«Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» նորահիմն ՊՈԱԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ուղղությամբ մեր լրագրողական հետաքննության ընթացքում նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս և նոր հարցեր առաջանում։
Պարզվում է՝ 2025 թ․ ամռանն Արմինե Կոլյանին ծանոթացրել են Աննա Հակոբյանի հետ՝ հավանաբար վերջինիս մոսկվայաբնակ բիզնեսմեն քեռու դերակատարությամբ։
Ավելի ուշ Արմինե Կոլյանը մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքներից մեկին՝ ինչ-որ ծրագրի շրջանակում։
Ծրագրին աջակցելու համար ընթրիքի մասնակիցները նաև գումար են նվիրաբերել։
Թե որքան գումար է Արմինե Կոլյանը նվիրաբերել, կամ որքան գումար են նվիրաբերել` այդ ընթրիքին նրա մասնակցությունն ապահովվելու համար, հայտնի չէ։
Հայտնի է միայն, որ Արմինե Կոլյանը մինչև հիմա՝ առիթ-անառիթ, հպարտանում է Աննա Հակոբյանի հետ ունեցած ջերմ հարաբերությամբ։
Այդքանով հանդերձ չենք ուզում տարօրինակ կամ արտառոց համարել Աննա Հակոբյանի և Արմինե Կոլյանի ծանոթությունը կամ բարեկամությունը, եթե, իհարկե, իբրև ճշմարտություն ընդունենք վերջինիս ինքնագովությունն ու այդկերպ պաշտպանված ու հովանավորված լինելու ինքնախոստովանությունը։ Իրենց գործն է, բայց․․․
Ի՞նչ տեղի ունեցավ այդ «ծանոթության-բարեկամության» մեկնարկից հետո․ պատահականություննե՞ր, զուգադիպություննե՞ր․․․
Արմինե Կոլյանին ԿԳՄՍ նախարարության հանձնաժողովը՝ Արաքսիա Սվաջյան փոխնախարարի գլխավորությամբ, 2025 թ. սեպտեմբերին շնորհում է միջին մասնագիտական կրթական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)։
Ավելի ուշ, սակայն, նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հավաստագրի հիմքերը՝ հարցազրույցի կամ բանավոր քննության մասով, լիովին կեղծված են։
Հարցազրույցի կամ բանավոր քննության հիմքերը պարզելու-ճշտելու փորձերը՝ մինչև հիմա, ԿԳՄՍ նախարարությունն արգելափակում է, ինչի համար էլ հարցը դարձել է դատական վիճարկման առարկա։
2025 թ․ հոկտեմբերի 3-ին կեղծ հավաստագրով տիկինը նշանակվում է «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար․ ընդ որում՝ տվյալ պահին բնության մեջ գոյություն չուներ նման ՊՈԱԿ, այն դեռ պետք է ստեղծվեր երեք ամիս հետո՝ 2025 թ. դեկտեմբերի 30-ին։
Եվ գոյություն չունեցող այդ քոլեջի տնօրենի պաշտոնը՝ իրենց տան խոհանոցից, տիկինը «վարում է» մինչև 2025 թ. դեկտեմբերի 3-ը:
2025 թ․ դեկտեմբերի 3-ին (առանց իրավական ու փաստական գոնե մեկ հիմքի) ԿԳՄՍ նախարար Ժաննան պաշտոնանկ է անում «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին․ նախարար կոչվածի հրամանը դատարանն ավելի ուշ ապօրինի է ճանաչում։
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն տնօրենի պաշտոնակատար է նշանակվում Արմինե Կոլյանը, ում քոլեջի շենք են խցկում մեծ ջանքերի գնով՝ Գորիսի ոստիկանական ամբողջ համակարգը ոտքի հանելով։
12 օր քոլեջում որպես տնօրենի պաշտոնակատար «աշխատելուց» հետո Արմինե Կոլյանը հրաժարական է տալիս և Ժաննայի մի նոր հրամանով ու երկրորդ անգամ նշանակվում «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։
Ամբողջ այդ ընթացքում (նաև ԿԳՄՍ նախարարության ջանքերով) ասպարեզից հեռացվում են նորաստեղծ քոլեջի տնօրենի պաշտոնի հնարավոր մյուս հավակնորդները՝ գործի դնելով խարդախությունների, կեղծարարությունների՝ մարդկային երևակայության մեջ չտեղավորվող հնարքներ։ Նպատակը մեկն էր՝ անխոչընդոտ ճանապարհ հարթել Արմինե Կոլյանի համար...
