Արձագանք ապրիլի 24-ին Կապանում տեղի ունեցած բանախոսությանը

28.04.2025 14:54
380

Հայոց ցեղասպանության 110-րդ տարեդարձի օրը՝ ս.թ. ապրիլի 24-ին, նաև դրանից առաջ ու հետո, տարբեր հարթակներից վերստին լսեցինք թեզը, թե իբր Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին մեզանում ակտիվ խոսակցություն է ծավալվել 1940-50-ականներից, այն էլ՝ խորհրդային իշխանությունների քաջալերանքով և ուղղորդմամբ։

Մենք միշտ էլ անլուրջ և սնանկ ենք համարել գաղափարական–քարոզչական այդ պոստուլատը ու չենք էլ փորձել արձագանքել կամ հակադարձել դրան՝ համոզված լինելով՝ նման քարոզի հեղինակները տարրական գիտելիքներ չունեն հայոց գրականությունից ու պատմագրությունից։

Հիմա էլ չէինք անդրադառնա այդ քարոզին, եթե ս.թ. ապրիլի 24-ին Կապանում (մոտ 50 ունկնդրի թվում) մասնակցած չլինեինք Երևանից մարզկենտրոն ժամանած (հրավիրված) ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանի բանախոսությանը։

Մոտ մեկ ժամ համակ ուշադրությամբ ունկնդրեցինք նրա խոսքը՝ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձևավորումը, զարգացումները, մերօրյա վիճակը» վերտառությամբ։

Անշուշտ, գնահատելի էր փաստը, որ գիտությունների դոկտորը մայրաքաղաքից Սյունիք է հասել՝ ազգային մեր ողբերգության շուրջ տեղացիներիս հետ զրուցելու, մեզ լուսավորելու համար։

Ցավոք, բանախոսության ընթացքում՝ կարմիր թելի պես անցնում էր տեսակետը, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1940-50-ականներից ենք սկսել ակտիվ խոսել, ստեղծել գեղարվեստական երկեր, պատմագիտական աշխատություններ:

Ընդ որում՝ նման ընկալում ուներ բանախոսության մասնակիցների մեծ մասը։

Իհարկե, մենք չթաքցրինք մեր անհամաձայնությունը և մի քանի հարցի շուրջ բանավեճի առիթ տվեցինք։

Ավելի ուշ, սակայն, տեղեկացանք՝ հարգարժան բանախոսը գրեթե նույնաբովանդակ խոսք է հնչեցրել նաև մարզային հեռուստատեսությամբ։

Դա էլ պատճառ դարձավ, որ այսօր հրապարակավ առարկենք բանախոսի ներկայացրած–հրամցրած մի քանի դրույթ։

Նախ արձանագրենք՝ հրամցվող տեսակետը, թե Հայոց ցեղասպանության մասին լուռ էինք 1920-30-ականներին և խոսել սկսեցինք վերին պատվերով՝ 1940-50-ականներից սկսած, մեծ սուտ է և իրականության հետ աղերս չունեցող տեսակետ։

Անշուշտ, խորհրդային իշխանությունները տվյալ հարցում ունեցել են իրենց հետաքրքրությունները, մոտեցումները, և ոչ ոք չի պատրաստվում հերքել այդ իրողությունները: Սակայն նույն այդ իշխանությունները չէին կարող ստիպել հայ մարդուն՝ մոռանալու ազգային մեր ողբերգությունը կամ ավելի ակտիվ խոսելու այդ մասին, երբ իշխանություններն այդպես են կամեցել:

Որպեսզի մեր դիրքորոշումը մերկապարանոց չլինի, փորձենք ներկայացնել (շատ համառոտ) մի քանի հանրահայտ փաստ։

Մինչ այդ հիշենք (մեր խոսքն ընկալելի դարձնելու համար) ցեղասպանության ժամանակագրությունը. այն ծրագրված ձևով սկսում է 1891 թվականից, երբ Աբդուլ Համիդը ստեղծեց «Համիդիե» հատուկ զորաջոկատները, որի միջոցով էլ մի քանի տարի անց տեղի ունեցան հայերի հայտնի կոտորածները Թուրքիայում։

Եվ որոշակի ընդհատումներով, բայց հետևողականորեն, կոտորածները շարունակվեցին մինչև 1939 թվականի հունիս։

Հայերի ցեղասպանությունն առավել դաժան դրսևորումներ ու նոր մասշտաբներ ընդունեց 1915 թվականի ապրիլ–հունիսին, երբ Կոստանդնապոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց արևմտահայ մտավորականության ընտրանին՝ թվով մոտ 800 մարդ։

Ի՞նչ անդրադարձներ ունեցան հայերի ցեղասպանությունն ու հայրենազրկումը մեր գրականության և պատմագրության մեջ։

