն Վասպուրականը քար ու քանդ եղաւ: Խորտակւեց և Արամի հոգին։ Մի պահ նա սոսկալի տագնապ էր ապրում, բայց հէնց որ հնարաւոր դարձաւ, երիտասարդութեան գլուխն անցած, նորից ուղևորւեց Վան, ուր այս անգամ երկար չմնաց ու կրկին վերադարձաւ Կովկաս։ Եւ Թիֆլիսում ընկաւ անկողին՝ հիւանդ. յօդացաւը, աչքի հիւանդութիւնը սուր տանջանք էին պատճառում նրան: Ընկերների պնդումի վրա նա մեկնեց Ղրիմ, Սակիի ցեխաբուժարանը, և մի քանի ամսից յետոյ վերադարձաւ բոլորովին առողջացած: Այս շրջանում էր, որ գրի առաւ իր յուշերը։
1916 և 17 թւականները Արամը անցկացրեց Թիֆլիսում: Մասնակցում էր Ազգ․ Բիւրօի, Արևմտահայ մարմինների և Հ.Յ. Դաշնակցութեան աշխատանքներին:
Ռուսական յեղափոխութիւնից յետոյ Արամն էլ սթափւեց ու նոր շունչ առաւ: Թիւրքահայ նահանգների առանձին նահանգապետութեան յայտարարութիւնը և ներգաղթի ու վարչութեան կազմակերպութիւնը նոր բովանդակութիւն ու թափ տւին Արամի գործունէութեան. նա բժ. Յ . Զաւրեանի աջ բազուկն էր, արեւմտահայ կազմակերպութիւնների ու մարմինների գլխաւոր ոյժը: Արևմտահայերի Երևանի համագումարում նա արտասանեց բացման ճառը և գործօն մասնակցութիւն ունեցաւ բոլոր աշխատանքներին: Կենտրոնական դէմք էր նաև Ռուսահայոց Խորհրդաժողովում 1917 թ. սեպտեմբերին, ուր ընտրւեց Ազգային Խորհուրդը։ Շատ կենդանի մասնակցութիւն ունեցաւ Ազգային Խորհրդի աշխատանքներին։ Եւ Ազգային Խորհրդի կողմից էլ մեկնեց Երևան, իբրև լիազօր ներկայացուցիչ` տեղական գործերը վարելու համար։
Արամի գործունէութիւնը Երևանում, նրա դիկտատորութիւնը, Սարդարապատի ու Բաշ Աբարանի հերոսամարտերում և Հայաստանի պետականութեան հաստատման գործում կատարած դերը այնքա՜ն թարմ են ու հանրածանօթ, որ հազիւ թէ պէտք լինի խօսել նրանց մասին։ Այս շրջանում էր, որ առանձնապէս երևան եկան նրա արտակարգ կարողութիւնները, յեղափոխական, կազմակերպչական ու պետական տաղանդը։ Իզուր չէ, որ հանրային կարծիքը նրան է համարում Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր. պատմութեան արդար գնահատութիւնն է այդ։
1918 թ. դեկտեմբերին, երբ բծաւոր տիֆը կոտորած էր անում Երևանում, վարակւեց և Արամը: Հիւանդութիւնը եղաւ երկար ու տաժանելի, և 1919 թ. յունւ. 29–ին նա փչեց վերջին շունչը։ Հայ ժողովուրդը նրան արաւ յուղարկաւորութիւն, որպիսին չէր տեսել Երեւանը. ամբողջ քաղաքը լալիս էր և երկիւղածութեամբ հետևում նրա դագաղին։ Արամի մարմինը տեղաւորւեց Երևանի հասարակաց գերեզմանատանը, Հ. Յ. Դաշնակցութեան Պանթէոնի բաժնում, Մասիսի աչքերի առջև…
Սիմոն Վրացեան
«Դրօշակ» Յունուար-Փետրուար 1929
Թիւ 1-2 (284-285)