Զուգահեռաբար Արմինե Կոլյանն արձանագրություններ է կեղծում և դրանց հիման վրա կազմավորվող կառավարման խորհրդի անդամի թեկնածուներ առաջադրում՝ իր քիմքին հաճո կամ գրպանային խորհուրդ ձևավորելու ու իր «ընտրությունն» ապահովելու համար։
Նախարարը՝ չունենալով պատասխանատվության տարրական զգացում, չունենալով շատ թե քիչ հարգանք Հայաստանի Հանրապետության օրենքների հանդեպ, չունենալով տվյալ գործարքի համար օրենքով ու կարգով նախատեսված որևէ հիմք, ձևավորում է նորաստեղծ քոլեջի կառավարման խորհուրդ՝ այն տեսքով, ինչ պատվիրել կամ հանձնարարել էր կամ շուկայական գնով ձեռք էր բերել Արմինե Կոլյանը։
Իրավազորություն չունեցող մարդկանց այդ խմբակը՝ «կառավարման խորհուրդ» անվամբ, թաշկինակը, կազմակերպում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար «մրցույթ» և տնօրեն «ընտրում» Արմինե Կոլյանին:
Պաշտոնավարման վեց ամսվա ընթացքում տիկինը նորաստեղծ քոլեջից (անարգել) հափշտակում է մոտ 5 մլն դրամ, որից 3 և ավելի միլիոնը՝ «աշխատավարձի» անվան տակ, ինչը, անգամ բացահայտվելուց հետո, չի վերադարձվում պետական գանձարան։
Այնուհետև փայ է պահանջում աշխատակիցներին տրված տարեվերջյան պարգևավճարից։
Այնուհետև հաստիքներ է հորինում իր՝ ծննդյան երկու տարեթիվ ունեցող մոր և ամուսնու համար, չնախատեսված այլ ծախսեր կատարում՝ սեփական քմահաճույքներին հագուրդ տալու նպատակով։
Միևնույն ժամանակ՝ լրիվ անկառավարելի ու անպատժելի դարձած կինը, տեղի-անտեղի, սպառնում է աշխատակիցներին, թե՝ «քամակս պինդ է», թե՝ ինձ դիմադրողներին «սիքտիր կանեմ» քոլեջից, թե՝ հարկ եղած դեպքում «գողականներ ու մենթեր բաց կթողնեմ», թե՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «թույլ թեմա է», թե՝ «նախարարն ինձ համար կանի այն, ինչ կասեն», թե՝ իր համար կարևոր չէ՝ որ ուժը Հայաստանում կլինի իշխող, քեռին բոլորի հետ կապեր ունի, թե՝․․․
Եվ յոթ հոգի՝ քոլեջի դասախոսներից ու վարչական աշխատողներից, զզվանք ապրելով տնօրենի բարոյական նկարագրից, հեռացան կրթօջախից՝ գերադասելով անգործ մնալ, քան աշխատել այդ արարածի հետ։
Զրո գիտելիքներ ունենալով աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունից՝ իրեն ոչ հաճո մարդկանց ծանուցումներ է տվել ու տալիս՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով։
Աշխատանքային պայմանագիրը լուծել է հաշվապահի հետ. ընդ որում՝ այնպիսի հիմքերով, որ հրամանին ծանոթացող իրավաբաններն անմիջապես կասկածի տակ են առնում ֆեյք տնօրենի ու նրա կադրերի բաժնի պետի առողջական վիճակը։
Այնուհետև, հակառակ գործող կարգի, պետական արխիվ չի հանձնում «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի փաստաթղթերն ու կնիքը, որից հետո կարևոր մի փաստաթուղթ՝ կապված սովորողների ուսման վարձի հետ, անհետանում է։ Իսկ թե ուրիշ ինչ փաստաթղթեր են անհետացել կամ մոգոնված ինչ փաստաթղթերի վրա է՝ հետին թվով, գործածվել լուծարված քոլեջի կնիքը՝ նոր-նոր պիտի բացահայտվի։