Ազգային այս ողբերգությունը 20-րդ դարասկզբի շատ գրողներ՝ Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Արտաշես Հարությունյան, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Ակսել Բակունց, Գուրգեն Մահարի, Զապել Եսայան, Վահան Թոթովենց և ուրիշներ վերածեցին գեղարվեստական գրականության։

Նրանցից շատերը, սակայն, զոհ գնացին Թուրքիայի ցեղասպան քաղաքականությանը, մի մասին էլ կուլ տվեց ստալինյան բռնաճնշումների ահասարսուռ մեքենան:

Նրանց թողած գրական ժառանգության (ցեղասպանությանն արձագանքելու առումով) հնարավոր չէ անդրադառնալ ոչ միայն մեկ հոդվածում, այլև թերթային մի ամբողջ համարում, և ոչ էլ նման խնդիր ենք դնում մեր առջև դնում։

Պարզապես համառոտ հայացք ենք ձգում Եղեռնի գրական արձագանքներին՝ Չարենցի և Բակունցի ստեղծագործություններում, ինչը, կարծում ենք, բավական կլինի մեր դիրքորոշումը հիմնավորելու համար։

***

Եղիշե Չարենցը 1915-ի օգոստոսին է զինվորագրվել հայոց կամավորական 6-րդ գնդին և մեկնել ռազմաճակատ, մասնակցել ծավալված կռիվներին։

Պատերազմի ծանր տպավորություններով 1916-ին հրատարակեց «Դանթեական առասպել» պոեմը, որն ամբողջապես ցեղասպանության սարսափների գեղարվեստական պատկերումն է՝ ավերված գյուղեր ու քաղաքներ, մորթոտված մարդկային մարմիններ, հողին հավասարեցված վաղնջական ու տոհմիկ մի ամբողջ քաղաքակրթություն։

Կամ «Մահվան տեսիլ» պոեմը, որն ունի Ատոմ Յարճանյանից բնաբան՝ «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորած...»։

Պոեմն ամբողջ Եղեռնի ողբերգությունն արտացոլող պատկերների շարք է, որից մեկ–երկու դրվագ՝ ստորև.

Սրածված սերունդնե՜ր էին արդ անցնում, քաղաքներ քանդած,
Հեղեղի պես պրծած, տեղահան, գնում էր երկի՛ր մի ամբողջ,-
Անցնում էր արմատից պոկած, անխնա կտրած մի անտառ,-
Սարսափած նախիրի նման՝ սպանդից փախած մի ամբոխ…

Մանուկներ տկլոր, անատամ աղջիկներ, ծերեր հաշմանդամ,
Գլուխները բռնած ձեռներին, վայրենի լացով ու ճիչով,
Թռչկոտում էին ու պարում,- ցատկոտում էր կարծես մի անտառ,-
Եվ անցնում էինք մենք դանդաղ այդ պարող անտառի միջով…

Եղեռնի գրական արձագանքներին հանդիպում ենք Չարենցի բազմաթիվ այլ նշանավոր ստեղծագործություններում ևս։

Եվ այդ ամենը, կարելի է ասել, ամբողջանում է «Վահագն» պոեմի դաժան վերջաբանով՝

Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի...
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր -
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ...

***

Հիմա՝ Ակսել Բակունցի ստեղծագործություններում տեղ գտած արձագանքների մասին...

Նա էլ իր սերնդակից շատ երիտասարդների նման (Գևորգյան ճեմարանից) 1917 թ. նոյեմբերին (իբրև կամավոր) մեկնեց ռազմաճակատ՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտի կռիվներին՝ պատմական հայրենիքն ու արյունակից եղբայրներին ազատագրելու պատրանքով։ Եվ մասնակցեց Էրզրում–Սարիղամիշ–Ղարս–Սելիմ–Արդահան–Սարդարապատ շղթայով շարունակվող բոլոր մարտերին ու մինչև 1918 թ. հոկտեմբեր մնաց բանակում։

Այդ ընթացքում տեսավ այն, ինչ կատարվել ու կատարվում էր մեր հայրենիք Արևմտյան Հայաստանում։

Իր տպավորություններում գրում էր՝ «... Մարեցին, մարեցին բյուրավոր հույսեր, և խավարի մեջ հանգան մատաղ կյանքեր՝ երազներով, հույզերով հարուստ, մոմի պես հալվեցին, ոչնչացան սերունդներ»։

Այո, խորհրդային պետությունը վախենում էր ազգային խնդիրներից և արգելում խոսել դրանց մասին։ Եվ, այդուհանդերձ, պատմական Հայաստանի տարածքը կռվով անցած զինվորն ու հայ գրողը չէին կարող լռել այն մասին, ինչ տեսել էին։

Եվ ծնվեցին մի շարք ստեղծագործություններ...

