Պետությունն իր կողմից ինչ կարող է անում է, որ Թեղուտի հանքը գործարկվի

18.02.2019 16:46
1063

2018 թվականի տարեսկզբին Թեղուտի հանքավայրն ընդամենը երեք տարվա գործունեությունից հետո փակվեց, 1200 աշխատողների մեծ մասը մնաց գործազուրկ։ Սկզբում ղեկավարները հայտարարեցին, որ աշխատանքի դադարը ժամանակավոր է՝ ընդամենը պլանային վերանորոգումների պատճառով: Հետո արդեն պարզ դարձավ, որ հանքը շահագործող «Վալլեքս» ընկերության շուրջ 380 միլիոն դոլարի պարտքի պատճառով հանքն անցել է ռուսական «ՎՏԲ» բանկին։

Հանքի սեփականատեր դարձած «ՎՏԲ» բանկը համաձայնության էր եկել Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» հետ: Ընկերության, «ՎՏԲ» բանկի, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի և կառավարության միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ հանքը վերագործարկելու մասին։

Վերջին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կառավարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո գործի նախաձեռնողները` այն ժամանակ ՀՀ վարչապետի օգնական, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ Ալավերդի քաղաքում հանդիպեցին հանքավայրի արդեն գործազուրկ դարձած աշխատակիցներին և վստահեցրին, որ հանքը դարձյալ վերագործարկվելու է:

Այսօր սոցցանցում տեղեկություն տարածվեց, թե դեռ չի գտնվել մի մարդ կամ կազմակերպություն, որը պատրաստ կլինի 300 մլն դոլար ներդնելու և վերաշահագործարկելու հանքը: Իսկ «ՎՏԲ»-ն էլ այս հարցով առանձնապես մտահոգված չէ:

«Պետությունը իր կողմից ինչ կարող է, անում է»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ չկան մարդիկ, ովքեր կցանկանան ներդրում կատարել Թեղուտի հանքի վերագործարկման համար, այնինչ նոյեմբերին` նախընտրական շրջանում, Արեն Մկրտչյանը ներդրողների հետ այցելել էր այնտեղ և խոսվել էր, որ հանքը կվերագործարկվի, Սիսեռյանը պատասխանեց. «Ճիշտ չի լինի, որ մանրամասներ փոխանցեմ, որովհետև հիմա շատ ակտիվ փուլի մեջ ենք: Բայց կարող եմ ասել, որ ինչ ճանապարհով գնում ենք, եթե հաջողենք և կողմերի միջեւ մեր միջնորդությամբ համաձայնություն լինի, կարծում եմ, մեծ հավանականություն կա, որ հանքը կաշխատի»:

Մեր հարցին, թե ո՞վ է ներդրում կատարողը, Սիսեռյանը պատասխանեց. «Չէ, կներեք, կոռեկտ չի լինի: Որովհետև պետք է արդեն պայմանավորվածություն լինի, ստորագրություն լինի հետո: Եթե լուծում եղավ, այս կամ այն կերպ աշխատելու է հանքը»:

Մեր հարցին՝ հստակ ժամկետներ կա՞ն, թե երբ կաշխատի հանքը, Սիսեռյանը պատասխանեց. «Ես 4 ամիս առաջ ասում էի՝ շատ մոտ է: Արդեն 4 ամիս անցավ, չեմ ուզում էլի նույն տպավորությունը մարդկանց մոտ լինի, որովհետև իրականում մենք միջնորդ ենք, բայց իրավունք չունենք միջամտելու, ճնշելու կամ համոզելու, որ որոշում կայացնեն: Դրա համար կարող եմ ասել, որ իրականում մեզնից կախված չէ: Պետությունը իր կողմից ինչ կարող է, անում է եւ երկու կողմերին էլ օգնում է` բերելով մեկ սեղանի շուրջ, որպեսզի մարդիկ համաձայնության գան և աշխատեն»:

Մեր հարցին, թե նախընտրական շրջանում ռուսաստանահայ գործարար էր այցելել հանք, արդյո՞ք նույն մարդու հետ են բանակցություններ տեղի ունենում, Սիսեռյանը պատասխանեց. «Սխալ է անուն տալը, որովհետեւ մարդը հիմա ուսումնասիրում է, նայում է: Եթե անունը տամ, մարդիկ զանգելու են, փնտրելու են: Միգուցե չի ուզում: Մենք ամեն դեպքում պայմանավորվել ենք, որ այս ամեն ինչի ավարտից հետո գնանք և պաշտոնական քննարկենք»:

Մեր հարցին, թե մե՞կ մարդ է հետաքրքրված, Սիսեռյանը պատասխանեց. «Ոչ, տարբեր մարդիկ կան հետաքրքրվող: Այս ամիսների ընթացքում էլ շատ մարդիկ եկան գնացին: Հիմնականը կախված է նաև «Վալլեքս»-ի և ՎՏԲ-ի միջեւ բանակցություններից: Կան լուրջ ներդրողներ: Այս մարդը, որը եկավ եւ նաև մյուս մարդը, որ եկավ, բավականին լուրջ մարդիկ էին և իրենց ծրագիրը բավական երկարաժամկետ և հեռանկար ունեցող ծրագիր է»:

Աղբյուր՝ https://armtimes.com

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54