Լուծարված քոլեջի փաստաթղթերից ինչ-որ նյութեր անհետացնելու նպատակ է ունեցել նաև մեկ ուրիշ փաստ․ քոլեջի հաշվապահին աշխատանքից կամայաբար ազատում է, փաստաթղթերի հանձնում-ընդունում միտումնավոր չի կատարում և, հանկարծ, օրեր անց բազմաթիվ հարցեր են «ի հայտ գալիս» ու հայտնվում իրավապահների սեղանին։ Ու ոչ ոք հեռացված հաշվապահին չի էլ դիմում՝ արի, ցույց տուր՝ արդյո՞ք քո ունեցած բոլոր փաստաթղթերը տեղում են, թե՞․․․
Ընդ որում՝ հաշվապահական փաստաթղթերի հանձնում–ընդունում չկատարելու մասին հաշվապահը գրավոր դիմումով տեղեկացնում է Գորիսի՝ այսպես կոչված ոստիկանապետ Կարենին։ Վերջինս, ի դեպ, այն պերսոնան է՝ ոստիկանի հագուստով, ով 2025 թ․ դեկտեմբերի 4-ին, հակառակ Հայաստանի գործող օրենքների, գլխավորել է Արմինե Կոլյանին Գորիսի քոլեջ խցկելու խուլիգանական օպերացիան և առայսօր մնացել անպատիժ։
Այնուհետև՝ Արմինե Կոլյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օգտագործելով շանտաժի իր սիրած մեթոդը, բազմաթիվ ուսանողների ու նրանց ծնողների ստիպում է գնալ ոստիկանություն, բողոքներ ներկայացնել նախկին քոլեջի ղեկավարների հանդեպ և կազմակերպել բունտ, այլապես թույլ չի տա նրանց՝ հանձնելու պետական քննություն։
Տնօրենի կամայականությունն ու ինքնիրավչությունը վերջին օրերին հասնում է գագաթնակետին՝ ամիսներ շարունակ դասապրոցեսին մեկ ժամ անգամ չմասնակցած «ուսանողներին» պետական ավարտական քննությունները հանձնելու հնարավորություն է տալիս և նրանց պետական դիպլոմ նվիրելու հիմքեր ստեղծում: Թե ինչ է արժեցել այդ ապօրինությունը և թե քանի «ուսանողի» մասին է խոսքը՝ հրապարակման առանձին նյութ է։
***
Հիմա փորձենք կատարվածն ու կատարվողն ընդհանրացնել, ամփոփել, իմաստավորել․․․
Ինչպե՞ս կամ ի՞նչ հանգամանքների ուժով կիսագրագետ մի կին կարողացավ վեր կանգնել պետությունից և երկրի օրենքներից։
Ինչպե՞ս կարող է պատահական մի կին կեղծարարությունների, ապօրինությունների և սանձարձակության նման արարքներ թույլ տալ ու չարժանանալ երկրի իրավապահ համակարգի, պետական իրավասու ատյանների գնահատականին։
Ինչպե՞ս կարելի է խուլիգանական ու փողոցային բառամթերքով կնոջը վստահել կրթական հաստատության ղեկը։
Ինչպե՞ս է պատահում, որ նախաքննական գաղտնիք համարվող նյութերն իրավապահների գրասենյակներից դուրս են հոսում և հայտնվում իշխանամետ լրատվամիջոցների էջերում՝ Արմինե Կոլյանի ապօրինությունները բացահայտող անձանց վարկաբեկելու ստույգ միտումով և ուղղվածությամբ։
Ինչպե՞ս է պատահում, որ Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի օրինականությունը, կառավարման խորհրդի իրավազորությունը վիճարկող հայցադիմումները դատական ատյանները վարույթ չեն ընդունում՝ հիմքում դնելով իրավունքի հետ կապ չունեցող պատճառաբանություններ։
Ինչպե՞ս է ստացվում, որ միջին մասնագիտական կրթական լրջագույն մի հաստատությունում ամենաեղկելի իրադարձություններ ու ապօրինություններ, կրթական գործին ուղղակիորեն վնասող գործողություններ են տեղի ունենում, բայց ԿԳՄՍ նախարար կոչվող Ժաննան անում է միայն այն, ինչ իրեն հանձնարարում են։
Մի՞թե այդքան զուգադիպություններ կարող են լինել բնության մեջ՝ այն էլ մեկ անձի ապօրինությունների հետ կապված։