«Սև հացը» պատմվածքում (1931 թ.) գրողն արդեն իրերը կոչում է իրենց անուններով՝ ջարդ, հրդեհ, գաղթ...

Եղեռնից մազապուրծ բակունցյան հերոսներն ունեն ծանր և թախծալի հիշողություններ ու անսահման կարոտ՝ կորսված հայրենիքի հանդեպ։

Բակունցն առաջինն էր խորհրդային գրողներից, ով իր ստեղծագործություններում արծարծեց արևմտահայերի ոչ միայն կարոտի, այլև վերադարձի խնդիրները։

Կարոտի տանջագին զգացմունքներին հանդիպում ենք «Լառ–Մարգար» պատմվածքում։

1930-ականներին Բակունցն ասելիքը դարձնում է ավելի հստակ և ընդգրկուն, որի փայլուն վկայությունն է «Ծիրանի փողը» պատմվածքը...

Պատմվածքում խոսվում է և՛ ջարդերի, և՛ վերաբնակվողների՝ նոր պայմաններին հարմարվելու դժվարությունների, նաև տանջող կարոտի ու հնարավոր վերադարձի հարցերի մասին։

Հիշենք, օրինակ, Հազրոյի մտածումները՝ «– Հաղ մի երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին։ Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվիմ մարդերու, նստիմ անուշ խոտերու վրեն, հանց գառներ մարդիկ նստեն զիմ չորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղության զիմ երգեր, մարդիկ հալալ զուլալ ախպրտոց պես գրկեն զիրար, չեղնի ոչ տեր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բռնություն։ Փչեմ զիմ ծիրանի փող, էլման ծուխ բարձրանա երդիկներեն, խմեմ մըր լուս աղբըրներեն, զիմ քրտինք կաթա մըր քարերու վրեն, մըր բանձր սարի ամպ թող լիզա զիմ սիվտակ ոսկորներ...»։

Եվ Հազրոն ապրում էր վերադարձի հույսով՝ «... էսօր դուման է մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի»։

Իհարկե, Բակունցը ծանր հատուցեց իր արդար ձգտման և համարձակության համար, բայց կարևոր սկիզբ դրեց հայ արձակում, ուր հետագա զարգացում ունեցան նրա ավանդները...

***

Այսպես կարելի է խոսել մեր բազմաթիվ գրողների մասին, ովքեր դեռևս 1920-30-ականներին գեղարվեստական պատկերներով, պատմական հիմքերով ներկայացրել են ազգային մեր մեծ ցավը...

Եվ 110 տարի անց գալ ու ասել, թե այդ թեման 1930-ականներին ակտուալ չի եղել, թե այդ թեման միայն 1940-50-ականներին լույս աշխարհ եկավ, այն էլ՝ վերին հրահանգով, մեղմ ասած, ազնիվ չէ, գիտական չէ ու ոչ էլ բարոյական։

Բա ուրիշ ինչպե՞ս պետք է ներկայացնեին ազգային մեր մեծ ողբերգությունը, քան ներկայացրել են գրական աշխարհի մեր նահապետները։

***

Բանախոսության ընթացքում շրջանցվեց նաև ցեղասպանությանն առնչվող հայոց պատմագրությունը, իբր այդ մասին նույնպես սկսեցինք խոսել խրուշչովյան ձնհալից հետո...

Չգիտենք, հարգարժան բանախոսը, օրինակ, տեղյակ չէ՞ր մեր հայրենակից, համաշխարհային ճանաչում ունեցող բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի պատմագիտական ժառանգությանը, թե՞ պարզապես շրջանցեց։

Եթե հայոց մեջ  պարտադրված լռություն էր, ապա ինչպե՞ս 1928-ի հունիսին լույս աշխարհ եկավ նրա «Մեծ եղեռնի տարելիցին» հոդվածը, որը տպագրվեց Բոստոնում լույս տեսնող «Հայրենիք» ամսագրում, որտեղից էլ արտատպեցին ժամանակաշրջանի հայկական պարբերականներից շատերը։

Կամ ինչո՞ւ ենք մոռանում փաստը, որ 1915 թ. մայիսի 24-ին Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարությունները համատեղ պաշտոնական հայտարարություն տարածեցին՝ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին, որում մասնավորապես ասվում է՝ «Այս ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանում թուրքերի և քրդերի կողմից տեղի է ունենում հայերի կոտորած օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ ուղղակի աջակցությամբ։ Ապրիլի կեսին հայերի ջարդեր են տեղի ունեցել Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում։ Վանի շրջակայքում գլխովին կոտորվել են հարյուրավոր գյուղերի բնակիչներ, բուն Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը։ Միևնույն ժամանակ Կոստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և անասելի հալածանքների է ենթարկում հայկական խաղաղ բնակչությանը»։

Կամ՝ 1915 թվականի ընթացքում և հետո ստեղծված հարյուրավոր փաստաթղթերը, որոնք հետագայում ի մի է բերել և հրատարակել մեծանուն պատմաբան Մկրտիչ Ներսիսյանը՝ «Геноцид армян в османской империи. сборник дакументов н материалов» վերտառությամբ։

***

Թեման սկզբից ևեթ արծարծվել է նաև մեր կերպարվեստում ու մասնավորապես երգարվեստում, որը խոսակցության առանձին և լուրջ նյութ է։

Միայն Կոմիտաս վարդապետի ապրած ողբերգությունը և նրա թողած ժառանգությունը բավարար է հասկանալու համար, թե հայ մարդն ինչպիսի մեծ ցավով էր արձագանքում Հայոց մեծ ցեղասպանությանը։

Եվ դրա համար որևէ մեկի հիշեցման կարիքը չուներ հայ մարդը։

Ու որպեսզի հայ մարդը երգեր կոմիտասյան սրտակեղեք «Անտունին»՝ պետք չէր որևէ մեկի ուղղորդումը։

Այդ ամենին գումարած սփյուռքահայ գրողների կոթողային գործերը, պատմաբանների հետազոտությունները, նաև անգլիագիր հայ գրողների երկերը։

Գումարած ժամանակի մամուլի արձագանքները և անթիվ–անհամար արխիվային նյութերը։

Գումարած Հայոց ցեղասպանությունը վերապրած մի քանի հարյուր հազար հայերի հիշողությունները (ի դեպ, Արևմտյան Հայաստանից գաղթած մեր հայրենակիցներից մոտ 10 հազարը հանգրվանեց Սյունիքում՝ Զորավար Անդրանիկի զորքի հետ էին եկել 1918 թ հուլիսին)։

Ու այդքանից հետո տեսակետ հրամցնել, թե 1920-30-ականներին մենք մեր ցավը պատշաճորեն չենք գիտակցել ու այդ մասին չենք արտահայտվել, հիշել ենք միայն հետագայում՝ այն էլ ուրիշների ուղղորդմամբ՝ պարզագույն և ոչ գրագետ հնարանք է։

***

Բանախոսության թեման, ինչպես նշեցինք, հետևյալն էր՝ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձևավորումը, զարգացումները, մերօրյա վիճակը»։

Հարգելի բանախոսը, ի պատասխան մեր հարցադրումների, քանիցս խորհուրդ տվեց մեզ՝ ընթերցել բանախոսության թեման ու նոր միայն հարցեր ուղղել։

Դահլիճից հակադարձեցին՝ բայց չէ՞ որ բանախոսության թեմայի վերջին երկու բառը ենթադրելու տեղիք է տալիս, որ պիտի խոսվի նաև Հայոց ցեղասպանության խնդրի մերօրյա վիճակի մասին։

Այդքանից հետո անգամ՝ ոչ մի խոսք այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է նաև մեր օրերում, որ թուրքական ժխտողականությունը շարունակվում է նաև մեր օրերում, որ Հայոց ցեղասպանության ուրացմամբ զբաղվում են նաև մեր ներսի որոշ քաղաքական ուժեր, որ Հայոց ցեղասպանության թեման ըստ պատշաճի ընդգրկված չէ հանրակրթական դպրոցների, ինչպես և բուհերի հայագիտական առարկաների ծրագրերում։

Հիմնավոր պատասխան չտրվեց հարցին, թե վերջին տարիներին ի՞նչ փաստաթղթեր (և ի՞նչ հանգամանքներում) են անհետացել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտից։

Առայժմ այսքանը․․․

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Վրաստանը տարանցիկ երկիր է և անալիզ անցկացնելու խնդիր չկա. ինչի՞ հիման վրա են պահվում մեքենաները․ արտահանման մասնագետ

13.05.2025 15:58

Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. ՓԾ ղեկավարը

13.05.2025 15:39

Քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի բանակների միջև փոխգործակցությունը

13.05.2025 14:14

Վստահության պայքար Գորիսի 100-ամյա քոլեջում

13.05.2025 13:00

Զելենսկին մայիսի 15-ին Պուտինին կսպասի Ստամբուլում

13.05.2025 12:16

Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRF

13.05.2025 11:51

Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Հռոմի պապին

13.05.2025 11:12

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

13.05.2025 11:04

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

13.05.2025 10:26

Գորիսի պետական քոլեջի դասադուլավորներին միացել են կրթօջախի աշխատակիցները՝ հայտարարելով անժամկետ գործադուլ

13.05.2025 10:13

Մայիսի 12-ը` Բուժքույրերի միջազգային օր

12.05.2025 20:30

Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ

12.05.2025 19:10