Առարկություններ Հրաչ Ջաբրայանի հայցադիմումի վերաբերյալ

18.08.2015 11:56
3312

Հարգելի՛ դատարան

Ձեր վարույթում է գտնվում թիվ ՍԴ/0194/02/15 քաղաքացիական գործն ըստ Հրաչ Ջաբրայանի հայցի (այսուհետ` նաեւ Հայցվոր) ընդդեմ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի ու Սամվել Գասպարյանի` Հրաչ Ջաբրայանից հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ «Սյունյաց երկիր» թերթում դատավճիռը հրապարակելու, ինչպես եւ (համապարտության կարգով) հօգուտ Հրաչ Ջաբրայանի մեկ մլն դրամ (իբրեւ փոխհատուցում) բռնագանձելու մասին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Հոդված 95-ի` ուղարկում ենք մեր պատասխանը:

Նախապատմություն

2015թ. փետրվարի 19-ին, իրոք, «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի հիմնադրած «Սյունյաց երկիր» թերթի կայքում հրապարակվել է Կապանի լեռնահանքային կոմբինատի նախկին գլխավոր ճարտարագետ Սամվել Գասպարյանի` թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին հղած նամակը (ռուսերեն լեզվով)` «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի ներկայիս տնօրեն Հրաչ Ջաբրայանի գործունեությանն առնչվող:

Նույն նամակն այնուհետեւ լույս է տեսել «Սյունյաց երկիր» թերթի 2015թ. փետրվարի 28-ի N6 (349) տպագիր տարբերակում:

Հայցվորի նկատառումները

Հրաչ Ջաբրայանը կարծում է, որ վերոգրյալ հոդվածում ոտնահարվել են Հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը (հայցադիմումի վերջին տարբերակը դատարան է ներկայացվել 2015թ. մարտի 17-ին):

Ըստ Հայցվորի` Սամվել Գասպարյանն ուղղակիորեն, իսկ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն անուղղակիորեն վիրավորել են Հրաչ Ջաբրայանին:

Ըստ Հայցվորի` հոդվածում օգտագործվել են վիրավորանք պարունակող հետեւյալ արտահայտությունները` ա) լսիր, ծաղրածու, բ) անալիտիկ մտածողության բացարձակ բացակայություն, թույլ մասնագիտական գիտելիքներ, կոլեկտիվի ղեկավարում` հիմնված էմոցիաների եւ սուտ պատրիոտիզմի վրա, այսինքն՝ ոչ մի գործնական հատկանիշ, քեզ համար ենթադրում են միայն մեկ պաշտոն աշխատելու համար` «կորպորատիվ երեկույթների կազմակերպման» մենեջերի պաշտոնը, ինչով եւ դու հայտնի ես դարձել լայն հանրությանը քո թիմի հետ ամենշաբաթյա թանկ սպիրտային խմիչքների դեգուստացիաներով տարբեր խմիչք օգտագործելու համար նախատեսված վայրերում, գ) քո «մասնագետներին» միայն մնում է ուղեղն աշխատացնել, եթե նրանք դրանից ունեն, դ) չէ, դու հիմար չես, դու տականք ես, ե) իմ բարի խորհուրդը քեզ` անհաջողակ մենեջերին եւ դատարկ խոսացողին` փախիր մեր երկրից, զ) դու տականք ես…

Ի դեպ, մենք օգտագործեցինք թարգմանության (ռուսերենից հայերեն) Հայցվորի տարբերակը:

Ըստ Հայցվորի` «Այդ արտահայտությունները կատարված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված այլ` զանգվածային լրատվության միջոցով գրավոր հրապարակմամբ: Այդ արտահայտությունները հետապնդում են Հրաչ Ջաբրայանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու նպատակ, որովհետեւ ենթադրում են Հրաչ Ջաբրայանի անձի դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում: Այդ արտահայտությունները կատարված են հրապարակայնորեն, որովհետեւ տեղ են գտել զանգվածային լրատվությանն միջոցում եւ հասանելի են դարձել լայն շրջանակի: Նշված արտահայտություներից որեւէ մեկը չի կարող հիմնված լինել որեւէ ստույգ փաստի վրա»:

Հայցի վերաբերյալ ունենք առարկություններ, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն չի կարող պատշաճ պատասխանող լինել տվյալ հայցի առումով

«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն, իրոք, «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիրն է: Բայց «Սյունյաց երկիրը» զանգվածային լրատվամիջոց է` պետականորեն գրանցված (գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 15.09.2003թ.): Լրատվամիջոցն ունի պատասխանատու` գլխավոր խմբագիր, ում լիազորությունները սահմանված են թերթի կանոնադրությամբ եւ ամրագրված են գործող գլխավոր խմբագրի հետ կնքված աշխատանքային պայմանագրով:

Ըստ թերթի կանոնադրության` «Խմբագրության ստեղծագործական աշխատանքներում գլխավոր խմբագիրը ղեկավարվում է սույն կանոնադրությամբ, պատվիրում, ուսումնասիրում եւ հրապարակում է հոդվածներ, նամակներ եւ այլ նյութեր` իր հայեցողությամբ» (կանոնադրության 3.7 կետը):

Ըստ գլխավոր խմբագրի հետ կնքված աշխատանքային պայմանագրի` գլխավոր խմբագիրը «կազմակերպում է թերթի գործունեությունը ՀՀ գործող օրենքների, ինչպես եւ թերթի կանոնադրության հիման վրա: Պատվիրում, ուսումնասիրում, հրապարակում է հոդվածներ, ստեղծագործություններ, նամակներ եւ ըստ իր հայեցողության այլ նյութեր: Խմբագրման հիմնական կանոների համաձայն` խմբագրում է հրապարակման ներկայացվող նյութերը» (պայմանագրի 2.1 կետ):

Հետեւաբար` եթե լրատվական գործունեության հետ կապված խնդիր է առաջանում, ապա պատասխանող կարող է լինել միայն ու միայն թերթի գլխավոր խմբագիրը, ով` «ա) պարտավոր է ապահովել թերթի կանոնադրական պահանջների կատարումը, բ) պատասխանատու է խմբագրության աշխատանքի արդյունքների համար, գ) համաձայն օրենքի՝ տալիս է հերքում կամ շահագրգռված քաղաքացիներին ու կազմակերպություններին թույլատրում է հանդես գալ պատասխանով» (կանոնադրության 3.6 կետ):

Թերթի ամեն մի թողարկում պետք է ունենա թողարկման պատասխանատու (յուրաքանչյուր թողարկումի մեջ ներառելով նրա անունը, ազգանունը): Դա «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Հոդված 11-ի 3-րդ կետի պահանջն է, ինչն արտացոլվում է «Սյունյաց երկրի» բոլոր թողարկումներում (նշված համարում նույնպես արտացոլված է):

Այնպես որ` «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող պատասխանող լինել տվյալ հայցով:

Հրաչ Ջաբրայանի հայցադիմումի մեջ չկա գոնե մեկ բառ կամ նախադասություն` «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի` Հայցվորի հասցեին իբր հնչեցված վիրավորական արտահայտություններին առնչվող:

Հայցադիմումի մեջ չկա գոնե մեկ բառ կամ նախադասություն, որոնք կհիմնավորեին «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի պատասխանատու լինելու իրավական հիմքը:

Հրաչ Ջաբրայանը գոնե պետք է ասեր` «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքի եւ ո՞ր դրույթն է խախտել:

Կամ` ՀՀ ո՞ր օրենքի եւ ո՞ր դրույթի համաձայն՝ ՍՊ ընկերությունը պետք է առնչակցություն ունենար «Սյունյաց երկրում» հրապարակված որեւէ հոդվածի կամ նամակի հետ:

Հիմնադիրը թերթի կանոնադրության մեջ հռչակել է «Թերթի նպատակներն ու խնդիրները», թերթն էլ բարեխղճորեն իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները:

Կամ` ՍՊ ընկերության, թերթի կանոնադրության, գլխավոր խմբագրի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ո՞ր կետի համաձայն ՍՊԸ-ն պետք է առնչվեր թերթում հրապարակվող նյութերին:

Հրաչ Ջաբրայանն առնվազն պետք է ասեր, թե իր մասին գրված հոդվածի հետ (որի հեղինակը հայտնի է) ի՞նչ կապ ունի «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն:
Ելնելով վերը շարադրվածից` պնդում ենք` «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն տվյալ հայցով պատասխանող չի կարող լինել:

Սույն գործընթացը լրատվամիջոցի եւ լրատվական գործունեություն իրականացնողի հանդեպ հարկադրանքի եւ ճնշման նոր դրսեւորում է

Տվյալ հայցով «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ին պատասխանող ճանաչելն ու պատասխանատվության ենթարկելու վարժանքն ուղղակի ոտնձգություն է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հանդեպ:

Փաստորեն Հայցվորը փորձում է դատարանի ուժով խոչընդոտել «Սյունյաց երկիր» թերթում Կապանի կոմբինատի ու նրա անցավոր տնօրենի վերաբերյալ նյութերի, անգամ նամակների հրապարակումը:

Մինչդեռ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Հոդված 4-ի 3/2 կետը հռչակում է` «Արգելվում է` որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ»:

Հայցվորը, ամեն ինչից զատ, նաեւ չի գիտակցում, որ թերթի խմբագրությունը (գլխավոր խմբագիրը) իրավունք չունի գրաքննել հրապարակման ներկայացված նյութը:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Հոդված 4-ի 3-րդ կետի համաձայն` «Արգելվում է` 1) գրաքննությունը»:

Դա նշանակում է, որ Սամվել Գասպարյանի նամակը` ուղարկված թերթի խմբագրին, չէր կարող գրաքննվել եւ միջամտության ենթարկվել, մանավանդ որ հեղինակը հանքարդյունաբերության ոլորտում ճանաչված մասնագետ է եւ խոսում է այդ ոլորտի խոշոր ձեռնարկություններից մեկում ստեղծված մտահոգիչ վիճակի մասին: Ե՛վ օրենքի տեսակետից, ե՛ւ բարոյական տեսակետից թերթի խմբագիրն իրեն իրավունք չի վերապահել գրաքննել հոդվածը կամ միջամտել դրա բովանդակությանը:

Հայցն իրավական անգրագիտության գլուխգործոց է

Արդեն նշեցինք, որ Հայցվորը քանիցս շրջանցել է գործող օրենսդրությունը: Սակայն օրենքի պահանջների անտեսումը շարունակվում է հայցի ամբողջ շարադրանքի մեջ:

Հայցի իրավական հիմնավորման մեջ (եթե, իհարկե, դա իրավական հիմնավորում կարելի է համարել) ընդամենը մեկ նախադասություն է գրում «Սյունյաց աշխարհին» իբր առնչվող: Ահա` «Տվյալ դեպքում հոդվածի հեղինակն է Սամվել Գասպարյանը (ուղղակիորեն վիրավորանք հասցնող), իսկ այն հրապարակել է «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն (անուղղակիորեն վիրավորանք հասցնող) իր «Սյունյաց երկիր» թերթի էլեկտրոնային կայքում եւ տպագիր համարում»:

Հետեւաբար` Հայցվորը «Սյունյաց աշխարհին» երկու «մեղադրանք» է ներկայացնում`

ա) հրապարակել է Սամվել Գասպարյանի հոդվածը,

բ) անուղղակիորեն վիրավորանք է հասցրել Հրաչ Ջաբրայանին:

Արդեն ասացինք, որ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն հոդված հրապարակող չէ, հոդվածն ուրիշն է հրապարակել, որի ով լինելը հայտնի է:

Ինչ վերաբերում է «անուղղակիորեն վիրավորանք հասցնելուն», ապա… Նախ` ի՞նչ ասել է «անուղղակի վիրավորանք», առհասարակ իրավագիտության մեջ կա՞ նման եզրույթ: Որքանով տեղյակ ենք` նման եզրույթ գոյություն չունի, կա միայն «վիրավորանք» եզրույթը, որի իմաստը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում` «Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն է»:

Ինչպես տեսնում եք, «անուղղակի վիրավորանք» եզրույթ չկա վիրավորանք հասկացության իրավական ձեւակերպման մեջ:

Այսպիսով` «Սյունյաց աշխարհին» մեղադրում են մի գործողության մեջ, որի հետ ինքն առնչություն չի ունեցել եւ չէր կարող ունենալ Հայաստանի Հանրապետության գործող օրենքի սահմաններում:

Խոսվում է ինչ-որ երեւույթի մասին, որն անհեթեթ է ոչ միայն լեզվական, այլեւ իրավական իմաստով` «անուղղակի վիրավորանք հասցնել»:

Հիմա` «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն Հրաչին վիրավորե՞լ է, թե՞ ոչ:

Եթե վիրավորել է, ապա որո՞նք են վիրավորանք պարունակող արտահայտությունները` հնչած «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի կամ նրա մասնակցի կամ նրա ներկայացուցչի կողմից:

Գոնե ուշացումով Հայցվորը պետք է պատասխանի պարզագույն այդ հարցին, այլապես ներկայացված հայցադիմումի հիմքում քննարկման ենթակա նյութ չենք տեսնում:

Հայցվորը տեղյակ չէ, որ գոյություն ունեն վիրավորանքը գնահատելու չափանիշներ` սահմանված ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. ապրլի 27-ի վճռով, ինչպես եւ ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի որոշումով:

Դրանք են`

1) արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը. ապացուցելու դատավարական բեռը կրում է Հայցվորը,

2) արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն ու կանխամտածվածություն ունենա (այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է Հյացվորը),

3) արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձեւով, որի փաստի ապացուցման բեռը դարձյալ Հայցվորն է կրում,

4) արտահայտությունը չի կարող վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք:

Հայցվորի պատկերացմամբ վիրավորանք պարունակող արտահայտություններից եւ ոչ մեկը, ըստ վերոգրյալ չափանիշների, վիրավորանք չի կարող համարվել: Պատահական չէ, որ Հայցվորն իր իսկ մատնանշած «վիրավորանքներից» եւ ոչ մեկին իրավական հիմնավորում չի տվել:

Ինչպե՞ս է «Սյունյաց երկրում» հրապարակվել Սամվել Գասպարյանի նամակը

Արդեն ասացինք, որ տվյալ հայցադիմումով «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ին ներկայացվում է երկու մեղադրանք, որոնցից մեկին անդրադարձանք: Իսկ մյուս մեղադրանքի մասին` ստորեւ. «Սյունյաց աշխարհը» հրապարակել է Սամվել Գասպարյանի հոդվածը:

Այդ «մեղադրանքի» վրա լույս սփռելու համար խնդրել ենք «Սյունյաց երկրի» խմբագրությանը` պատասխանել հարցին` ինչպե՞ս է «Սյունյաց երկրում» հրապարակվել Սամվել Գասպարյանի նամակը:

Ըստ թերթի խմբագրության` ս.թ. փետրվարի 18-ին՝ ժամը 12-ի սահմաններում, «Սյունյաց երկրի» [email protected] էլեկտրոնային հասցեով ստացվել է ճանաչված լեռնային ճարտարագետ, Կապանի հանքարդյունաբերական կոմբինատի նախկին գլխավոր ճարտարագետ, այդ ձեռնարկության գործերին քաջատեղյակ Սամվել Գասպարյանի նամակը` ուղղված Սամվել Ալեքսանյանին:

Խմբագրության աշխատակիցները ծանոթացել են նամակին եւ դրանում տեսել հեղինակի անկեղծ մտահոգությունը Կապանի կոմբինատի վիճակի առնչությամբ: Եվ հաջորդ օրը` փետրվարի 19-ին, գլխավոր խմբագրի որոշմամբ նամակը հրապարակվել է թերթի կայքում, ավելի ուշ` թերթի տպագիր տարբերակում: Գլխավոր խմբագրի որոշմամբ նամակը հրապարակվել է այնպես, ինչպես ստացվել է` ռուսերենով եւ առանց որեւէ միջամտության: Դրանով փորձ է արվել զերծ մնալ հատկապես մասնագիտական տերմինների երկակի ընկալումից ու սխալ մեկնաբանություններից: Նախկինում էլ թերթը քանիցս ռուսերենով կամ անգլերենով նյութեր է հրապարակել: Ընդ որում` քննարկման առարկա դարձած նամակը հրապարակվել է տեղեկատվության աղբյուրին (հեղինակին) հղում կատարելով:

Ահա եւ ամբողջ պատմությունը:

Իսկ եթե նամակի հրապարակման հետ կապված այլ հարցեր կան, ապա պետք է դիմել թերթի խմբագրին:

Սակայն, օգտվելով պատասխանողի մեր իրավունքից, ուզում ենք հիշեցնել գործող օրենսդրության մի քանի դրույթ, որով, համոզված ենք, առաջնորդվել է թերթի խմբագրությունը (գլխավոր խմբագիրը):

ա) Վիրավորանքը հրապարակային արտահայտություն է, իսկ «հրապարակային» եզրույթը ենթադրում է առնվազն երրորդ անձի ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելու երեւույթ: Այսինքն՝ այն պահից, երբ վիրավորանքին տեղյակ է դառնում երեք եւ ավելի անձ, ապա վիրավորանքն արդեն իսկ հրապարակայնացված է լինում:

Պարզագույն այս դրույթը ցույց է տալիս, որ Սամվել Գասպարյանի նամակը «Սյունյաց երկրի» կայքում փետրվարի 19-ին հրապարակվելուց առաջ արդեն իսկ ստացած է եղել հրապարակայնություն (նամակին մեկ օր առաջ ծանոթացել էին թերթի բոլոր աշխատակիցները):

բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ Հոդվածի 6-րդ կետը սահմանում է. «Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաեւ այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, եւ դա գործածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)»:

Այս դեպքում «Սյունյաց երկիրը» հրապարակել է Սամվել Գասպարյանի` թերթի խմբագրին հղած ու արդեն հրապարակայնություն ստացած նամակը` տեղեկատվության աղբյուրին (հեղինակին) հղում կատարելով:

գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է. «Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը»:

Այս դեպքում` հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին, հայտնի է տեղեկատվության աղբյուրը` հեղինակը… Եվ ուրեմն լրատվամիջոցի կամ լրատվական գործունեություն իրականացնողի պատասխանատվության հարց չի կարող ծագել:

Նկատառումներ Սամվել Գասպարյանի նամակի առիթով

Իհարկե, Սամվել Գասպարյանը կասի իր պատասխան խոսքը եւ, համոզված ենք, կարտահայտի հիմնավոր առարկություններ Հրաչի հայցադիմումի կապակցությամբ: Սակայն, օգտվելով պատասխանողի մեր իրավունքից, ուզում ենք մի քանի նկատառում հայտնել Սամվել Գասպարյանի նամակի առիթով:

- Սամվել Գասպարյանի նամակը, նամակի ամեն մի արտահայտություն, համոզված ենք, պայմանավորված են հանրային գերակա շահով: Խոսքը, ի վերջո, մի ձեռնարկության մասին է, որը Կապանի գլխավոր գործատուն է, որը Կապանի պարագայում քաղաքաստեղծ ձեռնարկություն է` մոտ 1200 աշխատողով, որտեղ կենտրոնացված է Կապանի ինժեներական միտքը: Հենց այդ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակով է մտահոգված նամակի հեղինակը: Այսինքն` հեղինակը քննարկել է ամբողջ Կապանին հետաքրքրող, լուրջ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց: Այսինքն` հասարակության տեղեկացված լինելու, ձեռնարկությունում ստեղծված վիճակի վերաբերյալ մասնագիտական կարծիք արտահայտելու շահն է գերակա եղել այս դեպքում:

Ի դեպ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577 (2007) բանաձեւում ընդգծվել է, որ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության եւ դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել:

- Սամվել Գասպարյանի արտահայտությունները, մեր խորին համոզմամբ, հիմնված են փաստերի եւ լուրջ դիտարկումների վրա: Նրա հեղինակած նամակում չենք տեսնում մի արտահայտություն, որը հիմքեր չունենա:

Հիշենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետը` «Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

- Սամվել Գասպարյանի նամակը բխում է «Սոսի» հեռուստատեսության 2015թ. փետրվարի 9-ին հեռարձակված տեսանյութից (հեղինակ` Մարգարիտա Մանուկյան): Եվ ուրեմն չէր կարող դիտավորություն պարունակել: Հոդվածը, որ կրում է այսպիսի վերնագիր` «Հրաչ Ջաբրայանի պատասխանը իրեն Կապանից «հեռացնել» ցանկացողներին», իր մեջ պարունակում է այնպիսի տեղեկություններ, եզրահանգումներ ու արտահայտություններ, որոնց կողքով չէր կարող անտարբեր անցնել կոմբինատի երախտավորներից մեկը` նամակի հեղինակը:

Հիշենք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետը` «Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա` 2) բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից… »:

Ելնելով վերը շարադրվածից՝ գտնում ենք` Սամվել Գասպարյանի արտահայտությունները հետեւանք չեն կարող առաջացնել:

Հայցվորը շփոթել է վիրավորանքն ու գնահատողական դատողությունը

Հիշենք գործող օրենսդրության մի հանրահայտ դրույթ` վիրավորանքի ապացուցման դատավարական բեռը կրում է Հայցվորը:

Հայցվորը, սակայն, այս դեպքում մոռացել է իր պարտականությունը եւ չի փորձել ապացուցել այն արտահայտությունների վիրավորական լինելը, որոնք նշել է հայցադիմումի մեջ:

Հայցվորը պարզապես առանձնացրել է մի քանի արտահայտություն, որոնք իբր վիրավորանք են պարունակում (ըստ իր ճաշակի ու պատկերացումների):

Հայցվորը, դատելով այդ արտահայտություններից, չի հասկանում, թե ինչ է վիրավորանքը եւ ինչ է գնահատողական դատողությունը:

Մինչդեռ` Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում առաջադրել է այն պահանջները, որ հստակ տարբերակում պետք է կատարվի վիրավորանքի եւ գնահատողական դատողությունների միջեւ: Ի դեպ` գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետեւություն է, ինչը լրագրողի ոչ միայն իրավունքը, այլեւ պարտականությունն է:

Ստորեւ ներկայացնում ենք հայցադիմումում առանձնացված մի քանի արտահայտություն, որոնք, իբր, վիրավորանք են պարունակում:

1. Անալիտիկ մտածողության բացարձակ բացակայություն, թույլ մասնագիտական գիտելիքներ, կոլեկտիվի ղեկավարում` հիմնված էմոցիաների եւ սուտ պատրիոտիզմի վրա, այսինքն ոչ մի գործնական հատկանիշ, քեզ համար ենթադրում ենք միայն մեկ պաշտոն աշխատելու համար` «կորպորատիվ երեկույթների կազմակերպման» մենեջերի պաշտոնը…

2. Քո «մասնագետներին» միայն մնում է ուղեղն աշխատացնել, եթե նրանք դրանից ունեն:

3. Իմ բարի խորհուրդը քեզ` անհաջող մենեջերին եւ դատարկ խոսացողին…

Իմիջիայլոց, այդ արտահայտությունները ռուսերենից փոխադրվել են (ինչպես արդեն նշել ենք) Հայցվորի կողմից, եւ մենք պատասխանատվություն չենք կրում դրա գրագիտության եւ հավաստիության համար:

Այդուհանդերձ` մեր կողմից նշված 2-րդ կետը (Քո «մասնագետներին» միայն մնում է ուղեղն աշխատացնել, եթե նրանք դրանից ունեն) Հրաչին չի վերաբերում, ուստի եւ տվյալ հայցի հետ կապ ունենալ չի կարող: Այդ դիտարկումն ուղղակիորեն վերաբերում է ընկերության մասնագետներին, ովքեր էլ կարող են դժգոհել:

Մյուս երկու կետերն էլ ակնհայտ գնահատողական դատողություններ են, որոնք հնարավոր չէ վիրավորական արտահայտություն համարել, եթե նույնիսկ շատ ուզենանք:

Մեր կարծիքով կա եւս երեք արտահայտություն, որ առանձին պարզաբանում են պահանջում:

Ահա`

ա) «Լսի՛ր, ծաղրածո՛ւ»,

բ) «… դու հայտնի ես դարձել լայն հանրությանը քո թիմի հետ ամենշաբաթյա թանկ սպիրտային խմիչքների դեգուստացիաներով` տարբեր խմիչք օգտագործելու համար նախատեսված վայրերում»,

գ) «… դու տականք ես»:

Կրկնում ենք` Հայցվորը, որի վրա է դրված ապացուցման դատավարական բեռը, հայցադիմումի մեջ չի կարողացել նախ` հավաստել այդ արտահայտությունների ճիշտ թարգմանված լինելը, ապա` դրանց անհիմն լինելը:

Երեւի Հայցվորը դա կապացուցի դատարանում, իսկ Սամվել Գասպարյանն էլ կասի, թե ինչ է նկատի ունեցել, երբ Հրաչին անվանել է «клоун», «мразь» եւ սպիրտային խմիչքների դեգուստատոր:

Առանձին խոսակցություն են պահանջում, ինչպես նշեցինք, Սամվել Գասպարյանի հետեւյալ արտահայտությունները` «нет, ты не дурак, ты хуже, ты- мразь», «ты клоун»,  որոնց կանդրադառնանք քիչ հետո:

Եվ, ի վերջո, մարդն անդադար խախտում է գործող օրենսդրության պահանջները, պետական ստուգող մարմիններին շանտաժի է ենթարկում, հասարակական կյանքում դրսեւորում էթիկայի պահանջներին հակասող վարքագիծ, ցուցաբերում անբարեխղճություն տնտեսական ու ձեռնարկատիրական գործունեության մեջ… Եվ այդ ամենից հետո գնահատական չտա՞լ նրա գործունեությանը:

Հրաչ Ջաբրայանը գործարար համբավ չունի, Հրաչն ուրիշ համբավ ունի

Հայցադիմումի հիմքում ընկած է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը` «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները» վերտառությամբ:

Կարծում ենք, որ տվյալ Հայցվորը չի կարող օգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոգրյալ հոդվածից ընդհանրապես եւ «գործարար համբավի» պաշտպանություն ենթադրող դրույթից մասնավորապես:

Ինչո՞ւ:

Մարդը չորս-հինգ տարի ղեկավարում է Կապանի ամենախոշոր ձեռնարկությունը եւ տնօրինում մոտ 1200 մարդու ճակատագիր, բայց սպառիչ տեղեկատվություն չի ներկայացնում, թե ով է ինքը եւ ինչ կենսագրություն ունի: Մեզանում էլ, որքան էլ տարօրինակ է, ոչ ոք չի փորձում պարզել, թե ով է Հրաչը, կյանքի ինչ ուղի է անցել եւ ինչ առաքելությամբ ուղարկվել Կապան:

Մեր տրամադրության տակ է հայտնվել նրա կենսագրությունը` իր իսկ ձեռքով գրված, այլոց կողմից թարգմանված եւ նոտարական վավերացում ստացած: Դա կներկայացնենք հանրությանը: Բայց կենսագրության մի դրույթ հասկանալի չէ ի սկզբանե: Հրաչն ինչ-որ ժամանակ ինչ-որ կառույցում «գործակալ» է եղել: Ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը, ի՞նչ ասել է «գործակալ» այդ դեպքում, արդյո՞ք մինչեւ հիմա նա շարունակում է մնալ «գործակալ»:

Այնուհետեւ` Հրաչը տարիներ շարունակ կապանցիներին ու հատկապես Կապանի հանքագործներին մեղադրել է գողության մեջ` չնշելով երբեք որեւէ կոնկրետ անուն: Միայն մեկ տարի առաջ մեր կողմից կատարված հարցապնդումից հետո դադարել է կապանցիներին գողության մեջ մեղադրել:

Կապանում Հրաչի մեղադրանքները գնահատվել են որպես զրպարտություն եւ առաջ բերել ատելության մեծ ալիք:

Կապանցիներին գողության մեջ մեղադրելը, մեր համոզմամբ, իրականությունն աղավաղելու եւ իրական գողերին պարտակելու նպատակ է հետապնդել: Այդ կանխավարկածը հետազոտելու համար դիմել ենք Սյունիքի մարզի դատախազություն` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիման վրա մեզ տրամադրելու տեղեկատվություն առ այն, թե Հրաչի ղեկավարման ընթացքում գողության վերաբերյալ քանի դիմում է ընդունվել իրավապահ մարմիններ եւ ինչ ընթացք են ստացել դրանք: Եվ, ի վերջո, որեւէ գող հայտնաբերվե՞լ է, որեւէ գողություն ապացուցվե՞լ է:

Հարյուրավոր հանքագործներ, չկարողանալով պաշտպանվել Հրաչի ոտնձգություններից եւ կամայականություններից, գնացել են դատարան: Մեկ փաստ` վերջին երեք տարում մոտ 100 հայց է ընդունվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան. հայցվորներն ընդհանուր առմամբ մեկ նպատակ են ունեցել (եւ ունեն)` պաշտպանվել Հրաչի կամայականություններից:

Բերիայի եւ նրա «ստուկաչների» վերացումից տասնամյակներ հետո Սյունիքի հանքարդյունաբերական այդ ձեռնարկության մեջ առաջին անգամ  ներ է դրվել «ներքաղաքական հարցերով խորհրդականի» առեղծվածային հաստիքը: Այդ պաշտոնի գործառույթները պարզաբանելու մեր գրավոր եւ բանավոր հարցումները մնացել են անպատասխան: Մինչդեռ հանքագործների շրջանում լուրջ տարակույսներ կա այդ հաստիքի ներդրման առումով: Մարդիկ ուզում են հասկանալ երեւույթը` ներքաղաքական հարցերով խորհրդականը, ասենք, ստորգետնյա պայմաններում աշխատող հանքափորների միջավայրում ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի:

Մայրաքաղաքային մամուլը ժամանակին տարածեց ե՛ւ գրավոր հրապարակումներ, ե՛ւ տեսաձայնային նյութեր առ այն, թե ինչպիսի անբարո գործողությունների արդյունքում է Հրաչը դարձել Կապանի հանքարդյունաբերական ձեռնարկության տնօրեն, ինչպես է նրա մասնակցությամբ ազատությունից զրկվել նախկին տնօրենը` տիկնոջ հետ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, ապա կարճված եւ ներկայումս վիճարկվող քրեական գործը խնդիր ունի պարզելու այդ անբարո արարքի իրավաչափությունը:

Ի դեպ, բոլոր այդ նյութերը մեր տրամադրության տակ են եւ հաջորդաբար կներկայացնենք հանրությանը:

Չունենալով որեւէ կոլեկտիվ ղեկավարելու փորձ եւ հայտնվելով Կապանի ամենախոշոր ձեռնարկութան ղեկին՝ նա կարողացել է մեծ հարված հասցնել ե՛ւ ձեռնարկության արդյունավետությանը, ե՛ւ Հայաստանի պետական բյուջեին:

Երկու փաստ:

2014 թվականին (2012-ի համեմատությամբ) մոտ 2 մլրդ դրամ պակաս գումար է ձեռնարկությունը վճարել ՀՀ պետբյուջեին` դեռեւս անհայտ պատճառներով:

2014 թվականին փորձել է պետական բյուջեից թաքցնել 3,8 մլրդ դրամ, ինչի համար դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել:

Շատ տարօրինակ է, որ Հրաչն այս դեպքում ուզում է պաշտպանվել ՀՀ գործող օրենքների ուժով: Եվ դա այն պարագայում, երբ ինքը Հայաստանի Հանրապետության օրենքներն ընկալում է յուրովի եւ կատարում սեփական հայեցողությամբ: Մեկ օրինակ եւս` դատարանը որոշում է դադարեցնել Շահումյանի հանքավայրի պայթեցումները, իսկ ինքը չի կատարում դատարանի որոշումը` անգամ ԴԱՀԿ կառույցների միջամտությունից հետո, քանի որ իրեն ձեռնտու չէ այդ որոշումը: Գործին միջամտում է ՀՀ արդարադատության նախարարը…

Կամ` մի՞թե Սյունիքն այն երկրամասն է, որտեղ դեռեւս անհայտ կենսագրությամբ Հրաչը կարող է կազմակերպել Հայ առաքելական եկեղեցու տոնացույցից դուրս եւ Հայ առաքելական եկեղեցու վարդապետությանը ոչ հարիր հոգեւոր տոներ:

Հրաչ Ջաբրայանը, իրոք, ոչ պիտանի ղեկավար է հատկապես բնապահպանական խնդիրների լուծման առումով: Մի քանի օրինակ` ահավասիկ: Բնապահպանական օրենսդրության խախտման արդյունքում շրջակա միջավայրին վնաս պատճառելու համար նախ ընկերությունը տուգանվեց 30.723.000 դրամով: Այնուհետեւ` 2012թ. հունվարի 11-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով կազմվեց 14,65 մլն դրամի ակտ, նույն տարվա նոյեմբերի 15-ին եւ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած պոչատարի վթարի արդյունքում` 4,92 մլն դրամի ակտ: Իսկ Գեղանուշի պոչամբարի շուրջ ստեղծված խայտառակ վիճակի մասին առայսօր ահազանգում է նաեւ մայրաքաղաքային մամուլը: Միայն 2012-ին այնտեղ երեք վթար է արձանագրվել, ինչի հետեւանքով պոչերն արտահոսել են շրջակա միջավայր: Տեղի ունեցած դեպքերից մեկի առիթով նաեւ քրեական գործ է հարուցվել: Բոլոր այդ փաստերը հավելյալ անգամ հաստատում են, որ Կապանի կոմբինատի ներկայիս ղեկավարը բռնել է մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի ապականման հաշվին շահույթ ստանալու անբարո ուղին:

Հրաչն ի վիճակի չէ կազմակերպելու անվտանգության պատշաճ համակարգ ստորգետնյա պայմաններում աշխատողների համար, որի հետեւանքով դժբախտ պատահարները` մահվան ելքով, անխուսափելի են դարձել:

Եվ բոլոր այդ ու նման բազմաթիվ արարքների հետեւանքով շատ վաղուց ապականվել են Հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Շատ վաղուց նա մեր օրերի հակահերոսն է: Եվ փորձել ներկայացնել, թե իբր նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորվել են Սամվել Գասպարյանի շատ սովորական նամակի պատճառով, ծիծաղելի է:

Առավել ծիծաղելի է, որ նա իրեն համարում է գործարար համբավի կրող` չնշելով գոնե մեկ օրինակ, որը կհաստատեր նրա գործարար համբավ ունենալը:

Դատական ատյանը, կարծում ենք, հայցը քննելուց առաջ, նախնական դատական նիստում, պետք է պարզի, որ Հրաչը Կապանում ունի պատիվ, արժանապատվություն, որ ունի գործարար համբավ, որից հետո միայն կարելի է անցնել առաջ:

Հայցվորը կեղծում է եւ աղավաղում

Սամվել Գասպարյանը Հրաչ Ջաբրայանին այսպես է դիմում` «нет, ты не дурак, ты хуже, ты- мразь»:

Հրաչն այս արտահայտության մի բառը` «мразь», թարգմանել է իր հայեցողությամբ:

Հրաչի կարծիքով «мразь» նշանակում է տականք: Եվ իբր նամակի հեղինակն իրեն անվանել է տականք:

Իրականում, սակայն, գոյություն ունեցող որեւէ բառարանում չեք կարող գտնել բառի նման բացատրություն:

Ի գիտություն Հայցվորի` «мразь» նշանակում է` անպետքություն, ապա` ոչնչություն եւ այլն (բայց ոչ տականք). տես` ռուս-հայերեն բառարան` ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա.Ս.Ղարիբյանի հեղինակությամբ, Երեւան, 1968թ.: Իսկ անպետք բառը նշանակում է` ոչ պետքական, ոչ պիտանի, անօգուտ, անշահ, բացասական հատկություններով բնորոշվող եւ այլն:

Եվ ուրեմն` երբ մարդուն անվանում են անպետք, անօգուտ, անշահ, ապա դա գնահատություն է, դա վիրավորանք չէ, մանավանդ որ գնահատողական նման դատողության համար բազմաթիվ հիմքեր կան, որոնցից միայն մի քանիսը ներկայացրինք քիչ առաջ:

Այնպես որ` նամակի հեղինակը Հրաչին առայժմ չի անվանել տականք, առայժմ անվանել է անպետքություն, որը, միանշանակ, վիրավորանքի հատկանիշներ չի պարունակում իր մեջ:

Եվս մեկ դիտարկում. ուրիշ ի՞նչ հանգամանքների մղումով նամակագիրը կարող էր Հրաչին անպետքություն համարել

Հայցվորը կարծում է` «Նշված արտահայտություններից որեւէ մեկը չի կարող հիմնված լինել որեւէ ստույգ փաստի վրա»: Հայցվորը նկատի ունի Սամվել Գասպարյանի նամակի իբր վիրավորանք պարունակող արտահայտությունները:

Մինչդեռ` սույն առարկություններում քանիցս նշեցինք, որ Հայցվորի կողմից վիրավորանք համարվող արտահայտությունների համար կոնկրետ հիմքեր (փաստեր) են եղել ու կան:

Մեր դիտարկմամբ` Հրաչ Ջաբրայանին անպետքություն համարելու համար հիմք կարող էր լինել նաեւ հարցերի մի ամբողջ խումբ, որ շրջանառվում է ե՛ւ կոմբինատում, ե՛ւ մասնագիտական միջավայրում, բայց տնօրենը դրանց չի պատասխանում, դրանք չի հերքում կամ հաստատում եւ, դրանով իսկ, ոչ պիտանի լինելու (անպետք լինելու) տպավորություն է թողնում:

Շրջանառվող հարցերից մի քանիսը` ստորեւ:

1. Երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում Կապան համայնքի Շահումյան թաղամասում ոչնչացվել են մեծաքանակ անտառածածկույթներ: Արդյո՞ք հաշվարկված եւ վերականգնված են այդ վնասները:

2. Երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում Կապան համայնքի Շահումյան թաղամասում եւ հարակից տարածքներում կառուցվել են 10 կիլոմետրից ավելի անկանոն ճանապարհներ ու բազմաթիվ հարթակներ: Ճանապարհների եւ հարթակների կառուցման համար ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կազմվա՞ծ են եղել նախագծեր եւ նախագծերն անցե՞լ են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

3. «ԴՓՄԿ» ընկերությունն աշխատանքներ իրականացրե՞լ է վերացնելու ընկերության պատվերով «GEORISK» ընկերության հետազոտությունների մեջ տեղ գտած խնդիրները Շահումյանի փակ հանքին առնչվող:

4. Մինչեւ 2002 թվականը Գեղանուշի պոչամբարն ունեցել է բնապահպանական անձնագիր եւ վտանգավորության դասակարգ: Ի՞նչն է պատճառը, որ «ԴՓՄԿ» ընկերությանը կողմից օգտագործվող Գեղանուշի պոչամբարն այժմ չունի բնապահպանական անձնագիր եւ վտանգավորության դասակարգ: Եթե ունի, ապա ինչո՞ւ չի ներկայացնում հանրությանը:

5. «ԴՓՄԿ» ընկերությունն ունի՞ կառավարության որոշում Աճանան գետի բնական հունը շեղելու համար` Թեջադին տեղամասի հատվածում:

6. «ԴՓՄԿ» ընկերությունն ունի՞ դատարկ ապարների կուտակման թուլտվություն Աճանան գետի շրջակայքում:

7. «ԴՓՄԿ» ընկերությունում տեխնոլոգիական խախտումների հետեւանքով կա՞ հանքաքարի գերնորմատիվային կորուստների ավելացում:

8. «ԴՓՄԿ» ընկերությունում պաշարների ընտրովի հանույթ իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ:

9. «Dundee Precious Metals» ընկերությունը բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Vatrin Investment» ընկերության միջոցով ոչ անմիջական կապ ունի «ԴՓՄԿ» ընկերության հետ: Անգլիական «Vatrin Investment» ընկերությունը, ըստ շրջանառվող խոսակցությունների, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության սեփականատերն է: «ԴՓՄԿ» ընկերության պաշտոնական բլանկի վրա եւ ընկերության վարչական շենքի բակում, մինչդեռ, կանադական դրոշն է պատկերված, եւ ընկերությունը հայտարարություններում ներկայանում է իբրեւ կանադական: Ի՞նչն է պատճառը, որ «ԴՓՄԿ» ընկերությունը խուսափում է իրական, փաստացի  սեփականատիրոջ մասին նշումներից ե՛ւ ընկերության պաշտոնական բլանկի վրա, ե՛ւ ընկերության վարչական շենքի բակում չի պատկերում Անգլիայի (Մեծ Բրիտանիայի) դրոշը:

Հրաչը դարձյալ կեղծում է եւ աղավաղում

Սամվել Գասպարյանն իր նամակում, դիմելով Հրաչին, գրում է. «Послушай клоун»: Շատ պարզ եւ հստակ այդ արտահայտությունը, ինչպես «мразь» բառի պարագայում, Հայցվորը հայերենի է փոխադրել իր ճաշակին համապատասխան` «Լսի՛ր, ծաղրածո՛ւ»:

Վերստին օգտվելով պատասխանողի մեր իրավունքից` պնդում ենք, որ հայցվորը նման «թարգմանությամբ» կեղծում է իրականությունը, աղավաղում նամակագրի խոսքը:

Իրականում «Послушай клоун» արտահայտությունն այսպես է թարգմանվում` «Լսի՛ր, կատակաբա՛ն»: «Клоун» բառի միայն երրորդ-չորրորդ իմաստով կարելի է ենթադրել, որ «клоун»-ը նաեւ ծաղրածու իմաստով է գործածվում:

Ենթադրում ենք` ռուսերենին լավագույնս տիրապետող Սամվել Գասպարյանը, եթե կամենար Հրաչին ծաղրածու անվանել, ապա կասեր շատ հայտնի եւ գործածական բառը, որն առաջին իմաստով է ծաղրածու, ապա` խեղկատակ: Դա «шут» բառն է: Նման էլի բառեր կան ռուսերենում, որոնց առաջին իմաստը ծաղրածուն է, բայց ոչ «клоун»-ը:

Այնպես որ` Հայցվորն իրավիճակը սրելու եւ գույներն անհարկի խտացնելու համար է թարգմանությունը կատարել սեփական ճաշակով` դատարանին գցելով թյուրիմացության մեջ:

Սամվել Գասպարյանը, անշուշտ, այս հարցով եւս իր բացատրությունը կտա, բայց մենք, մինչ այդ, ներկայացնենք մեր դիտարկումը հեղինակի օգտագործած «Լսի՛ր, կատակաբա՛ն» արտահայտության վերաբերյալ:

Իմիջիայլոց, համոզված ենք, որ «Լսի՛ր, կատակաբա՛ն» արտահայտությունը` Հրաչի անձը բնութագրելու համար, բացառիկ դիպուկ եւ ճշմարիտ արտահայտություն է:

Միայն հանճարեղ կատակաբանը կգնա մանկապարտեզ եւ թոթովախոս երեխաների առջեւ կանգնելով՝ կպատմի, որ ինքը հանդիպել է երկրի վարչապետին ու այսպիսի-այսպիսի հարցեր քննարկել, որից հետո կներկայացնի ծովից ծով Հայաստանի մասին ինչ-որ անկապ մտքեր:

Միայն համաշխարհային մասշտաբի կատակաբանը կասի` «Խնդրեմ Ապրիլի 11 նկատի ունենալ որպես գրավված օր»:

Միայն կատակաբանն ու ցինիկը կարող են հալածել հանքագործներին` հարյուրավոր մարդկանց դատարան ուղարկելով, տեղացի մասնագետներին շեշտակի անգամ ցածր վարձատրելով, հանքագործներին գողության մեջ մեղադրելով, բնապահպանական անգրագետ քաղաքականությամբ մարդկանց կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելով, բայց եւ հայտարարել` «Կապանին պետք է տալ հերոս քաղաքի կոչում»:

Միայն փորձյալ կատակաբանը պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ կթաքցնի ու կասի` «Բոլորիս պարտականությունն է ծովից ծով Հայաստանը պաշտպանել արյան գնով»:

Միայն կատակաբանը կարող է տարիներ շարունակ ինչ-որ ֆոկուսների միջոցով հանրությանը խաբել, որ Կապանի կոմբինատը վնասով է աշխատում եւ գործում է միայն ու միայն սեփականատիրոջ ներդրումներով:

Եվ նման բազմաթիվ օրինակներ…

Այո՛, շատ ճիշտ, տեղին ու հասցեական արտահայտություն է ընտրել Սամվել Գասպարյանը` Հայցվորին դիմելով ոչ վիրավորական արտահայտությամբ` «Լսի՛ր, կատակաբա՛ն»: Դե իսկ դրանից հետո Հայցվորի խնդիրն է` կարող է եւ ինքն իրեն ծաղրածու կամ տականք կոչել:             

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10