Ո՞վ է նման «քարտ-բլանշ» կամ գործողությունների ազատություն տվել կամ պաշտպանության տակ առել Արմինե Կոլյանին։
Նման հովանավորությունը, միանշանակ, կարող էր և կարող է ցուցաբերել երկրի ներքին քաղաքականությունը (դեֆակտո) որոշող կամ այդ քաղաքականության վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող մեկը։
Իհարկե, նման հովանավորությունը չափազանց թանկ գին պիտի ունենար, որի անունն է կոռուպցիա, որի անունն է պետական շահի, երկրի օրենքների զոհաբերում հանուն ինչ-որ մեկի անձնական շահի։
Արդյո՞ք ուրիշ բացատրություն ունեն տեղի ունեցած և ունեցող իրադարձությունները․ դժվար թե․․․
***
Իհարկե, չենք կարող պնդել, որ այդ կնոջ ապօրինությունների շքերթը կատարվել ու կատարվում է Աննա Հակոբյանի հովանավորությամբ ու պաշտպանությամբ։ Բայց և չենք կարող չասել՝ տիկնոջ ապօրինությունների, նրա անպատժելիության դրսևորումները, նրա հանդեպ ցուցաբերվող հովանավորությունը թափ են առել հայտնի ճաշկերույթից հետո․․․ Հնարավոր է՝ զուգադիպություն է...
Թե ինչու է գորիսյան այդ զարգացումների համապատկերի վրա ճառագել Աննա Հակոբյանի անունը՝ պետք է բացառապես հարցնել Արմինե Կոլյանին։ Միայն ու միայն նա է այդ անունը շրջանառության մեջ դրել՝ ինքնագովության, ինքնապաշտպանության կամ իր հովանավորված լինելը հանրահռչակելու համար։ Այլապես ինչո՞ւ պետք է Գորիսում հիշեին Աննա Հակոբյանին:
Հենց այդ հանգամանքն է պատճառ դարձել, որ ժամանակներ առաջ մեր խմբագրական հոդվածներով բարձրացրել ենք հարցը՝ ակնկալելով Աննա Հակոբյանի արձագանքը։
Սակայն պատասխան կամ արձագանք չի եղել։ Ենթադրել ենք՝ ծանոթ չէ Գորիսում շրջանառվող այդ խոսակցությանը։
Դրանից, մինչդեռ, առկա հարցերը ոչ միայն ի չիք չեն դարձել, այլ ավելի հնչեղ ու արդիական են դարձել։ Ուրեմն և ակնկալում ենք Աննա Հակոբյանի արձագանքը՝ ինքն առնչություն ունի՞ Գորիսի քոլեջի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։
Միգուցե Արմինե Կոլյանն իսկապե՞ս շահարկում է նրա անունը և փորձում թաքնվել այդ անվան տակ։
Այդ դեպքում ինչո՞ւ է նախարարը հայտնվել Արմինե Կոլյանի ոտքերի տակ ու չի ուզում այնտեղից բարձրանալ։
Կամ ինչո՞ւ են երկրի իրավապահները՝ վերևից ներքև, հեքիաթային ջանքեր գործադրում՝ ցույց տալու, որ Արմինե Կոլյանի՝ արդեն տասնյակի հասնող առերևույթ հանցագործություններում բացակայում է հանցակազմը։
Չբավարարվելով այդ ամենով՝ հիմա էլ փորձում են զրադաշտության կարգի համաձայն կենդանի մարդկանց ողջակիզել այդ ֆեյքի ոտքերի տակ․․․
Եվ այդ ամենին օրական 24 ժամ աջակցում է Սյունիքի անդամահատված մարմնին պատվաստված՝ ծագումով, արտաքինով և էությամբ մի սելջուկ, ով համատեղությամբ մեր տեղական իշխանավորներից մեկի դռանը կապած սոված շան դեր է խաղում նաև։
Այդ խարդավանքների և ապօրինությունների կազմակերպիչներին, հովանավորներին մի պարզ իրողություն ենք հիշեցնում՝ Հայաստանը նաև մեր հայրենիքն ու երկիրն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…
Հ․Գ․
Խմբագրական սույն հոդվածը նույնպես ուղարկում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: